2018
Մկրտության սկզբունքները
April 2018


Մկրտության սկզբունքները

Չնայած մկրտությունը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, մի քանի հասկացություններ օգնում են մեզ հասկանալ, թե Տերն ինչու է կանչել 70000 միսիոներների «ուսուցանելու ապաշխարություն և մկրտելու նորադարձներին»:

Հետևյալ երեք սկզբունքներն օգնում են մեզ գնահատել մկրտության կարևորությունը մեր կյանքում. առաջին՝ Քրիստոսը սահմանեց մկրտության կանոնները և օրինակով ցույց տվեց դրանք, երկրորդ՝ մկրտությունը այն դարպասն է, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսի քավությունը, երրորդ՝ մենք ուխտ ենք կապում, հնարավորություն տալով, որ օրհնությունները մուտք գործեն մեր կյանք:

Մկրտությունը պատվիրան է

Միգուցե մենք չենք հասկանում մկրտվելու բոլոր պատճառները, սակայն դրա անհրաժեշտությունը կասկածի տակ չի դրվում: Քրիստոսը ցույց տվեց, որ նույնիսկ կատարելությունը չի վերացնում այս արարողության անհրաժեշտությունը: Նույնիսկ նրա զարմիկը՝ Հովհաննես Մկրտիչը, կասկածի տակ առավ մկրտության անհրաժեշտությունը, ասելով. «Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: Բայց, հասկանալով, Հիսուսը պատասխանեց. «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութւին կատարենք»:

Նեփին ուսուցանում է այս պահանջը. «Եվ ահա, եթե Աստծո Գառը, լինելով սուրբ, պիտի կարիք ունենար մկրտվել ջրով՝ կատարելու ամեն արդարություն, Օ՜, ուրեմն՝ լինելով անսուրբ, որքա՜ն ավելի շատ կարիք ունենք մենք՝ մկրտվելու, այո՛, հենց ջրով» (2 Նեփի 31.5)։

Կյանքում հանդիպում են որոշ իրավիճակներ, երբ մենք պետք է համապատասխանենք որոշակի չափանիշների, որպեսզի ստանանք օրհնությունները: Վարորդական իրավունք ստանալու համար դուք պետք է լինեք օրենքով պահանջվող համապատասխան տարիքում: Բժիշկը պետք է բժշկական կրթություն ստանա, նախքան կզբաղվի բժշկական պրակտիկայով: Մկրտությունը այն առաջին արարողությունն է, որն անհրաժեշտ է, որպեսզի կանգնենք դեպի Աստված տանող ճանապարհի վրա:

Մկրտությունն իր հետ ներում է բերում

Խոսելով Գեդեոնի ժողովրդի հետ, Ալման ուսուցանեց, որ մկրտությունն անհրաժեշտ է մեր մեղքերից թողություն ստանալու համար: Նա ասաց. «Արդ, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ապաշխարեք և վերստին ծնվեք, քանզի Հոգին ասում է՝ եթե դուք չծնվեք վերստին, դուք չեք կարող ժառանգել երկնքի արքայությունը. հետևաբար, եկեք և մկրտվեք ապաշխարության համար, որպեսզի կարողանաք լվացված լինել ձեր մեղքերից, որպեսզի կարողանաք ունենալ հավատք առ Աստծո Գառը, որը վեր է առնում աշխարհի մեղքը, որը հզոր է փրկելու ու ամեն անարդարությունից սրբելու» (Ալմա 7.14)։

Ուստի, Հիսուս Քրիստոսի և Նրա քավության հանդեպ հավատը մեզ արտոնում է սկսել ապաշխարության գործընթացը: Ապա, իշխանություն ունեցողի կողմից կատարվող մկրտությունը բացում է դուռը, թույլ տալով, որ Հիսուս Քրիստոսի քավությունը ուժի մեջ մտնի:

Այն մեզ ընկերակից է դարձնում Քրիստոսի հետ: Առանց այս ընկերակցության, դեպի կատարելագործում կատարած մեր յուրաքանչյուր քայլը պարզապես վարքագծի փոփոխության դրսևորում է: Չնայած դրանք լավ փոփոխություններ են, սակայն չեն մաքրում նախկինում մեր կատարած սխալների պատճառով մեր հոգուն հասցված վնասը: Մեր մեղքերի թողությունը տեղի է ունենում միայն, երբ մենք հրավիրում և ընդգրկում ենք Հիսուս Քրիստոսին մեր կյանք՝ նախ մկրտության արարողության, ապա հաղորդությունը ընդունելու միջոցով: Այս ճանապարհով է Հիսուս Քրիստոսի Քավությունը սկսում է գործել մեր կյանքում:

Ինչպես նորածին երեխաներին են կոչում իրենց ծնողների անունով, այնպես էլ մենք, երբ «վերստին ծնվում ենք», մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունն ու դառնում «Քրիստոնյաներ»: Մենք խոստանում ենք ձգտել ապրել Նրա նման, և երբևէ չարատավորել Նրա անունը:

Մկրտության ուխտը օրհնություններ է բերում

Երբ Ալման իր նորադարձներին առաջնորդում էր դեպի Մորմոնի ջրերը, նա նկարագրեց չորս օրհնությունները, որոնք ստանում ենք՝ կախված այն բանից, թե որքանով ենք մենք պահում ուխտի մեր բաժինը, որը կապում ենք մեր ընկերակցի հետ: Առաջինը՝ փրկագնում Աստծո կողմից. Աստված կլինի մեր ընկերակիցը՝ մինչ մենք Երկրի վրա ենք: Երկրորդ՝ կընդգրկվենք առաջին հարության մեջ. մենք իրավունք կունենանք մտնել սելեստիալ արքայություն: Երրորդ՝ հավերժական կյանք. մենք իրավունք կունենանք հավերժ ապրել մեր ընտանիքների հետ: Չորրորդ՝ Նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք. Սուրբ Հոգու պարգևը մեզ կօգնի այս ամբողջ կյանքում:

Երբեմն ունկնդիրները հարցնում են միսիոներներից՝ արդյոք իրենք պետք է հետաձգեն մկրտությունը մինչև ավելի մեծ տարիքը, որպեսզի մկրտությունն ավելի արդյունավետ մաքրի իրենց մեղքերից: Չնայած այս մտածողությունը սխալ է շատ կողմերից, կարևոր է հասկանալ, որ առանց մկրտության դուք չեք ունենա Աստծուն՝ որպես ձեզ ընկերակից և չեք ստանա Սուրբ Հոգու մշտական պարգևը:

Բացի այդ, մաքրագործող ազդեցությունը, որը գալիս է ապաշխարությունից և Հիսուս Քրիստոսի քավությունից, չի կարող լինել իրենց կյանքի մասը և չի ունենա այն սփոփիչ գիտելիքը, որ պահելով պատվիրանները, նրանք իրավունք կունենան հավերժ միասին ապրել իրենց ընտանիքի հետ Երկնային Հոր արքայությունում: Անիմաստ կլինի նույնիսկ մեկ օրով հետաձգել այս բոլոր օրհնությունները:

Մենք երջանիկ ենք, որ ժամանակակից մարգարեների և լրացուցիչ սուրբ գրությունների միջոցով հասկանում ենք և գիտենք, որ մկրտությունը անհրաժեշտ է յուրաքանչյուրին, և այն բերում է մեծ օրհնություններ և հավաստիացում, որ մենք արդար ճանապարհի վրա ենք: