2013
Հեռախոսն անջատվեց
Ապրիլ 2013


Հեռախոսն անջատվեց

Սեդա Մելիքսեթյան, Հայաստան

1997 թվականին, երբ ապրում էինք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, ամուսինս և ես մկրտվեցինք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Երբ ես ուսումնասիրում էի Եկեղեցու վարդապետությունները, իմ հարցերից շատերը պատասխանվեցին: Հետաքրքիր էր իմանալ փրկության ծրագրի մասին, ներառյալ մկրտության կատարումը մահացածների համար: Ինձ զարմացրեց այն փաստը, որ մենք կարող ենք մկրտվել մեր մահացած նախնիների համար:

Մեր մկրտությունից մեկ տարի անց միսիայի նախագահը հրավիրեց մեզ պատրաստվել տաճար գնալուն: Որպես մեր պատրաստության մաս, մենք սկսեցինք կատարել ընտանեկան պատմության հետազոտություն: Մի օր, երբ մտածում էի այդ աշխատանքը կատարելու մասին, հեռախոսը զանգեց: Զանգողը սկեսուրս էր: Ես խնդրեցի, որպեսզի նա ուղարկեր ամուսնուս կողմի մահացած նախնիների անունները: Նա զարմացավ և ասաց ինձ, որ մահացածների համար մկրտությունը Քրիստոսի վարդապետությունը չէր, այլ մի բան, որ Մորմոններն էին մոգոնել: Ես չիմացա ինչպես պատասխանել նրան, քանի որ ծանոթ չէի այս վարդապետության վերաբերյալ սուրբ գրքերի հատվածներին:

Երբ մտածում էի ինչպես պատասխանել, հեռախոսն անջատվեց: Մի րոպե ես չհասկացա, թե ինչ պատահեց, ապա դրեցի հեռախոսափողը և գնացի իմ ննջարան: Ձեռքս վերցրեցի Նոր Կտակարանը, ծնկի իջա աղոթելու և խնդրեցի Երկնային Հորը ցույց տալ ինձ, թե որտեղ կարող էի գտնել պատասխանը:

Աղոթքից հետո բացեցի Աստվածաշունչը: Զգացի կարծես ինչ որ մեկն ասաց, որ կարդայի 29-րդ հատվածը իմ բացած հենց նույն էջի վրա: Դա Ա Կորնթացիս 15- րդ գլուխն էր, որը պատմում է մահացածների համար մկրտության վարդապետության մասին:

Ես հուզվեցի և զարմացա, որ հենց նույն պահին Երկնային Հայրը պատասխանեց իմ աղոթքին: Դա հրաշալի զգացողություն էր:

Ես խորասուզված մտածում էի այդ փորձառութան մասին, երբ հանկարծ հեռախոսը նորից զանգեց: Սկեսուրս էր, նա հարցրեց, թե ինչու հեռախոսն անջատվեց: Ես ասացի, որ չգիտեի պատճառը, ապա խնդրեցի նրան, որ բացեր իր Աստվածաշունչը և կարդար Ա Կորնթացիս ԺԵ.29 հատվածը:

Մի քանի օր անց մահացած նախնիների մի ցուցակ սեղանիս վրա էր: Սկեսուրս կարդացել էր սուրբ գրությունը և այժմ հավատում էր, որ Փրկիչը Պողոս Առաքյալի միջոցով ուսուցանել էր մահացածների համար մկրտությունը:

Աստված մեծ օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր անում են այդ փրկագնման աշխատանքը: Ես գիտեմ, որ դա ճիշտ է: