2018
Ավետարանով ապրելու մեր շարժառիթը
Հոկտեմբեր 2018


Չափահաս երիտասարդներ

Ավետարանով ապրելու մեր շարժառիթը

Միշտ էլ կլինեն «խիստ բաներ»: Բայց միշտ էլ տարբերակ կլինի ընտրել հավատքը՝ կասկածի և անորոշության փոխարեն:

Նկար
man hiking in the mountains

Աշակերտության ճանապարհը լի է օրհնություններով՝ «տեսանելի և անտեսանելի»:1 Բայց կան ժամանակներ, երբ այդ ճանապարհը հեշտ ու հարմար չէ, չնայած իր օրհնություններին: Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը պահանջում է աշխատանք և զոհաբերություն, իսկ երբեմն դժվար է շարժառիթ գտնել պատվիրաններով ապրելու և այդ զոհաբերությունները կատարելու համար:

Որպես չափահաս երիտասարդներ, դուք հավանաբար փորձում եք նաև համատեղել նոր պարտականությունները, կյանք փոխող որոշումներ կայացնել և կռահել, թե ինչպիսին կլինի աշակերտության ձեր սեփական ճանապարհը ձեր մնացած կյանքում: Բացի այս ամենը, Եկեղեցու քաղաքականության, պատմության և ավետարանի վարդապետության մեջ կարող են լինել բաներ, որոնք դուք լրիվ չեք հասկանում, և գայթակղություններ, որոնց դեմ մաքառում եք, ինչպես նաև բաներ, որոնց դուք դեռ սպասում եք, և հարցեր, որոնք վերաբերում են ձեր համար ունեցած Տիրոջ ծրագրին:

Մեզանից ոմանք երբեմն կարող են հետաքրքրվել՝ արդյոք ավետարանով ապրելն արժե այն օրհնությունները, որոնք մեզ խոստացվել են: Մենք կարող ենք վիճարկել, որ չենք համապատասխանում, որ աշխատանքը չափազանց շատ է, կամ որ հարցերը գերակշռում են պատասխաններին: Բայց այս ամենն իրականում հանգում է շարժառիթին: Ինչո՞ւ եք անում այն, ինչ անում եք, և ապրում այնպես, ինչպես ապրում եք: Ինչո՞ւ եք շարունակում պահել պատվիրանները, նույնիսկ, երբ շրջապատում ոչ ոք չի նկատում՝ պահում եք, թե՞ ոչ:

Անկախ նրանից՝ ով եք դուք և կյանքի որ փուլում եք գտնվում, ձեզանից է կախված, թե ինչ շարժառիթ կընտրեք՝ զարգացնելով ձեր հավատը Փրկիչի և Նրա ավետարանի հանդեպ:

Ո՞ւմ դիմենք:

Ավետարանով ապրելու շարժառիթը գտնելը և պահելը, դժվար թե, համարվի մեր ժամանակների միակ մարտահրավերը: Նույնիսկ, երբ Փրկիչը Երկրի վրա էր, մարդիկ, այնուամենայնիվ, դժվարությամբ էին հասկանում ու հնազանդվում Նրա ուսուցանած սկզբունքներին: Նրա աշակերտներից մի քանիսը լսում էին, երբ Նա բացատրում էր Իր դերի՝ որպես «կյանքի հացի» գաղափարը, որը, թվում էր, վիրավորում էր նրանց (տես Հովհաննես 6.35–58): Ոմանք, թերահավատությամբ լսելով, ասացին. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան» (Հովհաննես 6.60):

Քրիստոսը, տեսնելով, որ նրանք դժվարությամբ են հավատում կամ ընդունում այս վարդապետությունը, հարցրեց. «Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ» (Հովհաննես 6․61)։ Իրենց հավատը իրենց կասկածներից առաջ դնելու փոխարեն, Նրա «աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ» (Հովհաննես 6.66):

Բայց երբ Քրիստոսը հարցրեց Իր մնացած աշակերտներին՝ արդյո՞ք նրանք նույնպես «ուզում են գնալ», Պետրոսը տվեց միակ պատասխանը, որն իրականում պետք է տրվեր. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու» (Հովհաննես 6.67–68):

Մեր շարժառիթի աղբյուրը

Պետրոսը գիտեր իր շարժառիթի աղբյուրը: Դա հանգում էր այն հիմնական մտքին, թե մենք ինչու ենք անում այն, ինչ անում ենք ավետարանով, այն է՝ մեր վկայությունը և հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: «Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք,- հայտարարեց Պետրոսը,- թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին» (Հովհաննես 6.69, շեշտադրումն ավելացված է): Ձեռք բերելով նույն ուժեղ համոզվածությունը Հիսուս Քրիստոսի, Նրա աստվածայնության, Նրա աշխատանքի մասին, մենք ևս կարող ենք շարժառիթ գտնել՝ շարունակելով ապրել ավետարանով, նույնիսկ, երբ դժվար է թվում, նույնիսկ, երբ ոչ ոք չի նկատում, նույնիսկ, երբ մենք համոզված չենք, որ ցանկանում ենք դա անել:

Միշտ էլ կլինեն «խիստ բաներ»: Բայց միշտ էլ տարբերակ կլինի ընտրել հավատքը՝ կասկածի և անորոշության փոխարեն: Ինչպես ասել է Երեց Լ. Վիթնի Քլեյթոնը Յոթանասունի Նախագահությունից. «Հավատալու որոշումը ամենակարևոր ընտրությունն է, որ մենք երբևէ կատարում ենք»:2

Այսպիսով, մենք ի՞նչ պիտի անենք, եթե հայտնվենք այդ «խիստ բաներից» մեկի հակառակ կողմում:

1. Հետևեք Պետրոսի և մյուս առաքյալների օրինակին, ովքեր հավատարիմ մնացին, նույնիսկ, երբ շատ հեշտ էր «գնալ» (հեռանալ): Լսեք մեր մարգարեների, առաքյալների և այլ ղեկավարների խորհուրդը.

«Վախի, կասկածի կամ դժբախտության պահերին, պահեք այն հիմքը, որը դուք արդեն նվաճել եք։ … Ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք և ամուր կանգնեք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանաք»:3

«Մի հասարակ քայլ կատարեք դեպի հավատը, և ապա մեկ ուրիշը: … Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնց [դուք հավատում եք], և թույլ տվեք, որ այդ ճշմարտությունները լցնեն [ձեր] միտքն ու սիրտը: …

… Սկսեք ավետարանի հիմնական ճշմարտություններից»:4

2. Ուսումնասիրեք սուրբ գրությունները և հետևեք դրանց ճշմարտություններին:

«Աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը և խորհեք դրա մասին ամեն օր»:5

«Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետութեան համար, թե արդեոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.17):

«Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ» (Հակոբոս 1.22):

Շարունակեք պահել պատվիրանները:

«Մեր անկեղծ հարցերի պատասխանները գալիս են, երբ մենք համառորեն փնտրում ենք և ապրում ենք պատվիրաններով: … Մեր հավատքը կարող է անցնել մեր դատողության սահմաններից այն կողմ»:6

«Երբ շարունակեք հնազանդվել, … ձեզ կտրվի գիտելիքներն ու հասկացողությունը, որը դուք փնտրում եք»:7

Ի վերջո, մեր դրդապատճառը պարզապես բխում է Պետրոսի խոսքերից: Արդյո՞ք մենք հավատում ենք, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Նա է ղեկավարում Իր Եկեղեցին, և ունի հավերժական կյանքի խոսքերը: Արդյո՞ք մեր հավատը Նրա նկատմամբ գերազանցում է «խիստ բաներին», որոնք մենք գուցե չհասկանանք այս պահին:

Կենդանի ավետարանի պարգևները

Նկար
looking at the view from the top of a mountain

Երբ մենք իրոք որոշում ենք սիրել ու հետևել Աստծուն և Հիսուս Քրիստոսին ու պահել պատվիրանները, նույնիսկ, երբ լիովին չենք հասկանում դրանք, պարգևներն անչափելի կլինեն: Բնական մարդը հարցնում է` «Ի՞նչ ունեմ ես դրանում»: Ավետարանի ուսմունքները պատասխանում են. «Խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում», վայր, որը պատրաստված է ձեզ համար Աստծո ապարանքներում, ամենն, ինչ Աստված ունի, «երբեք չվերջացող երջանկություն» (տես ՎևՈւ 59.23, Եթեր 12.34, ՎևՈւ 84.38, Մոսիա 2.41), և ինչպես Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն է ասել. «Այստեղ [Եկեղեցում] դուք կգտնեք թանկարժեք օրհնություններ: … Ես վկայում եմ, որ այստեղ դուք կգտնեք հավերժական կյանքի խոսքերը, օրհնված փրկագնման խոստումը և խաղաղության ու երջանկության ճանապարհը»:8 Թվարկենք մի քանիսը

Երբ հետևում ենք Քրիստոսին և հնազանդվում Նրա պատվիրաններին, մեզ խոստանում են այս բոլոր բաները և ավելին: Դա չի նշանակում, որ ճանապարհը միշտ կլինի հեշտ ու հասկանալի, բայց ուժեղ մնալու արդյունքում մեզ խոստացված օրհնությունները կշարունակեն հայտնի դառնալ մեր կյանքի ընթացքում և նույնիսկ՝ դրանից հետո:

Սակայն որքան էլ որ անհավատալի լինեն այս օրհնությունները, դրանք չպիտի դառնան մեր գլխավոր շարժառառիթը ավետարանով ապրելու համար: Նշանակություն չունի՝ ինչ հարցեր ունեք դուք, կարևոր չէ, թե որ վարդապետությունը դուք չեք հասկանում, ձեր հավատը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կլինի հիմնական դրդապատճառը Նրա ավետարանով ապրելու համար, ինչպես Պետրոսի և ուրիշների համար էր:

«Մեր դրդապատճառներն ու մտքերը, ի վերջո, ազդում են մեր գործողությունների վրա»,- ասել է Երեց Ուխդորֆը: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտացիության վկայությունը ամենահզոր խթանիչ ուժն է մեր կյանքում: Հիսուսը հաճախակի շեշտում էր լավ մտքերի և պատշաճ դրդապատճառների ուժը. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (ՎևՈւ 6.36):

«Հիսուս Քրիստոսի և վերականգնված ավետարանի մասին վկայությունը կօգնի մեզ մեր կյանքում, որպեսզի սովորենք մեզ համար Աստծո հատուկ ծրագրի մասին, իսկ հետո գործենք համապատասխանաբար: Այն մեզ հավաստիացում է տալիս իրականության, ճշմարտության և Աստծո բարության մասին, Հիսուս Քրիստոսի ուսմունքների և Քավության մասին, ինչպես նաև վերջին օրերի մարգարեների աստվածային կոչման մասին»:9

Ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստվում եմ շարունակել փորձել, անգամ երբ դժվար է դա անել: Ես պատրաստվում եմ շարունակել աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները: Ես պատրաստվում եմ ջանքեր գործադրել, որպեսզի ամեն օր ավելի ամրացնեմ իմ վկայությունը Փրկիչի մասին: Եվ ես պատրաստվում եմ շարունակել փորձել ապրել՝ կարծես Նա կօգնի ինձ ապրել, և կախված լինել Նրա խոսքերից, Նրա ապրող մարգարեների և առաքյալների խոսքերից, որպեսզի ուսուցանեն ինձ, թե ինչպես, ապավինելով շարժառիթին, որն առաջանում է ոչ միայն Նրա հանդեպ իմ հավատից ու սիրուց, այլև Նրա հավերժական զոհաբերությունից և իմ հանդեպ սիրուց:

Հղումներ

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աշակերտի ուղին», Լիահոնա, մայիս 2009, 76:

  2. Լ. Ուիթնի Քլեյթոն. «Ընտրեք հավատքը» Լիահոնա, մայիս 2015, 38:

  3. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տեր, ես հավատում եմ», Լիահոնա, մայիս 2013, 93–94, շեշտադրում:

  4. Ռոզմարի Մ. Վիքսոն, «Վերադառնալ հավատին» Լիահոնա, մայիս 2015, 94:

  5. Թոմաս Ս․ Մոնսոն, «Մորմոնի Գրքի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 87։

  6. Ռոզմարի Մ. Վիքսոն, «Վերադառնալ հավատին», 95

  7. Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95–96:

  8. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Եկեք, միացեք մեզ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 24:

  9. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անձնական վկայության ուժը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 37: