2013
Աճը պարարտ հողում` Ուգանդայի հավատարիմ երիտասարդները
Ապրիլ 2013


Աճը պարարտ հողում՝ Ուգանդայի հավատարիմ երիտասարդները

Սինդի Սմիթն ապրել է Ուգանդայում, երբ նրա ամուսինն աշխատում էր այնտեղ, նրանք այժմ ապրում են Յուտայում, ԱՄՆ:

Ընդունելով և ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, Ուգանդայի երիտասարդները տեսնում են ինչպես է հավատքն ու հույսն աճում իրենց շուրջը:

Նկար

Արևելյան Աֆրիկայի սրտում գտնվող գեղեցիկ Ուգանդան օրհնված է շաքարեղեգի և բանանի ծառերով պատված բլուրներով, և երիտասարդներով, որոնք պատրաստ են ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրել դրանով:

Ուգանդայի առաջին ցիցը կազմակերպվել է 2010թ.: Եկեղեցին արագ աճում է, յուրաքանչյուր ծխում և ճյուղում բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ կան:

Բարձրացնել դրոշ, լինել օրինակ

Մի ծխի երիտասարդ աղջիկները ոգեշնչվել էին Երիտասարդ կանանց գերագույն նախագահ՝ առաքինության վերաբերյալ քույր Էլեյն Ս. Դալտոնի ուսուցմամբ. «Այժմ է ժամանակը մեզանից յուրաքանչյուրի համար բարձրացնել և ծածանել առաքինությանը վերադառնալու դրոշը աշխարհի համար»:1 Երիտասարդ աղջիկները մագլցեցին սարը, որտեղից դիտեցին քաղաքը և բարձրացրեցին ոսկեգույն դրոշներ, որոնք խորհրդանշում էին առաքինության օրինակ լինելու իրենց ուխտը: Միասին նրանք երգեցին՝ «Բարձր լեռան վրա» օրհներգը (ՀՄԵ, էջ 30):

Այդ երիտասարդ աղջիկները բարձրացրել են իրենց անձնական արդարակեցության չափանիշները: Նրանց հնազանդությունն ամրապնդել է իրենց վկայությունները և ազդեցություն գործել մյուսների վրա: Քույր Դալտոնն ասել է. «Երբեք մի թերագնահատեք ձեր արդարակյաց ազդեցության զորությունը»:2 Եվ դրոշի պես այդ երիտասարդ կանանց օրինակը ծածանվում է ողջ աշխարհի առաջ:

Նկար

Սանդրա

Ուգանդայի շատ երիտասարդ կանանց նման Սանդրան մեկ մղոնից ավելի է քայլում եկեղեցի հասնելու համար, օգնում է մաքրել հավաքատունը ուրբաթ օրերին և սեմինարիա հաճախում շաբաթ օրերին: Շաբաթվա ընթացքում նա արթնանում է առավոտյան ժամը 5:00-ին, որպեսզի սովորի իր դասերը, ապա գնում է դպրոց, և տուն է վերադառնում երեկոյան 6:00-ին: Նա մեկ ուսումնական տարի է բաց թողել ֆինանասական դժվարությունների պատճառով, սակայն իր դժվարություններին դիմակայում է լավատեսորեն. «Ավետարանն իսկապես օգնել է ինձ մնալ հաստատուն և անսասան»:

Սանդրան Եկեղեցու միակ անդամն է իր տանը, սակայն ծնողներն աջակցում են նրան Եկեղեցու ծառայության գործում, օրինակ՝ նրանք օգնեցին, երբ ծուխը մաքրեց տեղի մանկատան շրջակայքը: Նրա ընտանիքը տեսնում է, թե ինչպես է ավետարանի օգնությամբ նա ամրացել, նույնիսկ անլուծելի խնդիրների առկայության դեպքում: Խոսելով այդ ուժի աղբյուրի մասին, Սանդրան ասում է. «Երբ գնում եմ եկեղեցի, զգում եմ, կարծես, Աստծո սպառազինությունն եմ հագնում» (տես Եփեսացիս 6.11–17):

Վերջերս դարձի եկած Սյուզանը սիրում է Եկեղեցին: Ծագումով Հարավային Սուդանից, նրա ընտանիքը թողնեց ետևում դժվարությունները և օրհնվեց, ընդունելով միսիոներներին Ուգանդայում: Լինելով փախստական՝ նա խաղաղություն և պաշտպանություն գտավ ավետարանում: Կիրակի օրերին նա եկեղեցի էր բերում իր փոքր եղբայրներին և քույրերին, ինչպես նաև 10 այլ փոքրիկների, ովքեր Եկեղեցու անդամներ չէին: Ընտանիքի անդամի հանկարծակի մահից հետո նա վերադարձավ Հարավային Սուդան, և այժմ սպասում է, որ Եկեղեցին հաստատվի իրենց տարածքում: Եվ Սյուզանը, և Սանդրան դիմակայում են դժվարություններին, սակայն ապավինում են Աստծուն և վայելում Հիսուս Քրիստոսի կենդանի ավետարանի պտուղները (տես Ալմա 32.6–8, 43):

Զոհաբերել միսիա ծառայելու համար

Ուգանդայի երիտասարդները փոքր հասակից սկսում են ֆուտբոլ, որպես գնդակ օգտագործելով ճյուղերից կիպ գործված գունդը: Դեռ փոքրուց Դենիսը սպորտի հանդեպ սեր ուներ և ավագ դպրոցում նրան կրթաթոշակ շնորհվեց իրենց թիմի կազմում խաղալու համար: Ավագ դպրոցն ավարտելուց հետո մի պրոֆեսիոնալ թիմ առաջարկեց նրան աշխատավարձ, սենյակ և ուտելիք: Դա իրականացած երազանք էր, սակայն Դենիսը գիտեր, որ դա կխանգարեր իրեն այդ տարի միսիա ծառայելուն:

Նկար

Դենիսը

Այնքան մեծ էր Աստծո կամքը կատարելու Դենիսի ցանկությունը, որ երբ միսիայում ծառայելու ժամանակն եկավ, նա անգամ չգայթակղվեց թիմում մնալու իր ցանկությամբ: Շատերը կասկածի ենթարկեցին նրա որոշումը, սակայն Դենիսը վստահ էր, որ ճիշտ որոշում էր կայացրել իր և մյուսների համար: «Երկու փոքր եղբայրներս և փոքր քույրս վերջերս են մկրտվել, – ասում է նա: – Երբեք չեմ մտածել, որ քույրս կունկնդրի ավետարանը: Երբ տեսնում եմ, որ Աստված հրաշքներ է գործում իմ ընտանիքում, ապագայի հանդեպ պայծառ հույսով եմ լցվում»:

Դենիսի ծխում ամեն շաբաթ երիտասարդներն ուսումնասիրում են Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկը: Նրանք դարձել են թիմ՝ սերտորեն աշխատելով լիաժամկետ միսիոներների հետ և ընկերներ բերելով կիրակնօրյա ժողովներին և այլ միջոցառումներին, դրանց թվում նաև շաբաթվա ընթացքում տեղի ունեցող բասկետբոլի և ֆուտբոլի խաղերին: Քահանաները մկրտել են ընկերներին և մյուսներին, ում իրենք օգնել են ուսուցանել միսիներների հետ: Տարիների ընթացքում այդ երիտասարդների թիմն ամրապնդել է ողջ ծուխը, իսկ նրանցից չորսը, որոնց թվում նաև Դենիսը, կանչվեցին ծառայելու Քենյա Նայրոբի Միսիայում:

Նրանք հետևել են Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խորհրդին՝ «միսիոներ դառնալ միսիայի փաստաթղթերը լրացնելուց շատ ավելի վաղ»:3 Նրանք հետևեցին այդ խորհրդին, միասին աշխատելով որպես քվորում և լավագույն թիմ:

Բոլոր չորս միսիոներներն էլ դժվարություններ են հաղթահարել ծառայելու համար: Վիլբերֆորսը բացատրել է. «Ես գրեթե կորցրել էի միսիա գնալու հույսը [ծախսերի պատճառով], բայց այդ ժամանակ կարդացի Մատթեոս 6.19–20. «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրիս վրա … բայց ձեզ համար գանձեր դիզեք երկնքումը»: Ջանասիրության և պարտավորվածության շնորհիվ ես կարողացա իրագործել լիաժամկետ միսիա ծառայելու իմ նպատակը: Ես սիրում եմ միսիոներական ծառայությունը: Չկա ավելի լավ բան, քան նախևառաջ երկնային արքայությունը փնտրելը»:

Ապագայի հույս

Ուգանդայի երիտասարդներն՝ ապագայի հանդեպ մեծ հույսով լցված օգնում են կառուցել Աստծո արքայությունն այստեղ: Թեպետ Արևելյան Աֆրիկայում տաճար չկա, երիտասարդներն անհամբեր սպասում են, թե երբ կամուսնանան հեռավոր տաճարում: Մի ցցի միջոցառում նվիրված էր տաճարին պատրաստվելուն, որի վերջում ցցի նախագահության անդամը բերեց իր վկայությունը. «Աստված սիրում է ձեզ: Դուք Եկեղեցու ապագան եք Ուգանդայում»: Այս արդարակյաց երիտասարդներն արդեն հրաշալի ազդեցություն են թողնում:

Ուգանդայի երիտասարդ տղաներն ու աղջիկները աշխարհի բաները զոհաբերում են հարատև մնայուն օրհնությունների համար: Նրանք ցանել են հավատքի սերմը և խնամքով սնուցում են այն (տես Ալմա 32.33–37): Մրգերից ճկված ծառի պես (տես Ալմա 32.42) երիտասարդները կիսվում են ավետարանի ուրախությամբ այս պարարտ հողում:

Հղումներ

  1. Elaine S. Dalton, “A Return to Virtue,” Liahona, Nov. 2008, 80:

  2. Elaine S. Dalton, Liahona, Nov. 2008, 80:

  3. David A. Bednar, “Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45:

Վերևում. Երիտասարդները միասին հաճախում են ցցի հավաքին:

Վերևում. Սյուզանը (կենտրոնում), լինելով փախստական Ուգանդայում, խաղաղություն գտավ ավետարանում և բերեց իր քույրերին, եղբայրներին և այլ երեխաների եկեղեցի:

Կենտրոնում. Այս ծխի երիտասարդ աղջիկները հաճույքով են աշխատում Անձնական զարգացման վրա:

Աջում. Ավետարանը քարոզելու համար Դենիսը թողեց պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Նա և քահանաների իր քվորումի մյուս երիտասարդները զոհաբերություններ են կատարել և դժվարություններ են հաղթահարել միսիա ծառայելու համար:

Լուսանկարները՝ Սինդի Սմիթի