2016
Զավակն եմ ես Աստծո

Զավակն եմ ես Աստծո

Մեր երկնային ժառանգության վերաբերյալ ճիշտ հասկացողությունն առանցքային դեր ունի վեհացման համար։

Մեր ամենահիմնական վարդապետությունը ներառում է այն գիտելիքը, որ մենք կենդանի Աստծո զավակներն ենք։ Ահա, թե ինչու Նրա ամենասուրբ անուններից մեկն է Հայր՝ Երկնային Հայր։ Այս վարդապետությունը դարեր շարունակ պարզ կերպով ուսուցանվել է մարգարեների կողմից․

  • Սատանայի կողմից փորձվելով՝ Մովսեսը սաստեց նրան, ասելով․«Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծո որդի եմ»։1

  • Դիմելով Իսրայելին՝ Սաղմոսացը հայտարարել է․«Ամենքդ Բարձրելոյ որդիք էք»։2

  • Պողոսը Արիսպագոսում աթենացիներին ուսուցանեց, որ նրանք «Նորա ազգիցն են»։3

  • Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Հորը և Որդուն, և երկնային մի ձայն հայտարարեց, որ աշխարհի բնակիչները «ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո»։4

  • 1995 թվականին 15 ապրող առաքյալներ և մարգարեներ հաստատեցին․ «Բոլորն արարված են Աստծո պատկերով։ Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»։5

  • Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է․ «Մենք կենդանի Աստծո որդիներն ու դուստրերն ենք։ … Մենք չենք կարող անկեղծորեն հավատալ դրան, եթե չապրենք ուժի ու զորության մի նոր խորը զգացում»։6

Այս վարդապետությունն այնքան կարևոր է, այնքան հաճախ է հայտարարվել և այնքան պարզ է, որ կարող է սովորական թվալ, երբ իրականում այն ամենաարտասովոր գիտելիքներից մեկն է, որ մենք կարող ենք ձեռք բերել։ Մեր երկնային ժառանգության վերաբերյալ ճիշտ հասկացողությունն առանցքային դեր ունի վեհացման համար։ Շատ կարևոր է հասկանալ փրկության փառահեղ ծրագիրը և հավատալ Հոր Առաջնեկին՝ Հիսուս Քրիստոսին և Նրա ողորմած Քավությանը։7 Բացի այդ, այն ապահովում է մշտական շարժառիթ, որպեսզի մենք կապենք և պահենք մեր անփոխարինելի հավերժական ուխտերը։

Կարծում եմ, որ այս ժողովի գրեթե բոլոր մասնակիցները կարող են հենց հիմա, առանց տեքստի և երաժշտության երգել «Աստծո զավակն եմ» օրհներգը։8 Այս սիրված օրհներգը շատ հաճախ են երգում այս Եկեղեցում։ Սակայն կարևորագույն հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք իսկապես գիտենք դա։ Արդյո՞ք մենք գիտենք դա մեր մտքում, մեր սրտում և մեր հոգում։ Արդյո՞ք մեր երկնային ծագումը մեր ինքնության առաջին և ամենամեծ հատկանիշն է։

Այստեղ` երկրի վրա, զանազան առումներով մենք ներկայացնում ենք ինքներս մեզ, ներառելով մեր ծննդավայրը, մեր ազգությունը և մեր լեզուն։ Ոմանք ներկայանալիս նաև նշում են իրենց մասնագիտությունը կամ սիրած զբաղմունքը։ Այս աշխարհիկ նկարագրությունները սխալ չեն, եթե միայն դրանք չեն գերազանցում կամ խանգարում մեր հավերժական ինքնությանը, որը Աստծո որդի կամ դուստր լինելն է։

Երբ մեր կրտսեր դուստրը վեց տարեկան էր և սովորում էր առաջին դասարանում, նրա ուսուցիչը երեխաներին հանձնարարեց դասարանային մի գրավոր աշխատանք։ Հոկտեմբեր ամիսն էր՝ Halloween-ի ամիսը, տոն, որը նշվում է աշխարհի որոշ մասերում։ Չնայած դա իմ սիրած տոնը չէ, կարծում եմ, որ Halloween-ը կարող է ունենալ որոշ անմեղ և փրկագնող տարրեր։

Ուսուցիչն իր աշակերտներին բաժանել էր թերթիկներ, որոնց վերևի մասում պատկերված էր առասպելական մի կախարդ (ես ասացի ձեզ, որ սա իմ սիրած տոնը չէ), որ կանգնած էր եռացող կաթսայի վերևում։ Երեխաների երևակայությունը խթանելու և նրանց գրելու տարրական հմտությունները ստուգելու համար թերթիկի վրա տրված էր մի հարց․ «Դուք հենց նոր մի բաժակ խմել եք կախարդի պատրաստած եփուկից։ Ի՞նչ կպատահի ձեզ հետ»։ Խնդրում եմ հասկանալ, որ այս պատմությամբ չեմ կիսվում որպես ուսուցիչներին տրվող մի խորհուրդ։

«Դուք հենց նոր մի բաժակ խմել եք կախարդի պատրաստած եփուկից։ Ի՞նչ կպատահի ձեզ հետ»։ Գործադրելով գրելու իր լավագույն ջանքերը՝ մեր փոքրիկը գրեց․ «Ես կմահանամ ու կգնամ երկինք։ Ինձ դուր կգա այդ վայրը։ Հաճելի կլինի լինել այնտեղ, քանի որ դա լավագույն վայրն է, որտեղ մենք կարող ենք լինել, քանի որ այնտեղ մենք կլինենք մեր Երկնային Հոր հետ»։ Այս պատասխանը հավանաբար անակնկալի բերեց նրա ուսուցչին։ Ինչևէ, երբ մեր դուստրը տուն բերեց կատարված առաջադրանքը, մենք տեսանք, որ նա աստղիկ էր ստացել՝ ամենաբարձր գնահատականը։

Կյանքում մենք հանդիպում ենք իրական, այլ ոչ թե երևակայական դժվարությունների։ Մենք զգում ենք ֆիզիկական, էմոցիոնալ և հոգու ցավ։ Մենք վշտանում ենք, երբ հանգամանքները մեր սպասածից խիստ տարբերվում են։ Անարդարություն ենք համարում, երբ հայտնվում ենք մի իրավիճակում, որին ըստ մեզ` արժանի չենք։ Հիասթափություն ենք ապրում, երբ մեկը, ում վստահում էինք, լքում է մեզ։ Կան առողջական և ֆինանսական անհաջողություններ, որոնք կարող են ապակողմնորոշող լինել։ Կարող են լինել ժամանակներ, երբ վարդապետական կամ պատմական որոշ հարցեր այդ պահին վեր կլինեն մեր հասկացողությունից։

Երբ կյանքում հանդիպում ենք դժվարությունների, ո՞րն է մեր առաջին արձագանքը։ Արդյո՞ք մենք շփոթվում ենք, կասկածում կամ հոգևոր անկում ապրում։ Արդյո՞ք այն անսպասելի ցնցում է դառնում մեր հավատքի համար։ Մենք մեղադրո՞ւմ ենք Աստծուն կամ ուրիշներին մեր վիճակի համար։ Թ՞ե մենք առաջին հերթին հիշում ենք, թե ով ենք մենք, որ մենք սիրառատ Աստծո զավակներն ենք։ Արդյո՞ք այն ուղեկցվում է լիակատար վստահությամբ, որ Նա թույլ է տալիս որոշակի աշխարհիկ տառապանքներ, քանի որ Նա գիտի, որ դա կօրհնի մեզ, ինչպես մաքրողի կրակը՝ դառնալու Նրա նման և ստանալու մեր հավերժական ժառանգությունը։9

Վերջերս ես մի ժողովի մասնակցեցի, որտեղ ուսուցանում էր Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը։ Ուսուցանելով այն մասին, որ մահկանացու կյանքը կարող է տառապանքներով լի լինել, և որ մեր դժվարություններն ունեն հավերժական նպատակ, եթե նույնիսկ մենք դա չենք հասկանում տվյալ պահին, Երեց Հոլլանդն ասաց․ «Դուք կարող եք ունենալ այն, ինչ ուզում եք կամ դուք կարող եք ունենալ ավելի լավ մի բան»։

Հինգ ամիս առաջ ես և կինս՝ Դայանան, գնացինք Աֆրիկա Երեց և Քույր Բեդնարների հետ։ Վեցերորդ և վերջին երկիրը, ուր մենք այցելեցինք, Լիբերիան էր։ Լիբերիան հրաշալի երկիր է՝ ազնիվ մարդկանցով և հարուստ պատմությամբ, սակայն այնտեղ ամեն բան հեշտ չի եղել։ Տասնամյակներ տևած քաղաքական անկայունությունը և քաղաքացիական պատերազմները երկիրը հասցրել են ծայրահեղ աղքատության։ Բացի դրանից, Էբոլա սարսափելի հիվանդության վերջին բռնկմանը զոհ էին դարձել մոտավորապես 5000 մարդ։ Մենք Եկեղեցու ղեկավարների առաջին խմբում էինք, ովքեր այցելեցին մայրաքաղաք Մոնրովիա, երբ Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարեց, որ երկիրն անվտանգ էր Էբոլայի ճգնաժամից հետո։

Մի շոգ ու խոնավ կիրակի առավոտ մենք ճամփորդում էինք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալված հավաքատեղին։ Այնտեղ հավաքել էին բոլոր եղած աթոռները՝ ապահովելով 3500 նստատեղ։ Այցելուների վերջնական թիվը կազմեց 4100 մարդ։ Գրեթե բոլոր այցելուները ոտքով էին եկել կամ օգտվել էին անհարմարավետ հասարակական փոխադրամիջոցներից: Սրբերի համար հեշտ չէր հավաքվելը, սակայն նրանք եկել էին։ Շատերը տեղ էին հասել նախատեսված ժողովից մի քանի ժամ առաջ։ Երբ մենք ներս մտանք, հոգևոր մթնոլորտը հոսանքի պես հաղորդվեց մեզ։ Սրբերը պատրաստ էին ուսուցանվելու։

Երբ խոսնակը մեջբերում էր որևէ սուրբ գրություն, անդամներն անգիր ասում էին հատվածը։ Նշանակություն չուներ՝ սուրբ գրությունը կարճ էր, թե երկար, բոլոր հավաքվածները միաձայն արձագանքում էին։ Այժմ, մենք չենք պարտադրում անել դա, սակայն միանշանակ տպավորիչ էր, որ նրանք կարող էին դա անել։ Զորեղ էր նաև երգչախումբը։ Երգչախմբի խանդավառ ղեկավարի և 14-ամյա դաշնակահարի օգնությամբ անդամները երգում էին եռանդով և ուժով։

Ապա խոսեց Երեց Բեդնարը։ Սա, իհարկե, ժողովի սպասված իրադարձությունն էր՝ լսելու Առաքյալի ուսմունքները և վկայությունը։ Ակնհայտ էր, որ Հոգու առաջնորդությամբ, իր ելույթի կեսից Երեց Բեդնարը կանգ առավ և ասաց․ «Դուք գիտե՞ք, թե «Ինչ ամուր է դրված հիմքը»։

Թվաց, թե 4100 ձայն ի պատասխան աղաղակեց՝ «Այո»։

Ապա նա հարցրեց․ «Դուք գիտե՞ք 7-րդ տունը»։

Կրկին ողջ խումբը պատասխանեց՝ «Այո»։

Վերջին 10 տարիների ընթացքում մորմոնական Թաբերնաքլի երգչախումբը «Աստծո Սրբեր» հզոր օրհներգում ներառել է 7-րդ տունը, որը շատ հաճախ չի երգվում։ Երեց Բեդնարը հրահանգեց․ «Եկեք երգենք 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ տները»։

Առանց հապաղելու երգչախմբի ղեկավարը ցատկեց տեղից և Ահարոնյան Քահանայություն կրողն անմիջապես սկսեց խանդավառությամբ նվագել նախերգանքը։ Մենք երգեցինք 1-ին, 2-րդ և 3-րդ տները այնպիսի վստահությամբ, որը երբեք նախկինում չէի զգացել օրհներգերը ժողովների ժամանակ երգելիս։ Ապա հնչողությունը և հոգևոր զորությունն ավելի ուժգնացավ, երբ 4100 ձայն երգեցին 7-րդ տունը և հայտարարեց․

Մենակ չեմ թողնի ոչ մի հոգի,

Որի լոկ հույսն է Հիսուսը, իմ որդին,

Դժոխքը ամբողջ կթափահարեմ ես,

Բայց երբեք, ոչ երբեք, բայց երբեք, ոչ երբեք,

Բայց երբեք նրան միայնակ ես չեմ թողնի։10

Իմ կյանքի ամենահոգևոր իրադարձություններից մեկի ժամանակ ես կարևոր դաս սովորեցի այդ օրը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կարող է ստիպել մեզ մոռանալ, թե ով ենք մենք իրականում։ Որքան շատ շեղող երևույթներ են մեզ շրջապատում, այնքան ավելի հեշտությամբ մենք կարող ենք անլուրջ վերաբերվել, ապա անտեսել և մոռանալ Աստծո հետ մեր ունեցած կապի մասին։ Լիբերիայի Սրբերը նյութապես ապահովված չեն, սակայն կարծես նրանք ունեն հոգևոր ամեն բան ։ Այդ օրը Մոնրովիայում մենք տեսանք Աստծո որդիների և դուստրերի մի խումբ, ովքեր գիտեին դա։

Մեր օրերում, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք ապրում և ինչ հանգամանքներում, խիստ կարևոր է, որ մեր ինքնության մեջ մենք նախ տեսնենք մեզ` որպես Աստծո զավակ։ Դրա իմացությունը կօգնի, որ մեր հավատքը ծաղկի, կմղի մեզ շարունակ ապաշխարել և ուժ կտա մեզ լինելու «հաստատուն և անխախտ» մեր մահկանացու ճամփորդության ընթացքում։11 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մովսես 1․13, շեղագրերն ավելացված են։

  2. Սաղմոս 82․6, շեղագրերն ավելացված են։

  3. Գոր․ 17․29, շեղագրերն ավելացված են։

  4. Վարդապետություն և Ուխտեր 76․24, շեղագրերն ավելացված են։

  5. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129, շեղագրերն ավելացված են։

  6. Թոմաս Ս. Մոնսոն, «Մոխրագույն թևերով դեղձանիկներ», Լիահոնա, հունիս 2010, 4, շեղագրերն ավելացված են։

  7. Տես Կողոսացիս 1․13–15։

  8. «Աստծո զավակն եմ», Հիմներ և մանկական երգեր, հ. 58։

  9. Տես Մաղաքիա 3․2։

  10. «Աստծո Սրբեր», Հիմներ և մանկական երգեր, հ․ 6։

  11. Մոսիա 5․15