2013
Միասին ուսումնասիրենք համաժողովի ելույթները
Ապրիլ 2013


Ապրիլի համաժողովի գրառումներ

Միասին ուսումնասիրենք համաժողովի ելույթները

Գրեգ Բաթթին ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Համաժողովը վերանայելու ձևը փոխելը մեծապես նպաստեց որպես ընտանիք ավետարանի մեր քննարկումներին:

Տարիներ շարունակ մենք ընտանիքով վայելել ենք համաժողովի նյութերը՝ կարդալով հոդված առ հոդված: Երբ նոր էինք սկսել, մենք պարզապես հավաքվում էինք սեղանի շուրջ և հերթով յուրաքանչյուրս բարձրաձայն կարդում էր մի պարբերություն: Սակայն նկատեցինք, որ կարդում էինք այն վերջացնելու համար, առանց դադար տալու՝ ուղերձները յուրացնելու համար:

Մեր արածից ավելի շատ օգուտ քաղելու համար իմ կինն ու ես գնեցինք համաժողովի ամսագիր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար և ծրագրեցինք, թե քանի ելույթ մենք պետք է ուսումնասիրեինք ամեն շաբաթ, որպեսզի կարողանայինք ամբողջը կարդալ մինչև հաջորդ գերագույն համաժողովը: Լինում էր շաբաթ, որ կարդում էինք մեկ ելույթ, լինում էր շաբաթ, կարդում էինք երկու, սակայն յուրաքանչյուրս պետք է ուսումնասիրեր ելույթը և ընդգծեր իրեն դուր եկած հատվածները: Այնուհետև ընտանեկան երեկոյի ժամանակ մենք սովորեցնում էինք միմյանց մեր ընգծած հատվածներից:

Հաճախ մեր երեխաները հարցեր էին ունենում, որոնց միջոցով սկսում էինք քննարկումները կամ իմ կինն ու ես հարցեր էինք տալիս մեր ուսումնասիրություններից: Մեզ համար շատ թանկ էր լսելը մեր դեռահասներին, երբ նրանք բացատրություններ էին տալիս այդ հարցերին, կիսվելով այն ամենով, ինչ սովորել էին սեմինարիայի ժամանակ, եկեղեցում կամ իրենց անձնական ուսումնասիրությունների ժամանակ: Սա դարձավ հրաշալի միջոց շատ հարմարավետ, հանգիստ մթնոլորտում միմյանց ոչ պաշտոնական վկայությունները կանոնավորապես լսելու համար:

Շուտով մենք զգացինք, որ մեր առավոտյան սուրբ գրությունների ուսումնասիրությունը անցնում էր նույն մթնոլորտում: Որոշ օրեր մենք հասցնում էինք կարդալ միայն մի քանի հատվածներ, մինչ ժամանակն արագ անցնում էր այդ հատվածները քննարկելու վրա և թե ինչպես էին դրանք վերաբերվում մեր շուրջը կատարված իրադարձություններին:

Մեր առավոտներն այժմ հագեցած են զրույցներով, ծիծաղով և միությամբ, մինչ յուրաքանչյուրս կանցնենք մեր անձնական գործերին: Մենք ամուր վկայություններ ունենք ամեն օր միասին ուսումնասիրելու և աղոթելու մեր մարգարեի խորհրդի վերաբերյալ: Մեր ընտանիքը դարձել է այդպիսին, որտեղ մեկը մյուսից սովորում է և միմյանց ամրացնում: Այս ամենը գերագույն համաժողովից մի փոքր ավելին սովորել ցանկանալու արդյունքն է:

Լուսանկարը` Աբրի Սթարթինի © IRI