2018
Միասին առաջ ընթանալով
April 2018


Առաջին Նախագահության Ուղերձ

Միասին առաջ ընթանալով

Նկար
new First Presidency

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոնարհությամբ դիմում եմ ձեզ այս առավոտ: Չորս օր առաջ մենք հողին հանձնեցինք մի հսկա տղամարդու, Աստծո մարգարեին՝ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնին։ Հնարավոր չէ խոսքերով նկարագրել, թե որքան լեցուն և հրաշալի էր նրա կյանքը։ Ես ընդմիշտ երախտագիտությամբ կփայփայեմ մեր ընկերությունը, հիշելով այն, ինչ նա ուսուցանել է ինձ։ Այժմ մենք պետք է նայենք դեպի ապագան մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ լիարժեք հավատքով, ում Եկեղեցին է սա։

Երկու օր առաջ բոլոր ապրող Առաքյալները հավաքվեցին Սոլթ Լեյք Տաճարի վերին սենյակում։ Այնտեղ նրանք անանուն որոշում կայացրին, նախ՝ Առաջին Նախագահությունը վերակազմավորելու վերաբերյալ, երկրորդը՝ ինձ, որպես Եկեղեցու Նախագահ կանչելու վերաբերյալ։ Խոսքերը չեն կարող հաղորդել այն, ինչ զգացի, երբ Եղբայրները, ովքեր կրում են քահանայության բոլոր բանալիները, որոնք վերականգնվել են այս տնտեսությունում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, դրեցին իրենց ձեռքերը իմ գլխին՝ որպես Եկեղեցու Նախագահ ինձ ձեռնադրելու և կարգելու համար։ Դա սրբազան և խոնարհեցնող փորձառություն էր։

Այնուհետև, իմ պարտականությունն էր ընտրել, թե ում էր Տերը պատրաստել լինել իմ խորհրդականները։ Ինչպե՞ս կարող էի ես, խորապես սիրելով Տասներկու Առաքյալներից յուրաքանչյուրին, նրանցից միայն երկուսին ընտրել։ Ես խորապես երախտապարտ եմ Տիրոջը իմ եռանդուն աղոթքներին պատասխանելու համար։ Ես շատ շնորհակալ եմ, որ Նախագահ Դալլին Հարրիս Օուքսը և Նախագահ Հենրի Բենյոն Այրինգը ցանկանում են ծառայել ինձ հետ, համապատասխանաբար որպես Առաջին և Երկրորդ Խորհրդականներ: Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը վերադարձավ իր պարտականություններին Տասներկու Առաքյալների Քվորումում։ Նա արդեն ստացել է շատ հանձնարարություններ, որոնց համար յուրահատուկ որակավորում ունի։

Ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում նրան և Նախագահ Այրինգին՝ որպես Նախագահ Մոնսոնի խորհրդականներ իրենց հրաշալի ծառայության համար։ Նրանք լիովին ունակ, նվիրված և ոգեշնչված են եղել։ Մենք շատ երախտապարտ ենք նրանց համար: Յուրաքանչյուրը պատրաստ է այժմ ծառայել այնտեղ, որտեղ իր կարիքը առավել մեծ է։

Որպես երկրորդ ավագ Առաքյալ, Նախագահ Օուքսը դառնում է նաև Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը: Սակայն, հաշվի առնելով Առաջին Նախագահությունում իր կոչումը և Եկեղեցու կարգին համապատասխան, Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը՝ հաջորդ ավագը, կծառայի որպես այդ քվորումի Գործող Նախագահ։ Առաջին Նախագահությունը սերտորեն կաշխատի Տասներկուսի հետ՝ Տիրոջ կամքը հասկանալու և Նրա սրբազան աշխատանքը առաջ տանելու ուղղությամբ։

Մենք շնորհակալ ենք ձեր աղոթքների համար: Մեզ համար աղոթքներ են հղվում ամբողջ աշխարհով մեկ։ Նախագահ Մոնսոնի մահվան առավոտյան այդպիսի մի աղոթք ասվեց Բենսոն անունով մի չորսամյա տղայի կողմից։ Ես մեջբերում եմ նրա մոր նամակից, որն ուղարկվել էր կնոջս՝ Վենդիին։ Բենսոնի աղոթքից․ «Երկնային Հայր, շնորհակալություն, որ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը կարող է կրկին տեսնել իր կնոջը։ Շնորհակալություն մեր նոր մարգարեի համար։ Օգնիր նրան լինել քաջ և չվախենալ, որ ինքը նոր է։ Օգնիր նրան լինել առողջ և ամուր: Օգնիր նրան զորություն ունենալ, քանի որ նա քահանայություն ունի։ Եվ օգնիր նրան միշտ գեղեցիկ լինել»։

Ես շնորհակալ եմ Աստծուն այսպիսի երեխաների և ծնողների համար, ովքեր լուրջ են վերաբերվում արդարակյաց և նպատակաուղղված ծնող լինելու իրենց պարտականությանը։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր ծնողի, ուսուցչի և անդամի համար, ովքեր ծանր բեռներ են կրում և, այնուամենայնիվ, պատրաստակամ ծառայում են։ Այլ խոսքերով, ձեզանից յուրաքանչյուրի համար ես մեծագույն խոնարհությամբ երախտապարտ եմ։

Տերն է ղեկի մոտ

Նկար
current Quorum of the Twelve Apostles

Մինչ միասին առաջ կընթանանք, ես հրավիրում եմ ձեզ մտածել այն հրաշալի եղանակի մասին, որով Տերը ղեկավարում է Իր Եկեղեցին։ Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, խորհրդավորություն չկա այն հարցի շուրջ, թե ով է կանչվելու ծառայության այդ պաշտոնում հաջորդիվ։ Չկան ընտրություններ, քարոզարշավ, այլ միայն հանդարտ գործում է իրավահաջորդության աստվածային ծրագիրը, որը Տերն Ինքն է հիմնել։

Առաքյալի ծառայության յուրաքանչյուր օրը սովորելու և ապագայում ավելի մեծ պատասխանատվության պատրաստվելու օր է։ Առաքյալից պահանջվում են ծառայության տասնյակ տարիներ, որպեսզի շրջանի մեջ կրտսեր աթոռից նա տեղափոխվի ավագ աթոռի։ Այդ ժամանակահատվածում նա ձեռք է բերում Եկեղեցու բոլոր ուղղություններում աշխատելու անմիջական փորձ։ Նա նաև ծանոթանում է Երկրի ժողովուրդներին, նրանց պատմությանը, մշակույթին, լեզվին, քանզի հանձնարարությունները նրան պարբերաբար տանում են երկրագնդի տարբեր մասեր։ Եկեղեցու ղեկավարության իրավահաջորդության այս գործընթացը առանձնահատուկ բնույթ է կրում։ Ես չգիտեմ դրան նման որևէ գործընթաց։ Դա չպետք է զարմացնի մեզ, քանզի սա Տիրոջ Եկեղեցին է։ Նա չի աշխատում մարդկանց ձևով։

Ես ծառայել եմ Տասներկուսի Քվորումում Եկեղեցու հինգ նախկին նախագահների ղեկավարության ներքո։ Ես տեսել եմ, ինչպես է յուրաքանչյուր Նախագահը ստանում հայտնություն և արձագանքում դրան։ Տերը միշտ ուսուցանել և ոգեշնչել է Իր մարգարեներին և միշտ կանի դա։ Տերն է ղեկի մոտ Մենք, ովքեր ձեռնադրվել ենք աշխարհում լինելու Նրա սուրբ անվան վկաները, կշարունակենք փնտրել և իմանալ Նրա կամքը ու հետևել դրան։

Մնացեք ուխտի ուղու վրա

Նկար
taking the sacrament

Այսօր Եկեղեցու յուրաքանչյուր անդամի ես ասում եմ՝ Մնացեք ուխտի ուղու վրա։ Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ։

Նոր Նախագահությունով, մենք ցանկանում ենք սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր խոսում ենք ձեզ հետ տաճարից։ Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, զորությամբ Տիրոջ տանը օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին, որն է՝ հավերժական կյանքը։ Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունը և ընտանիքը ամրացնելու ու հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ Տաճարում երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիներին կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով և խաղաղությամբ, ու կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր վճռականությունը։

Եթե դուք դուրս եք եկել այդ ուղուց, թույլ տվեք հրավիրել ձեզ իմ սրտում եղած ամբողջ հույսով, որ ետ վերադառնաք։ Անկախ ձեր մտահոգություններից, անկախ ձեր խնդիրներից, Տիրոջ այս Եկեղեցում ձեզ համար տեղ կա։ Դուք և դեռ չծնված սերունդները կօրհնվեք, եթե դուք այժմ վերադառնաք ուխտի ուղու վրա։ Մեր Երկնային Հայրը փայփայում է Իր զավակներին և ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրը վերադառնա Նրա մոտ։ Սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մեծ նպատակն է՝ օգնել յուրաքանչյուրին վերադառնալ տուն։

Ես արտահայտում եմ իմ խորին սերը ձեր հանդեպ՝ սեր, որն աճել է տասնամյակներ շարունակ ձեզ հանդիպելու և ձեզ ծառայելու հետևանքով։ Մեր աստվածային նպատակն է՝ գնալ դեպի ամեն ազգ, տոհմ, լեզու և ժողովուրդ, օգնելով պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին։ Սա մենք կանենք առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքով, իմանալով, որ Նա է գլխավորում։ Սա Նրա աշխատանքն է և Նրա Եկեղեցին: Մենք Նրա ծառաներն ենք:

Ես հայտարարում եմ, որ նվիրված եմ Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Ես ճանաչում եմ Նրանց, ես սիրում եմ Նրանց և պարտավորվում եմ ծառայել Նրանց և ձեզ՝ իմ կյանքում մնացած ողջ շնչով։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: