2008
ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ
2008թ. Հոկտեմբեր


ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ

Ուղևորություն` գնումներ կատարելու

Համեստ հագնվեք՝ Աստծո և ինքներդ ձեր հանդեպ հարգանք ցուցաբերելով: Երբեք և ոչ մի դեպքում մի իջեցրեք ձեր հագնվելու չափանիշները: Մի այլանդակեք ձեր մարմինը դաջվածքներով կամ դակումներով:

Մայրս և ես գնումներ էինք կատարում, երբ մի սև կիսաշրջազգեստ գտա, որը շատ էի ցանկանում ունենալ: Ես փորձեցի կիսաշրջազգեստը և դուրս եկա ցույց տալու մայրիկիս: Նա տատանվեց նախքան կասեր. «Բեքի, կարծում եմ շատ է կարճ»: Ես պատասխանեցի, որ այդպես չէի կարծում և համոզում էի նրան, որ դպրոցում բոլոր աղջիկներն այդպիսի ոճով են հագնվում, ոմանք դեռ ավելի կարճ: Ես մի քանի րոպե փորձում էի համոզել նրան, որ հավանություն տար կիսաշրջազգեստին:

Ի վերջո, մայրս վճռականորեն ասաց. «Շատ է կարճ: Մենք դա չենք գնի: Գնա փոխվիր»:

Ես չէի հասկանում, թե ինչու էր նա այդքան խիստ ինձ հետ, հատկապես, երբ զգում էի, որ բավականաչափ մեծ եմ ինքս որոշելու, թե ինչ կարող եմ հագնել: Մեր գնումների ճամփորդությունը ձախողվեց, և մեքենայով տուն վերադառնալիս երկուսս էլ լուռ էինք:

Ի վերջո, մայրս ասաց. «Բեքի, ես թույլ չտվեցի քեզ գնել այդ կիսաշրջազգեստը, որովհետև դրանով դու քեզ նման չէիր: Այդ կիսաշրջազգեստը խիստ կարճ էր և չէր արտացոլում, թե իրականում ով ես դու: Դու Աստծո դուստրն ես»:

Մորս բացատրությունը սովորեցրեց ինձ մի սկզբունք, որը ես միշտ կհիշեմ: Ես Աստծո դուստրն եմ, և այն ամենը, ինչ ես անում եմ և կրում, արտացոլում է, թե ինչ եմ մտածում ինքս իմ մասին և ինչ եմ զգում իմ Երկնային Հոր և իմ Փրկչի հանդեպ:

Համեստ հագնվելն անընդհատ պայքար է, բայց ես երախտապարտ եմ, որ անձնատուր չեղա և փոխզիջման չգնացի իմ չափանիշներում: Ես գիտեմ, որ եթե կարողանանք իսկապես հասկանալ, որ մենք Աստծո զավակներն ենք, մենք կհաղթահարենք աշխարհի նման հագնվելու մեր ցանկությունները: