2008
Հրաշալի երազ
2008թ. Հոկտեմբեր


Հրաշալի երազ

Շատ տարիներ առաջ ճանապարհային վթարից ստացած բազմաթիվ վնասվածքներից ես երեք ամիս կոմայի մեջ էի: Քահանայության օրհնություններն ու ընտանիքիս աջակցությունը ինձ հնարավորություն տվեցին «զարմանալի ապաքինում» ապրել, ինչպես դա անվանեց իմ բժիշկներից մեկը:

Սակայն գլխիս վնասվածքները թուլացրեցին իմ կարճատև հիշողությունը, և ես այլևս չեմ հիշում իմ երազները: Հաճախ ես արթնանում եմ և մտածում. «Օ՜, ես երազ էի տեսնում», սակայն երազը փախչում է մտքիցս ընդմիշտ:

Այդ պատահարից տասնյոթ տարի անց ես կանչվեցի որպես իմ ծխի եպիսկոպոս: Ծխի խորհրդի հերթական ժողովի ժամանակ Երեխաների խմբի նախագահը առաջարկեց մեկ զույգի կանչել դասավանդելու ԸՃ դասարանում: Ես և իմ խորհրդականները զարմացած հայացքներ փոխանակեցինք:

Այդ քույրը հաճախում էր եկեղեցի, թեև անկանոն, սակայն նրա ամուսինը չէր հաճախում տարիներ շարունակ: Ինչևէ, մենք բոլորս զգացինք, որ նրանք պետք է հնարավորություն ունենան մտածելու այդ կոչումն ընդունելու մասին:

Այդ ամուսինների հետ զրույցի նախորդ գիշերը ես մի կենդանի երազ տեսա: Հաջորդ առավոտ ես արթնացա և լիովին այն հիշեցի: Դա այն մասին էր, ինչ ես պետք է ասեի հարցազրույցի ժամանակ, որպեսզի նրանք ընդունեին ծառայելու առաջարկը: Ես ապշած էի, քանի որ 17 տարիների ընթացքում առաջին անգամ կարողացա հիշել երազս: Սակայն դրանից առավել, երազի բովանդակությունը ոգևորեց և եռանդ հաղորդեց ինձ:

Այդ երեկո իմ խորհրդականը եկավ ինձ մեքենայով տանելու: Ճանապարհին նա ասաց. «Եպիսկոպոս, ես թողնելու եմ, որ դու խոսես»: Ես հիշում եմ, ինչպես վստահորեն ժպտացի, քանի որ զգում էի, որ Տերը պատրաստել է իմ ելույթը ինձ համար:

Հարցազրույցի ժամանակ ես կրկնեցի երազս ճշգրտությամբ և ամուսինները ընդունեցին կոչումը: Այդ երեկո տուն վերադառնալիս խորհրդականս ասաց. «Ինձ թվում է, թե ինձ դաս մատուցվեց վարդապետի կողմից»: Ես կրկին ժպտացի, քանի որ գիտեի, որ դա ճշմարիտ էր` մենք երկուսս էլ ուսուցանվեցինք Վարդապետի կողմից:

Ամուսինները նվիրվածությամբ կատարում էին իրենց պարտականությունները Երեխաների խմբում, և նրանք երկուսն էլ ծխում ակտիվ անդամներ դարձան: Մի քանի տարի անց նրանք կնքվեցին տաճարում որպես զույգ:

Առ այսօր այդ յուրահատուկ երազը միակն է, որ ես հիշել եմ վերջին 28 տարիների ընթացքում: Ես համոզված եմ, որ Երկնային Հայրը գիտեր, թե երբ էր այն կատարյալ ժամանակն այդ զույգի համար: Հետևաբար, Նա ոգեշնչեց Երեխաների խմբի նախագահին, և մի գիշեր, օրհնեց իմ մասամբ չաշխատող հիշողությունը, որպեսզի այն կատարելապես աշխատի: Մեկ անգամ ևս ես հասկացա, որ Տերը կանգնած է այս Եկեղեցու գլխին, և որ Տիրոջ հավերժական նպատակներն առաջ կգնան, մինչև նրա բոլոր խոստումները կատարվեն (տես Մորմոն 8.22):