2013
Տաս եղանակ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, որ դարձի եք եկել
Ապրիլ 2013


Տաս եղանակ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, որ դարձի եք եկել

Թայլեր Օրթոնն ապրում է Ջավայում, Ինդոնեզիա:

Նկար

Քահանայության ժողովին իմացա, որ Ահարոնյան Քահանայության նպատակներից մեկն է՝ օգնել մեզ «դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրել դրա ուսմունքներով»:1 Ես վստահ չէի, թե ինչ է նշանակում «դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը»: Ես ծնողներիս և մեծ եղբայրներիս ու քույրերիս կարծիքը հարցրեցի դրա վերաբերյալ, և մենք միասին քննարկեցինք, թե ինչպես կարող ենք իմանալ, որ դարձի ենք եկել:

Գուցե կան այլ եղանակներ ևս, սակայն ներկայացնում ենք այն 10 եղանակները, որոնք մենք ի մի ենք բերել: Քանի որ դարձը ողջ կյանքի գործընթաց է, պարտադիր չէ, որ այժմ կատարյալ լինենք այդ ոլորտներից յուրաքանչյուրում, բայց դրանք կարող են օգնել մեզ գնահատել մեր առաջընթացը:

  1. Դարձի գալով, դուք ոչ միայն գիտեք, թե ինչ պետք է անեք, այլև ճիշտ գործելու ցանկություն ունեք: Բավական չէ պարզապես խույս տալ սխալ գործելակերպից, քանի որ վախենում եք, որ կբռնվեք կամ կպատժվեք: Ճշմարիտ դարձի ժամանակ դուք իրոք ցանկանում եք ճիշտ ընտրություն կատարել:

  2. Դարձի մեկ այլ նշան է այն, որ դուք այլևս սխալ գործելու ցանկություն չունեք: Անթի-Նեփի-Լեքիացիները դրա վառ օրինակն են: Դարձի գալով դեպի Քրիստոսի ավետարանը, նրանք «ուխտի մեջ էին մտել Աստծո հետ՝ ծառայելու նրան և պահելու նրա պատվիրանները» (Մոսիա 21.31): Նեփիացիների պես, ովքեր ուսուցանվել էին Բենիամին թագավորի կողմից, նրանք այլևս «հակում չունեին չարիք գործելու» (Մոսիա 5.2): Նրանք իսկապես դարձի եկան դեպի Քրիստոսի ավետարանը, և սատանայի գայթակղությունները ոչ մի զորություն չունեին նրանց վրա:

    Նկար

    Լամանացիները թաղեցին իրենց զենքերը, ցույց տալով, որ հավատարիմ են ավետարանով ապրելու իրենց ուխտին (տես Ալմա 24):

  3. Դարձի գալով դուք ավելի շատ մտահոգվում եք այն մասին, թե ձեր մասին ինչ է մտածում Աստված, քան ինչ են մտածում մյուսները: Ինդոնեզիայի իմ քոլեջում ուսանողները հակված էին շատ խմելուն: Երբեմն գաղթակղվում ես գնալ երեկույթների, երբ ամեն ոք մասնակցում է դրանց և ծաղրում քեզ չմասնակցելու համար: Եղբայրս շատ անգամներ է հրավիրվել խմելու և մասնակցելու երեկույթներին, բայց նա երբեք չի գնացել և անսասան է մնացել իր համոզմունքներում: Դժվար էր, բայց նա շատ գիշերներ է անցկացրել տանը միայնակ: Երբ ավարտական երեկոյին ուսանողները հրաժեշտ էին տալիս միմյանց, ոմանք իրենց հիացմունքն էին արտահայտում, որ նա կարողացավ դիմակայել հասակակիցների ճնշումներին և հավատարիմ մնաց իր չափանիշներին: Նրանք ասում էին, թե որքան են հիացել իրենով: Այդպիսով, նա ցույց տվեց, որ դարձի էր եկել:

  4. Դարձի գալով դուք ամեն կերպ փորձում եք մշտապես ապրել ավետարանով, ոչ միայն կիրակի օրերին կամ երբ հարմար է, այլ՝ միշտ: Ձեր գործողությունները չեն փոխվում կախված այն բանից, թե ում հետ եք դուք կամ ով կարող է ձեզ տեսնել: Երբ ձեր հասակակիցները կոպիտ կատակ են անում կամ ցանկանում են դիտել անպարկեշտ կինոնկար, դուք չեք մասնակցում դրան, ոչ թե այն պատճառով, որ ոչ ոք չի իմանա այդ մասին, այլ որ դուք պաշտպանում եք ձեր համոզմունքը:

  5. Նկար

    Դարձի գալով, դուք դառնում եք ավելի բարի և կարեկցող մյուսների հետ շփվելիս: Դուք չեք դատում, քննադատում կամ բամբասում: Ավելի զգայուն եք լինում մյուսների հանդեպ և, բնականաբար, ծառայելու և օգնելու ուղիներ եք փնտրում: Եթե քայլում եք դպրոցի միջանցքով և ինչ-որ մեկը թափում է իր գրքերը, դուք պետք է առանց մտածելու կանգնեք և օգնեք:

  6. Նկար

    Դարձի գալով մեծանում է ձեր աղոթելու ցանկությունը և աղոթելիս զգում եք, որ իսկապես հաղորդակցվում եք Աստծո հետ: Դուք միշտ ժամանակ եք գտնում աղոթելու՝ անկախ նրանից ինչպես եք զգում կամ ինչ է տեղի ունենում ձեր կյանքում: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն (1899–1994) ասել է մեզ. «Եթե մենք աղոթելու տրամադրվածություն չունենք, պետք է այնքան աղոթենք, որ աղոթելու ցանկություն առաջանա»:2

  7. Դարձի գալով, դուք անհամբեր սպասում եք Կիրակի օրվան, որովհետև դա Հանգստության օրն է: Երբ Կիրակին գալիս է՝ «Դեհ, սա այն օրն է, որ չեմ կարող ընկերներիս հետ ժամանակ անցկացնել կամ կինոդիտման գնալ» ասելու փոխարեն դուք մտածում եք՝ «Հրաշալի է, սա այն օրն է, երբ կարող եմ եկեղեցի գնալ, հոգևոր բաների վրա կենտրոնանալ և ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ»:

    Նկար
  8. Դարձի գալով դուք պահում եք պատվիրանները և չեք փնտրում արդարացում, չեք նպատակահարմարեցնում վարքը կամ փորձում սողանցքներ գտնել: Չեք փորձում դուրս գալ սահմանափակումներից, պարզապես պահում եք պատվիրանները, որովհետև գիտեք, որ դա լավագույն ուղին է:

  9. Նկար

    Դարձի գալով դուք անհամբեր սպասում եք ձեր տասանորդը վճարելուն: Դուք դիտում եք այն որպես արտոնություն և զգում եք, որ 10 տոկոսն այդքան էլ մեծ գումար չէ, հատկապես, եթե համեմատեք այն ձեր ստացած օրհնությունների և բավարարվածության հետ: Այդ օրհնություններն արժեն ավելին, քան գումարը, որ վճարում եք:

  10. Նկար

    Դարձի գալով, դուք անհագ ցանկություն եք ունենում ասել մյուսներին ձեր գտած ճշմարտության և երջանկության մասին: Սուրբ գրություններից Լեքիի երազը լավ օրինակ է, որտեղ նա ուժգին ցանկություն ուներ իր ընտանիքի հետ կիսվելու կյանքի ծառի համեղ պտղով: Երբ նա ճաշակեց պտուղը, իր առաջին միտքը եղավ ոչ թե իր համար ավելին քաղելը, այլ որ իր ընտանիքն էլ ճաշակի դրանից և զգա նույն երջանկությունը (տես 1 Նեփի 8.12):

Այսպիսով, դուք իմանում եք, որ դարձի եք եկել, երբ սկսում եք ապրել ավելի բարձր օրենքով՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով: Դուք ապրում եք օրենքի ոգով, ինչպես նաև օրենքի տառով: Դուք ապրում եք ավետարանով ձեր կյանքի ամեն ոլորտում: Դուք լիարժեք ապրում եք ավետարանով ոչ թե ստիպված, այլ ձեր կամքով: Դուք ավելի երջանիկ և լավ անձնավորություն եք, և ցանկանում եք դառնալ այն անձնավորությունը, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում ձեզ տեսնել: Դուք ցանկանում եք լինել Հիսուս Քրիստոսի նման և հետևել Նրա օրինակին: Դառնալով այդ անձնավորությունը, կարող եք ասել, որ իսկապես դարձի եք եկել:

Հղումներ

  1. Handbook 2: Administering the Church (2010), 8.1.3.

  2. Ezra Taft Benson, “Pray Always,” Liahona, June 1990, 4.

Լուսանկարները © IRI; Անթի-Նեփի-Լեքիացիները թաղում են իրենց սրերը, Դել Փարսոնի © IRI

Վերևում՝ լուսանկարները © IRI; կոպեկներ © isStockphoto.com/Thinkstock; Կենաց Ծառի Լեքիի տեսիլքը, լուսանկարները՝ Ռոբին Լաչի © IRI