2018
Հավանության ժպիտ
Հոկտեմբեր 2018


Հավանության ժպիտ

Ֆրանկլին Ռոմերո

Մանաբի, Էկվադոր

Մի երեկո մեր ծուխը անցկացնում էր միջոցառում, որին մենք ժամերով պատրաստվել էինք: Միջոցառումից հետո երիտասարդ ունկնդիրը ցտեսություն ասաց ինձ, բայց մի քանի րոպե անց վերադարձավ և հարցրեց. «Եպիսկոպոս, ես ե՞րբ պիտի վերադառնամ»: Ես ասացի՝ կիրակի օրը, իսկ տղան արագ ասաց. «Ոչ, մի՞թե ուրիշ միջոցառում չկա»: Նա այնքան լավ ժամանակ էր անցկացրել մեր ծխի երիտասարդների հետ, որ ցանկանում էր վերադառնալ:

Ես նաև զրուցեցի այցելող զույգի հետ, ովքեր մասնակցել էին միջոցառմանը, և հարցրի նրանց կարծիքը: Ամուսինն ասաց. «Երբ եկանք այստեղ, զգացինք խաղաղություն և հանգստություն», ինչը գլխով հաստատեց նաև կինը: Ես զարմացա, քանի որ երբ նրանք սկզբում տեղ հասան, այնտեղ շատ մարդ կար և բոլորը աղմկում էին: Բայց նա շարունակեց, նայեց ինձ վրա և հարցրեց. «Դա Սուրբ Հոգին է, այնպես չէ՞»: Ես, զարմացած, միայն ասացի՝ այո:

Շատ գործ կար անելու այս միջոցառմանը պատրաստվելու համար, ուստի այդ երեկո, երբ ամեն բան ավարտվեց, միակ բանը, որ ես ցանկանում էի անել, տուն գնալն ու անկողին մտնելն էր: Իմ հոգնածության պատճառով ես չէի կարողացել մտածել ունկնդիրների հետ իմ զրույցների մասին: Երբ ես տուն հասա, աղոթեցի և անկողին մտա, բայց չկարողացա քնել․ իմ մտքում ժպտացող Տիրոջ պատկերն էր: Դա հավանության ժպիտ էր: Այդ պահին ես սկսեցի հիշել այն հրաշալի բաները, որոնք տեղի ունեցան միջոցառման ժամանակ:

Ես հասկացա, որ ծխի անդամների ջանասիրությունն ու սերը հնարավոր դարձրին, որ հուզվեն այն երեք ունկնդիրների սրտերը: Ես հասկացա, որ հավանության ժպիտը այն ամենի համար էր, ինչ մենք անում էինք: Ես չկարողացա խուսափել արցունքներից, և շատ երախտապարտ էի այն պարգևի համար, որ Տերը տվեց մեզ: Նա մեզ հավանության ժպիտ պարգևեց: Ես վկայում եմ, որ Տիրոջ խոսքերը ճշմարիտ են․ երբ մենք գեթ մի հոգի բերենք Նրա մոտ, մեծ կլինի մեր ուրախությունը Հոր արքայությունում (տես ՎևՈւ 18.15):