2016
Ընտրություններ
նախորդ հաջորդ

Ընտրություններ

Մեր կատարած ընտրությունները որոշում են մեր ճակատագիրը

Եղբայրներ և քույրեր, նախքան իմ պաշտոնական ուղերձին անցնելը, ես կցանկանայի հայտարարել չորս նոր տաճարների մասին, որոնք առաջիկա ամիսներին և տարիներին կկառուցվեն հետևյալ վայրերում․ Կիտո (Էկվադոր), Հարարե (Զիմբաբվե), Բելեմ (Բրազիլիա) և երկրորդ տաճարը Լիմայում (Պերու)։

Երբ 1963թ-ին դարձա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, Եկեղեցով մեկ կար միայն 12 գործող տաճարներ։ Երկու շաբաթ առաջ Պրովո քաղաքային կենտրոնի տաճարի նվիրագործումից հետո, ողջ աշխարհով մեկ գործող տաճարների թիվը հասավ 150-ի։ Մենք անչափ երախտապարտ ենք այդ սրբազան տներում մեր ստացած օրհնությունների համար։

Այժմ, եղբայրներ և քույրեր ես պատիվ ունեմ այս առավոտ ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով։

Վերջերս մտածում էի ընտրություններ անելու մասին։ Գաղտնիք չէ, որ փոքր իրադարձությունները մեծ հետևանքներ կարող են թողնել պատմության մեջ և մարդկանց կյանքում։ Մեր կատարած ընտրությունները որոշում են մեր ճակատագիրը։

Երբ նախաերկրային կյանքից մուտք գործեցինք մահկանացու կյանք, մենք մեզ հետ բերեցինք ազատ կամքի իրավունքը։ Մեր նպատակն այն է, որ ձեռք բերենք սելեստիալ փառքը և մեր կատարած ընտրությունները, վերջին հաշվով, որոշում են, թե արդյոք մենք կհասնենք մեր նպատակին։

Ձեզանից շատերին ծանոթ է Լուիս Քերոլի Ալիսան հրաշքների աշխարհում դասական պատմվածքը։ Հավանաբար, հիշում եք, որ նա հայտնվում է երկու ճանապարհների խաչմերուկում, որոնցից յուրաքանչյուրն առաջ է ձգվում, բայց հակառակ ուղղություններով։ Երբ նա մտածում է, թե որ կողմ գնար, նա հանդիպում է Չեշիրյան կատվին, ում Ալիսան հարցնում է․ «Ո՞ր ճանապարհով պետք է գնամ»։

Կատուն պատասխանում է․ «Դա կախված է նրանից, թե ո՞ւր ես ուզում հասնել։ Եթե չգիտես, թե ուր ես ուզում հասնել, ապա կարևոր չէ, թե որ ճանապարհով կգնաս»։1

Ի տարբերություն Ալիսայի, մենք գիտենք, թե ուր ենք գնում և իրոք կարևոր է, թե որ ուղղությամբ կգնանք, քանի որ այս կյանքի մեր ճանապարհը կհասցնի հաջորդ կյանքի մեր նպատակակետին։

Թող որ այնպիսի զորեղ հավատք ամրապնդենք մեր մեջ, որը կդառնա մեր ամենաարդյունավետ պաշտպանությունը հակառակորդի ծրագրերի դեմ, մի իրական հավատք, այնպիսի հավատք, որը կօգնի մեզ և կամրապնդի ճիշտն ընտրելու մեր ցանկությունը։ Առանց այդպիսի հավատքի մենք ոչ մի տեղ չենք հասնի։ Դրա օգնությամբ մենք կիրագործենք մեր նպատակները։

Թեև շատ կարևոր է, որ իմաստուն ընտրություններ անենք, կլինեն պահեր, երբ մենք հիմար ընտրություններ կկայացնենք։ Մեր Փրկչի կողմից տրված ապաշխարելու պարգևը թույլ կտա կարգավորելու մեր կյանքը, որպեսզի մենք վերադառնանք դեպի այն ճանապարհը, որը մեզ կհանգեցնի սելեստիալ փառքին։

Եկեք խիզախ գտնվենք և չեթարկվենք համընդհանուր կարծիքին։ Եկեք կայացնենք դժվարին թվացող ճիշտ ընտրություններ, այլ ոչ թե հեշտ թվացող սխալ ընտրություններ։

Երբ մտածենք ամեն օր կայացրած որոշումների մասին, թե ո՞ր ընտրությանը հետևենք, եթե ընտրենք Քրիստոսին, մենք ճիշտ ընտրություն կկայացնենք։

Իմ սրտաբուխ ու խոնարհ աղոթքն է, որ մենք միշտ այդպես վարվենք, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն։

Հղումներ

  1. Մեջբերված է Լուիս Քերոլի Ալիսան հրաշքների աշխարհում գրքից (1898), 89։