2013
Հասկանալ մկրտությունը
Ապրիլ 2013


Երեխաներ

Հասկանալ մկրտությունը

Ո՞վ կմկրտի ինձ:

Ով էլ որ մկրտի ձեզ պետք է կրի քահանայություն, որը Աստծո անունով գործելու զորությունն է: Երբ Հիսուսը ցանկացավ մկրտվել, Նա գնաց Հովհաննես Մկրտչի մոտ, որը քահանայություն ուներ (տես Մատթեոս Գ.13):

Մարդը, որը մկրտում է ձեզ թույլտվություն կստանա ձեր եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից:

Ես պե՞տք է ջրի տակ մտնեմ մկրտվելու համար:

Հիսուսը մկրտվեց ընկղմամբ, որը նշանակում է՝ Նա լիովին անցավ ջրի տակ և կրկին արագ դուրս եկավ (տես Մատթեոս Գ.16): Այդպես եք դուք մկրտվելու: Այս ձևով մկրտվելը հիշեցնում է մեզ, որ մենք ետևում ենք թողնում մեր հին կյանքը և սկսում նոր կյանք՝ նվիրված Աստծո և Նրա զավակների ծառայությանը:

Ի՞նչ խոստումներ եմ ես տալիս մկրտվելիս:

Երբ մկրտվում եք, դուք ուխտ եք կապում, կամ երկկողմանի խոստում Երկնային Հոր հետ: Դուք խոստանում եք Նրան, որ կանեք որոշակի բաներ, իսկ Նա խոստանում է օրհնել ձեզ: Այս ուխտը նկարագրվում է հաղորդության աղոթքներում, որոնք ասվում են ամեն կիրակի (տես ՎևՈՒ 20.77–79): Դուք խոստանում եք.

  • Հիշել Հիսուս Քրիստոսին:

  • Պահել Նրա պատվիրանները:

  • Ձեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, որը նշանակում է ձեր կյանքում առաջին տեղում դնել Նրա աշխատանքը և անել ոչ թե աշխարհի, այլ Նրա ցանկությունը:

Երբ դուք պահում եք այս խոստումը Երկնային Հայրը խոստանում է, որ Սուրբ Հոգին կլինի ձեզ հետ, և որ ձեր մեղքերը կներվեն:

Ի՞նչ է Սուրբ Հոգին:

Սուրբ Հոգու պարգևը Երկնային Հոր ամենաթանկ պարգևներից մեկն է: Ջրով մկրտությունը լիակատար չի լինի, մինչև որ Մելքիսեդեկյան Քահանայություն կրող տղամարդիկ ձեզ չշնորհեն Սուրբ Հոգին ստանալու օրհնությունը (տես Հովհաննես Գ.5):

Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է: Նա վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և օգնում մեզ իմանալ՝ ինչն է ճիշտ: Նա օգնում է մեզ լինել հոգեպես ուժեղ: Նա նախազգուշացնում է մեզ վտանգից: Նա օգնում է մեզ սովորել: Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ զգալ Աստծո սերը:

Երբ դուք հաստատվում եք Եկեղեցու անդամ, Սուրբ Հոգին կարող է միշտ լինել ձեզ հետ, եթե դուք ընտրեք ճիշտը:

Ինչո՞ւ պետք է լինեմ առնվազն ութ տարեկան մկրտվելու համար:

Տերն ուսուցանում է, որ երեխաները չպետք է մկրտվեն մինչև նրանք բավականաչափ մեծ չլինեն հասկանալու համար ճշտի և սխալի միջև տարբերությունը, որը սուրբ գրություններն ասում են՝ ութ տարեկանն է (տես Մորոնի 8.11–12, ՎևՈՒ 29.46–47, 68.27):

Լուսանկար © Dynamic Graphics, նկարազարդումները Դեյվիդ Սթոքերի, Մաթյու Ռեյերի և Սառա Ջոնսոնի