2018
Ծանոթանալ Փրկիչի հետ
April 2018


Ծանոթանալ Փրկիչի հետ

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Երբ սովորում եք Հիսուս Քրիստոսի մասին, դուք ձեր կյանք եք հրավիրում Նրա խաղաղությունը և ներկայությունը։

Նկար
Christ praying

Հատված «Որտեղ են այն ինը» կտավից, Լիզ Լեմոն Սվինդլ

Պատկերացրեք, որ Հիսուս Քրիստոսի մասին կարդում եք ամեն ինչ սուրբ գրություններում՝ Սուրբ Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում, Թանկագին Մարգարիտում։ Բազմիցս խոսեք Նրա կատարած գործերի մասին։ 2017թ․ հունվարին Նախագահ Երեց Ռասսել Մ. Նելսոնը կոչ արեց անել հենց դա․ կանոնիկ գրքերում ուսումնասիրել ամեն բան, որ Հիսուսն ասաց և արեց։ Նախագահ Նելսոնն ասել է, որ կատարելով այդ առաջադրանքը, նա «ուրիշ մարդ» դարձավ։ Նա ոչ միայն ավելին սովորեց Հիսուս Քրիստոսի մասին, այլև ավելի մեծ նվիրվածություն զգաց Նրա հանդեպ։1

Դուք նույնպես կարող եք ավելի մոտենալ Քրիստոսին, երբ սովորեք Նրա մասին։ Ուսումնասիրելով Նրա կյանքն ու նպատակը, ձեր կյանք եք հրավիրում է Նրա խաղաղությունը և օգնում է ձեզ ճանաչել Նրան և Երկնային Հորը։ Ստուգեք, թե ինչպես են այս երիտասարդները պատասխանել երկու հարցերի․ (1) Ո՞րն է Փրկիչի վերաբերյալ ձեր սիրած սուրբ գրության պատմությունը և ինչո՞ւ։ (2) Եվ ինչպե՞ս են ավետարանի ուսումնասիրությունները ձեզ խաղաղություն բերել։

Ես սիրում եմ 10 բորոտների պատմությունը, քանի որ Քրիստոսը շատ մեծ սեր ցուցաբերեց բորոտի հանդեպ, ով երախտագիտություն հայտնեց Նրան։ Նա ասաց․ «Քո հաւատքն ապրեցրեց քեզ» (Ղուկաս 17․19, տես 11–19 հատվածները)։ Ինձ դուր է գալիս այն անկեղծ բարությունը, որը Նա ցուցաբերում է բոլորի հանդեպ։

Իմ դպրոցում վերջերս տեղի ունեցած ողբերգությունների պատճառով բոլորն այնտեղ մեծ խաղաղության և մխիթարության կարիք ունեն։ Ես ուժ և խաղաղություն եմ գտել սեմինարիայում իմ ուսումնասիրությունների միջոցով։ Սեմինարիաների ուսուցիչները սուրբ գրությունները և ավետարանը շատ անհատական են դարձնում յուրաքանչյուրի համար։ Իրոք հրաշալի է տեսնել տարբերությունը սեմինարիայի դասարանի և սովորական դասարանի միջև։ Այնտեղ պարզապես մեկ ուրիշ զգացողություն կա, որը խաղաղություն է բերում։

Գաբրիել Ս., 16 տարեկան, Կոլորադո (ԱՄՆ)

Հավատքի և Աստծո խոսքի վերաբերյալ Ալմայի պատմությունն (տես Ալմա 32․18–43) ինձ սովորեցրեց, որ երբ մենք սեր ենք ցանում, մենք սեր ենք ստանում։ Ինչպես Ալման է բացատրում զորամացիներին, հավատը նման է սերմի։ Դա հավատալն է, որ ինչ-որ բան ճիշտ է՝ առանց իրականում այնտեղ գտնվելու և տեսնելու։ Հավատն աճում է, երբ մարդը ցանկություն ունի հավատալու և Աստծո խոսքը լսելու։ Այս ամենն օգնել է ինձ հանգիստ լինել, սրտապնդվել և ձեռք բերել վկայություն, որ Երկնային Հայրը նայում է ինձ սիրառատ ու ողորմած աչքով։

Մինչ ամեն օր ուսումնասիրում եմ սուրբ գրությունները, ես ավելի լավ եմ հասկանում սերը, որը մեր Փրկիչն ունի մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Այս գիտելիքն օգնում է ինձ բացատրել իմ դպրոցական ընկերներին, որ նրանք մենակ չեն, երբ խնդիրներ են ունենում, քանի որ կա Աստված, ով սիրում է մեզ։

Մարիա Մ., 17 տարեկան, Գուադալաջարա (Իսպանիա)

Նկար
Christ with children

Հատված «Քրիստոսը և Մորմոնի Գրքի երեխաները», կտավից, Դել Փարսոն

Ինձ դուր է գալիս 3 Նեփի 17-ը, երբ Փրկիչն այցելում է Ամերիկա մայրցամաք և հրավիրում երեխաներին գալ Իր մոտ: Նա նստում է նրանց կողքին և ժամանակ անցկացնում նրանց հետ՝ մեկ առ մեկ։ Ինձ համար սա մի հրաշալի պատմություն է, որը ցույց է տալիս, թե ով է Հիսուս Քրիստոսը և որքան շատ սեր ունի մեզանից յուրաքաչյուրի համար։ Հավատում եմ, որ Նա կնստի նաև մեզանից յուրաքանչյուրի կողքին, երբ ունենանք Նրա օգնության կարիքը։

Այս տարի ես նպատակ դրեցի իմ առջև ամեն օր կարդալ սուրբ գրության մի էջ: Մինչ ես կարդում էի, իմ մեջ ցանկություն առաջացավ՝ շարունակել կարդալ ամեն օր։ Ես շատ բան եմ սովորել սուրբ գրությունների պատմություններից, երբ ժամանակ եմ տրամադրել դրանք հասկանալու համար, և ավելի եմ մոտեցել իմ Երկնային Հորը և Փրկիչին, քանի որ սովորել եմ նաև նրանց մասին։ Դա մեծ խաղաղություն բերեց իմ կյանքում։

Աննա Ք., 17 տարեկան, Մոնտանա (ԱՄՆ)

Ինձ դուր է գալիս, երբ Քրիստոսը գալիս է Ամերիկա մայրցամաք, հարցնում է, թե արդյոք նրանց մեջ կան հիվանդներ ու տառապյալներ և ապա բժշկում է նրանց։ Ապա Նա օրհնում է մանուկներին։ (Տես 3 Նեփի 17։) Կարծում եմ, որ սա հրաշալի և զորեղ պատմություն է: Ես սիրում եմ փոքր երեխաներին և ինձ դուր է գալիս, երբ մարդիկ շատ են սիրում նրանց, քանի որ երեխաները շատ մաքուր են։ Այս պատմությունն ինձ ցույց է տալիս մեր հանդեպ Փրկիչի ունեցած սիրո խորությունը։ Քանի որ Նա բավականաչափ սիրեց այն ժամանակների մարդկանց, և արեց ամեն բան, ինչ արեց, Նա կարող է սիրել մեզ նաև այսօր։

Եսայիա 53․3 հատվածում ասվում է, որ Փրկիչը «հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ»։ Երբ ես մտածում եմ Քրիստոսի Քավության մասին, ինչի միջով Նա անցավ մեզ համար և ինչպես կարող եմ ներվել, երբ ես ապաշխարում եմ իմ մեղքերը, ես իսկապես խաղաղություն եմ զգում։ Մորմոնի Գրքում շատ մարդիկ, ինչպես օրինակ Մոսիայի որդիները՝ Ամմոնը և Ալմա Կրտսերը, ունեցել են դժվարին անցյալ, սակայն նրանք ներվել են։ Նրանք դարձել են դեպի Քրիստոսը, ապաշխարել և դարձել հրաշալի օրինակներ, որոնցից մենք կարող ենք սովորել այսօր։ Ինձ սփոփում է այն միտքը, որ ես նույնպես կարող եմ ներվել։

Ալինա Տ., 18 տարեկան, Օրեգոն (ԱՄՆ)

Հիսուսի մասին իմ սիրած սուրբ գրության պատմությունն այն է, երբ Նա ջուրը գինի է դարձնում հարսանիքի ժամանակ իր մոր հուշումով (տես Հովհաննես 2․1–11)։ Սա իմ սիրելի պատմությունն է, քանի որ այն ցույց է տալիս Հիսուսի հարգանքը կանանց հանդեպ և հատկապես՝ Իր մոր հանդեպ։ Այս պատմությունը խրախուսում է երեխաներին հնազանդվել իրենց ծնողներին ոչ թե վախից դրդված, այլ մեծ սիրուց ելնելով։ Յուրաքանչյուր ոք պետք է ձգտի հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին։ Իր մոր հանդեպ Նրա սերը երբեք չմարեց, և ոչ էլ մեր ծնողների հանդեպ սերը պիտի մարի։ Դա նաև իմ սիրած հատվածն է, քանի որ Նրա հրաշքը ծառայելու գործողություն է, և մենք նույնպես կարող ենք հրաշքներ գործել ուրիշներին օգնելով։

Սյս պատմությունը և սուրբ գրությունների այլ պատմություններ խաղաղություն են բերել ինձ։ Ինձ սփոփում է այն միտքը, որ եթե ես միշտ փորձեմ սովորել Քրիստոսի մասին և հետևեմ Նրա ուսմունքներին, մի օր կկարողանամ վերադառնալ մեր սիրառատ Երկնային Հոր մոտ։

Աննա Ռ., 17 տարեկան, Վիկտորիա (Ավստրալիա)

Ինձ դուր է գալիս այն պատմությունը, երբ Քրիստոսը քայլում է ջրի վրայով։ Նա քայլում է դեպի նավակը, որտեղ գտնվում են բոլոր Առաքյալները և հրավիրում Պետրոսին կանգնել ջրերի վրա։ Պետրոսը սկզբում հավատում է և կարողանում քայլել ջրերի վրայով, սակայն հետո նա կորցնում է իր հավատը և սկսում ընկղմվել։ Ապա Քրիստոսը մեկնում է Իր ձեռքը և բռնում նրան (տես Մատթեոս 14․25–33)։ Այս պատմությունը յուրահատուկ է ինձ համար, քանի որ Քրիստոսի ձեռքը միշտ առկա է մեր կյանքում․ Նա պաշտպանում է մեզ։

Իմ ուսումնասիրություններն օգնում են ինձ, քանի որ ես ուսումնասիրում եմ իմ սուրբ գրություններն առավոտյան և դա օգնում է ավելի լավ օր անցկացնել։ Երբ ես չեմ ուսումնասիրում, իմ օրն այդքան էլ երջանիկ կամ ուրախ չի անցնում․ պարզապես լավ զգացողություն չի լինում։ Երբ ես առավոտյան կանոնավոր կարդում եմ սուրբ գրությունները, իմ օրն անհամեմատ լավ է անցնում, քանի որ ես հրավիրում եմ Սուրբ Հոգուն լինել ինձ հետ օրվա ընթացքում։

Ջեյմս Մ., 17 տարեկան, Ալյասկա (ԱՄՆ)

Նկար
Christ and the rich young man

Հատված Փրկիչը և երիտասարդ հարուստ կառավարիչը, Հեյնրիխ Հոֆման

Ես սիրում եմ Քրիստոսի և հարուստ երիտասարդի պատմությունը (տես Մարկոս 10․17–22)։ Դա ինձ մեծ խորաթափանցություն և հեռանկար է տալիս, թե ինչ է նշանակում առաջնահերթություն տալ Աստծուն ամեն ինչից վեր: Ամբողջ աշխարհիկ ունեցվածքը ծախելու խնդրանքը շատ դժվար պահանջ կլինի գրեթե յուրաքանչյուրի համար։ Սակայն կարծում եմ, որ հոժարակամորեն Աստծուն մեր ունեցվածքից վեր դասելն այն բաներից մեկն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի կյանքում։ Հիսուս Քրիստոսի անսահման սերը մեզ համար իսկապես տպավորիչ է: Այն, անշուշտ, ավելի լավ է, քան ցանկացած գումար կամ ունեցվածք, որ մենք ձեռք ենք բերում այս կյանքում:

Սուրբ գրությունների ընթերցանությունը խաղաղություն և մխիթարություն, ինչպես նաև ավելի մեծ իմաստություն և հասկացողություն է բերում ինձ։ Չնայած գուցե միշտ չէ, որ ես անմիջապես կզգամ սուրբ գրությունների ուսումնասիրության զորությունը, բայց գիտեմ, որ սուրբ գրությունները կարդալը դրական է ազդում իմ կյանքի վրա և օգնում է ինձ զգալ Հոգին և նկատել Նրա հուշումները։

Յուժեն Ք., 19 տարեկան, Թաիչունգ, (Թայվան)

Նկար
woman touching the hem

Հատված «Կինը դիպչում է Քրիստոսի հագուստի փեշին», Հայդի Դայնես Դարլի

Երբ Քրիստոսը գնում էր տեսնելու մի երիտասարդ աղջկա, ով մահանում էր, մի կին, ով արյան հետ կապված խնդիրներ ուներ, պարզապես դիպավ Նրա հագուստին և բժշկվեց։ Քրիստոսը շրջվում և խոսում է նրա հետ, երբ հասկանում է, որ նա դիպչել է Իրեն (տես Ղուկաս 8․43–48)։ Չնայած գնում էր օգնելու մեկ ուրիշին, Քրիստոսը նաև նրան ժամանակ տրամադրեց։ Քրիստոսը ժամանակ է տրամադրում նաև բոլորիս։

Ես շատ զբաղված կյանքով եմ ապրում՝ վազում եմ դպրոց, բալետի դասերի կամ այլ առօրյա գործեր անելու։ Այդ ամենի ընթացքում ես ժամանակ չեմ ունենում առանձնանալ կամ խաղաղություն զգալ։ Երբ կարդում եմ սուրբ գրությունները կամ աղոթում, ես խաղաղություն եմ զգում։ Հաճելի է այն զգալ և խելահեղ կյանքից մի պահ կտրվել։ Խաղաղության այդ պահերին ես ավելի եմ մոտենում Փրկիչին և աճում ավետարանի ուսումնասիրության մեջ։

Զոի Բ., 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Հղում

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Մարգարեներ, ղեկավարություն և աստվածային օրենք» (համաշխարհային հեռարձակում երիտասարդ չափահասների համար, հունվարի 8, 2017թ․), broadcasts.lds.org, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», ապրիլ 2017 գերագույն համաժողով, «Ուսումնասիրել Փրկիչի խոսքերը», Լիահոնա, հունվ. 2018, 56–59։