2008
Ամեն-ինչ լավ կլինի
2008թ. Հոկտեմբեր


Ամեն-ինչ լավ կլինի

Տեղեկություն. Վերջին ստուգման ժամանակ, ախտորոշումից ութ տարի անց, քույր Քոստոնի մոտ քաղցկեղի նշաններ չեն հայտնաբերվել:

Աչքերս արցունքներով էին լցված, երբ ես վարում էի մեքենան դեպի հիվանդանոց զննման համար: Ինձ մոտ ախտորոշել էին քաղցկեղ, երբ երկու տարի առաջ ծնվել էր իմ դուստրը: Ինձ վիրահատել էին և ես բուժում էի անցել, և այժմ պետք է ստուգվեի, որ տեսնեի, թե արդյոք բուժումն օգնել է: «Երկնային Հայր, ես շատ բան եմ սովորել այս փորձառությունից: Խնդրում եմ, հեռացրու այս փորձությունն ինձանից: Ես ուզում եմ մեծացնել իմ դստերը և մի օր ամուսնուս հետ միսիայում ծառայել: Խնդրում եմ, բուժիր ինձ»:

Արցունքները հոսում էին իմ դեմքով: Հանկարծ իմ աղոթքը վերածվեց երգի, որի վերնագիրն էր «Երեխայի աղոթքը»:1 Ինչ-որ բան ինձ ստիպեց բարձրաձայն ասել.

Աղոթիր, Նա այստեղ է,

Խոսիր, նա լսում է:

Դու նրա զավակն ես,

Նրա սերը շրջապատում է քեզ:

Նա լսում է քո աղոթքները:

Սիրո մի խորը զգացում պատեց ինձ: Ես զգացի, որ Երկնային Հայրը ճանաչում է ինձ, մտահոգվում է իմ մասին և լսում է ինձ: Ես զգացի, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ես ստացա արդյունքները հաջորդ օրը: Զննումը չհայտնաբերեց քաղցկեղի որևէ նշան: Ես զգացի, ինչպես մի մեծ բեռ ընկավ իմ վրայից: Հաջորդ օրը, սակայն, բժիշկս զանգահարեց և բացատրեց, որ թեև նախնական արդյունքները մաքուր էին, արյան քննությունը ցույց տվեց, որ դեռ քաղցկեղային մեծ ակտիվություն է հայտնաբերվել: «Ինչպե՞ս դա կարող է պատահել»,- հարցրեցի ես: Եթե սա իսկապես ճշմարիտ է, ինչու ես զգացի Երկնային Հոր պատասխանն իմ աղոթքին:

Ես փորձում էի իմ կասկածները մի կողմ դնել, երբ կրկին եկա ստուգվելու: Այդ արդյունքները ցույց տվեցին միայն, որ ես ոչ միայն քաղցկեղ դեռ ունեի, այլ որ այն տարածվում է: Ես չէի կարող չզարմանալ մեքենայի մեջ ունեցած իմ զգացումներով: Ես չէի կարող մերժել այն, ինչ զգացել էի, սակայն սկսեցի կասկածել իմ մեկնաբանությանը:

Նոր տեղեկությունը ծանր էր և լուրջ մտածմունքի տեղիք տվեց: Ես զգացի, որ դեռ ինչ-որ բան պետք է սովորեի այդ փորձությունից: Խորհելով, ես հասկացա, որ ես կատարում էի ակտիվ Վերջին Օրերի Սրբի բոլոր գործողությունները, սակայն ավելի շատ սովորույթի վրա հիմնված, քան անկեղծության: Ես հոգևոր այն մակարդակի վրա չէի, որի վրա կուզենայի լինել: Ես պետք է վերադառնայի հիմքերին, որպեսզի կարողանայի կենտրոնանալ այն պահերի վրա, որոնք ինձ կմոտեցնեին Հիսուս Քրիստոսին: Ինձ հարկավոր էր Նրա ուժը իմ փորձությունների միջով անցնելու համար:

Ավելի շատ ջանք գործադրելով հոգևոր հարցերի ուղղությամբ, ես զգացի, որ Հիսուս Քրիստոսի ու Նրա ծրագրի հանդեպ իմ հավատքն աճեց: Ես հասկացա, որ հիվանդանոց գնալուց ունեցած իմ փորձառությունն իսկապես աղոթքի պատասխան էր: Հասկանալով և ընդունելով այդ պատասխանը (որ ամեն ինչ լավ կլինի), ես հասկացա, որ Երկնային Հայրը միշտ չի տեղեկացնում, թե երբ կլուծվի տվյալ հարցը: Ես միգուցե երբեք լիովին ֆիզիկապես առողջ չլինեմ, սակայն ես սովորում եմ ընդունել Նրա կամքը: Իմ կյանքն իսկապես Նրա ձեռքերում է:

Տարիներ են անցել այն ժամանակից, երբ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Ես բազմաթիվ վիրահատություններ եմ ունեցել և բուժում անցել, սակայն դեռ քաղցկեղ ունեմ: Սակայն, կյանքը շարունակվում է, և ես շնորհակալ եմ դրա համար: Իմ փորձությունների հետ մեկտեղ եկան նաև օրհնություններ, ներառյալ երկրորդ դուստրը: Ամենակարևորը, ինձ դեռ սփոփում է Տիրոջ պատասխանը, որ ամեն ինչ լավ կլինի:

ԱՂԲՅՈՒՐ

  1. Children’s Songbook, 12–13.