2013
Ինչպիսի՞ն պետք է լինի հավատարիմ ընկերը
Ապրիլ 2013


Երիտասարդներին զորացնելու համար

Ինչպիսի՞ն պետք է լինի հավատարիմ ընկերը

Նկար
Էլեյն Ս. Դալտոն

Ընկեր բառի բնորոշումը փոխվել է այսօրվա բարձր տեխնոլոգիայով կապակցված աշխարհում: Այսօր գուցե մտածենք, որ շատ «ընկերներ» ունենք: Իրականում, մենք վայելում ենք տեղեկացված լինելու հնարավորությունը և տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում մեր ծանոթների, նախկին ընկերների և անգամ այն մարդկանց կյանքում, ում մենք անձնապես չենք հանդիպել, սակայն մեր ընկերներն ենք համարում:

Սոցիալական կայքերում «ընկեր» բառը հիմնականում օգտագործվում է ներկայացնելու կոնտակտները, ոչ թե հարաբերությունները: Դուք կարող եք ձեր «ընկերներին» ուղերձ ուղարկել, որը սակայն չի նշանակում որևէ հարաբերություն տվյալ անձնավորության հետ:

Երբեմն մենք տարվում ենք ընկերներ ունենալով: Սակայն պետք է կենտրոնանալ ընկեր լինելու վրա:

Ընկեր բառը բնորոշող շատ սահմանումներ կան: Երբեք չեմ մոռանա Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի ելույթը, որտեղ նա բացատրում է, թե ինչ է նշանակում լինել ընկեր և ինչ հզոր ազդեցություն են ունենում ընկերները մեր կյանքում: Նրա խոսքերը մեծ ազդեցություն գործեցին իմ կյանքում: Նա ասաց. «Ընկերները նրանք են, ում շնորհիվ ավելի դյուրին է դառնում Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը»:1 Այս առումով, իսկական ընկերության իմաստը կայանում է մյուսի մեծագույն բարիքը ցանկանալու մեջ: Դա նշանակում է ուրիշին առաջին տեղում դնել: Մեր բոլոր գործերում լինել ազնիվ, հավատարիմ և ողջախոհ: Թերևս պարտավորություն բառը բացահայտում է ընկերության իրական իմաստը:

Երբ դուստրս՝ Էմին, 15 տարեկան էր, որոշեց, թե ինչպիսի ընկերներ պետք է փնտրեր: Մի առավոտ ես նկատեցի նրա Մորմոնի Գիրքը բաց Ալմա 48 գլխի վրա, որտեղ նշել էր Մորոնի հրամանատարին նկարագրող հատվածները. «Մորոնին մի ուժեղ և զորեղ մարդ էր. նա կատարյալ հասկացողության տեր մարդ էր … Այո, և նա մի մարդ էր, որը հաստատուն էր Քրիստոսի հավատքում» (հատվածներ՝ 11, 13): Լուսանցքում նա գրել էր. «Ես ցանկանում եմ ժամադրվել և ամուսնանալ Մորոնիի պես տղամարդու հետ»: Երբ տարիների ընթացքում հետևում էի Էմիին և նրա ընկերներին, որոնց հետ նա հետագայում ժամադրվում էր, երբ 16 տարին լրացավ, ես տեսնում էի, որ նա մարմնավորում էր այդ գծերը և օգնում էր մյուսներին ապրել որպես Աստծո որդիներ, քահանայություն կրողներ և ապագա հայրեր և ղեկավարներ:

Իսկական ընկերներն իրենց հետ շփվողների վրա բարերար ազդեցություն են թողնում, «մի փոքր ավելի բարձրացնելով և ավելի լավը դարձնելով նրանց»:2 Դուք կարող եք օգնել միմյանց, հատկապես երիտասարդ տղաներին, պատրաստվել և ծառայել պատվավոր միսիա: Ձեր արդարակյաց ազդեցությունը և ընկերությունը կարող է հավերժական ազդեցություն թողնել ոչ միայն ձեր ընկերների կյանքի, այլև գալիք սերունդների վրա:

Փրկիչն Իր աշակերտներին անվանել է Իր ընկերները: Նա ասել է.

«Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի:

Ոչ ով նրանից ավելի սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար:

Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ:

Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտե, թե իր տերն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ Հորիցն, իմացրի ձեզ» (Հովհ. 15.12–15; շեղագրումն ավելացված է):

Ապրելով և կիսվելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, դուք ձեր կողմը կգրավեք նրանց, ովքեր կցանկանան լինել ձեր ընկերները, լինելով ոչ թե սոցիալական կայքի կոնտակտ, այլ այնպիսի ընկեր, ինչպիսին Փրկիչն է եղել Իր խոսքով և օրինակով: Երբ փորձեք լինել ընկեր մյուսների համար և ձեր լույսը շողա, ձեր ազդեցությունը կօրհնի ձեր ընկերներից շատերի կյանքը: Ես գիտեմ, որ երբ ցանկանում եք մյուսների համար լինել այնպիսի ընկեր, ինչպիսին բնորոշել են մարգարեները և սուրբ գրությունների օրինակները, դուք երջանիկ կլինեք և բարի ազդեցություն կթողնեք աշխարհում, և մի օր կստանաք սուրբ գրություններում նշված ճշմարիտ ընկերության փառահեղ խոստումը. «Միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով» (ՎևՈւ 130.2):

Նկար

Լուսանկարները © iStockphoto.com/Fonikum և Լես Նիլսոնի

Հղումներ

  1. Robert D. Hales, “This Is the Way; and There Is None Other Way,” in Brigham Young University Speeches of the Year, 1981–82 Speeches (1982), 67.

  2. Gordon B. Hinckley, “The Quest for Excellence,” Liahona, Sept. 1999, 8.