2008
Քրիստոսանման հատկանիշներ
2008թ. Հոկտեմբեր


Առաջին Նախագահության ուղերձ

Քրիստոսանման հատկանիշներ

Նկար
President Dieter F. Uchtdorf

Որպես օդաչու իմ պրոֆեսիոնալ կյանքի ընթացքում երբեմն մարդիկ այցելում էին իմ Բոյինգ 747-ի օդաչուի խցիկը: Նրանք հարցնում էին բազմաթիվ կոճակների, գործիքների, համակարգերի և ընթացակարգերի ու այն մասին, թե ինչպես կարող է այս ողջ տեխնիկական սարքավորումը օգնել այդ ահռելի և հիանալի օդանավին թռչել:

Ես բացատրում էի, որ աէրոդինամիկ մեծ նախագիծ, օժանդակ շատ համակարգեր, ծրագրեր և հզոր շարժիչներ են պահանջվում, որպեսզի այս թռչող մեքենան հարմարավետություն և անվտանգություն ապահովի նրանց, ովքեր թռչում են դրանով:

Իմ բացատրությունը պարզեցնելու և հիմնական կետերի վրա կենտրոնանալու համար ես ավելացնում եմ, որ հիմնականում պահանջվում է հզոր առաջ հրող ուժ, ուժեղ վեր բարձրացում և ճիշտ բարձրություն, և բնության օրենքները օդանավին ու նրա ուղևորներին անվտանգ կտանեն ցամաքի ու օվկիանոսների, բարձր սարերի վրայով և վտանգավոր ամպրոպների միջով դեպի իր նշանակետը:

Վերջին տարիներին ես հաճախ եմ խորհել այն մասին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելը նման հարցեր է առաջացնում: Որո՞նք են երկրի վրա Աստծո արքայության անդամ լինելու հիմունքները, հիմնական սկզբունքները: Երբ ամեն ինչ ասված և արված է, մեծագույն կարիքի ժամանակ ի՞նչը մեզ իսկապես կտանի դեպի մեր ցանկալի հավերժական նշանակետը:

Ավետարանի անփոփոխ հիմքը

Եկեղեցին իր կազմակերպչական կառուցվածքով և ծրագրերով իր անդամներին բազմաթիվ կարևոր միջոցառումներ է առաջարկում, որոնք նպատակ ունեն օգնելու ընտանիքներին և անհատներին ծառայել Աստծուն և միմիանց: Ինչևէ, երբեմն կարող է թվալ, որ այդ ծրագրերն ու միջոցառումներն ավելի մոտ են մեր սրտին և հոգուն, քան ավետարանի հիմնական վարդապետություններին և սկզբունքներին: Ընթացակարգերը, ծրագրերը, քաղաքականությունը և կազմակերպման ձևերը օգտակար են այստեղ երկրի վրա մեր հոգևոր զարգացման համար, սակայն եկեք չմոռանանք, որ դրանք ենթակա են փոփոխման:

Ի տարբերություն դրան, ավետարանի հիմքը` վարդապետությունը և սկզբունքները, երբեք չեն փոխվի: Ավետարանի հիմնական սկզբունքներով ապրելը Վերջին Օրերի Սրբերի կյանք կբերի ուժ, զորություն և հոգևոր ինքնուրույնություն:

Հավատքը զորության սկզբունք է: Մենք մեր կյանքում ունենք զորության այս աղբյուրի կարիքը: Աստված աշխատում է զորությամբ, սակայն այդ զորությունը սովորաբար գործադրվում է` ի պատասխան մեր հավատքի: «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս Բ.20): Աստված գործում է ըստ Իր զավակների հավատքի:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. «Ես սովորեցնում եմ նրանց ճիշտ սկզբունքները, իսկ նրանք ղեկավարում են իրենք իրենց»:1 Ինձ համար այս ուսմունքը հիանալիորեն պարզ է: Երբ փորձում ենք հասկանալ, ընդունել և ապրել ավետարանի ճիշտ սկզբունքներով, մենք դառնում ենք հոգեպես ավելի ինքնուրույն: Հոգևոր ինքնուրույնության սկզբունքը սկիզբ է առնում Եկեղեցու հիմնարար վարդապետությունից, այն է` Աստված մեզ ընտրության ազատություն է պարգևել: Ես հավատացած եմ, որ բարոյական ազատությունը կյանքի պարգևից հետո Իր զավակներին տված Աստծո ամենամեծ պարգևն է:

Երբ ուսումնասիրում և մտածում եմ բարոյական ընտրության մասին և դրա հավերժական հետևանքների մասին, ես հասկանում եմ, որ մենք իրոք Աստծո հոգևոր զավակներն ենք, և հետևաբար, պետք է համապատասխանաբար վարվենք: Այս հասկացողությունը ինձ նաև հիշեցնում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ լինելով մենք Սրբերի համաշխարհային մեծ ընտանիքի մասն ենք:

Եկեղեցու կազմակերպչական կառուցվածքը մեծ ճկություն է ապահովում ըստ մեր համայնքների չափի, աճի տենդենցների և կարիքների: Կա միավորի հիմնական ծրագիր` կազմակերպչական շատ պարզ կառուցվածքով և մի քանի ժողովներով: Մենք ունենք նաև կազմակերպչական անհրաժեշտ միջոցներով մեծ ծխեր` միմյանց ծառայելու համար: Բոլոր տարբերակները հիմնվել են Եկեղեցու ներշնչված ծրագրերի շրջանակներում` օգնելու անդամներին «գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32):

Բոլոր այս բազմաթիվ տարբերակները միևնույն աստվածային արժեքն են կրում, որովհետև Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը նույնն է բոլոր միավորներում: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ ես վկայում եմ, որ Նա ապրում է, որ ավետարանը ճշմարիտ է, և այն պատասխաններ է տալիս բոլոր անձնական և հավաքական հարցերին, որոնք Աստծո զավակներն ունեն այսօր երկրի վրա:

Հավատացյալների զորությունը

2005թ. ամռանը ես և կինս այցելեցինք Եվրոպայի շատ երկրների Եկեղեցու անդամներին: Եվրոպայի որոշ մասերում Եկեղեցին գործում է երկար տարիներ, անգամ 1837 թվից: Եվրոպայում հավատարիմ անդամների մեծ ժառանգություն կա: Ներկայումս, Եվրոպայում մենք ունենք ավելի քան 400 000 անդամներ: Երբ մենք նայում ենք բոլոր այն սերունդներին, որոնք գաղթել են Եվրոպայից Ամերիկա տասնիննից քսաներորդ դարերի ընթացքում, ապա այդ ընդհանուր թիվը հանգիստ կարելի է բազմապատկել մի քանի անգամ:

Ինչո՞ւ այդքան ամուր վկայություններ ունեցող այդքան շատ անդամներ լքեցին իրենց հայրենիքները Եկեղեցու վաղ շրջանում: Շատ պատճառներ կարելի է բերել` որպեսզի խուսափեն հալածանքից, օգնեն կառուցել Եկեղեցին Ամերիկայում, բարելավեն իրենց տնտեսական վիճակը, տաճարին մոտ գտնվեն և այլն:

Եվրոպան դեռևս զգում է այդ գաղթի հետևանքները: Սակայն այն ուժը, որը գալիս է Եկեղեցու անդամների մի քանի հավատարիմ սերունդներից, այժմ ավելի ակնհայտ է: Մենք ավելի ու ավելի շատ երիտասարդ տղաներ և աղջիկներ և մեծահասակ զույգեր ենք տեսնում, որոնք ծառայում են միսիայում Տիրոջ համար, մենք տեսնում ենք ավելի ու ավելի շատ տաճարային ամուսնություններ, մենք տեսնում ենք ավելի շատ վստահություն և խիզախություն վերականգնված ավետարանով կիսվելու անդամների ցանկության մեջ: Եվրոպայում և աշխարհի այլ վայրերում կա Քրիստոսի ճշմարիտ ուսմունքների հոգևոր վակուում: Այդ վակուումը պետք է լցվի, կարող է լցվել և կլցվի վերականգնված ավետարանի ուղերձով, քանի դեռ մեր հրաշալի անդամներն ապրում և քարոզում են այս ավետարանը ավելի մեծ քաջությամբ ու հավատով:

Եվրոպայում Եկեղեցու տարածման հետ մեկտեղ կան երկրներ, որտեղ Եկեղեցին գործում է 15 տարուց պակաս: Ես խոսում էի մի միսիայի նախագահի հետ, որը ծառայում էր իր հայրենիքում, Ռուսաստանում, և որը միայն յոթ տարվա անդամ էր: Նա ինձ ասաց. «Իմ մկրտվելու նույն ամսվա մեջ ես կանչվեցի որպես ճյուղի նախագահ»: Արդյո՞ք նա երբեմն գերծանրաբեռնված չէր զգում: Իհարկե: Արդյո՞ք նա փորձում էր իրականացնել Եկեղեցու ծրագրերի ողջ փաթեթը: Բարեբախտաբար, ոչ: Ինչպե՞ս նա այդքան ամուր դարձավ այդքան փոքր համայնքում այդքան քիչ ժամանակահատվածում: Նա բացատրում էր. «Իմ ողջ հոգով ես գիտեի, որ Եկեղեցին ճշմարիտ է: Ավետարանի վարդապետությունը լցրել էր միտքս և սիրտս: Երբ միացանք Եկեղեցուն, մենք մեզ զգացինք ընտանիքի մի մաս: Մենք զգացինք ջերմություն, վստահություն և սեր: Մենք քիչ էինք, սակայն բոլորս աշխատում էինք հետևել Փրկչին»:

Նրանք աջակցում էին միմյանց, անում էին, ինչ կարող էին, և գիտեին, որ Եկեղեցին ճշմարիտ է: Նրանց գրավել էր ոչ թե կազմակերպությունը, այլ ավետարանի լույսը, և այդ լույսը զորացնում էր այդ լավ անդամներին:

Շատ երկրներում Եկեղեցին դեռ նոր է կազմավորվում և կազմակերպչական պայմանները դեռ հեռու են կատարյալ լինելուց: Սակայն անդամներն իրենց սրտերում կատարյալ վկայություն կարող են ունենալ ճշմարտության մասին: Եթե անդամները մնան իրենց երկրներում և կառուցեն Եկեղեցին անկախ տնտեսական խնդիներից և դժվարություններից, ապագա սերունդները շնորհակալ կլինեն մեր օրերի այդ պիոներներից: Նրանք ղեկավարվում են 1999թ. Առաջին Նախագահության կողմից սիրով տրված հրավերով:

«Մեր օրերում Տերը հարմար է գտել տալու ավետարանի օրհնությունները, ներառյալ` թվով աճող տաճարներ աշխարհի տարբեր մասերում: Հետևաբար, մենք ցանկանում ենք կրկին շեշտել Եկեղեցու անդամներին տարիներ առաջ տրված խորհուրդը` մնալ իրենց հայրենիքում, ոչ թե գաղթել Միացյալ Նահանգներ… .

Եթե ողջ աշխարհում անդամները մնան իրենց հայրենիքում և աշխատեն կառուցել Եկեղեցին իրենց երկրում, նրանք մեծ օրհնություններ կստանան` թե անհատապես և թե որպես եկեղեցի»:2

Թույլ տվեք նախազգուշացման խոսք ավելացնել նրանց համար, ովքեր ապրում են մեծ ծխերում կամ ցցերում: Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր վկայությունը չկենտրոնանա Եկեղեցու համայնքի հասարակական կյանքի շուրջ, կամ մեր ծխերի և ցցերի հիանալի միջոցառումների, ծրագրերի և կազմակերպությունների շուրջ: Այս ամենը կարևոր է և արժեքավոր, սակայն բավարար չէ: Անգամ ընկերությունը բավարար չէ:

Ապահովություն հնազանդության մեջ

Մենք բոլորս հասկանում ենք, որ ապրում ենք իրարանցման, աղետների և պատերազմների ժամանակաշրջանում: Մենք և շատ-շատերը մեծ կարիք ենք զգում, որ «պաշտպանություն և ապաստան լինի փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (ՎևՈւ 115.6): Ինչպե՞ս կարող ենք ապահովության այդպիսի տեղ գտնել: Աստծո մարգարեն, այսինքն` Նախագահ Հինքլին (1910–2008) սովորեցրել է. «Մեր անվտանգությունը մեր կյանքի առաքինության մեջ է: Մեր ուժը մեր արդարակեցության մեջ է»:3

Ինձ հետ միասին եկեք հիշենք, թե ինչպես էր Իր մահկանացու ծառայության սկզբում Հիսուս Քրիստոսը սովորեցնում Իր Առաքյալներին, հստակ և ուղղակիորեն. «Իմ ետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս Դ.19): Սա նաև Տասներկու Առաքյալների ծառայության սկիզբն էր, և ես կասկածում եմ, որ նրանք ունեցել են անհապատասխանության զգացում: Թույլ տվեք ասել, որ Փրկիչն Ինքն է մեզ դաս սովորեցնում կյանքի հիմնական վարդապետությունների և առաջնահերթությունների մասին: Անհատապես, մենք նախ պետք է «հետևենք Նրան», և այդպես վարվելով Փրկիչը կօրհնի մեզ մեր կարողությունից վեր, որպեսզի դառնանք այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում, որ դառնանք:

Հետևել Քրիստոսին նշանակում է դառնալ ավելի Նրա նման, սովորել Նրա բնավորությունը: Որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ, մենք ներուժ ունենք որդեգրելու Քրիստոսանման հատկանիշներ մեր կյանքում և բնավորության մեջ: Փրկիչը մեզ հրավիրում է սովորել Իր ավետարանը` ապրելով Իր ուսմունքներով: Հետևել Նրան նշանակում է կիրառել ճիշտ սկզբունքներ, և ապա մեզ համար վկայել դրանցից եկող օրհնությունների մասին: Այս ընթացքը շատ բարդ և միևնույն ժամանակ շատ պարզ է: Հին ու նոր մարգարեները նկարագրել են սա երկու խոսքով. «Պահեք պատվիրանները», ոչ ավել, ոչ պակաս:

Քրիստոսանման հատկանիշները մեր կյանքում որդեգրելը հեշտ խնդիր չէ, հատկապես երբ մենք հեռանում ենք ընդհանրություններից ու վերացականից և գործ ունենում իրական կյանքի հետ: Քննությունը նրանում է, թե արդյոք մենք անում ենք այն, ինչ քարոզում ենք: Իրականության ստուգումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Քրիստոսանման հատկանիշներն ակնհայտ պետք է դառնան մեր կյանքում, որպես ամուսին կամ կին, որպես հայր կամ մայր, որդի կամ դուստր, մեր ընկերության մեջ, մեր աշխատանքում, մեր գործում, մեր զվարճանքներում: Մենք կարող ենք տեսնել մեր աճը, ինչպես նրանք, ովքեր մեր շուրջն են, երբ աստիճանաբար ավելացնենք մեր ունակությունը «ամենայն սրբությամբ վարվելու Նրա առաջ» (ՎևՈւ 43.9):

Սուրբ գրությունները նկարագրում են մի շարք Քրիստոսանման հատկանիշներ, որ մենք պետք է զարգացնենք մեր կյանքի ընթացքում: Դրանք ներառում են գիտելիք և հնազանդություն, գթություն և սեր, հնազանդություն և ջանասիրություն, հավատ և հույս (տես ՎևՈւ 4.5–6): Բնավորության այս անձնական հատկանիշները անկախ են մեր Եկեղեցու միավորի կազմակերպչական կարգավիճակից կամ մեր տնտեսական պայմաններից, մեր ընտանեկան դրությունից, մշակույթից, ռասայից կամ լեզվից: Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց: Դրանք չեն կարող ձևավորվել առանց Նրա օգնության:

Վստահենք Նրա զորությանը

Միակ օգնությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք, տրված է մեզ ազատորեն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ նշանակում է լիովին ապավինել Նրան` վստահելով Նրա անսահման զորությանը, բանականությանը և սիրուն: Քրիստոսանման հատկանիշները գալիս են մեր կյանք, երբ մենք արդարակյաց ձևով ենք օգտագործում մեր ազատ ընտրության իրավունքը: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը տանում է գործողության: Երբ հավատք ունենք Քրիստոսի հանդեպ, մենք բավականին վստահություն ունենք Տիրոջ հանդեպ, որպեսզի հետևենք Նրա պատվիրաններին, անգամ եթե ամբողջովին չենք հասկանում դրանց պատճառները: Աշխատելով ավելի նմանվել Փրկչին մենք պետք է պարբերաբար վերագնահատենք մեր կյանքը և իսկական ապաշխարության միջոցով ապավինենք Հիսուս Քրիստոսի արժանիքներին և Նրա Քավության օրհնություններին:

Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելը կարող է ցավալի գործընթաց լինել: Մենք պետք է պատրաստ լինենք Տիրոջից ու Նրա ծառաներից ուղղություն և ուղղում ստանալու: Եկեղեցու համաշխարհային համաժողովների շնորհիվ, օրինակ, երաժշտության և ելույթների միջոցով մենք զգում և ստանում ենք հոգևոր ուժ, ուղղություն և օրհնություններ «բարձրից» (ՎևՈւ 43.16): Դա այն ժամանակն է, երբ անձնական ներշնչանքի և հայտնության ձայնը խաղաղություն է բերում մեր հոգիներին և սովորեցնում է մեզ, թե ինչպես դառնալ ավելի Քրիստոսանման: Այս ձայնը կլինի այնքան քաղցր, որքան սիրելի ընկերոջ ձայնը, և կլցնի մեր հոգիները, երբ մեր սրտերը կոտրված կլինեն:

Ավելի նմանվելով Փրկչին, մենք կաճենք «Սուրբ Հոգու զորությունով հույսով ավելանալու» (Հռովմայեցիս ԺԵ.13) մեր ունակության մեջ: Մենք մի կողմ կդնենք «այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտենք» (ՎևՈւ 25.10):

Սա ինձ հետ է տանում դեպի սկիզբը` իմ աերոդինամիկ անալոգիային: Ես խոսեցի հիմունքների վրա կենտրոնանալու մասին: Քրիստոսանման հատկանիշները հիմունքներն են: Դրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք կստեղծեն «մեր թևերի տակի քամին»: Եթե մենք մեր կյանքում զարգացնենք Քրիստոսանման հատկանիշներ, քայլ առ քայլ նրանք մեզ կբարձրացնեն «արծիվների թևերի վրա» (ՎևՈւ 124.18): Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը մեզ զորություն կպարգևի և հզոր արաջ հրող ուժ կհաղորդի, մեր անսասան ու ակտիվ հույսը կլինի ուժեղ վեր բարձրացումը: Հավատն ու հույսը մեզ կտանեն գայթակղությունների օվկիանոսների, դժվարությունների լեռների վրայով և ապահով մեզ կվերադարձնեն դեպի մեր հավերժական նշանակետ և տուն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Quoted by John Taylor, in “The Organization of the Church,” Millennial Star, Nov. 15, 1851, 339.

  2. Առաջին Նախագահության նամակ, 1 դեկտ., 1999:

  3. “Till We Meet Again,” Liahona, Jan. 2002, 105.