2016
«Ով որ նրանց ընդունի, ինձ է ընդունում»
Մայիս 2016


«Ով որ նրանց ընդունի, ինձ է ընդունում»

Երեխաներն այսօր հայտնվում են ընտանեկան տարբեր, բարդ իրավիճակներում: Մենք պետք է օգնության հասնենք նրանց, ովքեր միայնակ են, լքված, կամ պարսպից այն կողմ:

Աստված սիրում է երեխաներին: Նա սիրում է բոլոր երեխաներին: Փրկիչն ասել է. «Թույլ տուէք այդ երեխաներին … ինձ մօտ գալ. որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը»:1

Երեխաներն այսօր հայտնվում են ընտանեկան տարբեր, բարդ իրավիճակներում:

Օրինակ, այսօր երկու անգամ ավել երեխաներ են Միացյալ Նահանգներում ապրում միայն մեկ ծնողի խնամքի տակ, քան 50 տարի առաջ:2 Եվ կան շատ ընտանիքներ, որոնք ավելի քիչ են միավորված Աստծո հանդեպ իրենց սիրով ու պատրաստակամությամբ՝ պահելու Նրա պատվիրանները:

Այս աճող հոգևոր խառնաշփոթության պարագայում, վերականգնված ավետարանը կշարունակի ցույց տալ Տիրոջ չափանիշը, կատարելությունն ու օրինակը:

«Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ …

Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար: … Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները»:3

Ողջ աշխարհում մենք տեսնում ենք բազմաթիվ բարի ծնողներ, բոլոր հավատքներից, ովքեր սիրով հոգ են տանում իրենց երեխաների համար: Մենք նաև ուրախությամբ ենք դիտում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ընտանիքները, որոնք պարուրված են հոր և մոր խնամքով, դարձի եկած դեպի Փրկիչը, կնքված քահանայության իշխանությամբ, և որոնք սովորում են իրենց ընտանիքում սիրել ու վստահել իրենց Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Աղերս երիտասարդներին համար

Բայց իմ աղերսն այսօր հարյուր հազարավոր երեխաների, երիտասարդների և երիտասարդ չափահասների համար է, ովքեր այդպիսի ընտանիքներից չեն, կատարյալ ընտանիքի բացակայության պատճառով: Ես խոսում եմ ոչ միայն այն երիտասարդների մասին, ովքեր ականատես են եղել իրենց ծնողների մահվանը, ամուսնալուծությանը կամ թերահավատությանը, այլև տասնյակ հազարավոր պատանիների ու աղջիկների մասին ամբողջ աշխարհից, ովքեր ընդունել են ավետարանը առանց մոր կամ հոր, որոնք իրենց հետ միասին Եկեղեցի կգային:4

Վերջին օրերի երիտասարդ սրբերը Եկեղեցի են գալիս մեծ հավատքով: Նրանք հույս ունեն ստեղծել կատարյալ ընտանիք ապագայում:5 Ճիշտ ժամանակին, նրանք կազմում են մեր միսիոներական ուժերի կարևոր մասը, մեր արդարակյաց երիտասարդ չափահասները և նրանք, ովքեր ծնկի են գալիս խորանի մոտ իրենց ընտանիքների ստեղծման համար:

Զգայունություն

Մենք կշարունակենք ուսուցանել ընտանիքների վերաբերյալ Տիրոջ չափանիշը, բայց այժմ, Եկեղեցում միլիլոնավոր անդամներ և տարբեր երեխաներ ունենալու պարագայում մենք պետք է ավելի ուշադիր ու զգայուն լինենք: Մեր Եկեղեցու մշակույթը և խոսելաոճը երբեմն յուրահատուկ են: Երեխաների Միության երեխաները չեն դադարի երգել «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» երգը,6 բայց երբ նրանք երգում են «Ես ուրախանում եմ, երբ հայրիկը տուն է գալիս»,7 կամ «հայրս ու մայրս ցույց կտան ուղին»8 երգերը, ոչ բոլոր երեխաներն այսպես կերգեն իրենց ընտանիքի մասին:

Մեր բարեկամ Բեթթեն պատմել է 10 տարեկան հասակում Եկեղեցում իր ունեցած փորձառության մասին: Նա ասել է. «Մեր ուսուցիչը ներկայացնում էր դասը տաճարային ամուսնության մասին: Նա, մասնավորապես, հարցրեց ինձ. «Բեթթե, քո ծնողները չեն ամուսնացել տաճարում, այդպես չէ՞»: [Իմ ուսուցիչը և դասընկերները] գիտեին պատասխանը»: Ուսուցչի դասը շարունակվեց, իսկ Բեթթեն պատկերացրեց վատագույն հետևանքները: Բեթթեն ասել է. «Ես բազմաթիվ արցունքոտ գիշերներ անցկացրեցի: Երբ երկու տարի հետո ես սրտի հետ կապված խնդիրներ ունեի, մտածեցի, որ կմահանամ, և խուճապի մեջ էի, մտածելով, որ հավերժ մենակ եմ մնալու»:

Իմ ընկեր Լեյֆը մենակ էր հաճախում Եկեղեցի: Մի անգամ Երեխաների Միությունում նրան խնդրել էին մի կարճ ելույթ ունենալ: Նրա մայրը կամ հայրը Եկեղեցում չէին, որ կանգնեին նրա կողքին և օգնեին, եթե նա մոռանար իր ասելիքը: Լեյֆը սարսափած էր: Իրեն ծանրաբեռնելու փոխարեն նա մի քանի ամիս պարզապես հեռու մնաց Եկեղեցուց:

«Հիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը …

Եւ [ասեց]. ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում»:9

Հավատացյալ սրտեր և հոգևոր պարգևներ

Այս երեխաներն ու երիտասարդները օրհնված են հավատացյալ սրտերով և հոգևոր պարգևներով: Լեյֆն ինձ ասել է. «Ես գիտեի, իմ մտքի մի խորը անկյունում, որ Աստված իմ Հայրն էր, և որ Նա գիտեր ինձ և սիրում էր ինձ»:

Մեր ընկերը՝ Վերոնիքն ասել է. «Երբ ես սովորում էի ավետարանի սկզբունքները և ուսումնասիրում էի Մորմոնի Գիրքը, այնպիսի զգացում ունեի, կարծես վերհիշում էի բաներ, որոնք ես գիտեի, բայց մոռացել էի»:

Մեր բարեկամ Զուլեյկան Բրազիլիայի Ալեգրետիից է: Չնայած նրա ընտանիքը կրոնապաշտ չէ, 12 տարեկանում Զուկեյկան սկսեց կարդալ Աստվածաշունչը և այցելել տեղական եկեղեցիներ, ձգտելով ավելին իմանալ Աստծո մասին: Ծնողների դժկամ թույլտվությամբ, նա ուսուցանվեց միսիոներների կողմից, ձեռք բերեց վկայություն, և մկրտվեց: Զուլեյկան ինձ ասել է. «Զրույցների ժամանակ ինձ ցույց տվեցին Սոլթ Լեյքի Տաճարի նկարը և պատմեցին կնքման արարողությունների մասին: Այդ պահից սկսած ես ցանկություն ունեցա մի օր Տիրոջ տունը մտնել և հավերժական ընտանիք ունենալ»:

Մինչդեռ երեխայի երկրային իրավիճակը կարող է կատարյալ չլինել, նրա հոգևոր ԴՆԹ-ն կատարյալ է, որպես Աստծո որդի կամ դուստր նրա ճշմարիտ նմանության շնորհիվ:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Օգնեք Աստծո զավակներին հասկանալ, թե ինչն է մաքուրն ու կարևորը այս կյանքում: Օգնեք նրանց ուժ ունենալ՝ ընտրելու այն ուղիները, որոնք նրանց ապահով կպահեն հավերժական կյանքի ճանապարհին»:10 Եկեք մի փոքր ավելի լայն բացենք մեր բազուկներն ու մեր սրտերը: Այս երիտասարդները մեր ժամանակի ու վկայությունների կարիքն ունեն:

Բրենդոնը, որը միացել էր Եկեղեցուն Կոլորադոյում ավագ դպրոցի տարիքում, պատմել է ինձ նրանց մասին, ովքեր օգնության ձեռք են մեկնել նրան մկրտությունից առաջ և հետո: Նա ասել է. «Ես եղել եմ այնպիսի ընտանիքներում, որտեղ ապրում էին ավետարանով: Այնտեղ ես տեսել եմ այն չափանիշը, որը կուզեի ունենալ իմ սեփական ընտանիքում»:

Հոլանդիայում ծնված Վերոնիքը դպրոց էր հաճախում մեր դստեր՝ Կրիսթենի հետ, երբ մենք ապրում էինք Գերմանիայում: Վերոնիքը նկատել էր. «Այն ուսանողները, ովքեր Եկեղեցու անդամներ էին, մի լույս ունեին իրենց հետ: Ես հասկացա, որ այդ լույսը գալիս էր Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքից ու Նրա ուսմունքներով ապրելուց»:

Իմ ընկեր Մաքսը մկրտվել էր ութ տարեկանում: Նրա հայրը ոչ մի Եկեղեցու անդամ չէր և Մաքսն իր հայեցողությամբ կարող էր գալ Եկեղեցի:

Դեռահաս հասակում մի քանի ամիս Եկեղեցի չհաճախելու արդյունքում Մաքսը զգացում ուներ, որ պետք է վերադառնար Եկեղեցի և մի կիրակի առավոտ նա այդպես էլ որոշեց անել: Բայց նրա վճռականությունը թուլացավ, երբ մոտենալով Եկեղեցու դռանը նրա անհանգստությունն աճեց:

Դռան մոտ նոր եպիսկոպոսն էր կանգնած: Մաքսը նրան չէր ճանաչում և վստահ էր, որ նա էլ իրեն չի ճանաչում: Երբ Մաքսը մոտեցավ, եպիսկոպոսի երեսը պայծառացավ և նա պարզեց իր ձեռքն ու ասաց. «Մաքս, ուրախ եմ տեսնել քեզ»:

«Երբ նա ասաց այդ խոսքերը, - պատմել է Մաքսը, - մի ջերմ զգացում ինձ համակեց և ես գիտեի, որ ճիշտ բան եմ արել»:11

Մարդու անունն իմանալը շատ բան է փոխում:

«Եվ … [Հիսուսը] պատվիրեց, որ իրենց փոքր երեխաներին բերեն [Իր մոտ] …

և նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:

Եվ երբ նա արեց այս, նա կրկին արտասվեց»:12

Երիտասարդները, ովքեր դեռ մկրտված չեն

Ծնողների թույլատվությունը չունենալու պատճառով, շատ երիտասարդներ, ովքեր սիրում են ավետարանը, երկար տարիներ սպասում են մկրտությանը:

Էմիլիի ծնողներն ամուսնալուծվել էին, երբ նա դեռ երեխա էր և նա չէր ստանում մկրտվելու թույլտվություն մինչև իր 15 տարեկան դառնալը: Մեր ընկեր Էմիլին շատ եռանդով է պատմում Երիտասարդ Կանանց իր ղեկավարի մասին, ով «միշտ օգնության էր հասնում, ամրապնդելով [նրա] վկայությունը»:13

Կոլտենն ու Պրեստոնը Յուտայում ապրող դեռահասներ են: Նրանց ծնողներն ամուսնալուծված են, և նրանք չեն ստացել մկրտվելու թույլտվություն: Թեև նրանք չեն կարող հաղորդությունը բաժանել, սակայն ամեն շաբաթ հացն են բերում: Եվ, թեև նրանք չեն կարող մտնել տաճար՝ մկրտություններ կատարելու, երբ իրենց ծխի երիտասարդները գնում են այդ անելու, եղբայրները անուններ են որոնում ընտանեկան պատմության կենտրոնում:

Երեց Ջոզեֆ Սենգուբա

Ես կեզրափակեմ մի նոր ընկերոջ մասին պատմելով, ում մենք հանդիպեցինք մի քանի շաբաթ առաջ, երբ այցելել էինք Զամբիայի Լուսակա Միսիան:

Նկար
Ջոզեֆ Սենգուբան պատանի հասակում

Երեց Ջոզեֆ Սենգուբան Ուգանդայից է: Նրա հայրը մահացել էր, երբ նա յոթ տարեկան էր: Ինը տարեկանից նա ինքնուրույն էր ապրում, քանի որ մայրը և մյուս հարազատները չէին կարող հոգ տանել նրա համար: 12 տարեկանում նա հանդիպել է միսիոներներին և մկրտվել:

Ջոզեֆը պատմեց ինձ Եկեղեցում իր առաջին օրվա մասին. «Հաղորդության ժողովից հետո ես մտածեցի, որ ժամանակն է տուն գնալու, բայց միսիոներները ծանոթացրեցին ինձ Ջոշուա Վալուսիմբիի հետ: Ջոշուան ինձ ասաց, որ նա իմ ընկերը կլինի և տվեց ինձ մի Մանկական երգարան, որպեսզի ես ձեռնունայն չգնայի Երեխաների խմբի դասարան: Երեխաների խմբում Ջոշուան ինձ համար լրացուցիչ աթոռ դրեց իր աթոռի կողքին: Երեխաների խմբի նախագահը հրավիրեց ինձ առաջ և խնդրեց, որ բոլոր երեխաները երգեն ինձ համար «Զավակն եմ Աստծո» երգը: Ես ինձ շատ շոյված զգացի»:

Ճյուղի նախագահը տարավ Ջոզեֆին Պյեռ Մունգոզայի ընտանիք և հաջորդ չորս տարիների ընթացքում նա ապրեց նրանց տանը:

Նկար
ԵրեցներՋոշուա Վալուսիմբին և Ջոզեֆ Սսենգուբան

Ութ տարի անց, երբ Երեց Ջոզեֆ Սենգուբան գնաց միսիայի, նրա համար հաճելի անակնկալ էր, որ իր հրահանգիչը Երեց Ջոշուա Վալուսիմբին էր, այն տղան, ով նրան այդքան ջերմ էր ընդունել Երեխաների խումբ այցելած առաջին իսկ օրը: Եվ ո՞վ էր նրա միսիայի նախագահը: Դա Նախագահ Լեյֆ Էրիքսոնն էր, այն փոքրիկ տղան, ով Երեխաների խմբից հեռացել էր, քանի որ սարսափել էր ելույթ ունենալուց: Աստված սիրում է Իր զավակներին:

Նկար
Երեց Ջոզեֆ Սենգուբան և Նախագահ Լեյֆ Էրիքսոնը

Երեխաները վազելով եկան

Երբ կինս՝ Քեթին և ես Աֆրիկայում էինք մի քանի շաբաթ առաջ, մենք այցելեցինք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մբուջի-Մայի տեղանքը: Քանի որ ժողովատունը բավական մեծ չէր 2000 անդամների տեղավորելու համար, մենք հանդիպեցինք դռներից դուրս գտնվող խոշոր պլաստիկ ծածկույթների տակ՝ որոնք ամրացված էին բամբուկե բևեռներով: Երբ ժողովը սկսվեց մենք նկատեցինք, որ բազմաթիվ երեխաներ հետևում էին մեզ, կառչելով շինությունից դուրս կանգնեցրած երկաթյա պարսպի ճաղերից: Քեթին մեղմ շշնջաց. «Նիլ, ինչ մտքի ես, չէի՞ր ցանկանա երեխաներին ներս հրավիրել»: Ես մոտեցա շրջանի նախագահ Կալոնջիին ամբիոնի մոտ և խնդրեցի նրան պարսպից այն կողմ կանգնած երեխաներին հրավիրել ներս, որ միանան մեզ:

Նկար
Երեց Անդերսենը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Նկար
Պարսպից այն կողմ գտնվող երեխաները
Նկար
Երեխաները հրավիրվել են ներս

Ի զարմանս ինձ, Նախագահ Կալոնջիի հրավերից հետո երեխաները ոչ միայն եկան ներս, այլ վազեցին. ավելի քան 50 հոգի, թերևս՝ 100, ոմանք մաշված հագուստներով և բոբիկ ոտքերով, բայց բոլորը գեղեցիկ ժպիտներով և ոգևորված դեմքերով:

Ես խորապես հուզված էի այդ առիթով և դրանում խորհրդանշական մի բան տեսա, որ մենք պետք է օգնության հասնենք այն երիտասարդներին, ովքեր միայնակ են, լքված և պարսպից այն կողմ: Եկեք մտածենք նրանց մասին, ողջունենք նրանց, գրկենք և անենք ինչ որ կարող ենք, ամրացնելու համար նրանց սերը Փրկչի հանդեպ: Հիսուսն ասել է. «Ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում»:14 Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 19.14:

  2. Sես “Family Structure,” Child Trends DataBank (Dec. 2015), appendix 1, page 9, childtrends.org/databank:

  3. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129, 7 և 6 պարբերությունները:

  4. Ես ուզում եմ անձամբ երախտագիտություն հայտնել տասնյակ հազարավոր արդար մայրերին, որոնցից շատերը միայնակ ծնողներ են, ովքեր քաջորեն իրենց վրա են վերցնում իրենց երեխաներին հոգեպես ամրապնդելու կարևոր պատասխանատվությունը: Մեր բարեկամ Շելլին Կանադայից իր մոր մասին ասել է հետևյալը.

    «Միսիոներները թակել էին իմ ծնողների դուռը իմ ծնվելուց հինգ տարի առաջ: Ծնողներս մասնակցել էին մի քանի զրույցների, հետո հայրս կորցրել էր հետաքրքրությունը: Մայրս շարունակել էր դասերը և ցանկացել էր մկրտվել: Հինգ տարի շարունակ մայրս գնում էր եկեղեցի որպես ոչ անդամ, և իմ ծնվելուց երեք ամիս հետո նա կարողացավ մկրտվել:

    Մայրս երբեք չի ունեցել աչքի ընկնող կամ ղեկավար մեծ պաշտոն: Նա ունի մի շատ պարզ, քնքուշ, կայուն վկայություն … և նա ամեն օր ապրում է իր հավատացածին հավատարիմ: Այդ հանգիստ, պարզ օրինակը ինձ մշտապես մոտ է պահել Տիրոջը և Եկեղեցուն»:

  5. Մեր բարեկամ Ռանդալն ինձ ասաց. «Ինձ սովորեցրել էին, և ես գիտեի, որ ես երկնային ծնողների զավակն եմ, և իմանալով իմ իրական ինքնությունն ու բնույթը հույս ունեցա, որ չպետք է գնամ իմ ծնողների ճանապարհով, ում ես պաշտում էի, բայց չէի ցանկանում կրկնօրինակել: Ես վստահում էի այն գիտելիքին, որն ինձ տվել լ էին Երեխաների խմբի, Կիրակնօրյա Դպրոցի, Երիտասարդ Տղամարդկանց և մյուս ուսուցիչները: Ես հավատարիմ ու երջանիկ ընտանիքների օրինակներ եմ տեսել ծխում ու իմ հարազատների տներում և վստահել եմ Երկնային Հորը, իմանալով, որ եթե ես հավատարիմ մնամ, Նա կօգնի ինձ այդպիսի ընտանիք ունենալ»:

  6. “Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188.

  7. “Daddy’s Homecoming,” Children’s Songbook, 210.

  8. “Love Is Spoken Here,” Children’s Songbook, 190–91.

  9. Մատթեոս 18.2, 5

  10. Թոմաս Ս. Մոնսոն, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, մարտ, 2016, 6:

  11. Sես Max H. Molgard, Inviting the Spirit into Our Lives (1993), 99:

  12. 3 Նեփի 17.11, 21–22:

  13. Էմիլին, թեև ակտիվ ծնողներ չուներ, սիրով է խոսել տատիկների ու պապիկների, քեռիների ու հորեղբայրների, մորաքույրների ու հորաքույրների մասին, ովքեր ծնողի պես են եղել իր համար: Խոսելով Միչիգանի Երիտասարդ Կանանց ղեկավարի մասին, նա ասել է. «Նրա երեխաները մեծ էին և նա նպատակ ուներ, որ երիտասարդ կանայք իրենց զգային այնպես, ինչպես իր սեփական դուստրերը … Նրա ժպիտը կարող էր ջերմացնել քո սիրտը ամենադժվար օրերին … Ես մտադիր եմ հետևել որպես ղեկավար նրա օրինակին և լինել քույր Մոլնար այն երեխաների համար, ովքեր իրենց կաշկանդված կզգան, լքված կամ մեկուսի»:

  14. Մատթեոս 18.5