2016
Քահանայության զորություն ունենալու գինը
նախորդ հաջորդ

Քահանայության զորություն ունենալու գինը

Արդյո՞ք մենք պատրաստակամ ենք աղոթել, ծոմ պահել, ուսումնասիրել, ձգտել, երկրպագել ու ծառայել որպես Աստծո տղամարդիկ, որպեսզի մենք ունենանք քահանայության զորությունը։

Վեց ամիս առաջ, 2015 թվի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ, ես Եկեղեցու քույրերին ուղղված մի ելույթ ունեցա՝ որպես Աստծո կանայք նրանց աստվածային դերի մասին։ Այժմ, եղբայրներ, ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ՝ որպես Աստծո տղամարդիկ, ձեր աստվածային դերի մասին։ Աշխարհով մեկ ճամփորդելիս, ես հիացել եմ այս Եկեղեցու տղամարդկանց և տղաների զորությամբ ու նրանց կատարյալ բարությամբ։ Պարզապես հնարավոր չէ հաշվել, թե որքան սրտեր եք բուժել և որքան կյանքեր եք բարձրացրել։ Շնորհակալություն։

Վերջին գերագույն համաժողովի իմ ելույթի ժամանակ ես պատմեցի տարիներ առաջ իմ ունեցած տխուր փորձառության մասին, երբ ես` որպես սրտի վիրաբույժ, չկարողացա փրկել երկու փոքրիկ քույրերի կյանքը։ Նրանց հորից թույլտվություն ստանալով ես կցանկանայի ավելին պատմել այդ ընտանիքի մասին։

Ռութ և Ջիմի Հեթֆիլդների երեք երեխաները ծնվեցին սրտի բնածին արատով։ Նրանց առաջին որդին` Ջիմի Կրտսերը, մահացավ առանց վերջնական ախտորոշման։ Ես տեղեկացա նրանց իրավիճակի մասին, երբ ծնողներն օգնություն էին փնտրում իրենց երկու աղջիկների՝ Լաուրել Անի և նրա կրտսեր քրոջ` Գայ Լինի համար։ Ես մեծապես տխրեցի, երբ վիրահատությունից հետո այդ երկու աղջիկներն էլ մահացան։1 Հասկանալի պատճառներով Ռութը և Ջիմին հոգեպես ընկճվել էին։

Ժամանակի ընթացքում ես իմացա, որ նրանք նեղացել էին ինձանից և Եկեղեցուց։ Գրեթե վեց տասնամյակ շարունակ ես անհանգիստ էի այդ մտքից և վշտացած էի Հեթֆիլդների համար։ Ես մի քանի անգամ փորձել էի կապ հաստատել նրանց հետ, բայց արդյունքն ապարդյուն էր։

Ապա, անցյալ տարվա մայիսին, մի գիշեր ինձ արթնացրին վարագույրի մյուս կողմում գտնվող այդ երկու փոքրիկ աղջիկները։ Չնայած նրան, որ ֆիզիկապես չէի տեսնում կամ լսում նրանց, ես զգում էին նրանց ներկայությունը։ Հոգևոր ականջներով ես լսեցի նրանց աղաչանքները։ Նրանց ուղերձը կարճ էր ու պարզ. «Եղբայր Նելսոն, մենք ոչ մեկի հետ կնքված չենք։ Կարո՞ղ եք օգնել մեզ»։ Դրանից անմիջապես հետո ես իմացա, որ նրանց մայրը մահացել էր, բայց նրանց հայրն ու կրտսեր եղբայրը դեռևս ողջ էին։

Գոտեպնդվելով Լաուրել Անի և Գայ Լինի աղաչանքներից, ես կրկին փորձեցի կապ հաստատել նրանց հոր հետ, ով իմ տեղեկությունների համաձայն, ապրում էր իր որդի Շոնի հետ։ Այս անգամ նրանք ցանկացան հանդիպել ինձ հետ։

Հունիսին ես բառացիորեն ծնկի իջա Ջիմի առջև, ով այժմ 88 տարեկան է, և մտերմիկ զրույց ունեցա նրա հետ։ Ես պատմեցի նրա աղջիկների աղերսանքների մասին և ասացի, որ պատիվ կհամարեմ կատարելու կնքման արարողությունները նրա ընտանիքի համար։ Ես նաև բացատրեցի, որ ժամանակ ու ջանքեր կպահանջվեն նրա և Շոնի կողմից, որպեսզի պատրաստվեն և արժանի գտնվեն տաճար մտնելու համար, քանի որ նրանցից ոչ մեկը նույնիսկ օժտում չէր ստացել։

Տիրոջ Հոգին ներկա էր այդ ողջ հանդիպման ընթացքում։ Երբ Ջիմին ու Շոնն ընդունեցին իմ առաջարկը, ես մեծապես ուրախացա։ Նրանք ջանասիրաբար աշխատեցին իրենց ցցի նախագահի, եպիսկոպոսի, տնային ուսուցիչների, ծխի միսիայի ղեկավարի, երիտասարդ միսիոներների և մեծահասակ միսիոներական զույգերի հետ։ Ապա, վերջերս Պեյսոն Յուտա տաճարում ես մեծ արտոնություն ունեցա կնքելու Ռութին, Ջիմիին և նրանց չորս երեխաներին իրար հետ։ Վենդին և ես արտասվեցինք, երբ մասնակցեցինք նրանց այդ նվիրական փորձառությանը։ Այդ օրը շատերի սրտերը բուժվեցին։

Russell M. Nelson

Մտածելով այդ մասին, ես հիացել էի Ջիմի և Շոնի պահվածքով, և թե ինչի էին նրանք պատրաստ։ Նրանք դարձան իմ հերոսները։ Եթե ես իմ սրտում ցանկություն պահեի, ես կուզենայի, որ այս Եկեղեցու բոլոր տղամարդիկ և երիտասարդ տղաները ցուցաբերեին այն նույն խիզախությունը, ուժն ու խոնարհությունը, որը ցուցաբերեցին այդ հայրն ու որդին։ Նրանք պատրաստ էին ներել և մոռանալ հին ցավերն ու սովորույթները։ Նրանք պատրաստ էին ընդունելու իրենց քահանայության ղեկավարների առաջնորդությունը, որպեսզի Հիսուս Քրիստոսի Քավությունը մաքրեր ու մեծարեր նրանց։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր դառնալու այն տղամարդը, ով արժանապատվորեն կկրեր այն քահանայությունը, որն «Աստծո սրբագույն կարգի է»։2

Կրել նշանակում է թեթևացնել ունեցած ծանրությունը։ Սրբազան վստահություն է կրել այն քահանայությունը, որն Աստծո զորությունն ու իշխանությունն է։ Մտածեք հետևյալի մասին. մեզ շնորհված քահանայությունը այն նույն զորությունն ու իշխանությունն է, որի շնորհիվ Աստված ստեղծեց այս և մյուս անհամար աշխարհները, ղեկավարում է երկինքներն ու երկիրը և վեհացնում է Իր հնազանդ զավակներին։3

Վերջերս, Վենդին և ես ներկա էինք մի ժողովի, որտեղ երգեհոնահարը դիրքավորվել էր և ցանկանում էր նվագել բացման օրհներգը։ Նրա աչքերը նոտաների վրա էին, իսկ մատները՝ ստեղների վրա։ Նա սեղմեց ստեղները, բայց ձայն դուրս չեկավ։ Ես շշնջացի Վենդիին. «Հոսանք չկա»։ Ես մտածեցի, որ ինչ-ինչ պատճառներով էլեկտրաէներգիայի հոսքը չէր մատակարարվում երգեհոնին։

Դե եղբայրներ, նմանապես, ես մտավախություն ունեմ, որ կան բազմաթիվ տղամարդիկ, որոնց տրվել է քահանայության իշխանությունը, բայց նրանք չունեն քահանայության զորությունը, քանի որ զորության հոսքը արգելափակվել է այնպիսի մեղքերի կողմից, ինչպիսիք են՝ ծուլությունը, անազնվությունը, հպարտությունը, անբարոյականությունը կամ աշխարհիկ բաներով տարվելը։

Ես մտավախություն ունեմ, որ չափից շատ քահանայության կրողներ կան, ովքեր շատ քիչ բան են արել կամ ոչինչ չեն արել, որպեսզի զարգացնեն երկնքի զորությունները ստանալու իրենց կարողությունը։ Ես մտահոգված եմ բոլոր նրանց համար, ովքեր ունեն անմաքուր մտքեր, զգացումներ կամ արարքներ կամ ովքեր նվաստացնում են իրենց կանանց ու երեխաներին, դրանով իսկ դադարեցնելով քահանայության զորությունը։

Ես մտավախություն ունեմ, որ շատ շատերն իրենց ազատ կամքը հանձնել են հակառակորդին և իրենց վարքի մասին հետևյալն են ասում. «Ես ավելի շատ մտածում եմ իմ անձնական ցանկությունները բավարարելու մասին, քան ուրիշներին օրհնելու համար Փրկիչի զորությունը կրելու մասին»։

Եղբայրներ, ես մտավախություն ունեմ, որ մեզանից ոմանք մի օր կարթնանան և կգիտակցեն, թե ինչ է իրականում նշանակում քահանայության զորությունը և մեծապես կզղջան, որ ավելի շատ զորություն են փնտրել ուրիշների նկատմամբ կամ աշխատանքի մեջ, քան սովորել են լիովին գործադրել Աստծո զորությունը։4 Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ուսուցանել է, որ «մենք այստեղ չենք, որպեսզի վատնենք այս կյանքի ժամերը, իսկ հետո անցնենք վեհացման վիճակին։ Այլ այստեղ ենք, որպեսզի օր-օրի արժանի գտնվենք այն դերի համար, որ մեր Հայրն ակնկալում է մեզանից այս կյանքից հետո»։5

Ինչո՞ւ պետք է մարդը վատնի իր օրերը և բավարարվի Եսավի մի աման ապուրով,6 երբ նրան հնարավորություն է տրվել ստանալու Աբրահամի բոլոր օրհնությունները։7

Ես համառորեն աղերսում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, որպես քահանայության կրող, արժանիորեն կիրառի այդ արտոնությունները։ Գալիք օրերին, միայն այն տղամարդիկ, ովքեր լուրջ կընդունեն իրենց քահանայությունը և ջանասիրաբար կձգտեն ուսուցանվել Տիրոջ կողմից, կկարողանան օրհնել, առաջնորդել, պաշտպանել, զորացնել և բժշկել ուրիշներին։ Միայն այն տղամարդը, ով կվճարի քահանայության զորությունն ունենալու գինը, կկարողանա հրաշքներ գործել իր հարազատների համար և ապահով պահել իր ընտանիքն ու ամուսնությունը՝ այժմ և հավիտյան։

Ո՞րն է քահանայության զորությունն ունենալու գինը։ Փրկիչի ավագ առաքյալ Պետրոսը, այն նույն Պետրոսը, ով Հովհաննեսի ու Հակոբոսի հետ միասին մելքիսեդեկյան քահանայությունը շնորհեց Ջոզեֆ սմիթին և Օլիվեր Քաուդերիին8, թվարկել է այն հատկանիշները, որոնց մենք պետք է ձգտենք, որպեսզի «հաղորդակից լինենք աստվածային բնությանը»։9

The Voice of Peter James and John

Նա թվարկեց հավատքը, առաքինությունը, գիտությունը, ժուժկալությունը, համբերությունը, աստվածապաշտությունը, եղբայրասիրությունը, սերը և ջանասիրությունը։10 Եվ մի մոռացեք խոնարհությունը։11 Այսպիսով, ես հարցնում եմ ձեզ, մեր ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերներն ինչպե՞ս կիմանան, որ մենք զարգացնում ենք այդ հոգևոր պարգևները։12 Որքան ավելի շատ զարգացնենք այդ հատկանիշները, այնքան մեծ կլինի մեր քահանայության զորությունը։

Ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք մեծացնել մեր քահանայության զորությունը։ Մենք պետք է անկեղծորեն աղոթենք։ Մեր անցյալ ու սպասվող իրադարձությունների շարադրանքը և վերջում օրհնությունների հայցումը, չի կարող ստեղծել Աստծո հետ այն շփումը, որն առաջ է բերում տևական զորություն։ Արդյո՞ք հոժար եք աղոթել, որպեսզի իմանաք, թե ինչպես աղոթել ավելի շատ զորություն ունենալու համար։ Տերը կուսուցանի ձեզ։

Արդյո՞ք պատրաստակամ եք ուսումնասիրել սուրբ գրությունները և սնվել Քրիստոսի խոսքերով,13 և ջանասիրաբար ուսումնասիրել, որպեսզի ավելի շատ զորություն ունենաք։ Եթե ցանկանում եք, որ ձեր կինը հպարտանա ձեզանով, թույլ տվեք, որ նա տեսնի ձեզ` համացանցում Քրիստոսի վարդապետությունն ուսումնասիրելիս14 կամ սուրբ գրությունները կարդալիս։

Արդյո՞ք պատրաստակամ եք տաճարում կանոնավոր երկրպագություն անել։ Տիրոջը դուր է գալիս Իր սուրբ տանն իր ուսուցումը կազմակերպել։ Պատկերացրեք, թե որքան Նա կուրախանա, եթե խնդրեք Նրան ուսուցանել քահանայության բանալիների, իշխանության և զորության մասին, երբ դուք սրբազան տաճարում կիրառեք Մելքիսեդեկյան քահանայության արարողությունները։15 Պատկերացրեք քահանայության այն մեծ զորությունը, որը կարող է ձերը լինել։

Արդյո՞ք հոժար եք հետևել ուրիշներին ծառայելու Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի օրինակին։ Տասնամյակներ շարունակ նա գործել է առանց նախապես պլանավորելու, հետևելով Հոգու հուշումներին, հայտնվելով որևէ մեկի դռան առջև ու լսել հետևյալ բառերը. «Ինչպե՞ս իմացաք, որ այսօր մեր դստեր մահվան տարին է» կամ «Ինչպե՞ս իմացաք, որ այսօր իմ ծննդյան օրն է»։ Իսկ եթե դուք իսկապես քահանայության ավելի մեծ զորություն եք ուզում, դուք կփայփայեք ու հոգ կտանեք ձեր կնոջ մասին և կընդունեք թե՛ նրան, թե՛ նրա խորհուրդները։

Այժմ, եթե այս ամենը չափազանց շատ է թվում, խնդրում եմ մի պահ մտածեք, թե որքան տարբեր կլիներ մեր կնոջ, երեխաների և աշխատանքում գործընկերների հետ ունեցած հարաբերությունները, եթե մենք նույնքան մտահոգվեինք քահանայության զորությունը ստանալու վերաբերյալ, որքան աշխատանքում առաջ գնալու կամ մեր բանկային հաշիվները մեծացնելու վերաբերյալ։ Եթե մենք խոնարհաբար մեզ տրամադրենք Տիրոջը և խնդրենք Նրան ուսուցանել մեզ, Նա մեզ ցույց կտա, թե ինչպես մենք կարող ենք ավելի շատ ստանալ Նրա զորությունը։

Մենք գիտենք, որ այս վերջին օրերում շատ երկրաշարժեր կլինեն տարբեր տեղերում։16 Գուցե այդ տարբեր տեղերից մեկը լինի մեր տունը, որտեղ կարող են տեղի ունենալ հուզական, ֆինանսական կամ հոգևոր «երկրաշարժեր»։ Քահանայության զորությունը կարող է հանդարտեցնել ծովերը և բուժել երկրի ճեղքերը։ Քահանայության զորությունը նաև կարող է հանդարտեցնել մտքերն ու բուժել մեր սիրելիների սրտի վերքերը։

Արդյո՞ք պատրաստակամ ենք աղոթել, ծոմ պահել, ուսումնասիրել, ձգտել, երկրպագել ու ծառայել որպես Աստծո տղամարդիկ, որպեսզի մենք ունենանք քահանայության այդ զորությունը։ Քանի որ երկու փոքրիկ աղջիկներ այդքան շատ էին ցանկանում կնքվել իրենց ընտանիքի հետ, նրանց հայրն ու եղբայրը հոժարակամ վճարեցին սուրբ Մելքիսեդեկյան քահանայությունը կրելու գինը։

Իմ սիրելի եղբայրներ, մեզ սրբորեն վստահվել է ուրիշներին օրհնելու Աստծո իշխանությունը։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը ոտքի ելնի որպես Աստծո տղամարդ, որի համար և Նա նախասահմանել է մեզ, պատրաստ լինի խիզախորեն կրելու Աստծո քահանայությունը և ձգտի վճարել այն գինը, որն անհրաժեշտ է քահանայության իր զորությունը մեծացնելու համար։ Այդ զորության միջոցով կարող ենք աշխարհը նախապատրաստել Մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Սա Նրա Եկեղեցին է, որն այսօր առաջնորդվում է Նրա մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից, ում ես շատ սիրում ու հաստատում եմ։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։