2018
4 դաս Ջոզեֆ Սմիթից. Մորմոնի Գրքի ստեղծումը

Միայն թվային տարբերակով

4 դաս Ջոզեֆ Սմիթից. Մորմոնի Գրքի ստեղծումը

Ընդամենը 24 տարեկանում Ջոզեֆ Սմիթը բախվեց դժվարությունների, երբ աշխատում էր կատարել Աստծո պատվիրանները: Բայց նա հաղթահարեց դրանք Աստծո օգնությամբ, և մենք նույնպես կարող ենք:

Young adult reading the Book of Mormon

Մեզ՝ չափահաս երիտասարդներիս, կարող են խնդրել անել այնպիսի բաներ, որոնք անհնար են թվում առանց Աստծո օգնության: Նմանապես, Ջոզեֆ Սմիթը ընդամենը 24 տարեկան հասակում բախվեց դժվարությունների և իրեն անզոր էր զգում, երբ ձգտում էր կատարել մի կարևոր պատվիրան՝ Մորմոնի Գրքի թարգմանության հրատարակումը: Բայց Աստծո օգնությամբ, նա ավարտեց այն ամենը, ինչ խնդրվել էր իրենից, և նրա օրինակը ցույց է տալիս մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք անհնարինը դարձնել հնարավոր, երբ Աստված մեր կողքին է:

  1. Պարտադիր չէ, որ մենք Աստծո համար լինենք հրաշալի մեկը, որպեսզի Նա հրաշքներ գործի մեր միջոցով: Երբ Ջոզեֆը պատրաստվում էր հրատարակել Մորմոնի Գիրքը, նա չափահաս երիտասարդ էր, չուներ շատ փող և լիարժեք կրթություն, եթե չնշենք, որ նա անգամ չուներ այսպիսի կարևոր հիշատակարանը թարգմանելու համար անհրաժեշտ գիտելիքը: Այնուամենայնիվ, նա հավատով առաջ գնաց Աստծո պարգևով ու զորությամբ, որպեսզի ավարտեր այն աշխատանքը, որը նրանից խնդրվել էր կատարել: Եթե մենք վստահենք Երկնային Հորը, Նա կարող է մեզ հնարավորություն տալ կատարելու Իր գործը:

  2. Երբ Աստված մեզ հանձնարարություն է տալիս, Նա ապահովում է հաջողության հասնելու ճանապարհը: Հավանաբար Ջոզեֆի համար 590 էջանոց գրքի 5000 օրինակի տպագրությունը անհնար է թվացել: Բայց երբ ձեռագիրը տպելու ժամանակն էր, Տերը ոգեշնչեց Մարտին Հարրիսին գրավ դնել իր ագարակը, ապահովելով 3000 դոլար (որը համարժեք է ներկայիս 76000 դոլարին), որպեսզի օգնի Ջոզեֆ Սմիթին կատարելու իր առաքելությունը: Ինչպես Նեփին է ուսուցանել. «Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» (1 Նեփի 3․7)։ Երկնային Հայրը Ջոզեֆի համար անհրաժեշտ միջոցները հասանելի դարձրեց ծրագիրն ավարտելու համար: Եվ Նա նույնը կանի մեզ համար:

  3. Աստված երկրորդ հնարավորությունն է տալիս: Ջոզեֆ Սմիթը սխալ գործեց, ինչը հանգեցրեց Մորմոնի Գրքի 116 էջերի կորստին: 116 էջերի կորստի պատճառով Ջոզեֆը որոշ ժամանակով կորցրեց նաև թարգմանելու կարողությունը: Բայց քանի որ նա ընտրեց ապաշխարությունը, նա, ի վերջո, ներվեց, և նրան տրվեց երկրորդ հնարավորությունը իր առաքելությունը կատարելու համար: Տերն ասաց. «Սակայն հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և կրկին կանչված այս գործին» (ՎևՈւ 3.10): Այս կյանքում մենք շատ սխալներ կգործենք, բայց երբ ապաշխարենք և մեր սիրտը ճիշտ տեղում դնենք, Տերը մեզ միշտ կտա մեկ այլ հնարավորություն:

  4. Անհամբերությամբ սպասելով խոստացված ուրախությանը, կարող ենք ավելի հեշտ հաղթահարել դժվարությունները: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց Ջոզեֆը ստիպված էր բախվել, նա շատ օրհնություններ ստացավ և իրական ուրախություն զգաց Մորմոնի Գրքի ստեղծման իր աշխատանքի ընթացքում: Մորմոնի Գրքի հրատարակումից հետո կազմավորվեց Եկեղեցին, և Ջոզեֆի ծնողները մկրտվեցին: Այդ օրը Ջոզեֆը մենակ գնաց պուրակ և սկսեց արտասվել երջանկությունից։ Եթե մենք մեր փորձությունների միջով անցնենք գլուխը բարձր պահած, ամբողջովին վստահելով Աստծուն, մենք նույնպես կկարողանանք գտնել ուրախություն և խաղաղություն: