2018
Երեց Գերիթ Վ. Գոնգ. Սիրեք Տիրոջը և ապավինեք Նրան
Հոկտեմբեր 2018


Երեց Գերիթ Վ. Գոնգ. Սիրեք Տիրոջը և ապավինեք Նրան

Նկար
Elder and Sister Gong

Անգլիայի Օքսֆորդի Համալսարանի մագիստրատուրայի ուսանող ու նորապսակ Գերիթ Վ. Գոնգը իր սեփական փորձով սովորեց, որ եթե մենք սիրենք Տիրոջը և ապավինենք Նրան, Նա կօգնի մեզ, կառաջնորդի և կզորացնի մեզ:

Գերիթը Ռոդեսի կրթաթոշակակիր էր և աշխատում էր երկու գիտական կոչումների վրա, որոնցից մեկը դոկտորի կոչումն էր: Միաժամանակ, նա ծառայում էր Օքսֆորդի ծխի եպիսկոպոսությունում։ Նա և իր կինը՝ Սյուզանը, հիշում են այն խորհուրդը, որը նրանց տվեց Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ. Հեյթը (1906–2004), երբ կատարում էր նրանց ամուսնությունը Սոլթ Լեյքի Տաճարում: «Նա հանձնարարեց մեզ միշտ կոչումներ ունենալ», — ասում է Երեց Գոնգը: «Մենք գիտեինք, որ եթե ապավինենք Աստծուն և ներդնենք մեր լավագույն ջանքերը, Նա կօգնի մեզ»:

Գերիթն ու Սյուզանը իրոք ստացան «աստվածային օգնության և գորովագութ ողորմություններ», — ասում է նա: Շարունակելով ծառայությունը եպիսկոպոսությունում, Գերիթը ավարտեց բոլոր ուսումնական պահանջները դոկտորական աստիճանի համար, բացառությամբ իր դիսերտացիայի: Նա քահանայական օրհնություն խնդրեց Օքսֆորդի ծխի եպիսկոպոս Ալան Վեբստերից: Օրհնության մեջ Գերիթը ստացավ հետևյալ խոստումը. «Շարունակիր անել ամենը, ինչ կարող ես, և Տերը կօրհնի քեզ»:

Ծխի երկու անդամներ, ովքեր փորձառու դատական քարտուղարներ էին, կամավոր օգնեցին տպել նրա ձեռագիրը, և Գերիթը կարողացավ ավարտել իր դիսերտացիան մի քանի ամսից: Փաստորեն, երեք տարում նա ավարտեց և ստացավ թե՛ մագիստրոսի, թե՛ դոկտորի աստիճան: Ավարտելուց հետո նա ստացավ նաև ֆակուլտետի գիտաշխատողի պաշտոնը համալսարանում: Օքսֆորդի նրա փորձառությունը մեծացրեց նրա վստահությունը Տիրոջ հանդեպ, վստահություն, որը շարունակվում է մինչ օրս և կշարունակի օրհնել Գերիթ Վ. Գոնգին հիմա, երբ նա ծառայում է Տասներկու Առաքյալների Քվորումում:

Հաց և ձուկ

«Տերը բարի ու առատաձեռն է, և ջանում է օրհնել մեզ», — ասում է Երեց Գոնգը: «Եթե մենք անենք հնարավոր ամեն բան, նա մեզ հնարավորություն կտա անել ավելին, քան կարող ենք: Դա նման է ձկան ու հացի քանակի բազմապատկմանը: Տերը վերցնում է այն, ինչ առկա է և բազմապատկում ու դարձնում է ավելի շատ, ինչը մենք ինքներս չենք կարող անել:

Հացի ու ձկան սկզբունքը գործում է նաև սովորելու դեպքում: «Նույնիսկ, երբ պաշտոնական կրթությունը հասանելի չէ, կարևոր նշանակություն ունի ուսումնառության ոգին, քանի որ ուսումնառությունը հավերժ է: Մենք բոլորս կարող ենք փնտրել լույս և ճշմարտություն, անկախ մեր հանգամանքներից: Երբ մենք անենք այդ, Տերը կօգնի մեզ գտնել այն»:

Պատկանելություն ուխտին

Մինչ Օքսֆորդում էր, Երեց Գոնգը սովորեց մեկ այլ ավետարանական սկզբունք, որը կոչվում է «պատկանելություն ուխտին»:

«Երբ ավելի ենք մոտենում Տիրոջը, մենք նաև մոտենում ենք միմյանց», — ասում է նա։ «Օքսֆորդում ես և Սյուզանը նույնքան բարձր էինք գնահատում ծխում ձեռք բերած մեր փորձառությունը, որքան մեր ուսումնական փորձառությունը։ Մեր ներկայիս թանկագին ընկերներից շատերը Օքսֆորդի ծխից են»:

Այդ ընկերների թվում են Թիմ և Քեթրին Ուիթները, ովքեր հիշում են, թե ինչպես տաճար գնացին Գոնգերի հետ: «Ես հստակ հիշում եմ, որ Եղբայր Գոնգը հանեց իր ժամացույցը, որպեսզի չշեղվի կամ սահմանափակվի ժամանակով՝ հավերժության հարցերի մասին խորհելիս», — ասում է Քույր Ուիթը: «Այդ փոքր գործողությունն օգնեց ինձ ավելի ջանասեր լինել իմ տաճարային երկրպագության մեջ»:

Գոնգերը հաճախ են հանդիպում այն ընկերներին, ում նրանք ճանաչում են ավետարանի շնորհիվ: «Մարդիկ ասում են. «Մենք աշխատել ենք ձեզ հետ, երբ դուք բարձրագույն խորհրդում էիք» և նման բաներ, — ասում է Երեց Գոնգը, — և դա երկկողմանի է: Ես երախտապարտ եմ ցցի նախագահի և ծխի խորհրդի համար, ովքեր օգնեցին ինձ, երբ երիտասարդ եպիսկոպոս էի: Մենք բոլորս պարտական ենք ծնողներին, կնոջ և ամուսնու բարեկամներին, հարևաններին, միսիաների նախագահներին, քույրերին և քահանայության ղեկավարներին, ովքեր բարի են մեր հանդեպ և խրախուսում են մեզ գալ Քրիստոսի մոտ»:

Ընտանեկան ժառանգությունը

Երեց Գոնգը հայտնաբերել է իր նախնիներին՝ 34 սերունդ ետ գնալով, մինչև Առաջին Դրագոն Գոնգը, ով ծնվել է մ.թ 837 թվականին: Երեց Գոնգի պապն ու տատը Միացյալ Նահանգներ են ներգաղթել Չինաստանից: Նրա մայրը՝ Ջինը, միացել է Եկեղեցուն Հավայան կղզիներում (ԱՄՆ) դեռահաս տարիքում, իսկ ավելի ուշ հաճախել է Բրիգամ Յանգ Համալսարանը Պրովոյում (Յուտա, ԱՄՆ), որտեղ ապրում էր Գեղարվեստի Քոլեջի առաջին դեկանի՝ Գերիթ դե Ջոնգի ընտանիքի հետ: «Ջոնգերը օգնեցին ինձ հասկանալ, թե ինչպիսին է ավետարանի ընտանիքը», — ասում է նա:

ԲՅՀ-ն ավարտելուց հետո Ջինը սովորեց Պալո Ալտոյի Համալսարանում (ԱՄՆ, Կալիֆորնիա), որտեղ հանդիպեց Վոլտեր Ա. Գոնգին: «Նա արդեն քրիստոնյա էր և արագ հասկացավ, թե ինչ է առաջարկում վերականգված ավետարանը», — ասում է Ջինը: Նա միացավ Եկեղեցուն, և մի տարի անց նրանք ամուսնացան Սոլթ Լեյք Տաճարում: Երկուսն էլ արհեստավարժ մանկավարժներ էին և միասին ավելի քան 70 տարի անցկացրին ուսուցանելով:

«Հայրս նաև հայրապետ դարձավ, — ասում է Երեց Գոնգը, — և քանի որ հայրապետական օրհնությունները տրվում էին մեր տանը, տունը լցված էր ակնածանքով, որը տածում էինք Իր զավակների համար Աստծո սիրո հանդեպ»:

Նկար
Elder Gong as a baby with his parents

1953թ. դեկտեմբերի 23-ին Կալիֆորնիայի Ռեդվուդ Սիթիում ծնվեց Ջինի և Վոլտերի երեք զավակներից առաջինը: «Նրա առաջին անունը՝ Գերիթ, հոլանդական անուն է՝ ի պատիվ Գերիթ դե Ջոնգի», — բացատրում է Ջինը: «Նրա միջին անունը Վոլտեր է՝ ի պատիվ իր հոր: Իսկ մեր ընտանիքի ազգանունը չինական է՝ ի պատիվ նրա ժառանգության»:

Ջինն ասում է, որ Գերիթը շատ ուշադիր էր իր կրտսեր եղբոր ու քրոջ՝ Բրայանի և Մարգերի’տի հանդեպ: «Նա սիրում էր օգնել նրանց, — ասում է նա, — նույնիսկ փոքր բաներում, ինչպես օրինակ՝ սովորեցնում էր նրանց կապել կոշկաքուղերը»: Նա հիշում է, որ մի օր տուն եկավ եկեղեցուց և պատահաբար լսեց, որ Գերիթն ու Բրայանն ասում էին, որ, իրենց կարծիքով, հաղորդության ժողովի ելույթը ձանձրալի էր: «Ուստի ես կոչ արեցի նրանց. Այդ դեպքում դուք հանդես եկեք ավելի լավ ելույթով: Նրանք ընդունեցին կոչը և սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել բոլոր ելույթներին», — ասում է նա:

Դեռահաս տարիքում Գերիթը սիրում էր արշավների գնալ իր ծխի այլ երիտասարդ տղամարդկանց հետ: Ուոլլի Սոլբական՝ նրա վաղեմի ընկերը, հատկապես հիշում է մի ճամբարային ուղևորություն: «Ես այնտեղ էի Գերիթի, նրա եղբայր Բրայանի և մի այլ ընկերոջ հետ, ով մեր Եկեղեցու անդամ չէր: Ինչ-որ պատճառով մենք սկսեցինք հիմներ երգել: Գերիթը երգում էր մեղեդին, Բրայանը տենոր էր, իսկ ես՝ բաս: Կարծում եմ, մենք երգեցինք 10–20 հիմն պարզապես երգելու ուրախությունը զգալու համար: Դա լավ փորձառություն էր։ Մեր ոչ անդամ ընկերը տպավորված էր»:

Եղբայր Սալբական նաև հիշում է, որ ավագ դպրոցում Գերիթը սպորտային աջակցող խմբին խնդրեց անաղմուկ աջակցել շախմատի թիմին: «Նա համոզեց նրանց, որ բարոյական աջակցությունը օգտակար է բոլորին, — ասում է նա, — իսկ նրանք փաստորեն եկել էին խաղի»:

Նկար
Elder Gong as a missionary and later with a missionary

Ձախից՝ Մարջորի և Գորդոն Հինքլիները ողջունում են Գերիթին և Սյուզանին Գոնգերի հարսանեկան ընդունելության ժամանակ: Թայվանում որպես միսիոներ ծառայելիս, Երեց Գոնգը ուսուցանում էր մի ընտանիքի, և տարիներ անց, երբ Բարձրագույն Իշխանավոր էր, հանդիպեց այդ ընտանիքի դուստրերից մեկի թոռանը: Վիետնամում Երեց և Քույր Գոնգերը մի որմնանկար նկարեցին, որպես մի եղանակ, որն ուրախություն կբերեր դժվարությունների մեջ գտնվող երեխաներին: Գոնգ ընտանիքի անդամները հավաքվեցին նրանց հետ, ովքեր աջակցել են Վիետնամում որմնանկարը նկարելու գործին:

Ավագ դպրոցից հետո Երեց Գոնգը հաճախում էր Բրիգամ Յանգի Համալսարան: 1973–1975թ.թ. նա ծառայեց Թայվանի Թայփեյ Միսիայում, հետո վերադարձավ ԲՅՀ, որտեղ 1977-ին ստացավ բակալավրի աստիճան Ասիական ուսումնասիրությունների և համալսարանական ուսումնասիրությունների ոլորտում:

Սիրահետում և ամուսնություն

Իր միսիայից հետո Պրովոյի Միսիոներների պատրաստման կենտրոնում Երեց Գոնգը կամավոր կազմակերպում էր երեկոյան հոգևոր հավաքներ: Հոգևոր հավաքները օգնում էին Թայվան ուղևորվող միսիոներներին ծանոթանալ այնտեղի ժողովրդի, սովորույթների և մշակույթի հետ: Միսիոներներից մեկը Քույր Սյուզան Լինդսեյն էր՝ Յուտայի Թեյլորսվիլից, Ռիչարդ Փ. և Մերիան Բ. Լինդսեյների դուստրը: Եղբայր Լինդսեյը Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ էր: «Ես այնպիսի զգացում ունեի, որ Սյուզանին միշտ ճանաչել էի», — ասում է Երեց Գոնգը։

Երկու տարի անց, երբ Սյուզանն արդեն մի քանի ամիս վերադարձել էր միսիայից և ուսանում էր ԲՅՀ-ում, Գերիթը Պրովոյում էր իր ընտանիքի հետ: Նրա հայրը ուսուցանում էր համալսարանում, իսկ Գերիթը ծրագրել էր երկշաբաթյա այցելություն: Այցելությունը երկարացվեց չորս շաբաթ, քանի որ նա և Սյուզանը ժամադրվում էին ամեն օր: Հետո Գերիթը մեկնեց նախամասնագիտական ուսուցման Հավայան կղզիներում՝ նախքան կվերադառնար Օքսֆորդ:

«Միմյանց հետ մենք շփվում էինք երկու տարբեր կիսագնդերից», — հիշում է Երեց Գոնգը: «Ես փորձում էի ուսանել Անգլիայում, մինչ կարողանում էի ամեն բան իմանալ նրա մասին Ատլանտյան օվկիանոսից այն կողմ»:

«Մենք նշանվեցինք հեռախոսով», — ասում է քույր Գոնգը: «Նա կրկին տուն եկավ Գոհաբանության տոնին և մենք ամուսնացանք տաճարում հենց նույն օրը, երբ առաջին անգամ այն բացվեց նոր տարում»: Երկու շաբաթ անց նրանք միասին մեկնեցին Անգլիա այնտեղ նոր կյանք սկսելու նպատակով:

«Երբ մարդիկ ամուսնանում են, նրանք խոսում են երկու ընտանիքների միավորման մասին», — ասում է Երեց Գոնգը: Եվ դա այն էր, ինչ իրականում պատահեց ինձ հետ»: Ես ինձ զգում եմ Լինդսեյ ընտանիքի մասը, ինչպես, որ Գոնգ ընտանիքի մասն եմ»:

Նկար
Gong wedding photo with the Hinckleys

Աստղային կարիերա

Օքսֆորդի ֆակուլտետում մի կարճ ժամանակ աշխատելուց հետո, Գերիթի կարերան տեղափոխվեց կառավարության ծառայության ոլորտ՝ ԱՄՆ-ի Վաշինգտոն ԿՇ-ում: 1984թ. նա ծառայեց Ռեյգան-Բուշ նախընտրական քարոզարշավի աշխատակազմում, որտեղ նույն աշխատասենյակում աշխատում էր Մայք Լեվիտի հետ, ով ավելի ուշ դարձավ Յուտայի նահանգապետը: «Գերիթը դիտողունակ էր և խորամիտ, — ասում է Եղբայր Լեվիտը, — բայց նա աչքի էր ընկնում իր անսահման բարությամբ»:

1985թ. Գերիթը ծառայեց Պետական Դեպարտամենտում որպես փոխքարտուղարի հատուկ օգնական: 1987թ. նա դարձավ ԱՄՆ-ի դեսպանի հատուկ օգնականը Չինաստանի Պեկին քաղաքում: 1989–2001թթ. նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել Ռազմավարական և Միջազգային Հետազոտությունների Կենտրոնում Վաշինգտոն ԿՇ-ում: Այնուհետև նա վերադարձավ ուսումնական ոլորտ, զբաղեցնելով ԲՅՀ-ի նախագահի օգնականի պաշտոնը ռազմավարական ծրագրերի գծով։ Այդ պաշտոնում նա աշխատեց ինը տարի:

Քերրի Ջենկինսը՝ ԲՅՀ-ի համալսարանի հաղորդակցման բաժնի նախագահի օգնականը, զբաղեցնում էր կողքի գրասենյակը: Նա հիշում է իր կողքին գտնվող մարդկանց քաջալերելու Գերիթ Գոնգի կարողությունը։ «Եթե դուք վստահ չէիք, որ կարող եք ձեզ վրա վերցնել դժվարին հանձնարարությունը, նա վստահություն էր ցուցաբերում ձեր հանդեպ», — ասում է նա: «Նա անում էր ամեն բան իր ուժերի սահմանում՝ ձեզ խորհուրդ տալով, ձեզ հույս տալով և թույլ տալով, որ առաջ գնաք և ինքնահաստատվեք»:

Ֆեդերալ դատավոր Թոմաս Բ. Գրիֆիթը, ով ճանաչում էր Երեց Գոնգին Վաշինգտոնից և ԲՅՀ-ից, այսպես է նկարագրում փոխգործակցությունը նրա հետ. «Խոսակցության վերջում դուք հասկանում եք, որ դուք էիք ուշադրության կենտրոնում: Նա հրաշալի ունկնդիր է: Եվ նա հարցեր է տալիս, որոնք ձեզ ստիպում են մտածել»:

Սեսիլ Օ. Սամուելսոնը՝ պատվավոր Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական և ԲՅՀ-ի նախկին նախագահը, ասում է, որ Երեց Գոնգը «հիմնականում հանգիստ է, բայց անիվները միշտ պտտվում են»:

Նկար
Gong family in Vietnam

Ընտանեկան կյանքը

Գերիթ և Սյուզան Գոնգերը ունեցան չորս որդի՝ Ամրահամ, Սեմուել, Քրիստոֆեր և Մեթյու, ովքեր մեծացան տարբեր միջավայրերում:

«Երբ մենք Պեկինում էինք, մեր զավակները օրհնված էին, լինելով միմյանց լավագույն ընկերները», — ասում է Երեց Գոնգը:

«Մի կողմից, նրանք հնարավորություն ունեին տեսնելու աշխարհի լայնածավալ պատկերը», — հավելում է Քույր Գոնգը: «Մյուս կողմից, դա օգնեց մեզ դառնալ համերաշխ ընտանիք: Մեր տղաները դեռևս ասում են, որ լավագույն բանը, որ մենք, որպես ծնողներ, արել ենք, այն է, որ նրանց եղբայրներ ենք տվել»:

«Մի անգամ մենք օգտվեցինք մեր հավելավճար մղոններից», — ասում է Երեց Գոնգը: «Մենք թույլ էինք տալիս, որ յուրաքանչյուրն ընտրի որևէ վերջնակետ: Մենք սկսեցինք Վաշինգտոն ԿՇ-ից, որտեղ ապրում էինք, հետո գնացինք Անգլիա, Չեխիայի Հանրապետություն, Հունաստան, Թուրքիա, Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա:

Այդ ուղևորության ընթացքում մենք ունեինք մի հաստատուն կանոն», — ասում է Սյուզանը: «Որտեղ էլ որ գնում էինք, մենք ուտում ենք այն, ինչ ուտում էր տեղի ժողովրդը»: Ի վերջո, Ճապոնիայում ճամփորդության վերջում Երեց Գոնգը ասաց իր որդիներին, որ նրանց տանում է աշխարհի ամենահայտնի բիֆշտեքսի ռեստորանը: Մակդոնալդում չորս քաղցած որդիները և երկու ծնողները սպառեցին 17 համբուրգեր:

«Մայրիկն և հայրիկը բարձր են գնահատում ուսումը, որը գալիս է փորձառությունից», — ասում է Աբրահամը: «Հայրիկը խորապես մտածում է այն մասին, թե փորձառություններն ինչպես են ձևավորում մարդկանց, ներառյալ՝ ամբողջ մշակույթներ»: Աբրահամը նաև նշում է, որ իր հայրը «զգույշ է խոսում, քանի որ նա աշխատում է ամբողջությամբ փոխանցել իմաստը և լիովին հավատա այն ամենին, ինչ ինքն ասում է»:

Սեմը հիշում է. «Պետական Դեպարտամենտում՝ այդքան զբաղվածությամբ հանդերձ, հայրս ժամանակ էր գտնում ամեն երեկո մարզել և ուսուցանել ինձ, պատրաստելով երրորդ դասարանի մաթեմատիկայի մրցույթի համար, որին ես ցանկանում էի մասնակցել, և որը կոչվում էր «Մրցահրավեր 24»: Նա ասաց, որ եթե ես հաղթեմ, մենք խնջույք կկազմակերպենք պաղպաղակի կոներով և 24 տեսակի լցոնով: Սեմը մասնակցեց ազգային եզրափակիչին, բայց չհաղթեց: Ամեն դեպքում ընտանիքը կերավ պաղպաղակը: Բայց հեշտ չէր ապահովել 24 տեսակի լցոնը, եղավ միայն մեկը՝ տավարի ապխտած միսը:

Քրիստոֆերն ու Մեթյուն նշում են, թե «որքան բարձր են գնահատում վստահությունը, սերը և նվիրումը, որոնցով մեր հայրն ու մայրը կիսվել են մեզ հետ»: Դա այն սերն է, որով Երեց և Քույր Գոնգերը կիսվում են միմյանց, իրենց յուրաքանչյուր որդու և մյուս հարազատների հետ:

«Նվիրված հայր Գերիթը նաև նվիրված որդի ու եղբայր է», — ասում է Սյուզանը: «Այդ դերերը կարևոր են նրա համար: Նա օգնում է մեզ հասկանալ, որ ընտանեկան հարաբերությունները ամեն բանից կարևոր են»:

Փորձառությունը Եկեղեցում

Չնայած Երեց Գոնգը զբաղված էր կարիերայով և ընտանիքով, նա շարունակում էր պատրաստակամ ծառայել Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, այդ թվում որպես՝ բարձրագույն խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, ցցի Կիրակնօրյա դպրոցի նախագահ, սեմինարիայի ուսուցիչ, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական:

Ինչ կոչման էլ որ կանչված լինի, և իր ընտանեկան կյանքում նույնպես, նա հետևողականորեն դրսևորում է որոշակի հատկանիշներ: «Նա բոլորին դիտարկում է որպես Երկնային Հոր որդի կամ դուստր», — ասում է Քույր Գոնգը: «Բայց ամենից առավել նա սիրում է Տիրոջը: Նա իր ողջ սրտով իրոք ցանկանում է կառուցել Աստծո արքայությունը և օրհնել Երկնային Հոր զավակներին»:

Եվ նա հիանում է իր կնոջով: «Ինչ էլ որ ինձ խնդրեն կատարել, — ասում է նա, — Սյուզանն իմ կողքին է: Նա հարմարավետ է զգում բոլորի հետ, և լավ է տրամադրված ուրիշների հանդեպ: Նա միշտ պատրաստ է գնալ այլ վայրեր, փորձել նոր բաներ, ինչի համար ես շնորհակալ եմ նրան»:

Ծառայությունը Յոթանասունի Քվորումում

2010թ. ապրիլի 3-ին Երեց Գերիթ Վ. Գոնգը հաստատվեց որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական: Նա նշանակվեց Ասիայի Տարածաշրջանի Նախագահությունում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հոնգ Կոնգում: Ավելի ուշ նա դարձավ Ասիայի Տարածաշրջանի նախագահը: 2015թ. հոկտեմբերի 6-ին Երեց Գոնգը հաստատվեց Յոթանասունի Նախագահությունում, որտեղ շարունակվեց նրա միջազգային փորձառությունը, ներառյալ` տարածաշրջանային ստուգումները աշխարհի տարբեր մասերում, ինչպես օրինակ՝ Աֆրիկայում և Կենտրոնական Ամերիկայում:

«Դուք ծանոթանում եք և սկսում եք սիրել Սրբերին այդ բոլոր վայրերում», — ասում է նա: «Դուք օրհնված եք զգում, երբ մարդիկ պատմում են ձեզ իրենց հավատքի մասին, քանի որ Աստծո աշխատանքի փորձառությունն իրենց կյանքում դառնում է այն հասկացողության մասը, թե ով է Աստված և ինչպես է Նա սիրում մեզանից յուրաքանչյուրին»:

«Երբ մենք Երեց Գոնգին ուղարկում ենք որևէ վայր, այդ իրավիճակում ներգրավված մարդիկ զգում են, որ գտել են ընկերոջ», — ասում է Նախագահ Նելսոնը: «Նրա գիտելիքների մակարդակը շատ բարձր է, բայց նա խոնարհ է: Նա կարողանում է առնչվել մարդկանց հետ բոլոր մակարդակներում և միշտ լավ պատրաստված է ու շատ համոզիչ»:

Նկար
Gongs in Thailand

Ձախից՝ Թայլանդում Երեց Գոնգը հանդիպեց Բանկոկի Կաթոլիկ արքեպիսկոպոս՝ Գերապատիվ Ֆրանսիս Զավիեր Կարդինալ Կրենգսակ Կովիտավանիջի հետ: Երեց Գոնգը սիրում է ճանապարհորդել իր որդիներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին, ինչպես այս ուղևորությունը դեպի Կանադա իր որդի Սեմի հետ: Երեց Գոնգը Կյանքի հացի վերաբերյալ իր մտքերով կիսվում է սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների հետ 2017թ.: Քույր Գոնգը ողջույններ է փոխանակում կամբոջացի անդամի տանը:

Առաքյալի կոչումը

Երբ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ծառայության կանչեց Երեց Գոնգին որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, մարգարեն «սիրալիր վերցրեց իմ ձեռքը իր ձեռքի մեջ, մինչ Սյուզանը իմ կողքին էր, և առաջարկեց այս սրբազան կոչումը Տիրոջից, շունչս կտրվեց» («Տեր Քրիստոսն հարյավ այսօր» Լիահոնա, մայիս 2018, 97)։ Խոնարհ, բայց Տիրոջ հանդեպ սիրով ու վստահությամբ, Երեց Գոնգը ընդունեց կոչումը: Նա հաստատվեց 2018թ․ մարտի 31-ին: Տիրոջ կողմից լիովին պատրաստված, այսուհետ նա կծառայի որպես «Քրիստոսի անվան հատուկ վկան ողջ աշխարհում» (ՎևՈւ 107.23):