2018
«Ցատկիր գետը»
April 2018


«Ցատկիր գետը»

Էլվին Ջերոմ Լաքեդա

Պամպանգա (Ֆիլիպիններ)

Նկար
mother and baby in a hammock

Նկարը` Ալեն Գարնսի

Մի օր տատիկս խնդրեց ինձ հորաքրոջս ուտելիք տանել, որը նա էր պատրաստել։ Շաբաթ օր էր, շոգ կեսօր ևտատիկիս հանձնարարությունը կատարելու փոխարեն ուրիշ շատ գործեր ունեի անելու։ Ես ասացի նրան, որ խնդրեր իմ զարմիկներից մեկին գնալ իմ փոխարեն, սակայն նա պնդեց, որ ես պիտի անեմ դա։

Անցավ մի ժամ, և ես սկսեցի զգալ, որ պիտի անեմ այն, ինչ տատիկս խնդրել է։ Ես վերցրի ուտելիքը և ճամփա ընկա դեպի հորաքրոջս տուն։ Տունը շատ հեռու էր, ես վերջապես տեղ հասա, բայց չէի նախատեսել երկար մնալ։

Ես գտա հորաքրոջս և նրա հինգ ամսական երեխային ցանցաճոճի վրա, որը կապված էր մանգոյի երկու երիտասարդ ծառերին։ Ծառերը գտնվում էին գետի մոտ, որը հոսում էր տան հետևում։ Ես քայլերս ուղղեցի նրանց մոտ, որ հանձնեմ ուտելիքը։ Հանկարծ ցանցաճոճի պարանները կտրվեցին։ Հորաքույրս և նրա երեխան գլորվեցին գետը։ Վախը պատեց ինձ։ Ես լողալ չգիտեի, իսկ շրջապատում ոչ ոք չկար, որ օգներ։ Ես չգիտեի ինչ անել:

Ես անմիջապես լսեցի Հոգու ձայնը․ «Ցատկիր գետը»։

Առանց մի վայրկյան մտածելու՝ ես ցատկեցի։ Բարեբախտաբար, մի քանի վայրկյանում ես գտա երեխային, իսկ հորաքույրս կարողացավ ինքնուրույն դուրս գալ ջրից։ Երբ երեխայի հետ դուրս եկա ջրից, չէի կարողանում հավատալ, թե նոր ինչ պատահեց։ Ես ցատկեցի գետը և լողալ չգիտեի, բայց քանի որ լսեցի Հոգուն, մանկահասակ զարմիկս և ես փրկվեցինք խեղդվելուց։

Ես հասկացա, թե որքան կարևոր է ճանաչել և լսել հրահանգներն ու ոգեշնչումները, որ Աստված տալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով։ Ես երախտապարտ եմ, որ ի վերջո կատարեցի տատիկիս խնդրանքը և ուտելիք տարա հորաքրոջս տուն։ Ես գիտեմ, որ մենք պետք է ջանանք զգայուն լինել հոգևոր հուշումների նկատմամբ, որպեսզի կարողանանք լինել Աստծո ձեռքերը՝ օգնելու Իր զավակներին։