2018
Օրհնություն իմ մայրիկի ձեռագրում
Հոկտեմբեր 2018


Օրհնություն իմ մայրիկի ձեռագրում

Դուգլաս Հեգեր

Նեվադա, ԱՄՆ

Նկար
Preach My Gospel and mothers photo

Նկարները` Դիլին Մարշի

Մի երեկո ես խորհում էի, թե ինչ ուղերձ հղեմ ծխի գալիք համաժողովին: Ես ամբողջ շաբաթ ուսումնասիրում էի սուրբ գրությունները, և չնայած, ստացել էի հրաշալի հրահանգներ և գաղափարներ, այնուամենայնիվ, հստակ հրահանգ չստացա, թե Տերն ինչ էր ուզում, որ ես, որպես ցցի նախագահ, խոսեմ իմ ծխի անդամների հետ:

Սրտառուչ աղոթքով ես Հոգուց առաջնորդություն խնդրեցի իմ մտքերը ուղղորդելու համար: Հետո ես բացեցի սուրբ գրությունները և սկսեցի կրկին կարդալ: Իմ միտքն անմիջապես անդրադարձավ ծխի նպատակներին, որոնք ես ու եպիսկոպոսը վերջերս քննարկել էինք: Այդ նպատակներից մեկն էր՝ օգտագործել «Քարոզիր իմ ավետարանը» ընկերների և հարևանների հետ կիսվելիս:

Ես հուշում ստացա ներառել «Քարոզիր իմ ավետարանը» իմ սեփական ուսումնասիրության մեջ այդ երեկո: Ես վերցրի գիրքը և բացեցի այն պատահական մի էջի վրա: Այդ էջի վրա ես գտա ձեռագրով գրված սուրբ գրության երկու հղում՝ 1 Նեփի 8.8–11 և 1 Նեփի 11.21–22: Երբ ուշադիր նայեցի, հասկացա, որ այդ հղումները գրված էին մորս ձեռագրով: Իմ սիրելի մայրիկը մահացել էր մի քանի տարի առաջ, իր 80-րդ տարեդարձից երկու ամիս անց: Նա քաջության և անեսասիրության օրինակ էր, ով մարդկանց մեջ միշտ լավն էր տեսնում: Եվ նա սիրում էր սուրբ գրությունները։

Ես բացեցի սուրբ գրությունների այդ հատվածները, որպեսզի տեսնեմ, թե ինչը հուշեց նրան գրի առնել դրանք: Երբ ես կարդացի դրանք, իմ միտքն անմիջապես բացվեց այն ուղերձի համար, որը ես պետք է հաղորդեի: Դա մի պարզ ուղերձ էր այն մասին, որ Եկեղեցու այն անդամները, ովքեր ճաշակել են ավետարանի քաղցր պտուղը, կարող են երբեմն մոռանալ, որ ուրիշ շատ մարդիկ ևս փնտրում են նույն պտուղը: Մենք պետք է գտնենք և ասենք նրանց, թե որտեղ գտնեն այն:

Երբ թերթում էի «Քարոզիր իմ ավետարանը», ես մտածում էի իմ սիրելի մայրիկի մասին: Չկար ուրիշ անուն, այլ նշումներ կամ մի ուրիշ բան, որը ցույց կտար, որ գիրքը երբևէ պատկանել էր նրան: Ես ակնածանքով նստած մտածում էի հոգևոր հուշումների այն շղթայի մասին, որը բերեց ինձ դեպի այդ պահը: Հոգին ինձ հաստատեց, որ իմ մտքերը ուղղորդվեցին ճիշտ այն ուղղությամբ, ինչի համար ես աղոթել էի: Շատ տարիներ առաջ այդ հղումները գրելիս, իմ մայրը քիչ բան գիտեր այն մասին, որ Տերը կօգտագործի դրանք՝ որպես պատասխան իր որդու խոնարհ աղոթքին: