2018
Դարձի՛ր լույս
Հոկտեմբեր 2018


Դարձի՛ր լույս

Երբ ուսումնասիրեցի սուրբ գրությունները և մկրտվեցի, ես մեծ վկայություն ունեցա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերյալ: Եկեղեցին խոշոր կենտրոն է, որի շուրջ հավաքված են Հիսուս Քրիստոսի հետևորդները: Վերջիններս լույս ունեն իրենց մեջ և մյուս մարդկանց էլ են լուսավորում: Եկեղեցին հիմնվել է առաքյալների և մարգարեների հիմքի վրա և անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է: Նա մեր Մեսիան է և Փրկիչը:

Ես իմ կյանքը կենտրոնացրել եմ Հիսուս Քրիստոսի հիմքի վրա և գիտեմ, որ Նա կուղղորդի ինձ: Ես գիտեմ, որ Նա Տիրոջ Որդին է և աշխարհ էր եկել մեծ առաքելությամբ: Նրա պատվիրաններն ու ավետարանի սկզբունքները շատ կարևոր են մեզ համար: Մենք պետք է ամուր հավատք ունենանք, երբեք չմոռանանք ապաշխարության մասին, մկրտության և Սուրբ Հոգու թանկագին պարգևի մասին: Մենք պետք է ջանանք ապրել արժանի կյանքով և համբերել մինչև վերջ: Եկեղեցու սրբերի կարևոր ծառայություններից մեկն է տարածել Նրա լույսը: Փա՛ռք նրանց, ովքեր Նրա լույսն են սփռում, հաղթահարելով խավարի խոչընդոտները և Եկեղեցի են բերում նոր անդամների:

Ես գիտեմ, որ հավատքը մի մանանեխի սերմ է, որը խնամքի կարիք ունի: Սուրբ Հոգին միշտ օգնում է ինձ և հուշում, որ չշեղվեմ ճիշտ ուղուց: Վստահ եմ, որ Եկեղեցու մյուս անդամները ևս գիտեն սրա մասին, և մենք պետք է ուրիշ մարդկանց նույնպես ասենք այս մեծ օգնության մասին, որն ունենք մեր կյանքում:

Ես շատ եմ սիրում Հանգստության օրը՝ կիրակին: Երբ հաղորդության ժամին լռություն և ակնածանք է տիրում, հնչում է հոգևոր երաժշտություն, սիրտս վեհությամբ է լցվում: Այդ սուրբ և ակնածալից երաժշտությունը վեհացնում է մեր ներքին աշխարհը: Դրա միջոցով մենք մոտենում ենք Տիրոջը: §Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը¦ (Մատթեոսի 26.30):

Թեև ես մենակ եմ ապրում այժմ, սակայն միայնակ չեմ, քանի որ ունեմ սուրբ գրությունները և իմ ծխի ընտանիքը: Ես հաճախ եմ աղոթքով, երգելով ու ծոմ պահելով հաղորդակցվում Երկնային Հոր հետ: Ես միշտ ուրախություն եմ գտնում Տիրոջը ծառայելով: Ես վկայում եմ, որ Աստված մեծ սեր է և հրաշագործ: Ես գիտեմ, որ սրտանց աղոթելով մենք կստանանք մեր աղոթքների պատասխանները: Մորմոնի Գրքից իմ սիրած հատվածն է 3 Նեփի 14.7-8` §Խնդրեք, և ձեզ կտրվի. փնտրեք, և դուք կգտնեք. թակեք, և ձեզ համար կբացվի: Քանզի ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է. և նա, ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի¦: Ես աղոթում եմ, որ ճշմարիտ ուղին փնտրող մարդիկ գտնեն այն: Մենք՝ սրբերս, պետք է լուսավորենք աշխարհը և արժանի լինենք Հիսուս Քրիստոսի մեծ սիրուն: