2018
Սպասավորություն՝ կոչ Տիրոջից և Մարգարեից
Հոկտեմբեր 2018


Տարածքայիննախագահությանուղերձ

Սպասավորություն՝ կոչ
Տիրոջից և Մարգարեից

Եղբայրնե՜ր և քույրե՜ր, որտե՞ղ էիք դուք, երբ առաջին անգամ լսեցիք, թե Նախագահ Նելսոնն ինչպես էր բացատրում մեզ, որ այլևս չի լինելու տնային ուսուցման և այցելությամբ ուսուցման ծրագիրը: Իր մարգարեների միջոցով Տերը հայտարարեց «սպասավորության մի ավելի նոր, ավելի բարձր և ավելի սուրբ եղանակի մասին»: Երբ մենք գործադրենք այդ ջանքերը, «դռներ կբացվեն և մարդիկ կօրհնվեն» (Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ելույթը գերագույն համաժողովի ղեկավարների ժողովին, մարտի 29, 2018թ.): Դուք մտածե՞լ եք այդ մասին: Տերն ի՞նչ է ակնկալում ինձանից և ձեզանից:

Փրկիչն ուսուցանել է. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք» (Հովհաննես 13.34, շեղագիրն ավելացված է): Սա պատվիրան է, բայց միևնույն ժամանակ՝ հրավեր: Սա Նրան նմանվելու հրավեր է: Մենք պիտի ձգտենք սիրել այնպես, ինչպես Նա էր սիրում, այլապես չենք կարող իրապես դառնալ այն ճշմարիտ աշակերտը, որը Նա ցանկանում էր, որ դառնանք: Այս հրավերը կօգնի մեզ մտածել նաև ուրիշների մասին և օգնության հասնել նրանց: Օգնության հասնել ուրիշներին, անկեղծորեն օգնել նրանց և ծառայել նրանց. սա հենց այն է, ինչ Տերը կաներ: Երբ մենք անենք սա մաքուր սիրով, կզարգացնենք այդ Քրիստոսանման հատկանիշները, որոնց կարիքը մենք ունենք:

Նախագահ Նելսոնը հավելեց, որ սպասավորող եղբայրներն ու քույրերը «Տիրոջից աղոթքով հայտնություն կփնտրեն, երբ իմանան իրենց անդամների կարիքները: Հետո նրանք կզբաղվեն նրանց կարիքներով՝ ինչպես կառաջնորդի և կուղղորդի Հոգին: Նրանք կսպասավորեն ոգեշնչված հոգատարությամբ և անձնվեր ծառայությամբ՝ բարձրացնելով ու ամրապնդելով մարդկանց»: Ո՞ւմ եք դուք այցելում: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց: Դուք ստիպված չեք սպասել նշանակման: Դիմեք Տիրոջը և աղոթքով հարցրեք Նրան, թե ինչպե՞ս կարող եք գործիք լինել Նրա ձեռքերում ուրիշներին օրհնելու համար: Նա ձեզ հրաշալի տպավորություններ կտա, երբ խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց, ում սպասավորում եք:

Երբեմն մենք կարող ենք մտածել, որ չենք ցանկանում միջամտել ուրիշի կյանքին կամ մեր գործը չէ, թե նրանք ինչ են անում: Բայց հիշեք, որ «Արդյո՞ք ես եղբորս պահապանն եմ» հարցի իսկական պատասխանը «այո»-ն է: Մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք և պետք է օգնենք միմյանց: Սպասավորության այս նոր ծրագիրը մեզ թույլ է տալիս հասնել մարդկանց բազմաթիվ եղանակներով: Մենք կարող ենք (և պետք է) այցելենք նրանց ժամանակ առ ժամանակ, բայց երբեմն կարող ենք զանգահարել և հարցնել նրանց որպիսությունը՝ ասելով, որ կարոտում ենք նրանց այն օրերին, երբ չեն հաճախում Եկեղեցի կամ պարզապես հաղորդագրություն ուղարկենք, քաջալերելով, երբ նրանք, գուցե, ճնշված են: Մշտապես հարցրեք Տիրոջը, թե ինչ կարող եք անել: Խնդրեք նրանց, ում դուք սպասավորում եք, զգալ Հոգին իրենց կյանքում: Գործիք դարձեք, որպեսզի օրհնեք ուրիշներին: Երբ մենք խորապես ներգրավվենք Աստծո ծառայության մեջ, կգտնենք մեր իսկական կոչումը, կգտնենք ուրախություն և խաղաղություն, մինչ այս օրհնությունները տալիս ենք ուրիշներին:

Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Արդյո՞ք ես այնպիսի սպասավոր եմ, ինչպիսին Տերը կուզենար, որ լինեի», «Ուրիշ ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հասնեմ նրանց սրտերին, ում սպասավորում եմ»: Այս պատասխանները կգան Սուրբ Հոգու միջոցով, եթե հարցնենք ճշմարիտ անկեղծությամբ: Մեզանից յուրաքանչյուրը թող կառուցի Տիրոջ Եկեղեցին, միասին օգնելով միմյանց, որ ավելի մոտենանք Տիրոջը: