2008
Զգուշացեք փայտե ձիերից
2008թ. Հոկտեմբեր


Զգուշացեք փայտե ձիերից

Նկար
Elder Kenneth Johnson

Նկատե՞լ եք, թե ինչպես կարող է ազդել մեր շրջապատը մեր գործողությունների վրա և ներգործել մեր վարքի վրա: Ես հիշում եմ, երբ քոլեջի ուսանող էի, քննարկման մասնակցեցի դասախոսներից մեկի հետ, որը խոսեց մի հետազոտության մասին, թե ինչպես է աշխատավայրում շրջապատը ազդում արտադրողականության վրա: Նա նշեց, որ որոշ միջավայրեր խթանում են աշխատակիցներին աշխատել ավելի մեծ եռանդով և արտադրողականությամբ, մինչդեռ այլ միջավայրեր ունենում են հակառակ ազդեցությունը: Այն միտքը, որ այս թվացյալ հասարակ բաները կարող են այդպիսի ազդեցություն ունենալ, ինձ շատ հետաքրքրեց:

Նա նաև խոսեց մի փորձի մասին, որն անցկացվում էր մի խումբ մարդկանց հետ, ովքեր սեղանի մոտ նստած պատրաստ էին վայելել այն ճաշը, որը դրված էր իրենց առջև: Չնայած մասնակիցներից յուրաքնաչյուրը քաղցած էր և ցանկություն էր հայտնել ուտել կերակուրը, նրանց ախորժակի վրա կտրականապես ազդել էր սենյակի լուսավորության փոփոխությունը: Լուսավորության փոփոխությունից հետո շատերն ընդհանրապես չկերան, մյուսները շատ քիչ կերան և զարմանալին այն էր, որ մասնակիցներից ոչ մեկը բավականություն չստացավ ճաշից:

Մտածել, որ այդ ախորժելի կերակուրը կկորցներ իր հրապույրը պարզապես այն պատճառով, որ սենյակի լուսավորությունը փոխվեց, ցույց է տալիս այն հնարավոր ազդեցությունն ու ներգործությունը, որ կարող է շրջապատն ունենալ մեր վարքի վրա:

Շատ տարիներ առաջ իմ գործարարական կարիերայի բերումով ես հրավիրվեցի մի հաճախորդի կողմից ապահովագրություն ձևակերպելու մի նոր ձեռնակության համար, որը նա բացում էր: Երբ ես տեղ հասա, իմացա, որ այն պետք է գիշերային ակումբ լիներ:

Երբ մենք անցանք ընդունարանով, մտնելով հիմնական տարածք, իմ վրա մեծ տպավորություն գործեց գեղարվեստական ձևավորումը: Կահավորումը և սարքավորումները, վարագույրներն ու գորգերը` բոլորը ներդաշնակ էին ընտրված` ստեղծելով շատ հաճելի միջավայր: Դա այն չէր, ինչ ես սպասում էի տեսնել, այն բանից հետո, երբ ինձ ասվեց, թե ինչ նպատակի համար էր այն օգտագործվելու: Երբ ես նստած էի ձեռնարկատիրոջ հետ, նշելով անհրաժեշտ տեղեկությունները, մի աշխատող մոտեցավ և հարցրեց, թե կարող է ստուգել համակարգերը:

Հաճախորդս տվեց իր համաձայնությունը: Հանկարծ հաճելի մթնոլորտը փոխվեց, երբ սենյակի լուսավորությունը թուլացավ` փոխարինվելով բազմագույն առկայծող լույսերով և չափազանց բարձր երաժշտությամբ: Հանգստության տեսարանը անմիջապես փոշիացավ:

Անհնարին էր հաղորդակցվել այդպիսի հանգամանքներում, այսպիսով մենք ետ գնացինք դեպի ընդունարանի տարածքը: Հետագա քննարկման ընթացքում և այն պատճառով, ինչ ես զգացել էի, ես հարմար չէի զգում շարունակել, այսպիսով, իմ հաճախորդին խորհուրդ տվեցի դիմել այդ ոլորտի ապահովագրության մասնագետի: Մինչև այսօր ես հստակորեն հիշում եմ այն կտրուկ փոփոխությունը, որը տեղի ունեցավ մթնեցված սենյակ առկայծող լույսերի և բարձր երաժշտության բաբախող ռիթմի ներխուժման հետ:

Այս փորձառությունից ես հիշարժան մի դաս քաղեցի: Մեր շրջապատը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչպես ենք մենք զգում և ինչպես ենք մեզ պահում:

Սա է այն պատճառներից մեկը, որ մեր ղեկավարները խորհուրդ են տալիս, որ Եկեղեցու կողմից կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում այնպիսի միջավայրում անցկացվի, որտեղ Տիրոջ Հոգին կարող է ներկա լինել: Մտածեք այս խորհրդի մասին: Այժմ մտածեք մեր եկեղեցական միջոցառումների մասին: Ի՞նչ կարող ենք անել՝ օգտակար և հոգեպես վեհացնող եկեղեցական միջոցառումների հետ կապված Տիրոջ նպատակն իրականացնելու համար:

Տրոյական ձին

Իմ պատանեկությունից սկսած ինձ հետաքրքրել է տրոյական ձիու մասին հունական մեծ լեգենդը: Դուք, հավանաբար, հիշում եք, որ հունական բանակը 10 տարի պաշարել էր Տրոյա քաղաքը՝ չկարողանալով ճեղքել անանցանելի ամրությունները:

Ի վերջո, հույները ձևացրեցին, թե նահանջում են, իրենց ետևում թողնելով մի հսկայական փայտե ձի, որի մեջ թաքնվել էր մի հարձակվող ռազմաջոկատ: Տրոյացիները հավատացին, որ դա լավ նշան էր և, ոմանց խորհուրդներին հակառակ, բերեցին այն քաղաքի պատերից ներս: Կեսգիշերին հույն ռազմիկները դուրս եկան իրենց թաքստոցից և բացեցին քաղաքի դարպասները, թույլ տալով, որ հունական բանակը ներխուժի Տրոյա և գրավի այն:

Մենք ևս պետք է զգույշ լինենք այն ուժերի դեմ, որոնք ծպտվում են՝ ճեղքելու մեր պաշտպանությունը` նպատակ ունենալով կործանել մեր հավատքի վահանը: Մեր տներն ու պաշտամունքի վայրերը կարող են ապաստան դառնալ անպատշաճ աշխարհիկ տարերքից առաջացած փոթորկից` մեզ ուժ տալով «լինել հաստատուն և անխախտ, միշտ հարուստ լինելով բարի գործերով» (Մոսիա5.15 ) և միշտ «կանգնել սուրբ տեղերում» (ՎևՈՒ 45.32):

Զգոնությունը կորցնելը կարող է ոմանց համար հոգևոր զգայունությունը կորցնելու պատճառ դառնալ, երբ նրանք անմաքուր երաժշտություն և անպատշաճ գործողություններ են հանդուրժում: Այդպիսի բաներ թույլ տալը կարող է վնասել մեզ ներսից, փայտե ձիու պես, որը ներս բերվեց մի տեղ, որը նախկինում անպարտելի ամրոց էր:

Միջոցառումներ ծրագրելիս և նախապատրաստելիս մեր նպատակը պետք է լինի ոչ թե նմանեցնել կամ ընդօրինակել աշխարհիկ ձևերը, այլ ապահովել մի միջավայր, որտեղ կարող է մնալ Տիրոջ Հոգին: Սա պետք է մշտապես կիրառվի, որտեղ էլ որ Եկեղեցին միջոցառում կազմակերպի, և պետք է լինի մեր ուղեցույցը, երբ ընտրում ենք, թե ինչ կինոնկար դիտենք կամ համակարգչային ծրագրեր այցելենք կամ այլ զվարճալի միջոցառումների մասնակցենք: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այն իրադարձություններին, որոնք նախատեսում են Եկեղեցու շենքերի օգտագործումը, քանի որ դրանք նվիրագործված են և հաստատված այնպիսի միջոցառումների համար, որոնք «առաքինի են, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» (Հավատո հանգանակ 1.13):

Եթե Փրկիչն այցելի Եկեղեցու ժողովատանը կազմակերպված որևէ միջոցառման, մի՞թե Նրա արձագանքը նման կլինի այն դեպքին, երբ Նա Երուսաղեմի տաճարից դուրս նետեց դրամափոխներին (տես Մատթեոս ԼԱ.12–13): Թե՞ Նա Կերպարանափոխության սարում Պետրոսի նման կարտահայտի այս զգացումը. «Լավ է որ մենք այստեղ լինենք» արտահայտությամբ (Մատթեոս ԺԷ.4):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910– 2008) խորհուրդը լիաժամկետ միսիոներական ծառայության արժանավորության վերաբերյալ, կապված է այս թեմայի հետ. «Ես համոզված եմ, որ ավելի խիստ պահանջներ սահմանելը կստիպի մեր երիտասարդներին, հատկապես մեր երիտասարդ տղաներին, վարժվել ինքնակարգապահության, ապրել աշխարհի ցածր չափանիշներից վեր, խուսափել օրինազանցությունից և ընտրել բարձր ուղի իրենց բոլոր գործերում»:1

Այս խոսքերը մեր մտքում պահելով թող որ մեզանից յուրաքանչյուրն ընտրի ծրագրել և մասնակցել օգտակար միջոցառումների՝ բարձրացնելով չափանիշը և մերժելով աշխարհիկը:

Մի՞թե այս մոտեցումը կսահմանափակի վայելքը և կվերացնի երջանկության արտահայտությունը մեր հասարակական հավաքույթներից: Ոչ մի դեպքում: Փաստորեն ճիշտ հակառակը տեղի կունենա: Չափանիշը բարձրացնելու միջոցով մենք բավականություն կստանանք այնպիսի փորձառություններից, որոնք հիշարժան հիշողություններ կառաջացնեն` երջանկության մեծ ծրագրի խոստման համաձայն:

ՀՂՈՒՄ

  1. Gordon B. Hinckley, “Missionary Service,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 2003, 17.