2018
My way to be Happy
April 2018


Երջանկության իմ ուղին

Սուրբ Հոգին երբեք մեզ չի լքում, եթե մենք Նրան հրավիրում ենք մեր կյանք։

Սրանից 13 տարի առաջ ընտանիքով Ռուսաստանից վերադարձանք Հայաստան՝ բնակվելու և մեր կյանքը նորովի սկսելու հայրենիքում։ 2004 թվականին շատ գործարաններ և ձեռնարկություններ չէին գործում Հայաստանում։ Մայրս անհանգիստ էր մեզ համար, որովհետև ես և ամուսինս երկու՝ 8 և 10 տարեկան երեխաների հետ էինք։ Եվ դեռևս միակ հույսը մեր աղոթքներն էին և ծոմը, որի պատասխանը ես ստացել էի երազի միջոցով ՝ ես և ամուսինս աշխատանք կունենանք այստեղ։

Հույսը մեր սրտում, ժամանեցինք հայրենիք և շարունակում էինք դեռ աղոթել ու խնդրել Աստծուն աշխատանքի համար։ Ես կարդացի Մորմոնի գրքից մի հատված, թե արդյոք մեզանից յուրաքանչյուրը մի մուրացկան չէ Աստծո առաջ։ Այո, այդ օրերին մի բան եմ միայն հիշում, որ ծնկի իջած աղերսում էի Աստծուն, որ մի աշխատանք գտնեմ։ Կարճ ժամանակ անց ամուսինս տեղավորվեց աշխատանքի մի դպրոցում, իսկ ես շատ ցածր վարձատրությամբ մի աշխատանք գտա (շաբաթական 1500 դրամ (3 դոլար))։ Մենք սկսեցինք վաստակել մեր հանապազորյա հացը, բայց ես միշտ հիշում էի Աստծո խոստումները․ եթե ես ազնիվ տասանորդ վճարեմ, բաժին հանեմ աղքատներին իմ ունեցվածքից, Աստված կբացի «երկնքի պատուհանները, և դուրս [կ]թափի [ինձ] համար օրհնություն, այնպես որ բավականաչափ տեղ չլինի՝ ընդունելու այն» (3 Նեփի 24.10):

Ես հավատում եմ, որ եթե Հանգստության օրը սուրբ պահեմ, ես միշտ աշխատանք կունենամ։ Եթե ես ազնիվ լինեմ մարդկանց հետ իմ հարաբերություններում, միշտ իմ վարձքը կստանամ։ Եթե ես միշտ պահեմ Իմաստության Խոսքը, Աստված ինձ միշտ առողջ կպահի և ես կվազեմ և չեմ հոգնի։ Եվ վերջապես, եթե ես միշտ ծառայեմ Տիրոջը Նրա Եկեղեցում, Նա միշտ հոգ կտանի իմ և իմ ընտանիքի համար, պահելով մեզ Իր ուղիների վրա։

Հետագայում ես ձեռք բերեցի ևս մեկ աշխատանք և Աստծո խոստումներն իրականացան։