2018
Որքան ողորմած է եղել Տերը
Հոկտեմբեր 2018


Որքան ողորմած է եղել Տերը

Եկեղեցու պատմության նոր բազմահատորանոց ժողովածուն կօգնի մեզ պահել մեր պատվիրանները՝ մեծացնելով մեր հիշողությունն այն մասին, թե ինչ է Տերն արել մեզ համար:

Նկար
holding Saints book

Հարյուր տարվա մեջ առաջին անգամ հրատարակվում է Եկեղեցու պատմության նոր բազմահատորանոց ժողովածուն՝ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո։ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու պատմությունը վերնագրով այս պատմությունը նկարագրում է մեզ սովորական մարդկանց իրական պատմությունը, ովքեր Սրբեր են դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Մոսիա 3.19): Առաջին հատորը՝ «Ճշմարտության դրոշը», 1815–1846թթ., արդեն ավարտված և թարգմանված է 14 լեզուներով՝ աշխարհի տարբեր տարածքներում բաժանելու համար:

Սրբերը պատմություն է այն մասին, թե Աստված ինչպես վերականգնեց Իր հավիտենական ուխտը Իր զավակների հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ: Այն ցույց է տալիս, թե Տերն ինչպես վերականգնեց Իր ավետարանը, որպեսզի հույս ու խաղաղություն ապահովի խառնաշփոթի, փորձության և տառապանքի ժամանակներում: Այն նաև ցույց է տալիս, թե վերականգնված ուխտերն ինչպես են հանգեցնում վեհացմանը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Գուցե դուք կակնկալեք, որ պատմությունը սկսվի Ջոզեֆ Սմիթով, բայց Սրբերը սկսվում է 1815թ.-ին Ինդոնեզիայում հրաբխի ժայթքումով, որը սփռեց համատարած մահ, հիվանդություններ և պառակտում: Այս սկզբնակետը ընտրված էր Տիրոջ հայտնության լույսի ներքո այն նպատակով, որ պարզ դառնար, թե Նա ինչպես վերականգնեց ուխտերը, որոնք մեզ կապում են Փրկիչի հետ և իրավունք տալիս հաղթահարել կյանքի բոլոր խնդիրները.

«Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի. …

Որ իմ հավիտենական ուխտը հաստատվի» (ՎևՈւ 1.17, 22):

Առաջին օրվանից մինչև աշխարհով մեկ տարածվելը, Սրբերը ամենուր ազդարարում է Աստծո բոլոր զավակներին, որ դա նրանց ուխտի պատմությունն է Աստծո հետ, ով գիտե նրանց դժվարությունները: Իր մարգարեի միջոցով Աստված նորոգեց ուխտերը, որոնք չեն հեռացնում չարությունը, վիշտը, տառապանքը և բաժանումը մահվան ժամանակ, բայց խոստանում են բժշկել Փրկիչի Քավության միջոցով, մաքրագործել և օժտել մեր կյանքը մեծագուն իմաստով, և վստահեցնել, որ հարաբերությունները, որոնք մենք փայփայում ենք այստեղ՝ երկրի վրա, կարող են շարունակվել հավերժության մեջ և «կզուգակցվեն հավերժական փառքով» (տես ՎևՈւ 130.2):

Ճշմարտության դրոշը բաժնի առաջին ութ գլուխները ամբողջ տարվա ընթացքում հրապարակվել են այս ամսագրում: Այս ամսվա թողարկումը եզրափակում է Սրբեր ժողովածուի շարքը, բայց պատմությունը շարունակվում է saints.lds.org Gospel Library հավելվածում, և տպագիր տարբերակով (պատվիրել՝ store.lds.org): Ես հրավիրում եմ ձեզ շարունակել կարդալ այն՝ օգտագործելով այս աղբյուրներից որևէ մեկը:

Աստվածային օրինակը և ծրագիրը

Սրբերը շարունակում է աստվածային օրինակը, որում մարգարեները, որպես իրենց սպասավորության մաս, օգտագործում են անցյալը, օգնելով մեզ իմանալ, թե ով ենք մենք, և տեսնել Աստծո նպատակները մեր կյանքում: Սուրբ գրություններում շատ մարգարեներ իրենց ուսուցումը սկսում են՝ պատմելով իրենց նախահայրերի հանդեպ Տիրոջ ողորմածության մասին պատմությունները:1 Մորոնին հորդորում է Մորմոնի Գրքի ընթերցողներին՝ «Հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը» պատմության ընթացքում և «կխորհեք այն ձեր սրտերում» (Մորոնի 10.3): Արձագանքելով Տիրոջ բարությանը, մենք պատրաստվում ենք ստանալ Հոգու վկայությունը, որն ուսուցանում է մեզ «բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են» (Հակոբ 4.13, տես նաև Մորոնի 10.4–5):

Նկար
dad holding children

Մեր Երկնային Ծնողները ծրագրել են մեր վերջնական երջանկությունն ու վեհացումը. այս գիտելիքը մեզ ապահովում է հեռանկար, տալիս է մեզ ինքնության գիտակցում՝ որպես աստվածային ծնողների սիրելի զավակներ, մեծացնում է մեր վստահությունը Տիրոջ հանդեպ նույնիսկ՝ փորձության ժամին: Հիշելով Տիրոջ բարությունը, կարող ենք նաև պահպանել մեզ հպարտությունից և բարգավաճման վտանգներից: Մորմոնը գրել է այն ժամանակի մասին, երբ նեփիացիները «դարձան չափազանց հարուստ»: Բայց, ի տարբերություն Մորմոնի Գրքի այլ ժամանակաշրջանների, երբ մարդիկ թույլ էին տալիս, որ հպարտությունն ու հարստությունները կործանեին իրենց, այս անգամ նրանք գնում էին ուրիշ ճանապարհով. «Բայց, չնայած իրենց հարստություններին, կամ իրենց ուժին, կամ իրենց բարգավաճմանը, նրանք բարձր չէին իրենց աչքում՝ հպարտությունից. ոչ էլ դանդաղ էին Տիրոջը՝ իրենց Աստծուն հիշելիս. այլ նրանք անչափ խոնարհեցնում էին իրենց՝ նրա առաջ»: Նրանք պահում էին իրենց ուխտերը և մնում արդարակյաց, քանի որ «Այո, նրանք հիշում էին, թե ինչպիսի մեծ բաներ էր Տերն արել իրենց համար» (տես Ալմա 62.48–50):

Սրբեր պատմությունն ուսուցանում է նմանատիպ և շատ այլ դասեր: Այն կօգնի ձեզ տեսնել Տիրոջ ձեռքը ձեր կյանքում, երբ դուք կունենաք հավատքի փորձություններ, խորը վիշտ և ուրախություն, հայտնություններ, կտեսնեք անկատար մարդկանց վճռականությունը, ովքեր սիրում էին Տիրոջը և զգում Նրա սերը:

Ընթերցելիս, դուք նոր գաղափարներ և իմաստ կհայտնաբերեք նույնիսկ այն պատմություններում, որոնք դուք արդեն լսել եք նախկինում: Եկեղեցու պատմության մեջ որևէ տեսարան ավելի հայտնի չէ, քան Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը, բայց Սրբեր պատմությունն օգնում է մեզ հասկանալ, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես էր պայքարում, որպեսզի համաձայնեցնի այն, ինչը զգում էր իր սիրտը, նրա հետ, ինչի մասին խորհում էր միտքը:

Տիրոջ ներումը զգալու Ջոզեֆի անկեղծ ցանկությունը մնացել էր անկատար, քանի որ նա զգացել էր, որ գոյություն ունեցող եկեղեցիներից որևէ մեկը չէր ուսուցանում «Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես գրանցված է Նոր Կտակարանում»:2 Ջոզեֆը խորհում էր այն մասին, թե ո՞ր եկեղեցին էր ճիշտ կամ արդյո՞ք դրանք բոլորը սխալ էին: Հուսահատ սրտով նա հույս էր տածում, որ դրանցից մեկը ճիշտ էր, ուստի նա կարող էր գտնել այն խաղաղությունը, որը հուսահատորեն փնտրում էր: Մտքի ու սրտի միջև ունեցած հակասությամբ հանդերձ, Ջոզեֆը հայտնաբերեց, որ կարող էր խնդրել Աստծուց: Ջոզեֆը գնաց անտառ աղոթելու: Այնտեղ նա տեսավ Հորը և Որդուն, ովքեր ներեցին նրան և լուծեցին նրա երկընտրանքը այնպիսի եղանակով, որը նա երբևէ չէր պատկերացրել:3

Ջոզեֆը, նրա ընտանիքը և ուրիշ շատ մարդիկ, ովքեր ընդունել էին Տիրոջ վերականգնված ուխտը, ցանկանում էին զգալ Աստծո սերն իրենց հանդեպ, սովորել, թե իրենք ինչպես կարող են մոտենալ Նրան և նորոգել հարաբերությունները իրենց սիրելիների հետ: Սրբերը պատմում են իրենց պատմությունները:

Վստահել Տիրոջը փորձության ժամին

Սրբերի առաջին հատորը ընդգրկում է Ամանդա Բարնես Սմիթի և նրա ընտանիքի սրտաճմլիկ պատմությունը, ովքեր հնազանդվում էին Տիրոջ պատվիրաններին և կատարում Նրա կամքը:4 Ամանդայի ամուսինը և որդիներից մեկը դաժանաբար սպանվեցին Վերջին Օրերի 15 այլ Սրբերի հետ, ովքեր ճամբար էին դրել Միսսուրիի Շոալ Քրիք փոքր բնակավայրում: Տերը սատար կանգնեց Ամանդային սարսափելի փորձության ժամին, պատասխանեց նրա աղոթքներին, քաջություն և հնարավորություն տվեց նրան բժշկելու իր վիրավոր որդուն:5

Սրբեր պատմությունը ցույց է տալիս, թե Ամանդան ինչպես սովորեց վստահել Տիրոջը ծայրահեղ ձախորդության ժամին: Այն նաև պատմում է, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես իմացավ Աստծո բարության մասին տառապանքի ժամին: Այն ցույց է տալիս, որ Աստծո գործերի մասին իմանալով, մենք ձեռք ենք բերում հավերժության հեռանկար, տեսնում ենք իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան և կլինեն, և օգնում է մեզ հավատք գործադրել առ այն, որ Տերը կուղեկցի մեզ դժվարին ժամանակներում:

Երբ Մարգարե Ջոզեֆը իմացավ, թե ինչ էր պատահել Ամանդայի ընտանիքի և մյուսների հետ Շոալ Քրիքում, նա զգաց, որ ավելի լավ է ինքը բանտարկվի կամ սպանվի, քան թույլ տա, որ Սրբերին կոտորածի ենթարկվեն: Հաջորդ օրը նա փորձ արեց բանակցել՝ խաղաղ լուծում գտնելու Միսսուրիի աշխարհազորի հետ, որը դիրքավորվել էր Ֆար Ուեստում Սրբերի հիմնական բնակավայրի վրա հարձակվելու համար: Փոխարենը Ջոզեֆին բռնեցին և բանտ նետեցին:

Մոտ հինգ ամիս անց Ջոզեֆը դեռ բանտարկված էր Միսսուրիի Լիբերթի բանտի մի ցուրտ, նեղ նկուղային բանտախցում: Նա ցանկանում էր իմանալ, թե որտեղ էր թաքնվում Աստված և որքան ժամանակ Նա դեռ կարող էր լսել այրիների ու որբերի լացը: Նա աղոթում էր. «Ո՜վ Տեր, որքա՞ն պիտի նրանք կրեն այս անարդարություններն ու անօրինական ճնշումները, մինչև սիրտդ փափկի նրանց հանդեպ և աղիքներդ կարեկցանքից գալարվեն նրանց հանդեպ» (ՎևՈւ 121․3):

Սրբերը ուսուցանում է մեզ, որ ձախորդությունները Աստծո դատապարտման վկայությունը չեն, ոչ էլ Նրա օրհնությունների հեռացման: Հակադրությունը Աստծո ծրագրի մասն է, որ մաքրի և պատրաստի մեզ հավերժական, սելեստիալ ճակատագրին (տես 2 Նեփի 2.11): Ջոզեֆն իմացավ, որ Փրկիչի անսահման տառապանքը Նրան հնարավորություն է տալիս աջակցել մեզ, երբ մենք տառապում ենք, և, ի վերջո, վեհացնել մեզ (տես Ալմա 7.11–13): Ի պատասխան Ջոզեֆի վշտալից բողոքին, Տերը թվարկեց բոլոր տեսակի դժվարությունները, նախքան կեզրափակեր.

«Եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար։

Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա» (ՎևՈւ 122․7–8)»։

Ինքներս զգալով այս բաները, կարող ենք օժտվել Քրիստոսանման կարեկցանքով չարչարվածների հանդեպ: «Իմ սիրտը միշտ ավելի զգայուն կլինի այս ամենի հանդեպ, քան երբևէ եղել է նախկինում»,- գիտակցեց Ջոզեֆը բանտում: Նա ցանկանում էր լինել Սրբերի հետ, որպեսզի կարողանար սփոփել ու մխիթարել նրանց: «Երբևէ այնպես չեմ զգացել, ինչպես հիմա եմ զգում,- բացատրել է նա,- եթե ես չզգայի այն տառապանքները, որ զգացել եմ»:6

Նկար
woman reading Saints book

Պատճառներից մեկը, որի համար Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հանձնարարել ու հաստատել են Սրբերի թողարկումը, այն է, որ կարող է օգնել մեզանից յուրաքանչյուրին զգալ այս բաները ուրիշների պատմությունների միջոցով: Ամանդայից մենք կարող ենք սովորել, որ նույնիսկ, երբ Աստված Իր անսահման իմաստությամբ տեղին է համարում չկանխել չարը կամ տառապանքը, Նա սիրում է մեզ և հոգում է մեր մասին: Նա լսում է մեր աղոթքները և ողորմած ու բարի է։

Տաճարի վերականգված օրհնությունները

Որևէ այլ տեղ մեր հանդեպ այդ ողորմածությունն ու բարությունը այնպես չի ցուցադրվում, որքան տաճարում: Իր հիմքում Սրբերը ներկայացնում են տաճարային վերականգնված օրհնությունների պատմությունը: Առաջին հատորը ավարտվում է, երբ հազարավոր Վերջին Օրերի Սրբեր ստանում են սրբազան արարողությունները Նավուի Տաճարում 1846թ.-ին: Երկրորդ հատորը կավարտվի Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործումով, երբ Սրբերը սկսում են ստանալ արարողություններն այնտեղ 1893թ.-ին: Երրորդ հատորը կեզրափակվի Եվրոպայի Սրբերով, ովքեր սկսում են հավաքվել Շվեյցարիայի տաճարում 1955թ.-ին: Չորրորդ հատորի պատմությունները հասնում են մինչև մեր օրերը, երբ տաճարները ծածկում են երկրագունդը, և Սրբերը ամբողջ աշխարհում ստանում են վեհացման արարողությունները, ինչպես մարգարեները կանխատեսել են վաղուց:

Տիրոջ տանը մենք ուխտեր ենք կապում և օժտվում ենք Անկման հետևանքները, չարն ու տառապանքը այս աշխարհում հաղթահարելու զորությամբ: Մենք ստանում ենք պաշտպանություն և, ի վերջո, զորություն, որպեսզի հարություն առնենք Հարության ժամանակ՝ մեր սիրելիների հետ կնքված:

Սրբեր պատմությունը օգնի մեզ պահել մեր ուխտերը՝ խորացնելով մեր հիշողությունները սրբազան եղանակներով: Այն կօգնի մեզ միշտ հիշել, թե Փրկիչն ինչ է արել մեզ համար: Առանց անցյալում Աստծո գործերի մասին գրանցումների, մենք չենք կարող հիշել, թե «որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ» (Մորոնի 10.3): Այս պատճառներով մենք պարտական ենք Տիրոջը և Սրբերին, ովքեր գրանցել են իրենց հանդեպ Նրա սիրո մասին փորձառությունները: Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին գրանցել իր փորձառությունները (տես ՎևՈւ 21.1): Նա պատվիրեց Եկեղեցու պատմաբանին, ով աշխատում էր Ջոզեֆի ղեկավարությամբ, «շարունակ վարել եկեղեցական գրանցումներն ու պատմագրությունը» (ՎևՈւ 47.3): Նա պատվիրեց, որ այդ պատմությունը ներառի «բոլոր բաները եկեղեցու բարիքի համար, և աճող սերունդների համար» (ՎևՈւ 69.8):

Այս հայտնություններով և միշտ Փրկիչին հիշելու ուխտի խոստումը մտքում, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը սկսեցին ծրագրել Սրբեր հավաքածուն 10 տարի առաջ: Հիմա մենք խրախուսում ենք ձեզ կարդալ այն, վստահ լինելով, որ այն կօգնի ձեզ հասկանալ Աստծո ծրագիրը, տեսնելով, թե որքան ողորմած է եղել Տերը, հավատարմորեն տոկալով լավ և վատ ժամանակներում, ձեռք բերելով կարեկցանք ուրիշների հանդեպ և պահելով ուխտերը, որոնք տանում են մեզ դեպի վեհացում:

Հղումներ

  1. Օրինակները ներառում են Նեփի (1 Նեփի 17.23–43), Թագավոր Բենիամին (Մոսիա 1), Լիմքի (Մոսիա 7), Տիրոջ հրեշտակը Ալմային (Մոսիա 27), Ալմա (Ալմա 9.10), Մորմոն (Մորմոն 3.17–22), և Մովսես(Ելից 13.3):

  2. Joseph Smith, in “History, circa Summer 1832,” 2, josephsmithpapers.org.

  3. Տես “History, 1838–1856, volume A-1 [23 December 1805–30 August 1834],” 3, josephsmithpapers.org:

  4. Տես “Revelation, 12 January 1838–C,” [1], josephsmithpapers.org:

  5. Տես Սրբեր, հատոր 1, գլուխ 30, «Կռվել՝ ինչպես հրեշտակներ»:

  6. “Letter to Presendia Huntington Buell, 15 March 1839,” [1], josephsmithpapers.org.