2018
Ձվեր, ապահովիչ և հավատք
Հոկտեմբեր 2018


Ձվեր, ապահովիչ և հավատք

Ալվարո Ալկինո

Անտոֆագաստա, Չիլի

Նկար
pencil sharpener

Նկարազարդումը` Քարոլին Վիբերթ

Մեր ընտանիքի նպատակներից մեկն է՝ բավականաչափ գումար խնայել մեր ընտանիքի տան կանխավճարը կատարելու համար: Առանց այդ նպատակի, ես կարող էի անցկացնել իմ հանգստյան օրերը հեռուստացույց դիտելով, սպասելով, որ ֆինանսական հնարավորություններ հայտնվեն ինձ համար:

Չիլիի հյուսիսում գտնվող հանքարդյունաբերության ընկերությունում ես աշխատում էի որպես վարորդ, չորս օր գտնվելով տնից հեռու, իսկ հետո երեք օր՝ շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի, հանգստանում էի: Տան համար մեր խնայողություններն ու եկամուտները ավելացնելու համար, մենք որոշեցինք ձու վաճառել: Մեր ծրագիրն էր՝ պատվերներ վերցնել ընկերներից և Եկեղեցու անդամներից, ամեն շաբաթ գնել մոտ 1000 ձու մեծածախ առևտրականից, իսկ հետո առաքել ձվերը շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի:

Ես և իմ կինը՝ Լորան, որոշեցինք մեր երկու երեխաներին տանել մեզ հետ առաքումների և միասին անցկացնել ժամանակը: Սակայն, երբ գնում էինք վերցնելու ձվերի առաջին խմբաքանակը, ձախորդություն տեղի ունեցավ: Մեր երեխաներից մեկը, խաղալով մատիտի փոքրիկ մետաղական սրիչով, նետեց սրիչը և այն ուղիղ ընկավ սիգարետի վառիչի տուփի մեջ: Կայծեր թռան և մեր ավտոմեքենան հոսանքազրկվեց, և անսպասելի կանգ առավ մայրուղու մեջտեղում: Ապահովիչը պայթել էր:

Երբ մենք նստել էինք այնտեղ, խցանելով երթևեկությունը, և մտածում էինք՝ ինչ անել, այնքան հուսահատ էինք, որ ուզում էինք լաց լինել: Բայց այդ պահին ես հիշեցի, որ Տերը խոստացել է բարձրացնել մեզ և օգնել մեզ, եթե մենք վստահում ենք Նրան: Մի հանգստություն իջավ վրաս: Ես հասկացա, որ չէի կարող պարզապես նստել այնտեղ և բողոքել: Մենք խնդիր ունեինք և Աստծո օգնությամբ մենք կլուծեինք այն:

Ես և Լորան դիմեցինք միմյանց և ասացինք. «Մենք պետք է հավատ ցույց տանք»: Մենք աղոթեցինք և չորացրինք մեր արցունքները: Հետո Լորան նստեց ավտոմեքենայի ղեկին, իսկ ես դուրս եկա հրելու մեքենան: Մի քանի հոգի դուրս եկան իրենց ավտոմեքենաներից և օգնեցին ինձ:

Մենք հրեցինք ավտոմեքենան 200 մետր, մինչև հասանք մայրուղուց հեռու մի ապահով վայր՝ մեքենան կայանելու համար: Երբ մենքենան հրում էինք կանգնեցնելու համար, ես նկատեցի, որ կայանել ենք մեքենաների ռադիոխանութի մոտ:

Ես գտա այրված ապահովիչի տեղը, մտա խանութ և հարցրի. «Դուք ունե՞ք սրանցից»:

Վաճառողը պատասխանեց. «Իհարկե»:

Ես գնեցի ապահովիչը, դրեցի իր տեղը և մեքենան անմիջապես շարժվեց, և մենք շարունակեցինք ճանապարհը: Երբ տեղ հասանք, ձվի մեծածախ առևտրականը արդեն փակում էր խանութը: Մենք գնեցինք ձվերը և կատարեցինք առաքումները:

Երբ մենք դժվարություններ ենք ունենում, պետք է հիշենք, որ կարող ենք օգնություն խնդրել մեր Երկնային Հորից: Ես գիտեմ, որ Նա կպատասխանի մեզ, երբ մենք առաջ շարժվենք և ցույց տանք մեր հավատը Նրա հանդեպ: