2018
Հիսուս Քրիստոսի Քավությունը
April 2018


Հիսուս Քրիստոսի Քավությունը

Խոսելով Հիսուս Քրիստոսի Քավության մասին, մենք հիշում ենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Գեթսեմանիի այգում և Գողգոթայի վրա։ Այդ իրադարձությունների շնորհիվ բոլոր մարդիկ ստացան իրենց մեղքերից փրկվելու անգնահատելի նվերը և հավերժական կյանքի հնարավորությունը։ Մեր Փրկիչի կատարած Քավության շնորհիվ բոլոր անարդարությունները, դժվարությունները և ցավերը, որոնց մենք ենթարկվում ենք երկրային կյանքում, ամբողջությամբ կարող են փոխհատուցվել և ծառայել մեր օգտին։ Օրհնությունները, որոնցից մենք զրկված ենք եղել այս կյանքում, մեզ կտրվեն հավերժության մեջ։ Թեև Փրկիչը չի կարող անմիջապես թեթևացնել մեր բոլոր տառապանքները, Նա օրհնում է մեզ՝ տալով սփոփանք, ուժ և հասկացություն, որ «մեր բեռները հեշտությամբ տանենք» (Մոսիա 24.15): Հենց այդ պատճառով Փրկիչը հայտարարել է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ»: Ինչպես ուսուցանել է մարգարե Ալման Մորմոնի Գրքում, Քավության օրհնությունները կիրականանան մեր երկրային կյանքում և հավերժության մեջ այնքանով, որքանով մենք հավատ կցուցաբերենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, կապաշխարենք մեր մեղքերի թողության համար, կմկրտվենք և կստանանք Սուրբ Հոգու պարգևը (Ալմա 7.14): Եթե մենք հետևենք Ալմայի հորդորներին և հավատարիմ մնանք մեր կապած ուխտերին, ապա կժառանգենք Աստծո ամենամեծ պարգևը՝ հավերժական կյանքը (ՎևՈւ 14.7):

Այնքանով, որքանով մենք ստանում ենք Քավության օրհնությունները, մենք հնարավորություն կունենանք այդ օրհնություններով կիսվել այլ մարդկանց հետ։ Սուրբ գրություններից մենք գիտենք, որ Փրկիչն ուներ տարբեր որակական հատկանիշներ։ Դրանցից մեկը կարեկցելու ունակությունն է։ «Կարեկցել» բառը բոլոր իմաստներով նկարագրում է Հիսուս Քրիստոսի Քավության բուն էությունը։ Կարեկցելով, մենք կիսում ենք ուրիշի ծանր բեռը, միաժամանակ ցուցաբերելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ցավակցելը և նրա ապրումներին մասնակից լինելը։ Մի անգամ աշխատանքից հետո, երբ իմ կինը՝ Լիդիան, դիմավորեց ինձ, սկսեց նկարագրել այն բարդ իրավիճակը, որում հայտնվել էր և ստիպված էր հաղթահարել իմ բացակայության ժամանակ։ Իմ արձագանքը չուշացավ։ Համարյա առանց մտածելու, ես սկսեցի նրան տալ, իմ տեսանկյունից, նպատակահարմար խորհուրդներ, թե ինչպես վերացնել ի հայտ եկած խնդիրը։ Բայց ի պատասխան, Լիդիան, ինչպես միշտ, մեղմությամբ ու սիրով ինձ հասկացնել տվեց, որ առաջին հերթին ինքը ցավակցութուն և կարեկցանք էր սպասում ինձանից, ոչ թե խորհուրդներ խնդրի լուծման համար։ Դասը, որ ստացա այդ երեկո, օգնեց ինձ ոչ միայն ավելի լավ ընկալել այդ սկզբունքի կարևոր նշանակությունը, այլև տեսնել կարեկցանք ունենալու ունակութան և Փրկիչի Քավության միջև կապը։

Մենք նույնպես կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և գործնականում կիրառել Նրա Քավության սկզբունքները, եթե մեզ վրա վերցնենք ուրիշի բեռը։ Քույրերից մեկն ինձ պատմեց, թե ինչպես է ամուսնու հետ թատրոն գնացել։ Նախօրոք գնելով տոմսերը և կանխավայելելով հաճելի երեկո անցկացնելու զգացումը, նրանք մտան դահլիճ և գնացին դեպի իրենց տեղերը։ Մոտենալով իր տեղին, իմ ծանոթուհին հայտնաբերեց, որ չի կարող լիարժեք վայելել ներկայացումը, քանի, որ բեմի տեսադաշտի մեծ մասը ծածկում էր մի սյուն։

Քրոջ խոսքերից ես հասկացա, թե սկզբում նա անկեղծ վրդովմունքի զգացում է ունեցել և արդեն պատրաստվում էր դիմել թատրոնի ղեկավարությանը իրեն մեկ այլ տեղ հատկացնելու պահանջով, բայց, նայելով դահլիճին, հայտնաբերեց, որ գրեթե բոլոր տեղերը զբաղված էին։ Նա հասկացավ, որ եթե նույնիսկ իրեն ավելի լավ տեղ հատկացնեին, ապա հավանաբար ուրիշ մեկը պիտի նստեր իր տեղում։ Այդ ժամանակ մի անսպասելի միտք ծագեց նրա գլխում։ Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը պիտի տուժեր՝ նստելով այդ տեղը, ապա ինչու ինքն այդ բեռը չվերցնի իր վրա, որպեսզի հնարավորություն տա թատրոնի մնացած հյուրերին լիարժեք վայելել ներկայացումը:

Ինձ համար սա հասարակ օրինակ է, թե մեր առօրյա կյանքում մենք ինչպես կարող ենք կիրառել Հիսուս Քրիստոսի Քավության սկզբունքը, մեզ վրա վերցնելով ավելի ծանր բեռ, դրանով իսկ թեթևացնելով ինչ-որ մեկի կյանքը։

Փրկիչն ուսուցանում է. «Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան» (Մատթեոս 10․39): Հետևելով մեր Փրկիչի օրինակին, հավատք ցուցաբերելով Նրա Քավության հանդեպ, հնարավորություն փնտրելով մերձավորի կյանքը թեթևացնելու համար՝ մենք անկասկած ավելի կնմանվենք Նրան։ Ի վերջո, մեր հոգևոր աճը չափվելու է ոչ միայն մեր գործերով, այլև նրանով, թե ով ենք մենք դարձել՝ անցնելով մեր երկրային ճանապարհը։