2013
Սուրբ Հոգին մխիթարում, ոգեշնչում և վկայում է
Ապրիլ 2013


Ինչին ենք մենք հավատում

Սուրբ Հոգին մխիթարում, ոգեշնչում և վկայում է

Սուրբ Հոգու պարգևն ամենամեծ օրհնություններից մեկն է, որը մենք կարող ենք ստանալ այս կյանքում, քանի որ Սուրբ Հոգին մխիթարում, ոգեշնչում, նախազգուշացնում, մաքրագործում և առաջնորդում է մեզ: Նա մեզ կարող է լցնել «հույսով և կատարյալ սիրով» (Մորոնի 8.26): Նա սովորեցնում է «ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5): Սուրբ Հոգու միջոցով մենք Աստծուց ստանում ենք հայտնություն և հոգևոր տաղանդներ: Ամենակարևորը, Սուրբ Հոգու միջոցով մենք ստանում ենք մեր վկայությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Նախքան ձեր մկրտությունը դուք կարող էիք ժամանակ առ ժամանակ զգալ Սուրբ Հոգին: Սակայն միայն ձեր մկրտությունից հետո Սուրբ Հոգու պարգևը ստանալով դուք կարող եք վայելել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, եթե արժանի եք: Այս պարգևը տրվում է Մելքիսեդեկյան Քահանայություն կրողի կողմից ձեռնադրման միջոցով (տես Գործք առաքելոց ԺԹ.6, ՎևՈՒ 33.15): Դրանից հետո ամեն կիրակի ընդունելով հաղորդությունը դուք կարող եք նորոգել ձեր մկրտության ուխտերը և այդպիսով ստանալ Տիրոջ օրհնությունը, որ կարողանաք Նրա Հոգին միշտ ձեզ հետ ունենալ (ՎևՈՒ 20.77):

Սուրբ Հոգին, որ հաճախ անվանվում է Հոգի, Աստվածագլխի երրորդ անդամն է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում» (ՎևՈՒ 130.22):

«Որովհետև Տիրոջ Հոգին չի բնակվում անսուրբ տաճարներում» (Հելաման 4.24), մենք պետք է արժանի լինենք Նրա ընկերակցությանը: Մենք դա անում ենք այլ բաների հետ մեկտեղ ունենալով առաքինի մտքեր, ապրելով ազնիվ և փնտրելով պահել պատվիրանները:

Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո մենք կարող ենք անել շատ բաներ, որ Նրա ազդեցությունը բերենք մեր կյանք.

  • Աղոթել:

  • Ուսումնասիրել սուրբ գրությունները:

  • Արժանիորեն ընդունել հաղորդությունը:

  • Երկրպագել տաճարում:

  • Դիտեք օգտակար լրատվամիջոցներ, օգտագործեք մաքուր խոսք և ունեցեք առաքինի մտքեր:

Նկարազարդումը՝ Քրիստինա Սմիթի, Եվա Տաֆտի, Քոդի Բելլի և Մեթյու Ռեյրի