2018
Ինչո՞ւ մենք երբեմն պատասխան չենք ստանում վերևից
Հոկտեմբեր 2018


Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի նորությունները

Ինչո՞ւ մենք երբեմն պատասխան չենք ստանում վերևից

Մեզանից ո՞վ չէր ցանկանա միշտ իմանալ ճիշտ լուծումը: Ինչ հրաշալի կլիներ խուսափել մարդկանց մասին սխալ եզրակացություններ անելուց կամ կյանքի սխալ ուղի ընտրելուց: Երիտասարդ մարդիկ ինչպե՞ս կարող են խուսափել իրենց հասակակիցների ճնշումներին տեղի տալուց: Ինչպիսի՞ կրթություն պետք է ստանամ և որտե՞ղ: Իրականում ի՞նչ պիտի դառնամ: Արդյո՞ք պիտի փոխեմ իմ ներկայիս աշխատանքը, թե՞ ավելի լավ է սպասեմ: Ու՞մ հետ ամուսնանամ: Ինչպե՞ս ճիշտ դաստիարակեմ երեխաներիս: Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել իմ թուլությունները: Ինչպե՞ս կարող եմ շարունակել երջանիկ մնալ իմ կյանքի փորձությունների մեջ:

Մեզանից յուրաքանչյուրը բախվում է նմանատիպ կամ այլ խնդիրների: Պողոս Առաքյալը մարգարեացել է և նախազգուշացրել, «որ ետի օրերումը չար ժամանակներ կգան» (Բ Տիմոթեոս 3.1-7): Սակայն այս հայտնության մեջ, ի լրումն թվարկված փորձությունների և խնդիրների, Պողոսն ասում է, թե ինչ կարող ենք անել մեզ պաշտպանելու համար. «Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. Եւ գիտենալով թէ ումից սովորեցիր. Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է» (Բ Տիմոթեոս 3.14-17): Սուրբ գրությունները պարունակում են թե՜ հոգևոր պաշտպանության զորության, և թե՜ անձնական հայտնության զորության բանալիները:

Իր Եկեղեցում Տերը երկու ծրագիր է հաստատել երիտասարդների համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա ձեռք բերել այդ անգին բանալիները: Դրանք Սեմինարիայի և Կրոնի Ինստիտուտների ծրագրերն են: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Երեխաները, ում վաղ տարիքից ուսուցանում են սուրբ գրությունների հասկացողությունը, կիմանան, թե որ ճանապարհով պիտի քայլեն և ավելի շատ հակված կլինեն մնալ այդ ճանապարհին: Նրանք, ովքեր մոլորվում են, վերադառնալու կարողություն կունենան և օգնության միջոցով կարող են գտնել ետդարձի ճանապարհը» (Նախագահ Բոյդ Ք. Փաքեր, «Հոգևոր պաշտպանության բանալին»):

Երբեմն մենք հարցերով և ցանկություններով դիմում ենք Տիրոջը, մոռանալով, որ Նրա հայտնությունները համարյա միշտ տրվում են մեզ սուրբ գրությունների միջոցով: Զարմանալի չէ, որ մենք դրանք կոչում են Աստծո Խոսք. «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3): Այդպիսի պահերին մենք նման ենք մի մարդու, ով ուղարկում է իր խնդրանքները նամակով, բայց նեղություն չի կրում գնալ և փոստարկղից ստանալ պատասխանը:

Սուրբ գրությունները նման են լույսի ճառագայթների, որոնք լուսավորում են մեր միտքը և պատրաստում մեզ վերևից եկող առաջնորդությանն ու ոգեշնչումին: Տերը բազմիցս մեզ խորհուրդ է տալիս՝ նախ փնտրել Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, (Մատթեոս 6.33, Ղուկաս 12.31, 3 Նեփի 13.33), սակայն, երբ գալիս է այս պարզ թվացող ընտրությունը կատարելու պահը, մենք հաճախ ուղղակի երկմտում ենք և, այդպիսով, ամենակարևոր բաներին ժամանակ ենք հատկացնում, երբ ժամանակի ավելցուկ ենք ունենում:

Ծնողնե՜ր, խնդրում ենք ձեզ, օգնեք ձեր երեխաներին այս ուսումնական տարում սեմինարիայի դասերը դարձնել իրենց առօրյա գործունեության անբաժանելի մասը: Սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձրեք ձեր առօրյա կյանքի մի մասը և դուք կտեսնեք, թե ինչ օրհնություններ կհետևեն դրան:

Սուրբ գրություններում մենք լսում ենք նախազգուշացնող ձայնի արձագանքը և մեծ աջակցության աղբյուր ենք գտնում: Ապրելով գայթակղություններով ու խաբեությունով լի աշխարհում, մենք չենք կարող անտեսել Աստվածային պաշտպանությունը սատանայից: Տերը հրաշալի խոստումներ է տալիս նրանց, ովքեր լուրջ են ընդունում այն ամենը, ինչը սուրբ է (Վարդապետություն և Ուխտեր 7.12): «Եվ ես ասացի նրանց, որ դա Աստծո խոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. Ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում» (1 Նեփի 15.24):

«Այո, մենք տեսնում ենք, որ ով որ կամենա, կարող է կառչած մնալ Աստծո խոսքին, որը կենդանի է և հզոր, որը կտոր-կտոր է անում դևի ողջ խորամանկությունը և ծուղակները և խաբեությունները, և առաջնորդում է Քրիստոսի մարդուն մի անձուկ ու նեղ ուղիով՝ այն հավիտենական թշվառության անդունդի վրայով, որը պատրաստված է՝ կլանելու ամբարիշտներին, և նրանց հոգիները, այո, նրանց անմահ հոգիները հասցնում է Աստծո աջ կողմը՝ երկնքի արքայություն, որ նստեն Աբրահամի և Իսահակի և Հակոբի և մեր բոլոր սուրբ հայրերի հետ, և այլևս դուրս չգնան» (Հելաման 3.29-30):

Սեմինարիայի և Կրոնի Ինստիտուտների նոր ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերին: Մենք ակնկալում ենք մեր դասարաններում տեսնել 14-30 տարեկան երիտասարդ մարդկանց: Յուրաքանչյուր ուսանող անգնահատելի է և իր եզակի ավանդն է ներդնում այս գործում: Այս տարի մենք կուսումնասիրենք Վարդապետություն և Ուխտերը: Եկեղեցու պատմության այս ժամանակաշրջանը լի է զարմանալի իրադարձություններով, ոգեշնչող օրինակներով և հրաշքներով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է անցնել Եկեղեցու ռահվիրաների անցած ճանապահով և ավելի լավ հասկանալ, թե մենք՝ Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի ռահվիրաներս, իրականում ինչպես կարող ենք ապրել ներկայումս: Եթե այս դասերի ընթացքում մենք անկեղծորեն պատրաստ ենք հետևել Տիրոջ հրահանգներին, մենք կզգանք Աստծո Հոգին և «նա կուղղէ [մեր] ճանապարհները» դեպի արդարություն (Առակաց 3.5-6): Եվ մենք կստանանք պատասխանները մեր ամենակարևոր հարցերին: Այս է իմ վկայությունը, ես զգում եմ այն իմ սեփական կյանքում և տեսնում եմ այն սեմինարիայի և ինստիտուտի բոլոր ջանասեր ուսանողների կյանքում: Գալիք օրերում անհնար կլինի հոգևորապես գոյատևել առանց կենդանի վկայության: