2016
Կանգնել Եկեղեցու ղեկավարների կողքին
նախորդ հաջորդ

Կանգնել Եկեղեցու ղեկավարների կողքին

Արդյոք դուք կանգնա՞ծ եք Եկեղեցու ղեկավարների կողքին այս մթագնող աշխարհում այնպես, որ տարածեք Քրիստոսի Լույսը:

Մենք մեր ջերմ ողջույններն ենք հղում նոր կանչված Բարձրագույն Իշխանություններին, Տարածքային Յոթանասունականներին և Երեխաների խմբի հրաշալի նոր գերագույն նախագահությանը: Խորին երախտագիտությամբ մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր հետ կանչվեցին: Մենք սիրում ենք ձեզանից յուրաքանչյուրին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, քիչ առաջ մենք մասնակցեցինք շատ օրհնյալ մի փորձառությանը, բարձրացնելով մեր ձեռքերը՝ հաստատելու այս վերջին օրերում Աստծո կողմից կանչված մարգարեներին, տեսանողներին ու հայտնողներին, ինչպես նաև մյուս ղեկավարներին ու գերագույն պաշտոնյաներին: Ես երբեք անտարբեր կամ անփույթ կերպով չեմ վերաբերել Տիրոջ ծառաներին հաստատելու և նրանց կողմից առաջնորդվելու հնարավորությանը: Ընդամենը ամիսներ առաջ, ընդունելով իմ սեփական նոր կոչումը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ես երախտապարտ եմ ձեր հաստատող ձայնի ու վստահության համար: Ես գնահատում եմ ձեր պատրաստակամությունը՝ կանգնելու իմ և բոլոր այս մեծ առաջնորդների կողքին:

Հոկտեմբեր ամսին իմ հաստատվելուց անմիջապես հետո ես հանձնարարությամբ ուղևորվեցի Պակիստան, և այնտեղ գտնվելու ժամանակ հանդիպեցի այդ երկրի հրաշալի ու նվիրված սրբերին: Նրանք փոքրաքանակ են, բայց մեծահոգի: Տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց ես ստացա հետևյալ նամակը եղբայր Շակիլ Արշադից՝ մի հաճելի անդամից, որին այնտեղ հանդիպել էի. «Շնորհակալություն, Երեց Ռասբենդ, Պակիստան այցելելու համար: Ես ուզում եմ Ձեզ ասել, որ մենք … Եկեղեցու անդամներս … աջակցում և սիրում ենք Ձեզ: [Մենք] այնքան բախտավոր ենք, որ Դուք եղաք այստեղ և մենք լսեցինք Ձեր խոսքը: Դա ուղղակի մի ոսկե օր էր իմ ընտանիքի կյանքում, որ մենք հանդիպեցինք մի Առաքյալի»:1

Եղբայր Արշադի նման սրբերի հանդիպելը, ինչպես նաև ինձ հետ կապված ոսկե օր արտահայտությունը լսելը մի բացառիկ ու խոնարհեցնող փորձառություն էր ինձ համար:

Հունվարին Եկեղեցու ղեկավարները մասնակցեցին ամբողջ աշխարհից երիտասարդների և նրանց ղեկավարների ու ծնողների հետ «Դեմ առ դեմ» հեռարձակմանը: Հեռարձակումը համացանցում ուղիղ եթերով էր ընթանում, ընդգրկելով 146 երկրների տարբեր վայրեր: Որոշ վայրերի ժողավատներում մեծ լսարան կար, մյուսները ներկայացնում էին ընդամենը մեկ երիտասարդի, ով տնից դիտում էր հեռարձակումը: Ընդհանուր առմամբ, հարյուր հազարավոր մարդիկ էին միացել:

Face to Face

Մեր երիտասարդ օգտատերերի, երաժիշտների և այլոց աջակցությամբ ընթացող ծրագրի ժամանակ, կապվելով մեր վիթխարի լսարանի հետ, քույր Բոննի Օսկարսոնը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, եղբայր Սթիվեն Վ. Օուենը, Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահը և ես պատասխանում էինք մեր երիտասարդների հարցերին:

Մեր նպատակն էր ներկայացնել 2016թ. ընդհանուր թեման՝ «Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ», 2 Նեփի գլխից, որտեղ ասվում է. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:2

Ի՞նչ մենք սովորեցինք, կարդալով մեր երիտասարդների հարյուրավոր հարցերը: Մենք իմացանք, որ մեր երիտասարդները սիրում են Տիրոջը, աջակցում են իրենց ղեկավարներին, և ցանկանում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Հարցերը վկայում են սովորելու ցանկության մասին, այն ճշմարտություններն ավելացնելու մասին, որոնք արդեն կան մեր վկայություններում և ավելի պատրաստված լինելու «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ»:

Ավետարանի վերականգնումը սկսվել է երիտասարդից՝ Ջոզեֆ Սմիթից, ով հարց տվեց: Փրկչի ուսմունքներից շատերը Նրա առաքելության ժամանակ սկսվում էին հարցով: Հիշենք Նրա հարցը Պետրոսին. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»:3 Եվ Պետրոսի պատասխանն էր. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»:4 Մենք պետք է օգնենք միմյանց գտնել Երկնային Հոր պատասխանները՝ Հոգու առաջնորդությամբ:

Այդ հեռարձակմանը ես ասացի երիտասարդներին.

«Այս Եկեղեցու ղեկավարները օտար մարդիկ չեն ձեր հարցերի, մտահոգությունների, և մարտահրավերների պարագայում:

Մենք ունենք երեխաներ, ունենք թոռներ: Մենք հաճախ ենք հանդիպում աշխարհի երիտասարդների հետ: Եվ մենք աղոթում ենք ձեզ համար, մենք խոսում ենք ձեր մասին շատ սուրբ վայրերում, և մենք սիրում ենք ձեզ»:5

Ես կցանկանայի կիսվել այդ իրադարձության մասին բազմաթիվ արձագանքներից մեկով:

Կանադայի Ալբերտա նահանգի Գրանդե Պրերիից Լիսան գրել է. «Այս «Դեմ առ դեմ» իրադարձությունը հրաշալի էր: Ինչպիսի՛ ուժ հաղորդվեց այն իմ վկայությանը և ավետարանի մասին իմ համոզմունքներին: Մենք այնքան օրհնված ենք ունենալու ոգեշնչված ղեկավարներ, ովքեր կանչվել են ծառայելու տարբեր պաշտոններում»:6

Ավելի վաղ, Յուտայի Փլեզանթ Գրուվից Լիզը գրել էր. «Ես երախտապարտ եմ իմ հավատքի և հնարավորության համար աջակցելու Աստծո մարգարեին ու նրա հետ ծառայող տղամարդկանց և կանանց»:7

Մենք այսօր հաստատեցինք ղեկավարներին, ովքեր աստվածային ոգեշնչմամբ կանչվել են ուսուցանելու և առաջնորդելու մեզ, և ովքեր կոչ են անում մեզ զգուշանալ վտանգներից, որոնց մենք հանդիպում ենք ամեն օր, սկսած Հանգստյան օրը հազվադեպ հիշելուց, ընտանիքին սպառնացող վտանգներից, կրոնական ազատության ոտնահարումներից, ընդհուպ մինչև վերջին օրերի հայտնության վիճարկումից: Եղբայրներ և քույրեր, լսո՞ւմ ենք արդյոք մենք նրանց խորհուրդը:

Բազմաթիվ անգամներ համաժողովների, հաղորդության ժողովների ու Երեխաների խմբի դասերի ժամանակ մենք երգել ենք այս քնքուշ խոսքերը. «Առաջնորդիր, քայլիր ինձ հետ»:8 Ի՞նչ նշանակություն ունեն այս բառերը ձեզ համար: Ո՞վ է ձեր մտքին գալիս, երբ մտածում եք այդ խոսքերի մասին: Զգացե՞լ եք արդյոք առաքինի ղեկավարների ազդեցությունը, Հիսուս Քրիստոսի այդ աշակերտների, ովքեր թե անցյալում, և թե այսօր շարունակում են մասնակից լինել ձեր կյանքին, ովքեր քայլում են Տիրոջ ուղիով ձեզ հետ միասին: Նրանք կարող են շատ մոտ լինել՝ ձեր տանը, կամ ձեր տեղական համայնքներում, կամ էլ խոսեն ամբիոնից գերագույն համաժողովի ժամանակ: Այս աշակերտները կիսվում են մեզ հետ վկայություն ունենալու օրհնությամբ՝ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, այս Եկեղեցու ղեկավարի, մեր հոգիների առաջնորդի, ով խոստացել է. «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»:9

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը պատմել է մի պատմություն, երբ հրավիրվել էր իր ցցի նախագահ` Փոլ Ք. Չայլդի տուն, նախապատրաստվելու համար Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալուն: Դա մի հատուկ օրհնություն էր նախագահ Չայլդի համար, ով չգիտեր այդ ժամանակ, որ ուսուցանում էր Ահարոնյան Քահանայություն կրող պատանուն, ով մի օր դառնալու էր Աստծո մարգարեն:10

Ես ունեցել եմ իմ սեփական ուսուցման պահերը մեր սիրելի մարգարե՝ Նախագահ Մոնսոնից: Իմ մտքում կամ իմ սրտում չկա ոչ մի հարց, որ նա Տիրոջ մարգարեն է երկրի վրա: Ես եղել եմ խոնարհ մասնակիցը, երբ նա ստացել է հայտնություն և գործել է համաձայն դրա: Նա ուսուցանել է մեզ հասնել միմյանց, պաշտպանել ու փրկել: Դա էր ուսուցանվել Մորմոնի Ջրերի մոտ: Նրանք, ովքեր «փափագում» էին … «կոչվել նրա ժողովուրդը» պատրաստ էին «կրելու մեկը մյուսի բեռը», «սգալու նրանց հետ, ովքեր սգում են» և «կանգնելու որպես Աստծո վկաներ»:11

Ես կանգնում եմ այսօր որպես Աստծո՝ Հավերժական Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի վկա: Ես գիտեմ, որ մեր Փրկիչն ապրում է, սիրում է մեզ և առաջնորդում է Իր ծառաներին, ձեզ և ինձ, իրականացնելու համար Իր զորավոր նպատակները այս երկրի վրա:12

Երբ մենք առաջ ենք մղվում, հետևելով մեր ղեկավարների խորհրդին և զգուշացումներին, մենք հետևեում ենք Տիրոջը այն ժամանակ, երբ աշխարհը գնում է մեկ այլ ուղղությամբ: Մենք ընտրում ենք ամուր բռնել երկաթե ձողից, լինել վերջին օրերի սրբեր, լինել Տիրոջ այգում, և լցված լինել «չափազանց մեծ ուրախությամբ»:13

Այսօր գոյացող հարցը հստակ է. արդյոք դուք կանգնա՞ծ եք Եկեղեցու ղեկավարների կողքին այս մթագնող աշխարհում, այնպես, որ կարողանաք տարածել Քրիստոսի Լույսը:

Ղեկավարների հետ հարաբերությունները շատ կարևոր են և նշանակալից: Անկախ նրանց տարիքից, անկախ նրանից, մոտ են նրանք մեզ, թե հեռու, կամ թե երբ կարող են ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա, նրանց ազդեցությունն արտացոլված է ամերիկացի բանաստեղծ Էդվին Մարքամի հետևյալ խոսքերի մեջ.

Ճակատագիրը մեզ եղբայրներ է դարձնում.

[Ոչ մեկ] իր ճանապարհը մենակ չի անցնում:

Այն, ինչ գործում ենք մենք ուրիշների կյանքում,

Մեր կյանք է միշտ վերադառնում:14

Շակիլ Արշադը, իմ ընկերը Պակիստանից, աջակցեց ինձ՝ ինչպես իր եղբորը և ընկերոջը: Եվ ձեզանից շատերն այդպես արեցին: Երբ մենք պատրաստակամ ենք բարձրացնելու միմյանց, մենք հաստատում ենք այս զորեղ խոսքերը. «Ոչ մեկ իր ճանապարհը մենակ չի անցնում»:

Ամենաշատը մենք մեր Փրկչի, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք: Սուրբ գրությունների պատմություններից մեկը, որ ինձ միշտ հուզել է հոգեպես, այն է, երբ Հիսուս Քրիստոսը քայլում էր ջրի վրայով դեպի Իր աշակերտները, որոնք Գալիլեյան ծովում նավարկում էին: Նրանք նոր կանչված ղեկավարներ էին, ինչպես մեզանից շատերն այս բեմի վրա այսօր: Պատմությունը գրված է Մատթեոսի գրքում.

«Բայց նաւն արդէն ծովի մէջ տեղն էր, ու ալեկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր:

Եւ գիշերի չորրորդ պահին Հիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկավ:

Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթվեցան և… վախից աղաղակեցին:

Եւ Հիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»:15

Պետրոսը լսեց այդ հրաշալի քաջալերանքը Տիրոջից:

«Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան և ասեց, Տէր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ:

Նա էլ ասեց, Եկ»:16

Բավականին համարձակ քայլ էր: Պետրոսը ձկնորս էր և ծանոթ էր ծովի վտանգներին: Սակայն, նա պարտավորվել էր հետևել Հիսուսին, գիշեր, թե ցերեկ, նավի մեջ, թե ցամաքի վրա:

Պատկերացնում եմ, թե ինչպես Պետրոսը ցատկեց նավակից դուրս, չսպասելով երկրորդ հրավերին և սկսեց քայլել ջրի վրայով: Իսկապես, սուրբ գրությունն ասում է. «[Նա] ջրերի վերայովը գնաց, որ գայ Հիսուսի մօտ»:17 Քանի որ քամին ուժգին ու սաստիկ դարձավ, և ալիքներն ալեկոծվում էին նրա ոտքերի մոտ, Պետրոսը «վախեցավ, եւ երբոր սկսեց ընկղմվիլ, աղաղակեց և ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ:

Եւ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց»:18

Ի՛նչ հզոր դաս է: Տերն այնտեղ էր, որ նրան օգներ, ճիշտ ինչպես այստեղ է, որ ձեզ և ինձ օգնի: Նա մեկնեց Իր ձեռքը և քաշեց Պետրոսին դեպի Իրեն և դեպի ապահովություն:

Ես այնքան հաճախ եմ ունեցել Փրկչի ու Նրա փրկող ձեռքի կարիքը: Այժմ ավելի շատ, քան երբևէ, ես Նրա կարիքն ունեմ, ինչպես և ձեզանից յուրաքանչյուրը: Ժամանակ առ ժամանակ, հայտնվելով նավակի այն կողմում, այլ կերպ ասած՝ անծանոթ վայրերում, ես վստահություն եմ զգացել, գիտակցելով, որ չէի կարող անել դա միայնակ:

Ինչպես մենք քննարկեցինք Դեմ առ դեմ հեռարձակման ժամանակ, Տերը հաճախ է օգնում մեզ մեր ընտանիքի անդամների ու ղեկավարների միջոցով, հրավիրելով մեզ գալ Իր մոտ, ճիշտ ինչպես նա օգնեց Պետրոսին, փրկելով նրան:

Դուք նույնպես կունենաք շատ պահեր, երբ պետք է արձագանքեք հաճախ հնչող հրավերին. «Եկեք Քրիստոսի մոտ»:19 Չէ, որ մեր այս մահկանացու կյանքն ամբողջությամբ այդպիսին է: Կանչ կարող է գալ՝ փրկելու ընտանիքի անդամին, կամ՝ միսիա ծառայելու, Եկեղեցի վերադառնալու, սուրբ տաճարն այցելելու և ինչպես մենք վերջերս լսեցինք մեր հրաշալի երիտասարդներից «Դեմ առ դեմ» նախաձեռնության ժամանակ՝ «Եկեք, օգնեք ինձ, պատասխանեք իմ հարցին»: Պատշաճ ժամանակին մեզանից յուրաքանչյուրը պիտի լսի կանչը. «Արի տուն»:

Ես աղոթում եմ, որ մենք հասնենք, հասնենք ու բռնենք Փրկչի ձեռքը, որը Նա մեկնում է մեզ, հաճախ Իր աստվածային զորությամբ կանչված ղեկավարների և մեր ընտանիքի անդամների միջոցով, և լսենք գալու Նրա կանչը:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Ես սիրում եմ Նրան և ես գիտեմ իմ ողջ սրտով, որ Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նա մեր մեծ Օրինակն է և մեր Հոր բոլոր զավակների սուրբ առաջնորդը: Այս մասին ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: