2018
Ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները և գայթակղությունները
April 2018


Ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները և գայթակղությունները

Պատահո՞ւմ է այնպես, որ ձեր շրջապատում գտնվող մարդիկ ազդում են ձեզ վրա և գայթակղում են ձեզ։ Ինչպե՞ս եք դուք հաղթահարում ձեզ շրջապատող վատ ազդեցությունները և գայթակղությունները։ Ահա երեք երիտասարդ չափահասների պատասխանները։ Իսկ դուք ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցերին։

Տաթևիկ Շաբոյան, Արաբկիր ճյուղ Ես սովորաբար ընտրում եմ իմ շրջապատը և չեմ գտնվում այնպիսի մարդկանց մեջ, ովքեր կփորձեն գայթակղել ինձ անելու ոչ ճիշտ բաներ: Երբ մարդը կայացած է իր արժեհամակարգով և ունի ամուր հավատ առ Աստված, շրջապատի գայթակղությունները չեն կարող ազդեցություն ունենալ նրա կյանքում:

Կան տարբեր միջոցներ վատ ազդեցության տակ չընկնելու համար: Գտնում եմ, որ մեզ տրվում է ուժ Տիրոջից, եթե իրոք անկեղծ միտումով խնդրում ենք: Պետք է նաև ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները, ծառայել, շրջապատել մեզ ճիշտ մարդկանցով: Աստծո տված ուժը ավելի զորեղ է, քան աշխարհիկ գայթակղությունների ազդեցությունը:

Էրիկ Գասպարյան, Արաբկիր ճյուղ. Աստծուն՝ մեզ սիրող Հորն իմանալն ու Նրա ծրագրում մեր դերը հասկանալը փոխում է դժվարությունների հանդեպ մեր վերաբերմունքը։ Մենք գիտենք, որ Նրա ծրագիրը իրական հավերժական ծրագիր է։ Նա սիրող և հոգատար է: Աղոթքը առաջնային նշանակություն ունի փորձությունները հաղթահարելու և զորանալու գործում։

Շատ կարևոր է, որ մենք՝ մարդիկ, հաստատակամ լինենք Փրկիչին հետևելու մեր որոշման մեջ, այդ դեպքում ոչ ոք զորություն չի ունենա մեզ շեղելու ուղուց: Վերջերս, երբ շատ դժվար էր մեզ համար, մեզ օգնեց ՎևՈւ 84.88 հատվածը մտապահելը. «Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և հրեշտակները ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»։

Մենք ուժեղ ենք որպես ամուսիններ, երբ աղոթքի մեջ ենք ու միշտ կենտրոնացած ենք աստվածային սիրո ու արժեքների վրա՝ այն սիրո, որը հեշտությամբ չի գրգռվում և չի փնտրում իրենը, այլ լի է ողորմությամբ ու համբերությամբ։

Գրիգոր Գալդունց, Աջափնյակ ճյուղ. Իրականում այդ հարցերի հիմքը գիտելիքի ու վկայության խորությունն է, հիմնականում՝ իմաստության խոսքի, մաքրաբարոյության օրենքի ու առաքինի վարքի առումով: Դրանցից էլ գալիս են հարցերի պատասխանները: Որքան խորն է այդ գիտելիքն ու վկայությունը, այնքան մարդ ավելի անսասան է շրջապատից եկող գայթակղությունների դեմ: Մենք էլ, փոխադարձաբար, ազդում ենք շրջապատի վրա՝ օգնելով մարդկանց իմանալ ու պահել Աստծո պատվիրանները և գալ դեպի Քրիստոսը: