Ի՞նչ է յուրաքանչյուր եպիսկոպոս ցանկանում, որ իմանան իր անդամները
Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:
Ահա ութ ճշմարտություններ, որոնք ես սովորեցի որպես եպիսկոպոս իմ ծառայության ընթացքում:
Ես հրաշալի հնարավորություն եմ ունեցել ծառայել որպես եպիսկոպոս։ Այդ տարիների ընթացքում ես ավելի շատ դասեր սովորեցի, քան կարելի է թվարկել: Ես սովորեցի ութ ճշմարտություններ, որոնք, ըստ ինձ, համընդհանուր են: Չնայած այս ցանկում ամեն բան ընդգրկված չէ, ես կփորձեմ կիսվել նրանով, ինչը յուրաքանչյուր եպիսկոպոս հուսով է, որ գիտեն իր ծխի անդամները:
1. Եպիսկոպոսը իսկապես սիրում է իր ծխի յուրաքանչյուր անդամի:
Սերը, որ եպիսկոպոսը տածում է իր ծխի հանդեպ, կապված է այն սիրո հետ, որը Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը տածում են մեզանից յուրաքանչյուրի հանդեպ: Երբ հաղորդության ժողովին եպիսկոպոսը նայում է անդամներին, նա լցվում է այնպիսի կարեկցանքով ու համակրանքով, որը երբևէ չի զգացել նախկինում: Երբ եպիսկոպոսը կանգնում է և կիսվում, թե որքան շատ է նա սիրում իր ծխի անդամներին, նրա զգացմունքները անկեղծ են և իսկական: Իմացեք, որ ձեր եպիսկոպոսը սիրում է ձեզ, մտահոգվում է ձեզ համար և հոգում ձեր մասին ավելի շատ, քան դուք կարծում եք:
2. Եպիսկոպոսին ֆիզիկապես, զգացմունքային և հոգևոր առումներով աջակցում են անդամների հավատն ու աղոթքները:
Եպիսկոպոսը շատ ժամանակ է ծախսում՝ ծառայելով եկեղեցում: Նա հաճախ շատ ժամեր է անցկացնում եկեղեցում կիրակի օրերին և լրացուցիչ ժամեր՝ աշխատանքային օրերին՝ երեկոյան այցելելով, հարցազրույցներ անցկացնելով և հոգ տանելով իր ծխի անդամների մասին:
Եպիսկոպոսը կարողանում է անել դա ամեն շաբաթ ծխի անդամների հավատի և աղոթքների շնորհիվ: Որպես նոր կանչված եպիսկոպոս, արցունքներն ինքնաբերաբար հորդում էին իմ աչքերից ամեն անգամ, երբ որևէ անդամ աղոթում էր՝ «օրհնիր եպիսկոպոսին»: Ձեր հավատի աղոթքները իրոք ստանում են իրենց պատասխանները, և եպիսկոպոսը ստանում ու զգում է այդ աղոթքների սատարող ազդեցությունը: Տերը պատասխանում է Եկեղեցու եպիսկոպոսների համար արված հավատով լի այդ աղոթքներին:
3. Եպիսկոպոսը հաճախ է զգում է, որ ինքը անհամապատասխան է այդ կոչման համար (նույնիսկ երեք կամ չորս տարի անց):
Ես շատ քիչ եպիսկոպոսների եմ ճանաչում, ովքեր զգում էին, որ իսկապես «պատրաստված» են այս կոչման համար: Սակայն, ես իրոք գիտեմ, որ «ում Տերը կանչում է, Տերը որակավորում է»:1 Թեև եպիսկոպոսը գիտե, որ ինքը դառնում է որակավորված, նա մաքառում է այն զգացումի հետ, որ ինքը երբեք լավ չի ծառայի իր կոչման մեջ: Նա կանի հնարավոր ամեն բան, որպեսզի խորհուրդ տա՝ երբ անհրաժեշտ է, չվիրավորել մարդկանց և լինել Հոգու հետ ներդաշնակության մեջ։ Բայց նա երբեմն կցանկանա իմանալ՝ արդյո՞ք ինքը բավարար է կատարում իր կոչման պարտականությունները:
4. Աստծո Հոգին կարող է աշխատել եպիսկոպոսի միջոցով, երբ նա խորհրդակցում է ծխի անդամների հետ:
Երբ ինձ հարցնում են, թե ինչն եմ ես ամենաշատը կարոտում որպես եպիսկոպոս, ես մարդկանց ասում եմ, որ կարոտում եմ Հոգու ուժեղ ազդեցությանը, որն ուղեկցում է եպիսկոպոսին իր կոչման մեջ: Ամեն հարցում՝ երբ մխիթարում է նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, զրուցում նրանց հետ, ովքեր մաքառում են անհավատարիմ ամուսինների դեմ, մարդկանց ապաշխարության կոչ անում, Հոգին, որը հասանելի է հավատարիմ եպիսկոպոսին, Աստծո և հայտնության Հոգին է:
Վերջերս իմ ծխի նախկին անդամներից մեկը խնդրեց ինձ օգնել իրեն մի քանի անձնական խնդիրների հարցում: Նա տեղափոխվել էր նոր ծուխ և համոզված չէր՝ արդյո՞ք ցանկանում է դիմել իր նոր եպիսկոպոսին ուղղորդման համար: Ես նրան ասացի մի բան, ինչը բազմիցս կրկնել էի կոչումից ետ կանչվելուց հետո. Ես ուրախ կլինեի օգնել, բայց ես այլևս չեմ կրում եպիսկոպոսի բանալիները, և այդ բանալիները կարող են վճռական լինել այն աջակցությունը տրամադրելու համար, որի կարիքը նա ուներ: Ես առաջարկեցի, որ նա խոսեր իր եպիսկոպոսի հետ: Ես այցելեցի նրան երկու շաբաթ անց, և նա ասաց, որ հանդիպել էր իր եպիսկոպոսի հետ և վերջինս, կարծես, արդեն գիտեր նրա խնդիրների մասին և թե ինչպես օգներ: Թեև եպիսկոպոսը անշուշտ կարող է սխալվել, Տերը ոգեշնչում ու առաջնորդում է նրան և կյանքեր է օրհնում նրա խոսքերի միջոցով:
5. Եպիսկոպոսը մարդ է, նա երբեմն սխալներ է գործում, իսկ երբեմն սխալ է վարվում:
Եպիսկոպոսները, ի վերջո, մահկանացու մարդիկ են: Նրանք ունեն թերություններ, թուլություններ, կանխակալ կարծիքներ և իրենց անձնական խնդիրները: Հոգին պատրաստում է մարդուն, ով կրում է եպիսկոպոսի պաշտոնը, բայց եպիսկոպոսը, այնուամենայնիվ, մարդ է, ով ենթակա է նույն խնդիրներին ու թուլություններին, որոնց բոլորս ենք բախվում:
Այս գիտակցությունը չպիտի պակասեցնի հարգանքը, որը տածում ենք նրա կոչման հանդեպ, կամ ուշադրությունը, որ դարձնում ենք նրա խորհրդին: Եպիսկոպոսը շատ լավ տեղյակ է իր թուլություններից և ձգտում է հաղթահարել դրանք կամ առնվազն ջանում է եպիսկոպոսի իր ծառայությունը անմասն պահել դրանցից: Որքան էլ որ նա ջանքեր գործադրի, նա միշտ անկատար կլինի:
6. Եպիսկոպոսը համարում է, որ երբեք չի հասցնում բավարար չափով հանդիպել իր ծխի անդամների հետ կամ բավականաչափ բարիք գործել նրանց համար:
Ամեն օր եպիսկոպոսը հետաքրքրվում է, թե ուրիշ ում կարող է օգնել կամ պետք է օգնի այդ օրը: Ես շատ կկամենայի կանոնավոր այցելել յուրաքանչյուր անդամի, բայց ես ունեի լրիվ դրույքով աշխատանք, ընտանիք, երիտասարդների ծրագիր և ծխի անդամներ, ովքեր ունեն մեծ կարիքներ: Պարզապես բավարար ժամանակ չկար կանոնավոր այցելել յուրաքանչյուր անդամին:
Այնուամենայնիվ, որպես եպիսկոպոս, Հոգին երբեմն հուշում էր ինձ այցելել որևէ անդամի, ով մաքառումների մեջ էր: Բազմաթիվ անգամներ այդ այցելությունները սկսվում էին այս խոսքերով «Ես գիտեի, որ դուք կգաք»: Հոգին, որը մենք զգում էինք, հաճախ անհաղթահարելի էր, քանի որ երկուսս էլ հասկանում էինք, որ այցելությունը նրա ապացույցն է, որ Աստված պատասխանում է աղոթքներին:
Ես միշտ բավականություն էի ստանում նաև այն ընդունելությունից, որ ստանում էի ակտիվ, «չմաքառող» անդամների դռների մոտ: Այդ լավ մարդիկ եկեղեցի են գնում ամեն շաբաթ, հավատարիմ ծառայում են եկեղեցու իրենց կոչումներում, չունեն ակնհայտ մեծ դժվարություններ և քահանայության ղեկավարները նրանց հիմնականում կանոնավոր չեն այցելում: Նրանց համար շատ հաճելի էր դեմ առ դեմ որոշ ժամանակ անցկացնել իրենց եպիսկոպոսի հետ: Ձեզ բոլորիդ ես ասում եմ. «Շնորհակալություն»: Շարունակեք առաջ շարժվել: Իմացեք, որ ձեր եպիսկոպոսը սիրում է ձեզ և ավելի հաճախ կայցելեր ձեզ, եթե կարողանար:
7. Ձեր եպիսկոպոսը իրոք, անկեղծորեն, ազնվորեն կարիք ունի, որ դուք ծառայեք միմյանց:
Երբ որպես եպիսկոպոս ինձ ասում էին, որ ծխի որևէ անդամ մաքառումների մեջ է, ես միշտ հարցնում էի. «Ո՞վ է նրա տնային և այցելող ուսուցիչը»: Դա եղանակ էր, որով գնահատվում էր, որ անդամի կարիքները կստանան և կարճատև, և երկարատև լուծումներ: Եպիսկոպոսը, ով գործում է առանց ծխի կամ ցցի մյուս անդամների օգնության, սահմանափակ միջոցներ ունի: Նա անշուշտ կարող է և պետք է այցելի ճգնաժամային վիճակում գտնվող մարդկանց: Բայց քահանայության և Սփոփող Միության հետ միասին օգնելու նրա հնարավորությունը կարող է ընդարձակվել:
Ահա, թե ինչ է սպասավորությունը: Կան ժամանակներ, երբ մեզանից ոմանք մոռանում են, թե մենք ինչու ենք սպասավորում միմյանց. Տերը պատվիրել է մեզ՝ «իրար սիրէք» (Հովհաննես 13.34): Իմացեք, որ ձեր եպիսկոպոսն օգտագործում է սպասավորությունը որպես ոգեշնչված եղանակ ծխի անդամների կյանքում «ավելի ներկա» գտնվելու համար:
8. Եպիսկոպոսը ցանկանում է ի վիճակի լինել իր հոտի համար ամեն բան անելու:
Ցանկացած ժամանակ, օր ու գիշեր, լինի քահանայության օրհնություն, խորհուրդ ուղուց շեղված երեխային կամ պատահարի վայր արագ գնալու անհրաժեշտություն, նա ցանկանում է անել այն ամենը, ինչի կարիքը ունի անդամը: Նա չի կարող միշտ անել այդ ամենը և չի կարող ճիշտ անձնավորությունը լինել բոլոր իրավիճակներում, բայց մի վախեցեք օգնություն խնդրել նրանից, երբ կա դրա կարիքը: Իմացեք, որ եպիսկոպոսն այնտեղ է՝ ծառայելու ձեզ այդ պահերին, և դուք երկուսդ առատորեն օրհնվում եք միասին աշխատելու համար:
Ես շատ խոնարհ եմ դարձել սրբազան հնարավորության շնորհիվ, որն ունեի այս սուրբ կոչման մեջ: Իմ ծառայության մեջ ես գնացի հավատքից դեպի գիտելիքը: Ես այլևս ոչ թե հավատում եմ, այլ գիտեմ, որ ավետարանը ճշմարիտ է: Ես այժմ ոչ թե հավատում եմ, որ Աստված գիտե ինձ, այլ ես գիտեմ, որ Աստված տեղյակ է մեզանից յուրաքանչյուրի մասին, մեր առօրյա կյանքի մասին և մեր անձնական մաքառումների մասին: Բացի այդ, ես գիտեմ, որ Նա աշխատում է Իր ծառաների միջոցով, հատկապես նրանց, ովքեր կրում են քահանայության բանալիները: Ես գիտեմ, որ ես չէի կարող ծառայել որպես եպիսկոպոս առանց այս աշխատանքի հանդեպ Աստծո հոգածության: Ավետարանի ճշմարտացիությունը և Աստծո սերը Իր զավակների հանդեպ ծառայելու հնարավորություն է տալիս բոլոր եպիսկոպոսներին: