Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 45


Բաժին 45

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցուն, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մարտի 7-ին (History of the Church, 1.158–163): Իր այս հայտնությունն արձանագրելիս, որպես նախաբան, Մարգարեն հաղորդում է, որ «Եկեղեցու այս ժամանակաշրջանում…. բազմաթիվ կեղծ զեկույցներ…. և անմիտ պատմություններ էին հրատարակվել…. և տարածվել…. մարդկանց խանգարելու նպատակով, որ չհետաքրքրվեն այս աշխատանքով կամ չընդունեն այս հավատքը…. Բայց ի ուրախություն Սրբերի…. ես ստացա հետևյալը» (History of the Church, 1.158):

1–5՝ Քրիստոսը մեր բարեխոսն է Հոր առաջ. 6–10՝ Ավետարանը Տիրոջ առաջ ճանապարհ պատրաստող պատգամաբեր է. 11–15՝ Ենովքն ու նրա եղբայրները Տիրոջ կողմից վերցվել են իր մոտ. 16–23՝ Քրիստոսը հայտնեց իր գալստյան նշանները, ինչպես տվել էր Ձիթենյաց սարի վրա. 24–38՝ Ավետարանը կվերականգնվի, հեթանոսների ժամանակը կլրանա և ամայացնող մի հիվանդություն կպատի երկիրը. 39–47՝ Երկրորդ Գալուստը պիտի ուղեկցվի նշաններով, զարմանալիքներով և Հարությամբ. 48–53՝ Քրիստոսը կկանգնի Ձիթենյաց սարի վրա, և հրեաները կտեսնեն նրա ձեռքերի ու ոտքերի խոցերը. 54–59՝ Տերը կթագավորի հազարամյակի ընթացքում. 60–62՝ Մարգարեին հրահանգվել է սկսել Նոր Կտակարանի թարգմանությունը, որի միջոցով կարևոր տեղեկություններ են հայտնի դարձվելու. 63–75՝ Սրբերին պատվիրվում է՝ հավաքվել և կառուցել Նոր Երուսաղեմը, ուր բոլոր ազգերից ժողովուրդներ պիտի գան:

1 Ականջ դրեք, ո՛վ իմ եկեղեցու ժողովուրդ, որին տրվել է արքայությունը. ականջ դրեք և ականջալուր եղեք նրան, ով դրել է երկրի հիմքը, ով արարել է երկինքները և նրա բոլոր զորքերը, և ում միջոցով արարվել են բոլոր բաները, որ ապրում են, և շարժվում են, և կան:

2 Եվ կրկին ասում եմ. Ականջ դրեք իմ ձայնին, չլինի թե մահը վրա հասնի ձեզ. մի ժամի, երբ դուք չեք կարծում՝ ամառը կանցնի և հունձքը կավարտվի, իսկ ձեր հոգիները չեն փրկվի:

3 Լսեք նրան, որ ձեր բարեխոսն է Հոր առաջ, որը նրա առաջ պաշտպանում է ձեր դատը,–

4 Ասելով. Հա՛յր, տե՛ս տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես. տե՛ս Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ փառավորվես.

5 Ուստի, Հա՛յր, խնայիր իմ այս եղբայրներին, որ հավատում են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ հավիտենական կյանք:

6 Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, և դո՛ւք, երեցնե՛ր, ունկնդրեք միասին և լսեք իմ ձայնը, քանի դեռ կոչվում է՝ այսօր, և մի կարծրացրեք ձեր սրտերը.

7 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես եմ Ալֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը՝ լույսը և կյանքն աշխարհի,– լույս, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն:

8 Ես եկա յուրայինների մոտ, և յուրայիններն ինձ չընդունեցին. բայց նրանց բոլորին, ովքեր ընդունեցին ինձ, ես զորություն տվեցի՝ գործելու բազում հրաշքներ և դառնալու Աստծո որդիներ. և նույնիսկ նրանց, ովքեր հավատացին իմ անվանը, ես զորություն տվեցի ստանալու հավերժական կյանք:

9 Եվ ճիշտ այդպես, ես աշխարհ եմ ուղարկել իմ հավիտենական ուխտը, որ լույս լինի աշխարհին, և չափանիշ լինի իմ ժողովրդի համար, և հեթանոսների համար, որպեսզի փնտրեն նրան, և պատգամաբեր լինի իմ երեսի առաջ, որ ճանապարհ պատրաստի իմ առաջ:

10 Ուստի, եկեք դեպի նա, և նրա հետ, ով գալիս է, ես կտրամախոսեմ, ինչպես հին օրերի մարդկանց հետ, և ես ձեզ ցույց կտամ իմ հզոր տրամաբանությունը:

11 Ուստի, ականջ դրեք միասին և թույլ տվեք ձեզ ցույց տալ իմ իսկ իմաստությունը,– իմաստությունը նրա, ում դուք ասում եք, որ Ենովքի և նրա եղբայրների Աստվածն է,

12 Որոնց առանձնացրեցի երկրից և վերցրեցի ինձ մոտ,– մի քաղաք՝ պահպանված, մինչև արդարության օրը կգա,– օր, որը փնտրում էին բոլոր սուրբ մարդիկ, և նրանք չգտան այն՝ ամբարշտության և պղծությունների պատճառով.

13 Եվ նրանք խոստովանեցին, որ օտարներ և պանդուխտներ են երկրի վրա.

14 Բայց խոստում ստացան, որ մարմնի մեջ կգտնեն և կտեսնեն այն:

15 Ուստի, ականջ դրեք, և ես կտրամաբանեմ ձեզ հետ և կխոսեմ ձեզ հետ ու կմարգարեանամ, ինչպես հին օրերի մարդկանց հետ:

16 Եվ ես ձեզ պարզորոշ ցույց կտամ այն, ինչպես ցույց տվեցի իմ աշակերտներին, երբ կանգնած էի նրանց առաջ, մարմնի մեջ, և խոսում էի նրանց հետ՝ ասելով. Քանի որ դուք հարցրեցիք ինձ իմ գալստյան նշանների վերաբերյալ, այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, երկնքի ամպերի մեջ՝ կատարելու համար ձեր հայրերին տված իմ խոստումները,

17 Քանզի, որովհետև ձեր ոգիների երկարատև բացակայությունը ձեր մարմիններից դուք համարեցիք գերություն, ես ցույց կտամ ձեզ, թե փրկագնման օրն ինչպես պիտի գա, և նաև ցրված Իսրայելի վերականգնումը:

18 Եվ արդ դուք տեսնում եք այս տաճարը, որը Երուսաղեմում է, որը դուք կոչում եք Աստծո տուն, և ձեր թշնամիներն ասում են, որ այս տունը երբեք չի ընկնի:

19 Սակայն, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ամայացում պիտի գա այս սերնդի վրա, ինչպես գողը գիշերով, և այս ժողովուրդը պիտի կործանվի ու ցրվի բոլոր ազգերի մեջ:

20 Եվ այս տաճարը, որն այժմ տեսնում եք, պիտի քանդվի, այնպես որ քարը քարին չի մնա:

21 Եվ պիտի լինի այնպես, որ հրեաների այս սերունդը չպիտի անցնի, մինչև ամեն ամայացում, որ ձեզ ասացի նրանց վերաբերյալ, չիրականանա:

22 Դուք ասում եք, որ գիտեք, որ աշխարհի վերջը գալիս է. դուք ասում եք նաև, որ գիտեք, որ երկինքներն ու երկիրը պիտի անցնեն.

23 Եվ դուք ճիշտ եք ասում, քանզի դա այդպես է. բայց այդ բաները, որոնք ձեզ ասացի, չեն անցնի, մինչև բոլորը չկատարվի:

24 Եվ սա ձեզ ասացի Երուսաղեմի վերաբերյալ. և երբ այդ օրը գա, մնացորդն էլ պիտի ցրվի բոլոր ազգերի մեջ.

25 Բայց նրանք կրկին պիտի հավաքվեն. սակայն նրանք պիտի մնան, մինչև հեթանոսների ժամանակը լրանա:

26 Եվ այդ օրը պատերազմներ և պատերազմների համբավներ կլսվեն, և ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի, և մարդկանց սրտերը կնվաղեն, և նրանք կասեն, որ Քրիստոսն իր գալն ուշացնում է մինչ երկրի վախճանը:

27 Եվ մարդկանց սերը կսառչի և անօրինությունը կշատանա:

28 Եվ երբ հեթանոսների ժամանակները գան, լույս կծագի խավարում նստածների մեջ, և դա կլինի իմ ավետարանի լրիվությունը.

29 Բայց նրանք դա չեն ընդունում. քանզի նրանք չեն ըմբռնում լույսը, և մարդկանց ցուցումների պատճառով իրենց սրտերը շրջում են ինձանից:

30 Եվ այդ սերնդում հեթանոսների ժամանակը կլրանա:

31 Եվ կլինեն մարդիկ, որոնք կապրեն այդ սերնդում, որոնք չեն անցի, մինչև չտեսնեն տարածվող խարազանը. քանզի մի ամայացնող հիվանդություն կպատի երկիրը:

32 Բայց իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի. բայց ամբարիշտների միջից մարդիկ կբարձրացնեն իրենց ձայները և կհայհոյեն Աստծուն ու կմահանան:

33 Եվ նաև երկրաշարժեր և շատ ամայացումներ կլինեն տարբեր տեղերում. այնուամենայնիվ, մարդիկ կկարծրացնեն իրենց սրտերն իմ դեմ, և նրանք սուր կբարձրացնեն մեկմեկու դեմ և կսպանեն մեկմեկու:

34 Եվ արդ, երբ ես՝ Տերս, այս խոսքերն ասացի իմ աշակերտներին, նրանք խռովվեցին:

35 Եվ ես ասացի նրանց. Մի՛ խռովվեք, քանզի, երբ բոլոր այս բաները տեղի ունենան, դուք կարող եք իմանալ, որ խոստումները, որոնք տրվել էին ձեզ, կկատարվեն:

36 Եվ երբ լույսն սկսի ծագել, նրանց հետ պիտի լինի ինչպես մի առակում, որը ես ցույց կտամ ձեզ,–

37 Դուք նայում և տեսնում եք թզենու ծառերը, և դուք այն տեսնում եք ձեր աչքերով, և երբ նրանք սկսում են բողբոջել և տերևներ արձակել, ասում եք, որ ամառը մոտ է՝ առ ձեռն.

38 Ճիշտ այդպես էլ կլինի այն օրը, երբ նրանք կտեսնեն բոլոր այս բաները, այն ժամանակ նրանք կիմանան, որ ժամը մոտ է.

39 Եվ կլինի այնպես, որ նա, ով երկյուղում է ինձանից, պիտի սպասի Տիրոջ մեծ օրվա գալստին, նույնիսկ Մարդու Որդու գալստյան նշաններին:

40 Եվ նրանք կտեսնեն նշաններ ու զարմանալիքներ, քանզի դրանք պիտի ցույց տրվեն վերևում՝ երկինքներում և ներքևում՝ երկրի վրա:

41 Եվ նրանք կտեսնեն արյուն, և կրակ, և ծխի մեգ:

42 Եվ նախքան Տիրոջ մեծ օրվա գալը, արեգակը պիտի խավարեցվի, և լուսինը դարձվի արյուն, և աստղերը վայր պիտի ընկնեն երկնքից:

43 Եվ մնացորդը պիտի հավաքվի այս վայրում.

44 Եվ այն ժամանակ նրանք կփնտրեն ինձ, և ահա, ես կգամ. և նրանք կտեսնեն ինձ երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ փառք հագած. բոլոր սուրբ հրեշտակների հետ. և նա, ով չի սպասում ինձ, պիտի կտրվի:

45 Սակայն մինչ Տիրոջ բազկի ընկնելը, հրեշտակը պիտի հնչեցնի իր փողը, և ննջեցյալ սրբերն առաջ պիտի գան՝ ամպի մեջ ինձ դիմավորելու:

46 Ուստի, եթե դուք ննջել եք խաղաղության մեջ, օրհնված եք դուք. քանզի ինչպես որ այժմ դուք տեսնում եք ինձ և գիտեք, որ ես եմ, ճիշտ այդպես էլ պիտի գաք դուք ինձ մոտ, և ձեր հոգիները պիտի ապրեն, և ձեր փրկագնումը պիտի կատարելագործվի. և սրբերն առաջ պիտի գան աշխարհի չորս կողմերից:

47 Այն ժամանակ Տիրոջ բազուկը կընկնի ազգերի վրա:

48 Եվ այն ժամանակ Տերն իր ոտքը կդնի այս սարի վրա, և այն միջից կպատռվի, և երկիրը կդողա ու կերերա այս ու այն կողմ, և երկինքները նույնպես կցնցվեն:

49 Եվ Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն. և երկրի ազգերը պիտի սգան, և նրանք, ովքեր ծաղր էին անում, պիտի տեսնեն իրենց անմտությունը:

50 Եվ աղետը պիտի պատի ծաղրողներին, և արհամարհողները պիտի այրվեն. և նրանք, ովքեր անօրինություն անելու համար արթուն են, պիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն:

51 Եվ այն ժամանակ հրեաները կնայեն ինձ և կասեն. Այս ի՞նչ խոցեր են քո ձեռքերին ու քո ոտքերին:

52 Այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը. Քանզի ես կասեմ նրանց. Այս խոցերն այն խոցերն են, որոնցով ես խոցվեցի իմ բարեկամների տանը: Ես նա եմ, որին բարձրացրեցին: Ես Հիսուսն եմ, որին խաչեցին: Ես Աստծո Որդին եմ:

53 Եվ այն ժամանակ նրանք լաց կլինեն իրենց անօրինությունների համար. այն ժամանակ նրանք կողբան, որովհետև նրանք հալածել էին իրենց թագավորին:

54 Եվ այն ժամանակ հեթանոս ազգերը կփրկագնվեն, և նրանք, ովքեր ոչ մի օրենք չեն իմացել, բաժին կունենան առաջին հարության մեջ. և նրանց համար հեշտ կլինի:

55 Եվ Սատանան պիտի կապվի, այնպես որ, նա տեղ չի ունենա մարդկանց զավակների սրտերում:

56 Եվ այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, կկատարվի առակը, որը ես խոսեցի տասը կույսերի վերաբերյալ:

57 Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը:

58 Եվ երկիրը պիտի տրվի նրանց, որպես ժառանգություն. և նրանք պիտի բազմանան ու զորանան, և նրանց զավակները պիտի մեծանան առանց մեղքի՝ ի փրկություն:

59 Քանզի Տերը պիտի լինի նրանց մեջ, և նրա փառքը պիտի լինի նրանց վրա, և նա պիտի լինի նրանց թագավորն ու նրանց օրենսդիրը:

60 Եվ այժմ, ահա, ես ասում եմ քեզ, որ քեզ չի տրվելու իմանալ այս գլխի մասին ավելին, մինչև որ Նոր Կտակարանը չթարգմանվի, և նրա մեջ բոլոր այս բաները հայտնի կդարձվեն.

61 Ուստի ես քեզ տալիս եմ, որ այժմ դու կարող ես այն թարգմանել, որ դուք կարողանաք պատրաստվել գալիք բաներին:

62 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մեծ բաներ են սպասվում ձեզ.

63 Դուք լսում եք օտար երկրների պատերազմների մասին. սակայն, ահա, ես ասում եմ ձեզ, որ դրանք մոտ են, անգամ ձեր դռան շեմին, և ոչ շատ տարիներ անց դուք կլսեք պատերազմների մասին ձեր իսկ երկրում:

64 Ուստի ես՝ Տերս, ասացի. Հավաքվեք արևելյան հողերից, ժողովվեք միասին, դո՛ւք, իմ եկեղեցո՛ւ երեցներ. առաջ գնացեք դեպի արևմտյան շրջանները, կոչ արեք բնակիչներին՝ ապաշխարել, և որքան որ նրանք ապաշխարեն, եկեղեցիներ կառուցեք ինձ համար:

65 Եվ մեկ սրտով ու մեկ մտքով հավաքեք ձեր հարստությունները, որ կարողանաք ժառանգություն գնել, որը հետագայում պիտի նշանակվի ձեզ համար:

66 Եվ այն պիտի կոչվի Նոր Երուսաղեմ՝ խաղաղության հող, ապաստանի քաղաք, Բարձրյալ Աստծո սրբերի ապահովության վայր:

67 Եվ Տիրոջ փառքը պիտի լինի այնտեղ, և նաև Տիրոջ ահը պիտի լինի այնտեղ, այնպես որ ամբարիշտները չեն գա այնտեղ, և այն պիտի կոչվի Սիոն:

68 Եվ ամբարիշտների մեջ կլինի այնպես, որ ամեն մի մարդ, որն իր սուրը չի վերցնի իր մերձավորի դեմ, անպայման պիտի փախչի Սիոն՝ ապահովության համար:

69 Եվ այնտեղ հավաքված կլինեն երկնքի տակի ամեն ազգից. և այն կլինի միակ ժողովուրդը, որ պատերազմի մեջ չի լինի մեկը մյուսի հետ:

70 Եվ ամբարիշտների մեջ պիտի ասվի. Եկեք չգնանք ճակատամարտելու Սիոնի դեմ, քանի որ Սիոնի բնակիչներն ահեղ են. ուստի մենք չենք կարող դիմանալ:

71 Եվ կլինի այնպես, որ արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից և պիտի գան Սիոն՝ երգելով հավիտենական ուրախության երգեր:

72 Եվ արդ, ես ասում եմ ձեզ. Պահեք այս բաները, որ դուրս չգնա աշխարհ, մինչև որ ինձ նպատակահարմար կլինի, որ դուք կարողանաք իրագործել այս աշխատանքը մարդկանց աչքի առաջ, և ձեր թշնամիների աչքի առաջ, որ նրանք չիմանան ձեր գործերի մասին, մինչև որ դուք չավարտեք այն, ինչ ձեզ պատվիրեցի.

73 Որ երբ նրանք իմանան այդ մասին, որ նրանք կարողանան խորհրդածել այդ բաների վերաբերյալ:

74 Քանզի երբ Տերը հայտնվի, նա ահարկու կլինի նրանց համար, այնպես որ երկյուղը կպատի նրանց, և նրանք կկանգնեն հեռվում ու կդողան:

75 Եվ բոլոր ազգերը պիտի վախենան Տիրոջ ահից և նրա զորության հզորությունից: Ճիշտ այդպես: Ամեն: