2018
Պետք է հավատանք
Հոկտեմբեր 2018


Պետք է հավատանք

Քույրս ինձանից չորս տարի շուտ էր միացել Եկեղեցուն: Նա ինձ պատմում էր Եկեղեցու մասին, բայց ես սկզբում շատ թերահավատորեն էին մոտենում, թեև հավատք ունեի Աստծո հանդեպ, քանի որ մեր ծնողները հավատքով էին և օրինակ էին մեզ համար: Այնուհետև, տեսնելով, թե քույրս ինչպես է վկայություններ ստանում, ապրելով ըստ պատվիրանների, ծոմ պահելով, ես նույնպես ոգեշնչվեցի և սկսեցի ուսումնասիրել սուրբ գրությունները, ինչպես է Եկեղեցին գործում, ինչպես է կազմակերպված: Այն կարգուկանոնը, որ ես տեսա Եկեղեցում, հուշում էր ինձ, որ Եկեղեցին ճշմարիտ է:

Մի կիրակի օր Արաբկիրի տարածքում ես փորձում էի գտնել Եկեղեցու շենքը, որի բացումը նոր էր եղել, և շրջելով այս ու այն կողմ, չէի գտնում: Այդ օրը ես ինձ շատ վատ էի զգում, և չկարողացա շարունակել որոնումը, գնացի քրոջս տուն, որն այդ տարածքում էր, որպեսզի հանգստանամ: Որոշ ժամանակ անց դուռը թակեցին միսիոներները, նրանք պատահական եկել էին այցելության: Նրանք ինձ առողջության օրհնություն տվեցին, որից հետո ես անմիջապես լավ զգացի: Շատ էի զարմացած, տեսնելով այդ հրաշքը և այն, որ ես այդքան փնտրել էի և հանդիպեցի նրանց այդպես պատահական: Ինչպես գրված է §խնդրեք և դուք կստանաք. թակեք և ձեզ կբացվի¦ (ՎևՈւ 49.26):

Շուտով ես մկրտվեցի, մկրտվեցին նաև իմ երեխաները: Ես շատ եմ սիրում Եկեղեցին և սուրբ գրությունները: Դուստրերիցս մեկն արդեն ծառայել է միսիայում՝ Միացյալ Նահանգներում: Նրա համար դա մի կարևոր փորձառություն էր, ինչպես նա է պատմում, և ինչպես ես եմ տեսնում: Մենք միշտ զգում ենք Սուրբ Հոգու ներգործությունը մեր կյանքում: Այն օգնում է մեզ լուծել առօրյա խնդիրները, ոգևորում և ուժ է տալիս:

Եվ ցանկանում եմ մեջբերել սուրբ գրության ևս մի հատված, որը սիրում եմ՝ Ալմա 32.21,22-ից. §Եվ այժմ, ինչպես ես ասացի հավատքի վերաբերյալ՝ հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ. հետևաբար, եթե դուք ունեք հավատք, դուք հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են: Եվ այժմ, ահա, ես ասում եմ ձեզ, և ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ Աստված ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են նրա անունին¦: Մեր ամուր հավատքը դռներ է բացում մեր առաջ դեպի լույսը, խաղաղ կյանքը և դեպի մեր Փրկիչը: