2008
ԱԶԱՏ ԿԱՄՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2008թ. Հոկտեմբեր


ԱԶԱՏ ԿԱՄՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամպերից վեր

Ընտրեք արդարակեցությունն ու երջանկությունը, անկախ նրանից, թե ինչպիսին կարող են լինել հանգամանքները: Պատասխանատվություն կրեք այն ընտրությունների համար, որոնք դուք կատարում եք: Զարգացրեք ձեր ունակություններն ու տաղանդները և օգտագործեք դրանք բարու համար: Խուսափեք անգործությունից և պատրաստ եղեք տքնաջան աշխատել:

Ոչ շատ առաջ ես հնարավորություն ունեցա թռչել մի փոքրիկ ինքնաթիռով: Երբ պատրաստվում էինք ինքնաթիռ նստել, ուղևորներից մեկը հարցրեց օդաչուին, թե ինչ բարձրության վրա ենք թռչելու: Նա նշեց, որ մենք կթռչենք 2,900 մետր բարձրության վրա: Նա ասաց. «Մենք մի փոքր ամպերից վեր կբարձրանանք»: Ապա նա բացատրեց. «Եթե մենք թռչենք ամպերից ներքև, ինքնաթիռն անընդհատ կթափահարվի: Սակայն եթե մենք կարողանանք անցնել ամպերի միջով և դրանց վերևով թռչել, թռիչքն ավելի հարթ կընթանա»:

Դա մի տեսակետ էր, որը մարգարեական դարձավ: Այդ օդանավում գտնվողներիս համար ամպերի միջով անցնելը մի փոքր ավելի ջանք, մի փոքր ավելի վառելիք և մի փոքր թափահարում պահանջեց: Սակայն, երբ թափահարման գոտուց վեր բարձրացանք , թռիչքը հիմնականում հարթ ընթացավ: Թեպետ որոշ չափով առկա էր կարճատև թափահարում, և օդաչուն պետք է միշտ հաշվի առներ թռիչքի պայմանները, հիմանականում թռիչքը շատ ավելի հարմարավետ անցավ:

Հետագայում ես մտածեցի օդաչուի խոսքերի մասին. «Եթե մենք կարողանանք անցնել ամպերի միջով և դրանց վերևով թռչել , թռիչքն ավելի հարթ կընթանա »: Ես մտածեցի, թե դա որքան հատկանշական էր կյանքի համար: Երբ մենք ապրում ենք մահկանացու կյանքով, կան շատ տգեղ, ստոր ու չար բաներ, որոնցից պետք է վեր կանգնենք, եթե ցանկանում ենք ապրել Վերջին Օրերի Սրբի կյանքով: Այդ ժամանակ մենք մեզ հետ կունենանք Հոգին և կզգանք խաղաղությունը, որն այնտեղ առկա է մեր վայելքի համար: Մեզանից ջանք, կամքի ուժ և քաջություն է պահանջվում, և մեզ անհրաժեշտ է ճիշտ ընտրություններ կատարել մեր շրջապատում գոյություն ունեցող «թափահարման գոտուց» վեր կանգնելու համար: Այդ «թափահարման» մեջ է մտնում աղտոտությունը, որով շրջապատում են մեզ լրատվական միջոցները: Այն ներառում է՝ հուսահատություն, վհատություն և «բնական մարդու» բոլոր խնդիրները (Մոսիա 3.19):

Ինչևէ, եթե մենք ճիշտ գործադրենք մեր ազատ կամքը, եթե ապրենք Առաջին Նախագահության կողմից «Երիտասարդներին զորացնելու համար» բրոշյուրում տրված չափանիշներով, և եթե օրեցօր նպատակային ջանքեր գործադրենք բարձրանալու աշխարհի բաներից վեր, մեր ընթացքն այս կյանքում շատ ավելի հաճելի կլինի: Մենք կկարողանանք խաղաղություն զգալ ճանապարհի ընթացքում և մեր ճանապարհորդության վերջում անվտանգ տեղ հասնել:

Դա չի նշանակում , որ ընթացքը կլինի անխաթար և միանգամայն խաղաղ: Դա երբեք չի խոստացվել, քանի որ կլինեն դժվարություններ և անհրաժեշտ կլինի անընդհատ զգոնություն ցուցաբերել և զգույշ լինել ողջ ճանապարհի ընթացքում: Ինչևէ, ընտրելով լինել Տիրոջ կողքին, մենք կարող ենք մեր մահկանացու գոյության գայթակղություններից վեր բարձրանալ, և դա մեզ կպարգևի խաղաղություն և երջանկություն՝ ինչպես այս կյանքում, այնպես էլ գալիք կյանքում: