2018
Հրաշք Տիրոջ տանը Կիևում
Հոկտեմբեր 2018


Հրաշք Տիրոջ տանը Կիևում

Դորու Վասիլե

Բուխարեստ, Ռումինիա

Նկար
President Monson greeting members in the temple

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Ես և իմ ընտանիքը ոգևորված էինք, երբ 2010թ. օգոստոսին ավտոմեքենայով պետք է ճամփորդեինք Ռումինիայից Կիև (Ուկրաինա) տաճարի նվիրագործման համար: Իմանալով, որ սա պետք է լինի տաճար Ռումինիա/Մոլդովա Միսիայի Սրբերի համար, մենք ճամփորդեցին 14 ժամ այնտեղ հասնելու համար: Երբ մենք ժամանեցինք, հանդիպեցինք մեկ այլ խմբի, որը նույնպես եկել էր Ռումինիայից: Մենք բոլորս ուրախ էինք լինել Կիևում այդ սրբազան արարողության համար:

Նվիրագործման օրը Ռումինիայից եկած մեր խմբին հանձնարարվեց դիտել նվիրագործման հեռարձակումը տաճարի առաջին հարկում գտնվող սենյակում: Ոմանք սկսեցին արտահայտել իրենց հիասթափությունը: Նրանք հուսով էին սելեստիալ սենյակում մարգարեի հետ մասնակցել նվիրագործմանը: Ոմանք նույնիսկ ասացին, որ կարող էին ուղղակի նստել տանը և դիտել հեռարձակումը Ռումինիայի իրենց ժողովատանը:

Ես սկսեցի սրտում աղոթել. «Երկնային Հայր, մենք ինչպե՞ս կարող ենք օգնել Ռումինիայի այս անդամներին ունենալ անմոռանալի փորձառություն Քո տանը»:

Երբ նվիրագործման նիստը սկսվեց, ես դեռևս պատասխան չէի ստացել: Շուտով մենք իմացանք, որ մարգարե, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) պատրաստվում էր գալ և անկյունաքարը դնել: Հավանաբար, սա կարող էր լինել մեր պատասխանը: Ես աղոթեցի, խնդրելով, որ մարգարեն գար և ողջուներ ռումինացի Սրբերին:

«Ես ինձ համար չեմ խնդրում,- աղոթեցի ես,- այլ իմ եղբայրների և քույրերի համար»:

Անկյունաքարի տեղադրման արարողությունից հետո Նախագահ Մոնսոնը անցավ մեր սենյակի կողքով՝ վերադառնալով սելեստիալ սենյակ: Հանկարծ ես իմ սրտում զգացի, որ պետք է կանգնեմ և հրավիրեմ նրան մեր սենյակ:

Ես կանգնեցի և ասացի. «Մեր մարգարե: Եկեք և տեսեք մեզ: Մենք Ռումինիայից ենք»:

Նա, կարծես, չլսեց ինձ: Հետո, մեկ րոպե անց նա վերադարձավ: «Ռումինիա»,- ասաց նա և մտավ սենյակ:

Նա ողջունեց մեզ բոլորիս և ասաց, որ մեզ շատ է սիրում: Իմ սիրտը լցվեց, երբ տեսա մեր թանկագին անդամների ուրախ դեմքերը: «Շնորհակալություն, թանկագին Հայր,- աղոթեցի ես,- այս հրաշքի համար, որը տեղի ունեցավ Քո տանը»:

Երբ մարգարեն հեռացավ սենյակից, ոչ ոք այլևս տխուր չէր: Ես զգում էի, որ մենք գտնվում ենք տաճարի ամենաօրհնված սենյակում: Դա մի փորձառություն էր, որը ես երբեք չեմ մոռանա: