2018
Հույսի դրսևորում Հոլանդիայում
Հոկտեմբեր 2018


Հավատք, հույս և գթություն. Մաս 3

Հույսի դրսևորում Հոլանդիայում

Հեղինակն ապրում է Նյու Ջերսիում, ԱՄՆ:

Գրեյսը՝ 15-ամյա մի աղջիկ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ապրում էր Հոլանդիայում: Պատերազմը շարունակվում էր երկար ժամանակ: Հոլանդիայի ժողովուրդը սովի էր մատնված, և նրանք հուսով էին, որ պատերազմը շուտով կավարտվի:

Նկար
Hope in Holland

Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերջին տարին ամենավատն էր Հոլանդիայի համար: Նացիստները խլել էին ամեն ինչ: Գրեյսը չէր կարողանում դպրոց գնալ: Տունը տաքացնելու համար ածուխ չունեին: Գրեյսը և նրա ընտանիքը ստիպված էին ուտել կակաչի սոխուկները, որպեսզի սովից չմեռնեին: Դրանք սոսկալի համ ունեին: Ամենավատն այն էր, որ Հայրիկը դեռ ռազմագերի էր:

Բայց օդում հույս կար: Մարդիկ ասում էին, որ նացիստները տանուլ էին տալիս պատերազմը: Եվ 1945թ.-ի մայիսին նացիստները հանձնվեցին: Հոլանդիան վերջապես կրկին ազատ էր: Մարդիկ տոնում էին փողոցներում: Հիմա Գրեյսը կարող էր վերադառնալ դպրոց։ Զինվորներ չկային, որոնցից կարելի էր վախենալ:

Ամենաուրախալին այն էր, որ մի օր, երբ Գրեյսը և նրա եղբայրները տուն էին վերադառնում դպրոցից, տեսան, որ Հոլանդիայի դրոշը փողփողում էր նրանց տան դիմաց: Նրանք գիտեին, որ դա միայն մի բան կարող էր նշանակել:

«Հայրիկը վերադարձել է»,- գոռաց Հեբերը:

Գրեյսն ու եղբայրները ներս վազեցին: Գրեյսը փաթաթվեց Հայրիկին ու ամուր գրկեց նրան: Հայրն ամուր գրկեց նրան: Այնքան հրաշալի էր, որ Հայրիկը տանն էր:

Դրանից անմիջապես հետո սնունդի, հագուստների և դեղորայքի փաթեթները սկսեցին հասնել Հոլանդիա: Եկեղեցու ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիից շատ մթերք և պարագաներ ուղարկեցին, օգնելով մարդկանց պատերազմից հետո: Գրեյսը նույնիսկ նոր զգեստ ստացավ: Նա հինգ տարի շարունակ կրել էր նույն մաշված զգեստը, ուստի շատ ուրախ էր նոր զգեստի համար:

Առաջին անգամ այդքան տարիների ընթացքում Գրեյսը բավականաչափ ուտելիք ուներ: Միսիայի նախագահությունը և կառավարությունը որոշեցին սկսել կարտոֆիլի ծրագիր, որպեսզի ավելի շատ մթերք արտադրվի Հոլանդիայում: Եկեղեցու անդամները շատ կարտոֆիլ էին ցանում մոտակա դաշտերում: Մինչև աշուն նրանք հազարավոր տոննաներով կարտոֆիլ կունենային:

«Նայեք»: Գրեյսն ասաց Հայրիկին, մատնացույց անելով ծլած կարտոֆիլին: «Մենք այլևս երբեք սոված չենք լինի»:

Հայրիկը գլխով արեց, բայց չժպտաց: Նա ասաց. «Ես զրուցում էի Նախագահ Զափեի հետ: Նա ինձ ասաց, որ Գերմանիայում Վերջին Օրերի Սրբերը դեռևս սովամահ են լինում, ճիշտ ինչպես մենք էինք: Նրանք օգնություն չեն ստանում կառավարությունից, ինչպես մենք ենք ստանում»: Հայրիկը ձեռքը դրեց Գրեյսի ուսերին: «Նախագահ Զափեյը հարցրեց ինձ՝ արդյո՞ք մենք մեր կարտոֆիլը կտանք գերմանացի Սրբերին»:

«Հրաժարվե՞նք մեր կարտոֆիլից»: Գրեյսը լաց եղավ: Բայց չէ՞ որ նացիստները Գերմանիայից էին: «Նրանք կարող են լինել Վերջին Օրերի Սրբեր, Հայրիկ, բայց նրանք, այնուամենայնիվ, գերմանացիներ են»:

«Ես գիտեմ, որ հեշտ չէ»,- ասաց Հայրիկը: «Բայց նրանք նույնպես Աստծո զավակներն են: Նա նրանց նույնպես սիրում է: Ես ներել եմ նրանց ինձ գերեվարելու համար: Տերը կարող է օգնել մեզ բոլորիս ներել»:

Գրեյսը նայեց Հայրիկին: Նա ամենախիզախ մարդն էր, ում ինքը ճանաչում էր, բայց չգիտեր՝ արդյոք քաջություն կունենար ներել նրա նման: Հետո նա հիշեց իր դպրոցի ուսուցիչներից մեկին պատերազմի ժամանակ: Նրա ուսուցիչն ասել էր, որ ոչ բոլոր գերմանացիներն են նացիստներ, և ոչ բոլոր նացիստներն էին վատը: Եվ հիմա աղջիկներն ու տղաները Գերմանիայում սովի էին մատնված, ճիշտ ինչպես Գրեյսն էր եղել:

Գրեյսը խորը շունչ քաշեց: «Հասկանում եմ»,- ասաց նա: «Եկեք նրանց տանք մեր կարտոֆիլը»:

Հայրիկը գրկեց նրան ու ժպտաց: «Դու այնքան քաջ աղջիկ ես: Սա դժվար է անել։ Բայց մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք և մեր գերմանացի եղբայրներն ու քույրերը նույնպես»:

Գրեյսը ժպտաց։ Նրա սրտի բարկությունը անցավ, և նա հանգստացավ: Նա կարողացավ ներել գերմանացիներին: Եվ Հիսուսը կարողացավ օգնել նրան նաև սիրել նրանց: