2008
Ես ունեի հավատ, բայց ոչ փող
2008թ. Հոկտեմբեր


Ես ունեի հավատ, բայց ոչ փող

1988թ. վերջում ես հաճույքով ծառայում էի որպես երկրորդ խորհրդական Վենեսուէլայում` Քիդադ Օյեդայի եպիսկոպոսությունում, սակայն մի ճնշող մտահոգություն ունեի: Ես ավելի քան մեկ տարվա Եկեղեցու անդամ էի, սակայն դեռ չէի ստացել իմ տաճարային օրհնությունները:

Մի օր հարևան քաղաք Մարակայբոյից մի ընկեր եկավ ինձ տեսակցության: Մենք ներգրավվեցինք հոգևոր թեմաների շուրջ զրույցի մեջ:

Հանկարծ ընկերս ասաց. «Եղբայր Տրոկոնիզ, ես հավատում եմ, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ դու գնաս տաճար և ստանաս քո հավերժական օրհնությունները, որոնք Նա խոստացել է Իր զավակներին»:

«Ես չեմ կարող գնալ,- պատասխանեցի ես,- Այստեղ Վենեսուէլայում չկա տաճար, իսկ երկրից դուրս ճանապարհորդությունը շատ թանկ է: Ես փող չունեմ»:

Նա մի պահ մտածեց ասածիս մասին և ասաց. «Եթե դու իսկապես ուզում ես գնալ տաճար, Երկնային Հայրը քեզ ճանապարհ կտա»:

Ես պատասխանեցի. «Եթե Երկնային Հայրը նման օգնություն ինձ տա, ես կգնամ»:

Այդ պահից ի վեր ես լցվեցի հավատքով և հույսով, որ կկարողանամ գնալ տաճար: Հաջորդ օրը ես զանգահարեցի ցցի ղեկավարներին և ինձ ասացին, որ հունվարին ճամփորդություն է ծրագրված դեպի Լիմա Պերու Տաճար, այդ ժամանակ ամենամոտ տաճարը: Ճանապարհածախսը 16 500 բոլիվար էր, որի մեջ մտնում էին օդանավի տոմսը, սնունդը և հյուրանոցը:

Օրերն անցնում էին և վճարելու ժամանակը մոտենում էր: Ես փորձում էի փող վաստակել, սակայն անգամ չէի մոտենում այն գումարին, որն ինձ անհրաժեշտ էր: Ինչևէ, հավատքս երբեք չսասանվեց: Ես վստահ էի, որ Երկնային Հայրը մի ճանապարհ կտա:

Ժամկետից ոչ այդքան առաջ ինձ զանգահարեց իմ նախկին գործատուն: Զանգահարողն արտասանեց իմ անունը և ասաց. «Դուք աշխատել եք այս նաֆթային ընկերությունում հինգ տարի առաջ: Երբ դուք դուրս եկաք, ձեր վերջնահաշիվը ճիշտ չէր հաշվարկվել: Խնդրում ենք գալ և վերցնել ձեր անվամբ չեկը»:

Հաջորդ օրը ես գնացի չեկի ետևից: Երբ ես նայեցի գումարին, աչքերիս չէի հավատում: Չեկը ուղիղ 16 500 բոլիվար արժողությամբ էր:

1989թ. հունվարի 17-ին ես մտա Լիմա Պերու Տաճար և ստացա իմ տաճարային օժտումը: Ընկերս իրավացի էր: Երկնային Հայրը ինձ ճանապարհ տվեց տաճար գնալու: Ինչպես հայտարարել է Նեփին. «Տերը ամեն բան կարող է անել մարդկանց զավակների համար, եթե այնպես լինի, որ նրանք հավատք գործադրեն նրա հանդեպ» (1 Նեփի 7.12):