2018
Եկեք կիսվենք Փրկիչի մասին մեր գիտելիքով
April 2018


Եկեք կիսվենք Փրկիչի մասին մեր գիտելիքով

2017թ. մայիսի 5-ին Բրիգամ Յանգ Համալսարանում կայացած Կանանց համաժողովի ելույթից:

Մենք ունենք խաղաղության ուղերձ, և դուք եք սուրհանդակները, ովքեր քարոզում են այն։ Դուք կարող եք անել դա տեխնոլոգիաների նոր և զվարճալի միջոցներով։

Նկար
tablet with christs image

Լուսանկար Getty Images-ից․ Քրիստոսի կերպարը, Հենրիխ Հոֆման

Մենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ենք՝ վերականգնված վերջին օրերին։ Ինչպես Տերը հրահանգեց Իր հնօրյա աշակերտներին, մեզ ևս պատվիրված է վերջին օրերում՝ «Գնացեք աշխարհով մեկ և ավետարանը քարոզեք ամեն արարածի» (Մարկոս 16․15

Հնադարյան մարգարե Նեփին հակիրճ ամփոփել է այս առաքելությունը, ուղերձը և դրա հետևանքները. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25․26

Մոսիայի գրքում մենք կարդում ենք, թե ինչպես Մորմոնի Գրքի հնադարյան մարգարե Բենիամին թագավորը հավաքեց իր ողջ երկրի ժողովրդին տաճարի մոտ, կառուցել տվեց մի աշտարակ և ուսուցանեց նրանց։ Մինչ ուսուցանում էր, նա նաև վկայեց նրանց մեր օրերի մասին․ «Եվ դեռ ավելին, ես ասում եմ ձեզ, որ պիտի գա ժամանակը, երբ մի Փրկչի մասին գիտելիքը պիտի տարածվի ամենուր՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ» (Մոսիա 3․20

«Գիտելիք Փրկիչի մասին»

Ամենաթանկագին պարգևներից մեկը, որ պիտի փայփայենք մեր ընտանիքներում և տանք ուրիշներին, Հիսուս Քրիստոսի՝ «Փրկիչի մասին գիտելիքն է»։

Ժամանակների լրության տնտեսությունը լուսավորեց ողջ մարդկությանը և տեխնոլոգիական մեծ առաջընթաց սկսվեց։ Զարգացան արդյունաբերությունը և հաղորդակցման գործիքները, որի արդյունքում իրականացավ Բենիամին թագավորի մարգարեությունը։

Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, կանչված որպես «Քրիստոսի անվան հատուկ վկա» (ՎևՈւ 107․23), հատուկ հանձնարարություններ ստանձնելով Հանրային կապերի և Հաղորդակցման ծառայությունների կոմիտեում, ես կարողանում եմ կենտրոնանալ այս մարգարեության իրականացման վրա, որ «Փրկիչի մասին գիտելիքը» տարածվի ողջ աշխարհում, օգտագործելով մեզ հասանելի արդի տեխնոլոգիաները։

«Ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ»

Պատմության մեջ տպագրության առաջընթացը և ռադիոյի ու հեռուստատեսության գյուտը հնարավորություն տվեցին, որ Վերականգնման ուղերձը տարածվի ողջ աշխարհում։ Մեզ հայտնի են բազմաթիվ նմանատիպ օրինակներ, որոնցից մի քանիսն առկա են մեր հիշողության մեջ։

Առաջին Տեսիլքից հետո 10 տարիների ընթացքում և Եկեղեցու հիմնադրումից մեկ ամիս առաջ հրատարակվել էր Մորմոնի Գրքի 5000 օրինակ։ Դրանից հետո տպագրվել է 175 միլիոնից ավելի օրինակ։

Ամեն կիրակի առավոտ դուք կարող եք լսել կամ դիտել Երաժշտություն և հոգևոր խոսք հեռարձակումը, որը մոտենում է իր 5000-րդ թողարկմանը։ Առաջին կենդանի հեռարձակումը տեղի է ունեցել ռադիոյով 1929 թվականին։ Գերագույն համաժողովի առաջին հեռարձակումը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1949 թվականին։

Հետաքրքիր է, որ 1966թ․ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը (1873–1970) սկսեց խոսել գալիք բաների մասին․ «Հայտնագործությունները, որոնք ծածուկ էին պահվում զորեղ ուժի կողմից, կամ օրհնություն կբերեն, կամ էլ կկործանեն մարդկությանը, ստիպելով մարդուն պատասխանատվություն կրել դրանց վերահսկման համար, որը գրեթե լիովին կհանձնվի մարդկության ձեռքը։ … Այս դարաշրջանը լի է անսահման վտանգներով, ինչպես նաև աներևակայելի հնարավորություններով»։1

1974թ․-ին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը (1895–1985) նկարագրել է գալիք օրվա իր տեսլականը․ «Տերն օրհնել է աշխարհը բազմաթիվ … արբանյակներով։ Դրանք տեղակայված են բարձր երկնքում, հեռարձակման ազդանշաններ վերադարձնելով երկրի մակերևույթի գրեթե բոլոր անկյուններին։ … Անշուշտ այդ արբանյակներն աղբյուրն են հետագա համաշխարհային հեռարձակման։ … Ես գիտեմ, որ Տերը ցանկանում է մեր ձեռքը տալ այնպիսի հայտնագործություններ, որ նույնիսկ մասնագետները դժվար կպատկերացնեին»։2

Կապի և լրատվամիջոցների ոլորտում տեխնոլոգիական նվաճումներն այժմ ավելի են ընդարձակվում համացանցի շնորհիվ, և կարծես մեր կյանքում մենք ականատես ենք դառնում Բենիամին թագավորի, Նախագահ Մակքեյի և Նախագահ Քիմբալի մարգարեությունների լիարժեք իրականացմանը։

Այս տեխնոլոգիաների կիրառման ճշգրիտ օրինաչափությունն ապահովում է Տիրոջ թագավորության կառուցումը երկրի վրա։ Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ նման մի օրինակով։

LDS.org և Mormon.org

1996թ․ Եկեղեցին պաշտոնապես սկսեց օգտագործել վեբ կայքերը որպես հաղորդակցման և կապի միջոց։ Այդ ժամանակից սկսած Եկեղեցին հովանավորել է մոտ 260 կայք, ներառելով կայքեր, որոնք մատչելի են գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են Եկեղեցու անդամներ, իրենց մայրենի լեզվով։

Ես կկիսվեմ այդ վեբ կայքերի երկու հայտնի օրինակներով։ Առաջինը LDS.org-ն է, հիմնադրված 1996թ․, որն այսօր ունի 24 միլիոնից ավելի նոր այցելուներ ամեն տարի և մոտավորապես 1 միլիոն այցելուներ ամեն շաբաթ։ Շատ անդամներ այստեղ գտնում են ուսումնական ծրագրեր և անցած գերագույն համաժողովի ելույթներ։ Երկրորդը Mormon.org-ն է, վեբ կայք, որը նախատեսված է մեր հարևաններին և ընկերներին ավետարանը ներկայացնելու համար, ովքեր եկեղեցու անդամ չեն։ Այս կայքը տարեկան ունենում է 16 միլիոնից ավելի հրաշալի այցելուներ։

Շարժական հավելվածներ

Նկար
phone with mobile apps

Նկարը՝ Getty Images-ի կողմից

Իհարկե տեխնոլոգիաները զարգանում են արագ տեմպերով, պահանջելով մեծ ջանքեր և ռեսուրսներ, որպեսզի պահպանվեն։ Սմարթ հեռախոսների գյուտի շնորհիվ հնարավորություն տրվեց ձեռքի տակ ունենալ, օգտագործել և մուտք գործել տվյալների հսկայական բազա։ Այդ տվյալների մեծ մասը տրվում են բջջային ծրագրերի կամ հավելվածների տեսքով։ Եկեղեցու կողմից հովանավորված առաջին հավելվածը թողարկվել է 2007 թվականին։

Կան բջջային հավելվածների օգտակար կիրառման բազմաթիվ օրինակներ մեր «Փրկիչի մասին գիտելիքը» տարածելու համար։ Ես չեմ նկարագրի բազմաթիվ հավելվածների բովանդակությունը, որոնք մատչելի են ձեր մատների հպումին, բայց ահա որոշ հավելվածների օրինակներ, որոնք հավանաբար ծանոթ են ձեզ․

  • Ավետարանի գրադարան

  • Մորմոնական ալիք

  • ՎՕՍ գործիքներ

  • ՎՕՍ երաժշտություն

  • Ընտանեկան տոհմածառ

Շաբաթական միլիոնավոր անգամներ միլիոնավոր օգտատերեր այցելում են այդ կայքերը։

Սոցիալական լրատվամիջոցներ

Ըստ սահմանման, սոցիալական լրատվամիջոցները համակարգչային միջնորդավորված տեխնոլոգիաներ են, որոնք անհատներին և կազմակերպություններին թույլ են տալիս տեսնել, ստեղծել և կիսվել տեղեկություններով, մտքերով և արտահայտման այլ ձևերով վիրտուալ համայնքների և ցանցերի միջոցով։

Սկսած մոտ 2010թ․-ից Եկեղեցին սկսեց մեծացնել սոցիալական լրատվամիջոցների օգտագործումը, որպեսզի տարածի «Փրկիչի մասին գիտելիքը»։ Սա արագ շարժվող և դինամիկ թվայնացված միջոց է։ Այն գրեթե անհամեմատելի է փոփոխության արագության առումով։

Սոցիալական լրատվամիջոցների նկատելի հատկանիշներից մեկն այն է, որ հենց մարդուն թվում է, թե ծանոթացել է կամ հարմարվել է մի ցանցային միջավայրի, ավելի նոր, ավելի մեծ կամ ավելի դյուրըմբռնելի մեկն է հայտնվում։

Ես հակիրճ կնկարագրեմ հինգ սոցիալականլրատվամիջոցների ցանցային միջավայրեր, որոնք Եկեղեցին օգտագործում է որպես կապուղի։

1. Facebook-ն աշխարհում ունի ավելի քան 2 միլիարդ օգտատեր։ Այստեղ օգտատերերը ստեղծում են առցանց ընկերների իրենց սեփական սոցիալական ցանցը։

2. Instagram-ը սոցիալական կայք է, որը կենտրոնանում է նկարների և տեսանյութեի վրա։

3. Pinterest-ը նման է վիրտուալ տեղեկատուի։ Այստեղ pins կոչվող պատկերները փակցվում են պաստառին։ Դրանք կարող են լինել ոգեշնչող արտահայտություններ կամ ուշագրավ պատկերներ։

4. Twitter-ը սոցիալական ցանց է, որն օգտատերերին թույլ է տալիս ուղարկել և կարդալ 280 գրանշան պարունակող կարճ ուղերձներ, որոնք կոչվում են tweets։

5. Snapchat-ն առաջարկում է նկարներ և կարճ տեսանյութեր, որոնք անհետանում են անմիջապես կամ 24 ժամվա ընթացքում։

Հիմնականում մենք օգտագործում ենք այս սոցիալական լրատվամիջոցների կայքերը արդյունավետ եղանակով։

Facebook

Դուք կարող եք վերանայել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի համաժողովի հրաշալի ուղերձը ընկճախտի մասին, որով նա կիսվել է մի քանի տարի առաջ։3 Նրա ելույթից մի տեսանյութ ստեղծվեց, որը երկու միլիոնից ավելի դիտում ունեցավ միայն Facebook-ում՝ արժանանալով հազարավորների հավանությանը, դրական ակնարկների և դրանով կիսվեցին։4

Instagram

Նկար
grandson in the cockpit

2016թ․ օգոստոսին Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը մի տեսանյութ տեղադրեց Instagram-ում, ուսուցանելով ավետարանի սկզբունքներն իր թոռնիկին՝ Էրիկին, ենթադրվում է օդաչուի խցիկից։5 Նախագահ Ուխդորֆի Instagram-ում տեղադրած նյութը վայելեցին հազարավոր մարդիկ և ուղարկեցին անհամար դրական մեկնաբանություններ։

2017 թվականի նոյեմբերին Եկեղեցին նույնպես իր Instagram-ում տեղադրեց տեսանյութ, որում Երեց Դալլին Հ․ Օուքսը և Երեց Մ․ Ռասսել Բալլարդը պատասխանում էին միսիայում քույրերի ծառայության մասին երիտասարդ կնոջ հարցին։ Այդ նյութը դիտվել էր ավելի քան 112000 անգամ։

Pinterest

Pinterest-ում կարելի է գտնել մարդկանց ոգեշնչող հարյուրավոր pins-եր LDS.org-ի կողմից, և նույնիսկ ավելին՝ անձամբ անդամներից։ Օրինակ, շատերը կիսվում են հին օրերի և ներկայիս մարգարեների խոսքերով։ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի ուսմունքներից վերցված pin-ում կարդում ենք․ «Կյանքում շատ բան կախված է մեր վերաբերմունքից»։6

Twitter

Անցած տարի Զատիկի տոնի առավոտյան Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի կիսված tweet-ը դիտել են 210000 անգամ։ Երեց Բեդնարը ցույց տվեց, որ կարճ, պարզ ուղերձը՝ «Այստեղ չէ. որովհետև հարություն առավ» (Մատթեոս 28.6), կարող է ունենալ հզոր և տևական ազդեցություն:

Snapchat

Ի վերջո, վերջերս նկարներ և խոսքեր հայտնվեցին Snapchat-ում, որոնք կիսում էին Նախագահ Մոնսոնի Առաջին Նախագահության ուղերձներից մեկը։

Համատեղ ռիսկեր

Այժմ, այս նոր տեխնոլոգիաների բոլոր արժանիքներն ընդգծելուց և դրանց համապատասխան օգտագործումը ցույց տալուց հետո, կարծում եմ, որ օգտակար է նաև դրանց հետ կապված որոշակի ռիսկերը քննարկել:

Մենք բոլորս պետք է վերահսկենք այն ժամանակը, որը կարելի է ծախսել սոցիալական լրատվամիջոցներում կամ բջջային հավելվածներում: Սոցիալական լրատվամիջոցների օգտագործումը նաև կրում է դեմ առ դեմ փոխգործակցության նվազեցման ռիսկ, որը կարող է խոչընդոտել մեր երիտասարդների սոցիալական հմտությունների զարգացմանը:

Անպարկեշտ բովանդակությամբ նյութերի հետ կապված վտանգները չպետք է թերագնահատել։ Հասարակության մեջ նկատվում է պոռնոգրաֆիայից կախվածության աճող համաճարակ, որը բացասաբար է անդրադառնում և զոհ դարձնում նույնիսկ Եկեղեցու անդամներին և ընտանիքներին։

Ի վերջո, ես կնշեմ ևս երկու վտանգներ, որոնց ցանցերը հասնում են գրեթե բոլորին, այդ թվում երիտասարդ կանանց և միլիոնավոր մայրերի ու կանանց։ Այս երկու վտանգները ես անվանում եմ «իդեալականացված իրականություն» և «անզորություն ներշնչող համեմատություններ»։ Այս երկու վտանգները նկարագրելու լավագույն միջոցը կարծում եմ օրինակներ բերելն է։

Ընդհանուր առմամբ սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարները հակված են կյանքը լավագույնս ներկայացնել և հաճախ նույնիսկ անիրատեսական կերպով։ Դրանք հաճախ լի են տան կահավորանքի գեղեցիկ պատկերներով, հիասքանչ հանգստավայրերով և ընտիր ճաշատեսակների պատրաստումով։ Վտանգը, իհարկե, կայանում է նրանում, որ շատերը հուսահատվում են, որ կարծես թե չեն համապատասխանում այս իդեալականացված վիրտուալ իրականությանը:

Ոգեշնչվելով «նրբաբլիթ» ծննդյան տորթի մի նկարով, զարմուհիս վերջերս տեղադրեց նման մի նկար։ Խուսափելով անհարկի ճնշումից, նա որոշեց ոգեշնչել ուրիշներին, փակցնելով իր «Pinterest fail»-ը տես նրբաբլիթի լուսանկարը:

Նկար
pancake fail

Հուսով եմ, կարող ենք սովորել ավելի շատ հումորով մոտենալ և ավելի քիչ հուսահատվել, երբ հանդիպում ենք նկարների, որոնք իրականությունը իդեալականացնում են և շատ հաճախ հուսահատեցնող համեմատությունների են մղում:

Ըստ երևույթին, այս խնդիրը չի վերաբերում միայն մեր ժամանակներին, այլ, դատելով Պողոսի խոսքերից, այն գոյություն է ունեցել նաև անցյալում․ «Այլ նորանք … իրանց անձերը չափելով, եւ իրանց անձերը իրանց հետ բաղդատելով, չեն հասկանում» (Բ Կորնթացիս 10․12

Յոթանասունից Երեց Ջ․ Դեվն Քորնիշը վերջերս նույնպես մի խորհուրդ տվեց, որը շատ ժամանակին էր․ «Մրցակցելով և համեմատվելով՝ մենք մեզ զուր տանջում ենք։ Մենք սխալմամբ մեր ինքնարժեքը որոշում ենք մեր ունեցած և չունեցած բաներով, ինչպես նաև ուրիշների կարծիքներով։ Եթե համեմատվելու կարիք ենք զգում, եկեք համեմատենք մեր անցյալը մեր ներկայի հետ և, նույնիսկ նրա հետ, թե ինչպիսին ենք ուզում լինել ապագայում»:7

Թույլ տվեք կիսվել իմ ընտանիքի մի գաղտնիքով, կապված ընտանեկան այս լուսանկարի հետ (տես հաջորդ էջը) որն արվել է տարիներ առաջ, նախքան սոցիալական լրատվամիջոցների ի հայտ գալը։ Եթե այն այսօր լուսանկարված լիներ, հավանաբար կտեղադրվեր համացանցում, ներկայացնելով չորս գեղեցկատես, դաստիարակված տղաների՝ ովքեր վայելում էին համերաշխ ընտանիքով միասին նկարվելու հնարավորությունը։ Կցանկանայի՞ք իմանալ իրական պատմությունը։

Նկար
Stevenson family photo

Ես դեռ հիշում եմ կնոջս հեռախոսազանգը։ «Գարի, որտե՞ղ ես։ Մենք լուսանկարչի ստուդիայում ենք։ Մենք արդեն պատրաստ ենք նկարվելու։ Հեշտ չէր տղաներին բոլորին պատշաճ հագցնելը և պատրաստելը։ Դու արդեն այստե՞ղ ես»:

Իրականում ես մոռացել էի և դեռ դուրս չէի եկել գրասենյակից։ Ես կես ժամ ուշացա, և իմ բացակայության ժամանակ ամեն բան չէ, որ լավ էր անցել, գրեթե քաոսային իրավիճակ էր ստեղծվել։

Ի՞նչ էր պատահել: Այսպիսով, իմ ավագ որդին վազել էր պարտեզում և մի խնձորենի գտել, քաղել մի քանիսը և սկսել նետել մյուս տղաներին։ Նա խնձորով հարվածել էր մեր երրորդ որդու մեջքին ու վայր գցել նրան, ուստի նա սկսել էր լաց լինել։

Նույն պահին, մինչ տեղի էր ունենում այդ ամենը, իմ երկրորդ որդին նստել էր, և նրա տաբատը մի փոքր բարձրացել էր։ Մյուս երեխաները նկատել էին, որ նա կրում էր սպիտակ սպորտային գուլպաներ, այլ ոչ թե եկեղեցու գուլպաները, որոնք նրա մայրը պատրաստել էր, որ նա հագներ։ Կինս հարցրել էր նրան․ «Ինչո՞ւ չես հագել քո եկեղեցու գուլպաները»։

Նա ասել էր․ «Դրանք ինձ դուր չեն գալիս, որովհետև կոշտ են»։

Եվ մինչ կինս խոսում է նրա հետ, մեր երկու տարեկան որդին վազում է պարտեզում, ոտքը հարվածում ինչ-որ բանի, ընկնում, և նրա քթից արյուն է գալիս։ Այժմ արյուն է կաթում նրա սպիտակ վերնաշապիկին և կեղտոտում այն։ Ահա այդ պահին էր, որ ես հայտնվեցի։ Նկարը հաջողելու միակ եղանակը վերնաշապիկը շրջելը և թարս հագնելն էր՝ խցիկից թաքցնելով արյան հետքերը։

Հետո պարզվեց, որ մինչ մեր ավագ որդին վազում և խնձորներ էր նետում, նա ընկել էր խոտերի մեջ և ծունկը կեղտոտել։ Ուստի, նկարի մեջ նրա ձեռքը նպատակային է դրված ոտքին, որպեսզի ծածկի խոտաբծերը։

Ինչ վերաբերում է մեր երրորդ որդուն, մենք սպասեցինք 20 րոպե, որպեսզի լացելուց հետո նրա աչքերի կարմրությունն անցներ։

Եվ իհարկե արյան բծերն այժմ գտնվում են մեր կրտսեր որդու վերնաշապիկի հետևի կողմում։

Մեր երկրորդ որդին ձեռքերը նպատակային դրել է իր սպորտային սպիտակ գուլպաների վրա, որպեսզի ամեն բան համահունչ ստացվի։

Ինչ վերաբերում է ինձ՝ Գարին զայրացած է, որովհետև իմ ուշանալու պատճառով պատահեց այդ ամենը։

Ուստի, երբ դուք տեսնում եք մեր ընտանիքի այս գեղեցիկ նկարը և գանգատվում՝ «Ինչո՞ւ մենք չենք կարողանում ամեն բան կազմակերպել և այս ընտանիքի նման կատարյալ նկարներ ունենալ», այժմ դուք ամեն բան ավելի լավ գիտեք։

Սոցիալական լրատվամիջոցներ և միսիոներական աշխատանք

Նկար
pointing at tablet

Նկարը՝ Getty Images-ի կողմից

Ինչպես տեսնում եք, մենք պետք է զգուշանանք վտանգներից, ինչպես նաև իդեալականացված իրականությունից և անզորություն ներշնչող համեմատություններից։ Աշխարհը սովորաբար պարզապես այնքան պայծառ չէ, որքան երևում է սոցիալականլրատվամիջոցներում։ Այնուամենայնիվ, կան շատ լավ բաներ, որոնք եկել են և կգան շփման այս ցանցերից։

2017 թվականին Միսիոներական բաժանմունքը նոր հրահանգ տվեց գործնական եղանակների վերաբերյալ, թե ինչպես կարող է սոցիալական լրատվամիջոցն օգտագործվել միսիոներական աշխատանքում։ Մեզ հասանելի բազմաթիվ թվային աղբյուրներ կարող են օգտագործվել զորեղ, հեշտ, պարզ և բացառապես արդյունավետ եղանակներով։

Գոյություն ունեն տեխնոլոգիաների օգտագործման բազմաթիվ պատշաճ և ոգեշնչված եղանակներ։ Մենք պիտի անենք ամեն բան, որ աճող սերնդին ուսուցանենք օգտագործել տեխնոլոգիաներն արդար նպատակի համար և նախազգուշացնենք ու կանխենք անարդար նպատակներով օգտագործումը, ինչպես նաև դրա հետ կապված վտանգները: Սա կօգնի մեզ հավաստիանալ, որ տեխնոլոգիաների տված օգուտը կգերազանցի դրանց հետ կապված վտանգներին։

«Ինչ հաճելի են սուրհանդակները»

Մինչ խորհում և սրտանց աղոթում էի այս ուղերձի համար, մի առավոտ ես վաղ արթնացա՝ մտքում ունենալով մի երգ և դրա բառերը․ «Ինչ հաճելի են սուրհանդակները, որ քարոզում են մեզ խաղաղության ավետարանը»։8

Մենք ունենք խաղաղության ուղերձ, և դուք եք հաճելի սուրհանդակները, ովքեր քարոզում են այն։ Դուք կարող եք անել դա տեխնոլոգիաների նոր և զվարճալի ուղիներով։ Մենք ապրում ենք եզակի աշխարհում ժամանակների լրության օրերում՝ հնարավորություն ունենալով քարոզելու խաղաղության ավետարանը պարզապես մեր մատներով։

Մենք ունենք հնօրյա մարգարեների մարգարեական խոսքերը, որոնք կատարելապես նկարագրում են մեր օրերը և առաջնորդություն տալիս մեր օրերում․ «Եվ դեռ ավելին, ես ասում եմ ձեզ, որ պիտի գա ժամանակը, երբ մի Փրկչի մասին գիտելիքը պիտի տարածվի ամենուր՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ» (Մոսիա 3․20

Մենք նաև ունենք խոսքեր, որոնք տրվում են մեզ մեր ժամանակների հայտնություններով, խոսելով և առաջնորդություն տալով մեր ժամանակերի և իրավիճակների համար։ Մեջբերում եմ Երեց Բեդնարի խոսքերը․ «Ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, երբ մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, պետք է պատշաճ ձևով օգտվենք այդ ոգեշնչված գործիքներից և ավելի արդյունավետ վկայենք Աստծո` Հավերժական Հոր, Իր զավակների հանդեպ Նրա երջանկության ծրագրի և որպես աշխարհի Փրկիչ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, հռչակենք այս վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին և իրականացնենք Տիրոջ աշխատանքը»։9

Ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին լիարժեք գիտակցել ձեր դերը, որպես հաճելի սուրհանդակներ՝ քարոզել խաղաղության ավետարանը։ Թող մեզանից յուրաքանչյուրն անի իր բաժինը, կիսելով «Փրկիչի մասին գիտելիքը» բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և մարդկանց հետ։ Լավագույն եղանակը քայլ առ քայլ այն կատարելն է առանձնահատուկ ձևով, որը լավագույնն է ձեր և ձեր ընտանիքի համար։ Թող ձեզանից յուրաքանչյուրը քաջություն ունենա blog, pin, like, share, post, friend, tweet, snap և swipe up-ի միջոցով փառաբանել, պատվել և ակնածանք ցուցաբերել մեր սիրառատ Երկնային Հոր կամքի նկատմամբ և Փրկիչի մասին գիտելիք բերել ձեր ընտանիքին, սիրելիներին և ընկերներին՝ ներառյալ ձեր սոցիալական կայքերի ընկերներին։

Հղումներ

  1. David O. McKay, in Conference Report, Oct. 1966, 4.

  2. Spencer W. Kimball, “When the World Will Be Converted,” Ensign, Oct. 1974, 11, 10.

  3. Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ինչպես կոտրված անոթ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 40–42:

  4. Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մորմոնական ուղերձ․ Ինչպես կոտրված անոթ», հունիս 20, 2016, mormonnewsroom.org։

  5. Տես «Նախագահ Ուխդորֆը թռիչքը համեմատում է Ավետարանի հետ՝ ներկայացնելով տեսանյութ թոռնիկի հետ», սեպտեմբեր 30, 2016, LDS.org։

  6. Թոմաս Ս․ Մոնսոն, «Ապրել լիառատ կյանք», Լիահոնա, հունվար 2012, 4։

  7. Ջ․ Դեվն Քորնիշ, «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ: Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն:» Լիահոնա, նոյեմբեր 2016, 33:

  8. «Ինչ հաճելի են սուրհանդակները», hymnary.org։

  9. Դեյվիդ Ա․ Բեդնար, «Հեղեղել երկիրը հասարակական լրատվամիջոցներով», Լիահոնա, օգոստոս 2015, 50, տես նաև Դեյվիդ Ա․ Բեդնար, «Մաքրել երկիրը ջրհեղեղի պես», (տեսանյութ), LDS.org։