2013
Արձագանքելով Ավելի Շատ Միսիոներներ կանչին. Զարգացնել միսիոներական մոտեցում տանը և Եկեղեցում
Ապրիլ 2013


Արձագանքելով Ավելի Շատ Միսիոներներ կանչին. Զարգացնել միսիոներական մոտեցում տանը և Եկեղեցում

Եպիսկոպոս Վիկտոր Նոգալեսը՝ Փարք Չակաբուկո ծխից, Բուենոս Այրես Արգենտինա Կոնգրեսո ցցից, նստած է տեղեկատու ցուցանակի դիմաց, որտեղ փակցված են նրա ծխի 37 երիտասարդ տղամարդկանց և կանանց լուսանկարները: Երբ նրանցից մեկը մեկնում է միսիայի, նա երկտող է գրում նկարի վրա:

«Իմ երիտասարդները շատ ոգևորվում են, երբ գալիս են իմ գրասենյակ և տեսնում են նկարները և երկտողերը», - ասում է նա: «Դա մղում է նրանց պատրաստվել իրենց սեփական միսիային»:

Բուենոս Այրեսի այս ծուխը մարմնավորում է միսիոներական աշխատանքի ոգին: 2012թ. առաջին վեց ամիսներին 19 երիտասարդներ, որոնցից 14 նորադարձներ էին, թողեցին իրենց տները՝ ութ երկրներում լիաժամկետ միսիաներ ծառայելու համար: Ունակ երիտասարդների ավելի քան 80 տոկոսը պարտավորվել են ծառայել միսիայում:

Վերջին տարիներին Եկեղեցու ղեկավարները մի քանի անգամ կոչ են արել, որպեսզի միսիայում ավելի մեծ թվով երիտասարդներ ծառայեն:

2005թ. ապրիլի գերագույն համաժողովին, նրանից հետո, երբ Եկեղեցին թողարկեց Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույցը, Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կոչ արեց ընտանիքներին և ղեկավարներին միսիոներական ոգի զարգացնել և պատրաստել թվով ավելի շատ երիտասարդ տղամարդկանց և կանանց պատվարժան ծառայության, օգնելով նրանց հասկանալ, թե ովքեր են իրենք, և ուսուցանելով նրանց վարդապետությունը (տես “One More,” Liahona, May 2005, 69):

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հայտարարությունը 2012թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին միսիոներների տարիքային սահմանափակման նվազեցման մասին մեկ այլ հիշեցում է, որ Տերը արագացնում է Իր աշխատանքը:

Այսօր շատ ընտանիքներ և Եկեղեցու ղեկավարներ որդեգրում են այդ ուղերձներն իրենց սրտերում և հիմնում են իրենց տարածքներում միսիոներական ծառայության հարուստ ավանդույթներ:

Օգնել երիտասարդներին հասկանալ, թե ովքեր են իրենք

«Ինչպե՞ս եք կարողացել ձեր երիտասարդներից այդքան շատերի մոտ ծառայելու ցանկություն առաջացնել» հարցին, եպիսկոպոս Նոգալեսը պատասխանել է. «Երբ ես կանչվեցի որպես եպիսկոպոս, իմ առաջին մտահոգությունը իմ ծխի երիտասարդներն էին, և ես հստակ բացատրեցի ծխի մյուս ղեկավարներին, որ մենք պետք է դառնայինք երիտասարդների կյանքի մասը»:

Օրինակ, Չակաբուկոյի բոլոր միսիոներները մինչև իրենց մեկնելը ծխում կոչումներ ունեին: Հաճախ նորադարձները և ավելի քիչ ակտիվ անդամները հրավիրվում էին ծառայելու որպես ուսուցիչներ, ինչն օգնում էր նրանց պատրաստվել ուսուցանել ավետարանը:

Եպիսկոպոս Նոգալեսը նաև կազմակերպել է երիտասարդների հոգևոր նախապատրաստումը միսիային՝ հնարավորություն տալով նրանց աշխատել տեղական լիաժամկետ միսիոներների հետ:

Նվիրելով իրենց ծխի երիտասարդներին, Եկեղեցու տեղական ղեկավարները և անդամները փոխհատուցվեցին, տեսնելով, թե ինչպես մեծապես աճեց միսիոներական ոգին:

Միսիոներական մտածելակերպ ընտանիքում

Գարթ և Էլոյս Անդրուսները՝ Դրեյփերից, Յուտա, ԱՄՆ, գիտեն, ինչ է նշանակում ունենալ միսիոներական մտածելակերպ ընտանիքում: Նրանք ունեն 17 թոռներ, որոնք ծառայել են միսիաներում, իսկ հենց իրենք ծառայել են վեց անգամ:

Ձեր ընտանիքում միսիոներական ծառայության ոգի զարգացնելը պետք է սկսվի նրանց վաղ տարիքից, ասել է Եղբայր Անդրուսը:

Քույր Անդրուսը համաձայն է. «Դուք չպետք է միսիայում ծառայելը թողնեք որպես մի լուռ ակնկալիք, այլ պետք է խոսեք այդ մասին ձեր երեխաների և թոռների հետ այնպես, որ երբ կամ եթե հարցեր չառաջանան»:

Երիտասարդներին ուսուցանելը, թե ովքեր են իրենք, միսիոներական ծառայության օրինակ ցույց տալով, նույնպես կարևոր է: Եղբայր և Քույր Անդրուսները ընդունել են իրենց առաջին կանչը 1980թ.՝ երբ իրենց ամենափոքր տղան մեկնում էր իր միսիային:

Թոռներից մեկը գրեց նրանց, երբ ստացավ նրանց նվերը, որը պետք է օգներ իրեն պատրասվել իր միսիային: «Նա շնորհակալություն հայտնեց մեզ նվերի համար, սակայն ասաց. «Շատ ավելի կարևոր է շնորհակալություն հայտնել ձեզ ձեր օրինակի համար»», - ասել է քույր Անդրուսը:

Վարդապետությունն ուսուցանելը

«Մեր երիտասարդները իրավունք ունեն ակնկալելու, որ իրենց ծնողները և Եկեղեցու ղեկավարները և ուսուցիչները կտեսնեն, որ իրենք գիտեն և հասկանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը», - ասել է Երեց Բալլարդը: «Սուրբ Հոգին կհաստատի ճշմարտությունը նրանց սրտերում և կվառի Քրիստոսի Լույսը նրանց հոգիներում: Եվ այդ ժամանակ դուք կունենաք ևս մեկ լիովին պատրաստված միսիոներ» (M. Russell Ballard, “One More,” 71):

Բուենոս Այրեսից մոտ 9600 կմ. Հեռավորության վրա գտնվող գյուղական Հորզշու Բենդ ճյուղում, Բոյզի հարևանությամբ, Այդահո, ԱՄՆ, նույնպես գրանցվել է միսիոներական ծառայության կտրուկ աճ, որովհետև ընտանիքները և ղեկավարները էլ ավելի են հզորացրել իրենց երիտասարդներին ավետարանն ուսուցանելու իրենց ջանքերը:

75 հոգուց բաղկացած փոքր ճյուղից ինը երիտասարդներ ծառայում են միսիաներում:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, շեշտել է ծառայելու պատճառները և օգուտները. «Բոլոր միսիոներները … ծառայում են միակ հույսով, որ դարձնում են մյուս մարդկանց կյանքն ավելի լավը: Միսիայում ծառայելու որոշումը կշտկի միսիոների, նրա ամուսնու և նրանց զավակների հոգևոր ճակատագիրը սերունդներ շարունակ: Ծառայելու ցանկությունը անձի դարձի գալու, արժանավորության և նախապատրաստության բնական արդյունք է» («Խնդրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ», Լիահոնա, նոյ. 2012, 18):

Մարտին Վոքերը՝ Էմերեթ Այդահո ցցի նախագահը, համաձայնվում է. «Միսիայում ծառայելը երիտասարդին այնպիսի ուղու վրա է դնում, որը կազդի սերունդների վրա: Ցցում մենք անում ենք հնարավր ամեն-ինչ՝ պատրաստելու համար երիտասարդներին միսիոներական ծառայությանը»:

Այդ պատրաստության մասն է կազմում երիտասարդներին վարդապետությունն ուսուցանելը: Հորզշու Բենդ ճյուղի երիտասարդները կարող են օգտվել միսիոներների նախապատրաստության շաբաթական դասերից, որոնք ուսուցանում է միսիայի նախկին նախագահը: Այդ ուսուցումը լրացնում է միսիոներների ուսուցմանը, որը անց է կացվում ցցի երիտասարդների միսիոներական պատրաստման ամենամսյա ժողովին, և Ահարոնյան Քահանայության ամենամյա ճամբարին:

Լառեն Ադամը, Եղբայր և Քույր Անդրուսների վեց երեխաներից մեկը, իր ամուսնու՝ Ջիմի հետ միասին 2007–2009թթ. ծառայել է Կոպենհագեն Դանիա միսիայում: Նա վկայել է տանը երեխաներին ավետարանն ուսուցանելու կարևորության մասին:

«Ամենամեծ բաներից, որ դուք կարող եք անել՝ օգնելու համար ձեր երեխաներին վկայություն զարգացնել միսիոներական աշխատանքի մասին, դա ձեր ընտանեկան երեկոները և ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրությունն անցկացնելն է», - ասել է նա: «Եթե դուք նրանց տաք ավետարանի ուսումնասիրության և ավետարանական գիտելիքի այդ ամուր հիմքը, նրանք շատ ավելի լավ պատրաստված կլինեն և շատ ավելին կիմանան ավետարանի մասին»:

Եպիսկոպոս Վիկտոր Նոգալեսը կանգնած է տեղեկատու ցուցանակի մոտ, որտեղ փակցված են նրա ծխի բոլոր երիտասարդների, ներառյալ ներկայումս միսիաներում ծառայողների լուսանկարները:

Լուսանկարը տրամադրել է Փոլ Լ. Գարվինը