2008
Գտնելով հավատքս
2008թ. Հոկտեմբեր


Գտնելով հավատքս

Մի քանի ամիս շարունակ միսիոներներն ինձ հրավիրում էին մկրտվել, սակայն ես հրաժարվում էի:

Քոլեջում ուսանելու առաջին տարիներն էին 1989–1990թթ., մի օր ես և ընկերս գիշերը երկար նստեցինք` պատրաստվելով քննություններին:

Հանկարծ Մեթը ինձ մի հարց տվեց, որը դարձավ իմ կյանքի որոշիչ պահերից մեկը. «Ձեր եկեղեցին ինչպե՞ս է պատկերացնում Աստծուն: Նկատի ունեմ, ինչպիսի՞ տեսք ունի Նա»:

Ես նրա համար պատասխան չունեի: Իմ իրավիճակը հասկանալով, նա աննկատ թեման փոխեց: Սակայն ես չկարողացա այն մոռանալ: Ես առանձնահատուկ իրավիճակում էի` բողոքական, որը հաճախում էր Բրիգամ Յանգ Համալսարան, և թեև ես ընդհանուր կասկածներ ունեի իմ սեփական հավատքի ու կրոնի վերաբերյալ, ես մտադրություն չունեի փոխելու կրոնս: Հակառակը, մի ամբողջ տարի ես հոգևոր առումով ինձ պաշտպանում էի կրոնական զրույցներից: Այդ հասարակ հարցով ընկերոջս վերջապես հաջողվեց իմ սրտում մի չնչին ճեղք բացել:

Հավատք փնտրել

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ես ինձ շարունակ հարցնում էի. «Ինչի՞ն եմ ես հավատում: Ավելի ճիշտ, հավատո՞ւմ եմ ես արդյոք: Կա՞ իսկապես Աստված, և եթե այո, ապա ինչպիսի՞ն է Նա: Կարո՞ղ եմ ես նրան ճանաչել: Կպատասխանի՞ Նա իմ աղոթքներին: Կարո՞ղ եմ ես ունենալ այնպիսի հավատք, ինչպես Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու իմ ընկերները:

Հարցն այն չէր, որ ես նախկինում նման հարցեր տալու հնարավորություններ չեմ ունեցել, տարիներ շարունակ իմ լավագույն ընկերները ՎՕՍ-եր էին: Այդ ընկերությունը ինձ դրդեց ընդունվել ԲՅՀ: Սակայն գրեթե միշտ ես վանել եմ ինձանից ավետարանական տրամադրությունները: Մի քանի անգամ ես հանդիպել եմ միսիոներների հետ, սակայն ես չեմ լսել բաց մտքով:

Ես շատ էի վախենում այն փոփոխություններից, որոնք պահանջվում էին, փոփոխություններ, որոնք կարող էին սոցիալապես և էմոցիոնալ առումով ինձ մեկուսացնել իմ ընտանիքից: Ես չէի ցանկանում հավատալ, որ սխալ էի կամ որ իմ ավանդույթները սխալ էին: Ես չէի հավատում, որ կարող էի հայտնություն ստանալ Աստծուց կամ որ անգամ ուրիշները կարող են այն ստանալ: Դա թվում էր ծիծաղելի, անտրամաբանական, անգամ տարօրինակ, որ Աստված կարող էր հայտնվել Ջոզեֆ Սմիթ անունով մի տղայի, հայտնել նոր սուրբ գրություններ և, որ միայն այդ մեկ կրոնը աստվածային առաջնորդություն կարող է ստանալ որպես ճշմարիտ Եկեղեցի հաստատվելու համար:

Հեգնանքով, ես կասկածի տակ էի դնում բոլոր կրոնները, ներառյալ և իմը: Թեև իմ սիրտը լի էր սիրով իմ ընտանիքի և ընկերների հանդեպ, սիրտ, որը պատասխաններ էր ցանկանում, իսկ երբ գործը հասնում էր Հոգու հուշումներին, այն կարծես քարից լիներ:

Առաջին ուսումնական տարուց հետո ես վերադարձա տուն` Քենտուկի, կրթությունս շարունակելու: Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու իմ ընկերները շուտով մեկնեցին ծառայելու միսիայում, և ես խորը միայնակության մեջ ինձ զգացի նրանց բացակայության ժամանակ: Ես ցանկանում էի ունենալ նրանց համոզմունքի գոնե մի մասը, որը նրանց ոգեշնչում էր նվիրաբերել իրենց կյանքի երկու տարիները: Միևնույն ժամանակ ես շարունակ մտահոգված էի, որ դեռևս չունեմ Մեթի հարցի պատասխանը: Ես ինքս ինձ համար էի ուզում իմանալ պատասխանը: Վերջապես, իմ ընկերներից բազմաթիվ նամակներ ստանալուց հետո, որոնք խրախուսում էին ինձ հանդիպել միսիոներների հետ, ես հաղթահարեցի իմ տագնապը և ընդունեցի:

Մտածել դարձի մասին

Ինչևէ, ես հակված չէի այն մտքին, որ ավետարանի տարբեր սկզբունքները փոխկապակցված էին և կազմում էին մեկ ամբողջականություն: Միսիոներները հավատում էին, որ, քանի որ իրենց ուղերձն իր ամբողջականության մեջ, կամ լիովին կեղծ էր, կամ` ճշմարիտ, եթե ես վկայություն ունենայի մեկ սկզբունքի վերաբերյալ, ապա ես բնականաբար կընդունեի նրանց բոլոր ուսմունքները:

Ես չէի հավատում նրանց: Ես կարծում էի, թե ընդունելի է հոգևոր և վարդապետական այդ համակարգից ընտրել և վերցնել այն, ինչին ես ուզում էի հավատալ:1 Միևնույն ժամանակ տրամաբանությունս շոշափելի ապացույց էր պահանջում, ոչ թե հավատքի վրա հիմնված դարձ:

Դժբախտաբար, տրամաբանությունս ինձ չգոհացրեց ու չբավարարեց: Իմ մտածած փիլիսոփայական բոլոր փաստարկները հոռետեսության հետ մրցող դրույթներ էին, որոնք իրական ոչ մի պատասխան չէին տալիս: Ես ցանկանում էի ավելին, մի բան, որը կհաղորդակցվեր սրտիս հետ, ինչպես իմ ընկերներն էին նկարագրում իրենց հաղորդակցումը Սուրբ Հոգու հետ: Ես մասնակցում էի միսիոներական զրույցներին, հուսալով, որ ի վերջո կընդունեմ, որ նրանց ասածները ճշմարիտ են, կամ, գոնե բավարարում կստանամ, իմանալով, որ այդ ամենը կեղծ է:

Միսիոներները համբերատար էին, սակայն նաև համարձակ: Մի քանի ամիսների ընթացքում նրանք ինձ հետ բազմաթիվ զրույցներ անցկացրեցին և մի քանի անգամ հրավիրեցին մկրտվելու, սակայն ես միշտ հրաժարվում էի: Ես սպասում էի որոշակի ակնհայտ և հրաշալի իրադարձության, որպեսզի ընդունեի նրանց հրավերը: Ես չէի ստանում նման ապացույց, և այդպիսով չէի ընդունում նրանց հրավերները:

Մի օր երեցները մի հատված կարդացին Մորմոնի Գրքից. «Մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» (Եթեր 12.6): Ապա նրանք ասացին. «Ջոշ, ամեն անգամ, երբ մենք հրավիրում ենք քեզ մկրտվելու, դու ասում ես` ոչ: Դու ուղղակի պետք է ասես այո, և ապա Հոգին հաստատում կտա քեզ»:

Այլ խոսքով, ես դեռ չէի ստացել ապացույց, ես դեռ չէի փորձել իմ հավատքը: Ես չէի խորհել, միայն հարցրել էի, հավատալով, որ կստանամ պատասխան առանց փորձելու (տես ՎևՈւ 9.7): Ես արդյունավետ կերպով պարիսպապատվել էի Հոգուց, որը չէր կարող վկայություն տալ ինձ, քանի որ ես չէի ցանկանում կատարել հաջորդ քայլը: Ինձ հարկավոր էր միայն հավատքի մի շող մտցնել խավարի մեջ, որպեսզի լույսը սկսեր շողալ: Հաստատող վկայությունը կգար նրանից հետո, երբ ես փորձեի իմ հավատքը, ոչ թե դրանից առաջ:2

Իմ առաջին միտքն այն էր, որ միսիոներները փորձում էին համոզել ինձ մկրտվել: Ապա, ես զգացի, որ ճիշտ այն պահին, երբ ես բացասական պատասխան էի տալիս մկրտության հրավերին, ինչ-որ մի մեղմ զգացում լքում էր սիրտս: Այն խաղաղության հանդարտ, փափուկ և խոնարհ զգացում էր, որը ինձ հորդորում էր հետևել միսիոներների խորհրդին, սակայն ես չէի ընդունում դրա ներկայությունը, մինչև այն չէր հեռանում, թողնելով ինձ շփոթմունքի, դժբախտության և զղջումի մեջ:

Ես մտածում էի, թե արդյոք այդ թույլ զգացումը Հոգին չէր, որը լքում էր ինձ, իսկ իմ շփոթմունքի աղբյուրը իմ իսկ կարծր սիրտը, որը Նրան հեռու էր վանում: Առանց տատանման, ես որոշեցի փորձել միսիոներների խորհուրդը: Ես կասեմ այո հրավերին, և ապա, եթե զգամ Հոգին, ինչպես նրանք ինձ խոստացել են, ես կմկրտվեմ: Իսկ եթե չզգամ Հոգին, ես լիովին պատրաստ եմ ասել միսիոներներին, որ կատակում էի:

Փորձել սերմը

Մեր հաջորդ պայմանավորվածության երեկո մենք դիտում էինք Եկեղեցու նոր տեսաֆիլմը` Անառակ Որդին: Սենյակում մի յուրահատուկ զգացում կար, միսիոներները ակնհայտորեն հուզված էին, նրանց աչքերից արցունքներ էին հոսում:

Ֆիլմի ավարտից հետո մենք մի քանի հատվածներ կարդացինք սուրբ գրություններից: Վերջապես, Երեց Քրիչֆիլդը դարձավ ինձ ու հարցրեց. «Ջոշ, դու կմկրտվե՞ս կիրակի, նոյեմբերի 10-ին, ցերեկը ժամը 4:00-ին»:

Ես վարանեցի, ապա պատասխանեցի. «Այո»:

Հոգին հարվածեց ինձ այնպիսի մի էլեկտրական ներկայությամբ, որ թևերիս մազերը կանգնեցին, և ես գրեթե լաց էի լինում: Անկասկած լույսը շողաց խավարի մեջ: Ես փորձեցի իմ հավատքը, և անկասկած ես գիտեի, որ պետք է մկրտվեի:

Ես վկայություն ստացա հավատքի սերմի օգուտի մասին, սակայն ես տեսա նաև, ինչպես այն աճեց, տալով պտուղներ (տես Ալմա 32.35–36), և ես դեռ չէի ստացել հաստատող վկայություն ավետարանի մյուս սկզբունքների մասին: Հավատքի իմ փորձությունը դեռ ավարտված չէր:

Մկրտվելուց և հաստատվելուց ոչ շատ անց, կասկածները թափանցեցին իմ միտքը: Ես հակասություն էի զգում մկրտվելու որոշում կայացնելու պահին ունեցած անձնական փորձի և իմ հին տրամաբանության միջև, որը չէր ընդունում հավատքի վրա հիմնված գիտելիքը:

Շուտով ես կրկին ունեցա շփոթմունքի և վշտի որսացող զգացումները, և չէի հասկանում, ինչին հավատալ: Ինչևէ, ես պարտավորվել էի, և վճռեցի ակտիվ մնալ Եկեղեցում և կիրառել այն սկզբունքները, որոնք ուսուցանվել էին, մինչև որ հավատքիս փորձությունը ինչ-որ կերպ լուծի իմ հակասությունը:

Գտնելով իմ հավատքը

Տերը չթողեց, որ ես մենակ թափառեմ: Ինձ կոչում տրվեց միսիոներների հետ ծառայելու, և երբ մենք քարոզում էինք ամեն շաբաթ, միսիոներները շարունակում էին հոգ տանել իմ համար: Իմ տնային ուսուցիչները հավատարիմ էին: Տնային ուսուցման իմ գործընկերն արագ արձագանքող ու հետևողական էր: Ծխի շատ անդամներ ինձ հետ ընկերացան` ներգրավելով ինձ իրենց կյանքի մեջ, հրավիրելով իրենց տուն ճաշի և ընտանեկան երեկոների: Նրանք աղոթում էին ինձ հետ և ինձ համար: Եպիսկոպոսը և նրա ընտանիքը հոգ էին տանում ինձ համար և խրախուսում ինձ: Ես զգում էի նրանց սրտերի ազնիվ մտադրությունները, և դա ամրացրեց իմ վճռականությունը:

Մի օր, մի քանի ամիս անց, ես հասկացա, որ ամեն անգամ, երբ ես կարդում եմ Մորմոնի Գիրքը, ունենում եմ խաղաղության մի նուրբ ու ծանոթ զգացում, ինչպիսին զգում էի զրույցների և մկրտության հրավերների ժամանակ: Ես ապրեցի պայծառության մի պահ` դա Հոգին էր: Երբ մտածեցի այս խոսքերի մասին. «Եթե սա Հոգին է, ապա այս գիրքը պետք է որ ճշմարիտ լինի», այդ մեղմ զգացումը ներխուժեց իմ սիրտ և իմ հավատքը վերածվեց հոգևոր գիտելիքի այդ սկզբունքի մասին:

Երբ սիրտս շարունակում էր դառնալ ավելի «կոտրված», իսկ հոգիս ապաշխարող» (տես Եթեր 4.15), հետևեցին հաստատող այլ փորձառություններ: Ես գիտեի, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն է, ոչ թե իմ խելքով կամ ուրիշների համոզումներով, այլ Հոգու անմերժելի ներկայության շնորհիվ, որ խոսում է իմ հոգու հետ: Սկզբունք առ սկզբունք բացվում էր իմ մտքում (տես 2 Նեփի 28.30): Երբ այս հաստատող փորձառությունները կառուցվում էին մեկը մյուսի վրա, ավետարանի իմ ընկալումը լայնանում էր և հոգևոր հասկացողությունն ավելի արագ էր գալիս: Ամեն փորձառություն պահանջում էր լսելու և հետևելու ջանասիրություն ու պատրաստակամություն, և Հոգու հուշումներին լսելու ցանկություն (տես Մոսիա 3.19):

Ես կարող եմ ասել այսօր, որ ավետարանը ճշմարիտ է, քանի որ դա ես ինքս եմ իմացել: Ժամանակին տարօրինակ և անտրամաբանական թվացող ավետարանն այժմ ինձ համար ծանոթ և հիասքանչ էր: Ավետարանի սկզբունքներն իսկապես բոլորը փոխկապակցված են և կազմում են մեկ ամբողջություն: Անգամ շատ սահմանափակ վարդապետական գիտելիքով, որպես միսիոներ, ես կարող եմ վկայել այս ճշմարտությունների մասին: Իմ վարդապետական գիտելիքը խորանում է, և դրա հետ մեկտեղ ամրանում է իմ վկայությունը:

Իմ հավաքական վկայությունը աշխատում է ինչպես ամուր կառուցված և մշտապես սնուցվող պատնեշ թշնամու դեմ: Այն ինձ պաշտպանում է այն փորձությունների ժամանակ, որոնց ես հանդիպում եմ, հատկապես, երբ չարը ջանքեր է գործադրում, ցանելով կասկածանքի սերմերն այն ամենի վերաբերյալ, որի մասին ես արդեն պատասխաններ ունեմ (տես ՎևՈւ 6.22–23): Երբ ես ինձ թույլ եմ զգում, երբ կասկածանքներ են գալիս, երբ ցավ եմ զգում, ես անում եմ նույնը, ինչը պտուղ տվեց առաջին օրից, երբ ստացա իմ վկայությունը. Ես հիշում եմ վկայություն կառուցելու ամեն մի փորձառություն, որն ունեցել եմ, ես թարմացնում եմ այն սկզբունքների կիրառումը, որոնք ուսուցանվել են ինձ, և ես ուշադրություն եմ դարձնում, թե ինչպես է Հոգին վերահաստատում իմ հավատքը:

Ավետարանը ճշմարիտ է, ամբողջությամբ, և այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր իրենց սրտի խոնարհությամբ, իրենց հավատքով քայլ են կատարում դեպի խավարը: Փրկչի լույսն այնտեղ է, փակված միայն այն գտնելու մեր ցանկության բացակայությամբ: Կլինեն խավարի շատ ժամանակներ մեր կյանքում կամ ժամանակներ, երբ մեր վկայությունները փորձվում են: Ես հայտնաբերել եմ, որ Փրկչի լուսավորությունը սպասում է մեզ, երբ մենք պատրաստակամորեն փնտրում ենք Նրան, և այդ լուսավորությունը, եթե այն շարունակ ենք փնտրում, տանում է մեզ դեպի դարձ:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. See Glenn L. Pace, “Follow the Prophet,” Ensign, May 1989, 26.

  2. See Boyd K. Packer, “The Book of Mormon: Another Testament of Jesus Christ—Plain and Precious Things,” Liahona, May 2005, 8.