2013
Գտնել ուրախություն կյանքում
Ապրիլ 2013


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Կարեն Ռոքվուդ, Այդահո, ԱՄՆ

Մի անգամ ես կարդում էի Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ.Սքոթի գերագույն համաժողովի ելույթը: Չնայած ես լսել էի և կարդացել այդ ելույթը նախկինում, մի արտահայտություն գրավեց իմ ուշադրությունը և մնաց իմ մտքում:

Մի քանի ժամ անց որդիս, ով ապրում էր մի բնակարանում իր ընկերների հետ, մեզ այցելության եկավ: Նա ծառայել էր լիաժամկետ միսիա և հաճախել մի քանի կիսամյակր քոլեջում: Նա համոզված չէր, թե կրթության ինչ բնագավառ պետք է ընտրեր և ինչ կարիերայի ուղու հետամուտ լիներ: Քանի որ նա հիասթափված էր և զգում էր, որ համալսարանն այժմ ժամանակի և գումարի վատնում էր, նա հետաձգեց իր ուսումը և սկսեց լրիվ օրաժամով աշխատել:

Նա ասաց ինձ, որ իր ընկերներից մեկն առաջարկել է, որ գնան Բահամյան կամ Կարիբյան կղզիներ, աշխատանք գտնեն և մի քանի ամիս զվարճանան: Որդիս ոգևորված էր այդ հեռանկարից: Ես հեշտորեն տեսա, թե որքան գայթակղիչ կարող էր լինել այդպիսի անհոգ փորձառությունը մի երիտասարդ տղամարդու համար:

Հենց այդ պահին Երեց Սքոթի տպավորիչ ուղերձը միտքս եկավ: Ես վերցրեցի Ensign ամսագիրը և կարդացի հետևյալը որդուս համար. «Դուք այստեղ եք երկրի վրա աստվածային նպատակով: Դա անվերջ զվարճանալու կամ անընդհատ լիակատար հաճույքի հետամուտ լինելու համար չէ: Դուք այստեղ եք, որպեսզի փորձվեք և ապացուցեք, որ կարող եք ստանալ հավելյալ օրհնություններ, որոնք Աստված ունի ձեզ համար: Պահանջվում է համբերատարության զսպող ազդեցությունը» (“Finding Joy in Life,” Ensign, May 1996, 25):

Առանց խոսքի որդիս վերցրեց ամսագիրը, գնաց մի կողմ և կարդաց ամբողջ ելույթը: Հետագայում ասաց, որ չի ձեռնարկի կղզիներ գնալու իր արկածը:

Ժամանակի ընթացքում նա ընդունվեց ոստիկանական ակադեմիա, մի ուղի, որը նրան առաջնորդեց հանդիպելու իր ապագա կնոջը: Նրանք ամուսնացան Մեսա Արիզոնա Տաճարում և այսօր մեծացնում են երեք հիանալի երեխաներ: 2010թ. որդիս ավարտեց իր բակալավրի աստիճանը և իսկապես «ուրախություն է գտնում կյանքում»:

Որդուս առաջարկած արկածը գուցե հաճելի փորձառություն լիներ, սակայն մյուս կողմից այն կարող էր լինել հոգևոր առումով վտանգավոր: Ամեն անգամ այդ դեպքը հիշելիս Հոգին շարժում է սիրտս:

Ես շնորհակալ եմ մարգարեների խոսքերի համար և որ ինձ հուշվեց վերհիշել ելույթը, որն օգնեց ինձ խորհուրդ տալ: Ես շնորհակալ եմ նաև, որ որդիս լսեց Տիրոջ ուղերձը և թույլ տվեց, որ Հոգին ազդի իր վրա: Ես գիտեմ, որ շատ օրհնություններ և բարեգութ ողորմածություններ գալիս են, երբ մենք լսում ենք և հետևում Փրկչի և Նրա ծառաների ուսմունքներին: