2016
Ինքներդ ձեզ տաճարում տեսեք

Ինքներդ ձեզ տաճարում տեսեք

Ես աղոթում եմ, որ մենք բոլորս ակնածանք ունենանք առ Փրկիչն ու կատարենք ցանկացած անհրաժեշտ փոփոխություն «ինքներս մեզ տաճարում տեսնելու համար»:

Տիրոջ փրկության ծրագրի առաջընթացը ժամանակների լրության այս տնտեսությունում գրեթե վեր է հասկացողությունից:1 Սա բացատրվում է այս համաժողովի նիստի ընթացքում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հայտարարած 4 նոր տաճարներով: Երբ 1963 թվականին Նախագահ Մոնսոնը կանչվեց ծառայելու որպես Առաքյալ, աշխարհում ընդամենը 12 գործող տաճար կար:2 Պրովոյի Կենտրոնական տաճարի նվիրագործումից հետո այժմ 150 տաճար կա, և կլինի 177, երբ բոլոր հայտարարված տաճարները նվիրագործվեն: Սա մեզ համար խոնարհաբար ուրախանալու առիթ է:

Հարյուր ութսուն տարի առաջ, հենց այս օրը` 1836 թվականի ապրիլի 3-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին մի փառահեղ տեսիլք բացվեց Կիրթլենդի տաճարում: Սա տեղի ունեցավ տաճարի նվիրագործումից ուղիղ մեկ շաբաթ անց: Այս տեսիլքում նրանք տեսան Տիրոջը՝ տաճարում ամբիոնի բազրիքի վրա կանգնած: Այլ բաների հետ մեկտեղ, Տերը հայտարարեց.

«Թող իմ ողջ ժողովրդի սիրտը ցնծա, որ իրենց զորությամբ կառուցել են այս տունն իմ անվան համար:

Քանզի ահա, ես ընդունել եմ այս տունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը»:3

Այդ սրբազան իրողության ընթացքում հայտնվեցին հնագույն մարգարեները, ներառյալ Եղիան, ով շնորհեց տաճարային արարողությունների համար անհրաժեշտ բանալիները:

Մենք և´ անդամների, և´ միսիոներների հետ միասին ուրախանալու առիթ ունենք, որ սա տեղի է ունենում Էկվադորի Կիտո քաղաքում, Զիմբաբվեի Հարարե քաղաքում, Բրազիլիայի Բելեն քաղաքում և երկրորդ տաճարը Պերուի Լիմա քաղաքում` հիմնված այն բանի վրա, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Թաիլանդի Բանգկոգ քաղաքում, երբ հայտարարվեց այդտեղի տաճարը: Քույր Շելի Սինիորը, այդ ժամանակ Թաիլանդի Բանգկոգ միսիայի նախագահի՝ Դավիթ Սինիորի կինը, էլեկտրոնային նամակ գրեց ընտանիքին ու ընկերներին, որպեսզի պատմի, որ երբ նա ու իր ամուսինը լսեցին Նախագահ Մոնսոնի՝ տաճարի մասին հայտարարությունը, այնտեղ նրանք ունեցան «12 անքուն ժամեր ու երջանկության արցունքներ»: Նրանք գիշերը ժամը 11:30-ին զանգահարեցին իրենց միսիայի օգնականներին և տեղեկացրին այդ մասին: Օգնականները զանգահարեցին բոլոր միսիոներներին: Նրանք տեղեկացան, որ «ամբողջ միսիան արթուն է եղել կեսգիշերին` իրենց մահճակալների վրա ցատկոտելիս»: Քույր Սինիորը կատակով զգուշացրեց ընտանիքին ու ընկերներին. «Խնդրում եմ, այս մասին չասեք Միսիոներական բաժնին»:4

Հավասարապես զորեղ էր նաև Թաիլանդի անդամների խորը հոգևոր արձագանքը: Ես վստահ եմ, որ այն վայրերում, որտեղ այս նոր հայտարարված տաճարները կտեղակայվեն, մարդկանց սրտերում և տներում եղել են հոգևոր նախապատրաստվածություններ և սրբերին նախապատրաստելու համար երկնքից հայտնություններ:

| |

Թաիլանդում Քույր Սինիորն ուներ հատուկ փոքր հայելիներ իր ուսուցումների համար, որոնք կիրառում էր հատկապես քույրերին ուսուցանելիս: Հայելու վրա տաճար էր կետագծված և գրված էին հետևյալ բառերը. «Ինքներդ ձեզ տաճարում տեսեք»: Երբ մարդիկ նայում էին հայելու մեջ, իրենք իրենց տաճարում էին պատկերացնում: Սինիորները սովորեցնում էին լսողներին ու անդամներին իրենք իրենց տաճարում պատկերացնել և այդ նպատակին հասնելու համար կատարել ապրելակերպի անհրաժեշտ փոփոխություններն ու հոգևոր նախապատրաստվածությունը:

Այս առավոտ իմ հորդորն է մեզանից յուրաքանչյուրին, որտեղ էլ որ մենք ապրում ենք, ինքներս մեզ տաճարում տեսնենք: Նախագահ Մոնսոնն ասել է. «Եթե չեք մտել Տիրոջ տուն և չեք ստացել բոլոր օրհնությունները, որ սպասում են ձեզ այնտեղ, դուք ձեռք չեք բերել այն ամենը, ինչ Եկեղեցին է առաջարկում: Եկեղեցու անդամության ամենակարևոր և պսակող օրհնություններն Աստծո տաճարներում ստացվող օրհնություններն են»:5

Անկախ նրանից, որ այսօր աշխարհում արդարության պակաս կա, մենք ապրում ենք սուրբ ու նվիրական ժամանակներում: Մարգարեները դարեր շարունակ մեծ սիրով ու փափագով են նկարագրել մեր օրերը:6

Մարգարե Ջոզեֆ Սմիթը Հին Կտակարանում Աբդիայի7 և Նոր Կտակարանում Ա Պետրոսի8 խոսքերը վկայակոչելիս, ընդունեց Աստծո մեծ նպատակը, մահացածների համար մկրտություն ապահովելն ու Սիոն Լեռան վրա մեզ փրկիչներ արտոնելը:9

Տերը հաջողություն է տվել մեր ժողովրդին և տրամադրել է միջոցներ ու մարգարեական առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք անվեհեր լինել ողջերի ու մահացածների համար մեր տաճարային պարտականությունները կատարելիս:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ մենք հասկանում ենք կյանքի նպատակը, Հոր փրկության ծրագիրն Իր զավակների համար, Փրկիչի քավիչ զոհաբերությունը և ընտանիքների կարևոր դերը երկնքի կազմակերպությունում:10

Տաճարների աճող թիվը առաջատար տեխնոլոգիաների հետ մեկտեղ օգնում են մեզ իրականացնել մեր նախնիների համար ընտանեկան պատմության մեր սրբազան պատասխանատվությունը`դարձնելով սա ողջ պատմության մեջ ամենաօրհնյալ ժամանակահատվածը: Ես հրճվում եմ մեր երիտասարդների զարմանալի հավատարմությամբ, երբ նրանք ինդեքսավորում ու գտնում են իրենց նախնիներին և այնուհետև տաճարում կատարում են մկրտության ու հաստատման աշխատանքը: Դուք բառացիորեն մարգարեցված փրկիչներն եք Սիոն Լեռան վրա:

Ինչպե՞ս ենք պատրաստվում տաճար գնալուն

Մենք գիտենք, որ արդարակեցությունն ու սրբագործումը տաճարի համար պատրաստվելու անհրաժեշտ նախադրյալներն են:

Վարդապետություն և Ուխտերի 97-րդ բաժնում ասվում է. «Եվ որքան որ իմ ժողովուրդը Տիրոջ անունով տուն կառուցի ինձ համար, և թույլ չտա, որ որևէ անմաքուր բան մտնի այնտեղ, որպեսզի այն չապականվի, իմ փառքը պիտի հանգչի դրա վրա»:11

Տաճարի սրբությունը պաշտպանելու համար, մինչև 1891 թվականը Եկեղեցու Նախագահն ինքն էր ստորագրում տաճարային երաշխավորագիրը: Այդ պատասխանատվությունն այնուհետև լիազորվեց եպիսկոպոսներին ու ցցերի նախագահներին:

Մեր մեծագույն ցանկությունն է, որ Եկեղեցու անդամները տաճարային երաշխավորագրի համար արժանի ապրեն: Խնդրում եմ, մի համարեք տաճարը հեռավոր ու գուցե անհասանելի մի նպատակ: Շատ անդամներ, աշխատելով իրենց եպիսկոպոսի հետ, համեմատաբար կարճ ժամանակում կարողանում են բավարարել բոլոր արդարացի պահանջները, եթե ունեն արժանի լինելու և մեղքերից ապաշխարելու վճռականություն: Սա ներառում է ինքներս մեզ ներելու պատրաստակամությունը և մեր թերությունների կամ մեղքերի վրա չկենտրոնանալը` մեզ համարելով անարժան սրբազան տաճար երբևէ մտնելու համար:

Փրկիչի Քավությունը կատարվեց Աստծո բոլոր զավակների համար: Նրա քավիչ զոհաբերությունը բավարարում է արդարադատության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր հիրավի ապաշխարում են: Սուրբ գրության հատվածները ամենագեղեցիկ ձևով են նկարագրում սա.

«Եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձյունի պէս պիտի սպիտականան»:12

«Եվ … այլևս պիտի չյիշեմ»:13

Մենք հավաստիացնում ենք ձեզ, որ արդար սկզբունքներով ապրելը երջանկություն, բավարարվածություն ու խաղաղություն է բերում ձեզ և ձեր ընտանիքին: Ե´վ չափահաս, և´ երիտասարդ14 անդամներն իրենք15 հաստատում են իրենց արժանավորությունը` տաճարային երաշխավորագրի հարցերին պատասխանելիս: Անհրաժեշտ պահանջն է` Աստծո` Երկնային Հոր, Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի Վերականգնման մասին մեր վկայության ամրացումը ու Սուրբ Հոգու սպասավորումը զգալը:

Տաճարի օրհնություններն անհամար են

Տաճարի ամենակարևոր օրհնությունները վեհացման արարողություններն են: Ավետարանի ծրագիրը վեհացման մասին է և ներառում է Աստծո հետ սրբազան ուխտեր կապելն ու պահելը: Ողջերի համար մկրտությունից ու հաստատումից բացի, այս արարողություններն ու ուխտերը կատարում և ստանում են տաճարում: Մահացածների համար փրկության բոլոր արարողություններն ու ուխտերը կապվում են տաճարում:

Բրիգամ Յանգն ուսուցանել է. «Չկա որևէ բան, որ Տերը կարող էր անել մարդկային ընտանիքի փրկության համար, որը Նա անուշադրության է մատնել, … այն ամենը, ինչ կարող էր իրագործվել նրանց փրկության համար, նրանցից անկախ, իրագործվել է Փրկիչի միջոցով ու Նրա կողմից»:16

Եկեղեցու ղեկավարները կազմավորում են ցցեր, ծխեր, քվորումներ, Եկեղեցու օժանդակ կազմակերպություններ, միսիաներ և այլ կազմակերպություններ մեր հավաքատներում և ուրիշ կառույցներում: Տերը կազմավորում է հավերժական ընտանիքներ միայն տաճարներում:

Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի, ովքեր հիրավի ապաշխարել են իրենց մեղքերը, լիովին ընդունելի են Տիրոջ մոտ` Նրա սուրբ տանը:17 Մենք գիտենք, որ «Աստուած աչառ չէ»:18 Տաճարի հետ կապված ամենահրաշալի բաներից մեկը, որը ես սիրում եմ, այն է, որ այնտեղ գնացողների համար չկա հարստության, դասակարգի կամ պաշտոնի տարբերություն: Մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ: Բոլորը սպիտակ են հագնված, որը նշանակում է, որ մենք մաքուր ու արդար ժողովուրդ ենք:19 Բոլորը նստում են կողք կողքի` իրենց սրտերում փափագելով լինել սիրառատ Երկնային Հոր արժանի որդիներն ու դուստրերը:

Cordoba Argentina Temple

Պարզապես մտածեք, ողջ աշխարհի կանայք ու տղամարդիկ կարող են «սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողությունների ու ուխտերի [միջոցով ապահովել իրենց] … վերադարձը դեպի Աստծո ներկայությունն ու … հավերժական միասնությունը»:20 Նրանք սա անում են մի գեղեցիկ սրբազան կնքման սենյակում, որը մատչելի է տաճարին արժանի բոլոր անդամներին: Այս ուխտերը կապելուց հետո նրանք կարող են «իրենց տեսնել տաճարի» հայելիների մեջ, որոնք իրար դիմաց են: «Տաճարի հայելիները միասին արտացոլում են պատկերները, և թվում է, թե դրանք տարածվում են հավերժության մեջ»:21 Այս արտացոլված պատկերներն օգնում են մեզ խորհել ծնողների, պապիկների ու տատիկների և բոլոր նախորդ սերունդների մասին: Դրանք մեզ օգնում են հասկանալ սրբազան ուխտերը, որոնք մեզ կապում են մեր գալիք սերունդների հետ: Սա չափազանց կարևոր է և սկսվում է, երբ դուք «ձեզ տաճարում եք տեսնում»:

Cordoba Argentina Temple

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը մեզ խորհուրդ է տվել «մտածել Կիրթլենդի տաճարի նվիրագործման մեծ աղոթքի փառահեղ ուսմունքների մասին, մի աղոթք, որը, ըստ Մարգարե Ջոզեֆ Սմիթի, իրեն հայտնությամբ է տրվել: Դա մի աղոթք է, որի պատասխանը շարունակում է տրվել մեզ՝ անձնապես, մեզ՝ որպես ընտանիքների, և մեզ` որպես մի ժողովրդի, քահանայության շնորհիվ, որը Տերը տվել է մեզ` օգտագործելու Իր սուրբ տաճարներում»:22 Լավ կլիներ, որ մենք ուսումնասիրեինք Վարդապետություն և Ուխտերի 109-րդ բաժինը և հետևեինք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հորդորին` «հիմնել տաճարը, որպես մեր անդամակցության մեծ խորհրդանիշ»:23

Տաճարը նաև ապահովության, գոհաբանության, ուսուցման և հասկացողության վայր է, «որպեսզի մենք կատարելագործվենք երկրի վրա Աստծո արքայությանը վերաբերող բոլոր բաներում»:24 Իմ կյանքի ընթացքում այն եղել է հանգստության ու խաղաղության մի վայր աշխարհում, որն իրոք խառնաշփոթի մեջ է:25 Հրաշալի է դուրս թողնել աշխարհիկ հոգսերն այդ սրբազան վայրից:

Հաճախ տաճարում, ինչպես նաև ընտանեկան պատմության ուսումնասիրությամբ զբաղվելիս, մենք զգում ենք Սուրբ Հոգու հուշումներն ու Նրա առաջացրած տպավորությունները:26 Երբեմն տաճարում մեր և մյուս կողմում գտնվողների միջև վարագույրը շատ բարակ է դառնում: Մենք հավելյալ աջակցություն ենք ստանում Սիոն Լեռան վրա փրկիչներ լինելու մեր ջանքերում:

Մի քանի տարի առաջ Կենտրոնական Ամերիկայի տաճարներից մեկում մեր պատվավոր Գերագույն Իշխանավորներից մեկի կինն օգնում էր մի հոր, մոր և նրանց զավակներին կապել հավերժական ուխտեր կնքման սենյակում, որտեղ տեղադրված են տաճարի հայելիները: Երբ նրանք վերջացրին ու նայեցին դեպի այդ հայելիները, նա նկատեց, որ հայելու մեջ մի դեմք կար, ով սենյակում չէր: Նա հարցրեց մորը և իմացավ, որ նրանց դուստրը մահացել է, և հետևաբար, ֆիզիկապես այդտեղ չէ: Դրանից հետո մահացած դուստրը փոխանորդի միջոցով նույնպես ընդգրկվեց այդ սրբազան արարողության մեջ:27 Երբեք մի թերագնահատեք տաճարում վարագույրի մյուս կողմից տրամադրած աջակցությունը:

Խնդրում եմ, իմացեք, թե որքան շատ ենք մենք ցանկանում, որ յուրաքանչյուրդ կատարեք ցանկացած անհրաժեշտ փոփոխություն տաճարին արժանի լինելու համար: Աղոթքով վերանայեք, թե ձեր կյանքում որտեղ եք կանգնած, փնտրեք Հոգու առաջնորդությունը և խոսեք ձեր եպիսկոպոսի հետ տաճար գնալու պատրաստվելու մասին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Չկա ավելի կարևոր նպատակ ձեզ համար, քան ձգտել արժանի դառնալ տաճար գնալուն»:28

Փրկիչը «մեր հավատքի ու Իր Եկեղեցու գլխավոր անսասան անկյունաքարն է»

Երկու ամիս առաջ ես արտոնություն ունեցա Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետ մասնակցել Ֆիջիի Սուվա տաճարի վերանվիրագործմանը: Դա մի հատուկ, սրբազան իրողություն էր: Նախագահ Այրինգի խիզախությունը և զորեղ հոգևոր տպավորությունները թույլ տվեցին, որպեսզի վերանվիրագործումը շարունակվեր` չնայած Հարավային կիսագնդում երբևէ գրանցված ամենավատ ցիկլոնի սպառնալիքին: Երիտասարդները, միսիոներները և անդամներն ապահովվեցին ֆիզիկական և հոգևոր պաշտպանությամբ:29 Տիրոջ ձեռքը լիովին ակնհայտ էր: Ֆիջիի Սուվա տաճարի վերանվիրագործումը ապաստան էր փոթորիկից: Հաճախ, երբ մենք մեր կյանքում փոթորիկներ ենք ունենում, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Տիրոջ ձեռքը հավերժական պաշտպանություն ապահովում:

Ֆիջիի Սուվա տաճարի նախնական նվիրագործումը 2000 թվականի հունիսի 18-ին նույնպես ուշագրավ էր: Երբ տաճարի կառուցումը մոտենում էր ավարտին, կառավարության անդամները մի խումբ ապստամբների կողմից պատանդ վերցվեցին: Սուվայի կենտրոնը ենթարկվեց կողոպուտի ու հրի մատնվեց: Զինվորականությունը ռազմական դրություն հայտարարեց:

Որպես Տարածքային Նախագահ, ես, Ֆիջիի չորս ցցերի նախագահների հետ մեկտեղ, գնացի և հանդիպեցի ռազմական ղեկավարների հետ Էլիզաբեթ թագուհու անվան զորանոցում: Երբ մենք բացատրեցինք ներկայացված նվիրագործման մասին, նրանք ընդունեցին, սակայն մտահոգված էին Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ապահովության համար: Նրանք խորհուրդ տվեցին անցկացնել կարճ նվիրագործում` տաճարից դուրս առանց որևէ իրադարձության, ինչպես օրինակ` անկյունաքարի արարողությունը: Նրանք նշեցին, որ տաճարից դուրս ցանկացած մարդ կարող է հնարավոր բռնության թիրախ դառնալ:

Նախագահ Հինքլին իրականացրեց նվիրագործման մի համառոտ նիստ տաճարի նոր նախագահության և մի քանի տեղական ղեկավարների հետ. վտանգի պատճառով ուրիշ ոչ ոք չէր հրավիրվել: Այնուամենայնիվ, նա կտրականապես ասաց. «Եթե մենք նվիրագործում ենք տաճարը, մենք պետք է ունենանք անկյունաքարի արարողությունը, քանի որ Հիսուս Քրիստոսն է գլխավոր անկյունաքարը, և սա Նրա Եկեղեցին է»:

Երբ մենք իրականում դուրս եկանք անկյունաքարի արարողության համար, այնտեղ չկային ոչ հյուրեր, ոչ երեխաներ, ոչ զանգվածային լրատվամիջոցներ և այլոք: Սակայն հավատարիմ մարգարեն ցույց տվեց իր խիզախությունն ու անսասան նվիրվածությունն առ Փրկիչը:

Ավելի ուշ Նախագահ Հինքլին, Փրկիչի մասին խոսելիս, ասաց. «Չկա որևէ մեկը, ով հավասար է Նրան: Երբեք չի եղել: Երբեք չի էլ լինի: Շնորհակալություն Աստծուն` Իր Սիրելի Որդուն պարգևելու համար, ով տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք ապրել, և ով մեր հավատքի ու Իր Եկեղեցու գլխավոր, անսասան անկյունաքարն է»:30

Եղբայրներ ու քույրեր, իմ աղոթքն է, որ մենք բոլորս ակնածանք ունենանք առ Փրկիչն ու կատարենք ցանկացած անհրաժեշտ փոփոխություն «ինքներս մեզ տաճարում տեսնելու համար»: Այդպես վարվելով, մենք կկարողանանք իրականացնել Նրա սրբազան նպատակներն ու ինքներս մեզ ու մեր ընտանիքներին նախապատրաստել Տիրոջ ու Իր Եկեղեցու բոլոր օրհնություններին, որ Տերն ու Իր Եկեղեցին կարող են շնորհել այս կյանքում և հավերժությունում: Ես բերում եմ իմ հաստատուն վկայությունը, որ Փրկիչն ապրում է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 112.30–32:

  2. 12-րդ տաճարը` Անգլիայի Լոնդոն տաճարը, նվիրագործվել է 1958 թվականի սեպտեմբերի 7-ին:

  3. Վարդապետություն և Ուխտեր 110.6–7:

  4. Shelly Senior, email, Apr. 6, 2015.

  5. Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ Տաճար` փարոս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 93:

  6. Տես Եսայիա 2.2:

  7. Տես Աբդիա 1.21:

  8. Տես Ա Պետրոս 4.6:

  9. Տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 409։

  10. Տես Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 177, 192–93։

  11. Վարդապետություն և Ուխտեր 97.15, տես նաև 17-րդ հատվածը:

  12. Եսայիա 1.18:

  13. Երեմիա 31.34:

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 59.23:

  15. Բացի երաշխավորագրից, որոնք կրում են օժտումը ստացած չափահասները, արժանի երիտասարդներն ու օժտումը դեռ չստացած չափահասները կարող են ստանալ մահացածների համար մկրտություն կատարելու սահմանափակ օգտագործման երաշխավորագիր: Երկու երաշխավորագրերն էլ պահանջում են այն ստացողի ստորագրությունը, որը հաստատում է իրենց անձնական արժանավորությունը: Սահմանափակ օգտագործման երաշխավորագիրը վավերական է մեկ տարի, և հնարավորություն է տալիս եպիսկոպոսության անդամներին ամեն տարի յուրաքանչյուր անձնավորության հետ քննարկել իրենց արժանավորությունը:

  16. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 29.

  17. Տես Վարդապետություն և Ուխտեր 58.42:

  18. Գործք Առաքելոց 10.34, տես նաև Մորոնի 8.12, Վարդապետություն և Ուխտեր 1.35, 38.16:

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 100.16:

  20. Ընտանիք. հայտարարություն աշխարհին, Լիահոնա, նոյ. 2010, 129:

  21. Ջերիթ Վ. Գոնգ, «Տաճարի հավերժության հայելիները. վկայություն ընտանիքի մասին», Լիահոնա, նոյ. 2010, 37:

  22. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր, (2015), 212:

  23. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր, (2015), 203:

  24. Տես Վարդապետություն և Ուխտեր 97.13–14:

  25. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26–27:

  26. Մենք հաճախ անդրադառնում ենք սրան` որպես Եղիայի Հոգուն: Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ Եղիայի Հոգին «Սուրբ Հոգու դրսևորումն է, որը վկայում է ընտանիքի աստվածային էության մասին» (“A New Harvest Time,” Ensign,May 1998, 34):

  27. Օգտագործվում է թույլտվությամբ:

  28. Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ Տաճար` փարոս աշխարհին», 93:

  29. Այլ կղզիներից բերված միսիոներներին ու երիտասարդներին տեղակայեցին Եկեղեցու ապահով դպրոցներում ու շինություններում, և նրանք ապահով էին Վինսթոն ցիկլոնի ազդեցությունից:

  30. Gordon B. Hinckley, “Four Cornerstones of Faith,” Լիահոնա, Feb. 2004, 4–5.