2018
Աստծուն ճանաչեք և Նրան վստահեք
Հոկտեմբեր 2018


Աստծուն ճանաչեք և Նրան վստահեք

Միայն Աստծուն ճանաչելու արդյունքում կարող ենք ունենալ Նրա խոսքի,

անձի հանդեպ վստահություն, և միայն այս դեպքում է հնարավոր տեսնել

Աստծո հրաշքները, ընդունակ լինել գոհանալու և շնորհակալ լինելու Նրա

կատարած գործերի համար: Եթե չենք ճանաչում Աստծուն, տեղի է ունենում

հակառակը…. Աստված երկու դեպքում էլ մնում է նույն օրհնող, հրաշքներ գործող Աստվածը, տարբեր է լինում միայն մեր ընկալումը, վերաբերմունքը այդ ամենի հանդեպ կամ մենք ունենք աչքեր և տեսնում ենք, կամ մենք ունենք աչքեր և չենք տեսնում….

Ամբողջ Ելից գրքում նկարագրվում է, թե Աստված ինչպիսի հրաշքներ գործեց Իսրայելի ժողովրդի աչքի առաջ, Իր զորավոր բազուկով ազատեց նրանց Եգիպտոսում 400 տարվա գերությունից: Եգիպտոսի վրա բերեց տասը պատուհասները, ցերեկը՝ ամպի սյունը և գիշերը՝ կրակի սյունը նրանց առջևից չպակասեցրեց, Կարմիր ծովի միջով՝ ցամաքով անցան, անապատում ժայռից ջուր բխեցրեց նրանց համար,

երկնքից մանանաթափեց, մսով կերակրեց նրանց, քառասուն տարի նրանց հանդերձները չհնացան, այս ամենից բացի նրանց խոստացավ կաթ ու մեղր բխող Քանանի երկիրը:

Լինելով Աստծո ընտրյալ ժողովուրդ, քառասուն տարի նրանք քայլեցին անապատում, տեսնելով այդքան հրաշքներ, նրանք այդպես էլ չճանաչեցին կենդանի Աստծուն և հերթական դժվարությանը հանդիպելիս, նրանք Աստծուն ոչ թե դիմեցին, այլ տրտնջացին Նրա դեմ, ոչ թե գոհացան, այլ բողոքեցին, ամեն անգամ հիշելով իրենց ստրկության երկիրը, իրենց Եգիպտոսը և ամեն անգամ ցանկանալով նորից վերադառնալ այնտեղ…

Նրանց սրտերում այդպես էլ տեղ չգտնվեց Աստծո բնակության համար, այլ բնակվեց Եգիպտոսը՝ մեղքի և անեծքի երկիրը: Այստեղից հետևություն ենք անում, որ Աստծո կատարած հզոր հրաշքներն անգամ չեն կարող ազդել հավատացյալի կյանքի վրա, եթե նա ինքը չի ուզում դրանք տեսնել, եթե նա չի ուզում ճանաչել կենդանի Աստծուն, չի ցանկանում հրաժարվել իր «եգիպտոսից»…

Այսպիսով, չփոխվելու վտանգ կա հավատացյալի կյանքում, չնայած այն բանին, որ հաճախում ենք եկեղեցի, պարտաճանաչ կերպով մասնակցում ենք բոլոր արարողություններին, կարդում և խոսում ենք սուրբ գրությունների մասին, բայց չունենք Աստծուն ճանաչելու անձնական փորձ, որը կօգնի մեզ վստահել Նրան բոլոր իրավիճակներում, որի արդյունքում կփոխվի մեր մտածելակերպը, մեր կյանքը և Աստծո անունը զուր տեղը չենք վերցնի մեզ վրա…

Հիշենք Դավթի և Գողիաթի պատմությունը (Ա Թագավորաց 17): Այս   պատմությունը հրաշալի օրինակ է Աստծուն ճանաչող և վստահող հավատացյալի մասին: Իսրայելացիները և փղշտացիները դուրս էին եկել միմյանց դեմ պատերազմի: Փղշտացիները ունեին մի զինվոր, ով դարձել էր Իսրայելի ահ ու սարսափը: Նրա անունը Գողիաթ էր, նա հսկա էր, ուներ մեկ կանգուն ու մեկ թիզ բարձրություն, նրա գլխին կար պղնձե սաղավարտ, նրա հագած զրահի ծանրությունը հինգ հազար սիկղ պղինձ էր, նրա ոտքերի վրա պղնձի սռնապաններ և նրա ուսերի մեջ պղնձի գեղարդ կար, նա ձեռքին բռնած ուներ նիզակ և տեգ, և նրա վահանը կրողը գնում էր նրա առջևից…

Քառասուն օր շարունակ   նա   հայհոյում   և   վախի   մեջ   էր   պահում Աստծո հավատացյալ ժողովրդին, պահանջելով, որ Իսրայելի բանակից մեկ հոգի դուրս գա և իր հետ մենամարտի, բայց ոչ ոք չէր համարձակվում… Դավիթը, ով դեռ պատանի էր, ականատես լինելով այս իրադարձությանը, հայտարարում է, որ ինքը կգնա և   կսպանի այդ անթլպատ փղշտացուն, քանի որ նա նախատեց կենդանի Աստծո   զորքերին: Դավիթը ձեռքն է առնում իր ցուպը, հինգ հատ քար ընտրում, պարսը ձեռքին մոտենում է հսկա Գողիաթին և ասում նրան.

- Դու սրով և նիզակով և գեղարդով ես գալիս ինձ վրա, իսկ ես քեզ վրա Զորաց Տիրոջ Իսրայելի զորքերի Աստծո անունովը, որին դու նախատեցիր, և Դավիթը քարն առնում է, իր պարսի մեջ դնում, նետում և քարը ուղիղ խրվում է Գողիաթի ճակատի մեջ և նա վայր է ընկնում… Այսպիսով, պարզվում է, որ Դավիթը միակն էր, ով ճանաչում էր կենդանի Աստծուն, դեռ պատանի հասակում նա արդեն փորձ ուներ, գիտեր Աստծուն վստահել, գիտեր Աստծո խոսքի հետ ճիշտ վարվել, Նրա զորությունից օգտվել…

Եթե մենք կարողանանք դժվարությունների ժամանակ վստահել Աստծուն, մենք

կհաղթահարենք դրանք և դրանց ծավալը մեզ չի վախեցնի, իսկ հաղթահարված ամեն   մի դժվարություն կավելացնի մեր հավատքն ու փորձը…

Այսպիսով՝ Աստծուն ճանաչելը և Նրա հանդեպ ունեցած մեր վստահությունը կօգնի մեզ հավատքի ուղին արժանապատիվ անցնել…