2016
Գովք փրկարարներին
Մայիս 2016


Գովք փրկարարներին

Եթե հետամուտ լինենք Փրկչի սիրուն, նա անպայման կօրհնի ու հաջողություն կտա ամուսնությունը փրկելու և ընտանիքը զորացնելու մեր արդար ջանքերին:

Տարիներ առաջ, Գերմանիայի Ֆրանկֆուրտ տաճարում, նկատեցի միմյանց ձեռքերը բռնած տարեց մի զույգի: Միմյանց հանդեպ դրսևորած քնքշության ու մտերմության այդ ուշադրությունը ջերմացրեց իմ սիրտը:

Ես լիովին համոզված չեմ, թե այդ տեսարանն ինչու այնքան խորապես ազդեց ինձ վրա: Թերևս սիրո քաղցրությունն էր, որ այդ երկու մարդիկ կիսում էին միմյանց հանդեպ, որը հաստատակամության ու նվիրվածության ազդեցիկ խորհրդանիշ էր: Ակնհայտ էր, որ այդ զույգը միասին ապրել էր երկար ժամանակ, և միմյանց հանդեպ նրանց ջերմությունը դեռ առկա էր և ամուր:

Մեկանգամյա օգտագործման հասարակություն

Կարծում եմ, որ մյուս պատճառը, որ այդ ջերմ տեսարանը երկար տարիներ իմ հուշերում է մնացել, դրա հակադրությունն է մերօրյա վերաբերմունքների հետ: Աշխարհում չափից շատ հասարակություններ կան, որտեղ ամեն ինչ կարծես միանգամյա օգտագործման համար է: Հենց որ մի բան սկսում է կոտրվել կամ մաշվել, կամ պարզապես հոգնեցնում է, մենք այն դեն ենք նետում և փոխարինում ենք ավելի լավով, ինչը նոր է կամ ավելի փայլուն:

Մենք դա անում ենք բջջային հեռախոսների, հագուստի, ավտոմեքենայի և, ցավոք, կիրառում ենք անգամ մարդկային հարաբերություններում:

Թեև նյութական իրերի դեպքում հինը նորով փոխելը կարող է իմաստավորված լինել, հավերժական կարևորություն ներկայացնող հարցերի՝ մեր ամուսնությունների, ընտանիքների և արժեքների դեպքում, հինը ժամանակակցի հետ փոխարինելու մտայնությունը կարող է խորը զղջում առաջացնել:

Ես երախտապարտ եմ, որ պատկանում եմ մի եկեղեցու, որը արժևորում է ամուսնությունը և ընտանիքը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ողջ աշխարհում հայտնի են հնարավորինս լավագույն ամուսնություններ ու ընտանիքներ ունենալու համար: Համոզված եմ, դա, մասամբ, պայմանավորված է Ջոզեֆ Սմիթի կողմից վերականգնած թանկարժեք ճշմարտության հետ, որ ամուսնությունները և ընտանիքները նախատեսված են հավերժության համար: Ընտանիքները նախատեսված չեն երկրային գործերը հեշտացնելու, իսկ երկնքում անօգուտ համարվելու համար: Ավելի շուտ, ընտանիքով ապրելը երկնային կարգ է: Ընտանիքը սելեստիալ ապրելակերպի արձագանքն է և Աստծո հավերժական ընտանիքի արտացոլանքը:

Ինչևէ, ամուսնական և ընտանեկան հարաբերությունները չեն ամրանում միայն այն պատճառով, որ մենք Եկեղեցու անդամներ ենք: Դրանք պահանջում են մշտական, նպատակային աշխատանք: Հավերժական ընտանիքների վարդապետությունը պետք է ոգեշնչի մեզ նվիրելու մեր լավագույն ջանքերը մեր ամուսնության ու ընտանիքի փրկության և վեհացման գործին: Ես հիանում ու գովաբանում եմ նրանց, ովքեր պահպանել և սնել են այդ կարևորագույն հավերժական հարաբերությունները:

Այսօր ես կամենում եմ գովք ասել ամուսնության փրկարարներին:

Մեր ամուսնության փրկությունը

Տարիների ընթացքում, ես կնքման արարողություն եմ կատարել բազմաթիվ հուսադրող և սիրող զույգերի համար: Երբեք չեմ հանդիպել զույգի, որ զոհասեղանի առաջ, միմյանց նայելով, մտածի, թե մի օր բաժանվելու կամ սրտաբեկ է լինելու:

Ցավոք, ոմանց մոտ այդպիսի ավարտ է լինում:

Ինչ-որ կերպ, երբ օրերը բազմապատկվում են և ռոմանտիկ սիրո գույնը փոխվում է, կան ոմանք, ովքեր կամաց-կամաց դադարում են մտածել միմյանց երջանկության մասին և սկսում են նկատել միմյանց փոքրիկ սխալները: Նման միջավայրում, ոմանք հրապուրվում են ողբերգական եզրակացությամբ, որ իրենց ամուսինը բավարար խելացի չէ, բավարար զվարճալի չէ, ոչ էլ բավարար երիտասարդ է: Եվ ինչ-որ կերպ նրանք եզրակացնում են, որ դուրս նայելն արդարացված է:

Եղբայրնե՛ր, եթե դուք չնչին իսկ չափով մոտ եք այս նկարագրությանը, ես զգուշացնում եմ, որ դուք այն ճանապարհին եք, որը տանում է դեպի քայքայված ամուսնություն, դեպի քանդված տներ և դեպի փշրված սրտեր: Ես աղերսում եմ ձեզ կանգ առնել, շրջվել և վերադառնալ դեպի ուխտերի հանդեպ ազնվության ու նվիրվածության անվտանգ ճանապարհը: Եվ, իհարկե, նույն սկզբունքները վերաբերում են նաև մեր սիրելի քույրերին:

Այժմ, ընդամենը մեկ խոսք մեր միայնակ եղբայրներին, ովքեր հավատում են այն խաբեությունը, որ պետք է նախ մի «կատարյալ կին» գտնել, ապա սիրահարվելու կամ ամուսնության լուրջ փորձեր անել:

Իմ սիրելի՛ եղբայրներ, թույլ տվեք ձեզ հարցնել, թե անգամ եթե կատարյալ կին գտնեք, դուք իսկապես կարծում եք, որ նա կհետաքրքրվի՞ ձեզանով:

Աստծո երջանկության ծրագրում, մենք ոչ այնքան կատարյալ մարդ ենք փնտրում, որքան փնտրում ենք մեկի, ում հետ, ողջ կյանքի ընթացքում, կարող ենք միավորել ջանքերը, որպեսզի ստեղծենք սիրով լի, տևական և ավելի կատարյալ հարաբերություններ: Նպատակը դա է:

Եղբայրնե՛ր, ամուսնության փրկարարները հասկանում են, որ այդ գործը պահանջում է ժամանակ, համբերություն և, ամենաշատը, Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները: Այն պահանջում է լինել բարի, չնախանձել, սեփականը չորոնել, հեշտությամբ չբորբոքվել, չարը չմտածել և ճշմարտությամբ ուրախանալ: Այլ կերպ ասած, այն պահանջում է գթություն՝ Քրիստոսի մաքուր սերը1:

Այդ բոլորը տեղի չի ունենա մեկ ակնթարթում: Փառահեղ ամուսնությունները կառուցվում են քարը քարին դնելով, օր-օրի՝ ողջ կյանքի ընթացքում:

Եվ դա բարի լուր է:

Քանի որ, անկախ նրանից, թե ինչ հարթության վրա են ձեր հարաբերությունները ներկայումս, եթե դուք շարունակեք ավելացնել բարության, կարեկցանքի, լսելու, զոհաբերության, փոխըմբռնման և անձնազոհության խճաքարեր, ի վերջո, մի զորեղ բուրգ կբարձրանա:

Եթե պարզվի, որ դա հավերժություն է պահանջում, հիշեք. Երջանիկ ամուսնությունները նախատեսված են հավերժության համար: Այնպես որ «մի՛ ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի»2:

Դա կարող է լինել աստիճանական աշխատանք, բայց չպետք է լինի տխուր գործ: Ի դեպ, համարձակվելով ասել այն, ինչ ակնհայտ է, ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ է, երբ ամուսինն ու կինը երջանիկ են:

Այնպես որ, երջանիկ եղեք:

Եվ եղբայրնե՛ր, զարմացրեք ձեր կանանց երջանկության պահեր պարգևելով:

Ամուսնության փրկարարներն ընտրում են երջանկությունը: Թեև ճիշտ է, որ քրոնիկական դեպրեսիայի որոշ տեսակներ մասնագիտական բուժում են պահանջում, ինձ դուր է գալիս Աբրահամ Լինքոլնի այս փոքր իմաստությունը. «Մարդկանց մեծ մասը նույնքան երջանիկ է, որքան ձգտում է երջանիկ լինել»: Դա միանգամայն համահունչ է սուրբ գրությունների ուղեկից մտքին. «Որոնեցէք եւ կ’գտնէք»3:

Եթե թերություններ փնտրենք մեր ամուսնու մեջ կամ զայրացնող բաներ մեր ամուսնության մեջ, անպայման գտնենք, քանի որ յուրաքանչյուր ոք ունի նման բաներ: Մյուս կողմից, եթե լավ բան փնտրենք, մենք անպայման կգտնենք այն, քանի որ յուրաքանչյուր ոք բազմաթիվ լավ որակներ ունի:

Ամուսնության փրկարարները քաղհանում են մոլախոտերը և ջրում ծաղիկները: Նրանք նշում են բարեհաճության փոքր քայլերը, որոնք բռնկում են գթության ջերմ զգացմունքները: Ամուսնության փրկարարները փրկում են գալիք սերունդներին:

Եղբայրնե՛ր, հիշեք, թե ինչու էիք սիրահարվել:

Ամեն օր աշխատեք ձեր ամուսնությունը ավելի ամուր ու երջանիկ դարձնելու ուղղությամբ:

Իմ սիրելի՛ ընկերներ, եկեք մեր լավագույնն անենք, որ լինենք նրանց շարքում, ովքեր սրբացնում են և երջանիկ են, որ փրկում են իրենց ամուսնությունը:

Մեր ընտանիքի փրկությունը

Այսօր ես ցանկանում եմ գովասանքի խոսք ասել նաև նրանց հասցեին, ովքեր ընտանեկան իրենց հարաբերությունների փրկարարն են: Յուրաքանչյուր ընտանիք փրկվելու կարիք ունի:

Որքան էլ հրաշալի է այն, որ այս Եկեղեցին հայտնի է իր ամուր ընտանիքներով, հաճախ մենք զգացում կունենանք, որ դա վերաբերում է Վերջին Օրերի Սրբերի բոլոր ընտանիքներին, բացի մերից: Բայց իրականությունն այն է, որ չկան կատարյալ ընտանիքներ:

Յուրաքանչյուր ընտանիքում կան անհարմար զգալու պահեր:

Ինչպես օրինակ, երբ ծնողները խնդրում են, որ դուք իրենց «սելֆի» անեք, կամ, երբ ձեր մեծ մորաքույրը պնդում է, որ դուք դեռ ամուսնացած չեք, քանի որ շատ քթի մազ եք, կամ երբ ձեր համառ փեսան պնդում է, որ իր քաղաքական տեսակետը ավետարանի տեսկետն է, կամ երբ ձեր հայրը ընտանեկան լուսանկար է կազմակերպում, որտեղ բոլորը պետք է հագնված լինեն իր սիրած ֆիլմի կերպարներով:

Եվ ձեզ բաժին է ընկնում «Աստղային պատերազմների» Չյուբակայի զգեստը:

Ընտանիքներն այդպիսին են:

Մենք միևնույն գենոֆոնդի ժառանգորդ ենք, բայց նույնը չենք: Մեր հոգիներն առանձնահատուկ են: Մեր փորձառությունները տարբեր ձևով են ազդում մեր վրա: Եվ արդյունքում բոլորս տարբերվում ենք:

Ուրիշներին մեր իսկ ձուլվածքի մասը դառնալու պարտադրանքի փոխարեն, մենք կարող ենք ուրախանալ տարբերություններով և գնահատել, որ նրանք հարստացնում են մեզ և մեր կյանքը լցնում են անակնկալներով:

Երբեմն, սակայն, մեր ընտանիքի անդամները ընտրություն են կատարում կամ անում են բաներ, որոնք անմիտ, վիրավորական կամ անբարոյական են: Ի՞նչ պետք է անենք այդ դեպքերում:

Չկա մեկ լուծում բոլոր իրավիճակների համար: Ընտանիքների փրկարարները հաջողակ են, քանի որ նրանք խորհուրդ են անում իրենց կողակցի և ընտանիքի անդամների հետ, փնտրում են Տիրոջ կամքը, և լսում են Սուրբ Հոգու հուշումներին: Նրանք գիտեն, որ այն, ինչ ճիշտ է մի ընտանիքի համար, կարող է ճիշտ չլինել մեկ ուրիշի համար:

Չնայած դրան, կա մեկ բան, որը ճիշտ է բոլոր դեպքերում:

Մորմոնի Գրքում մենք տեղեկանում ենք մարդկանց մասին, ովքեր գտել էին երջանկության գաղտնիքը: Սերունդների ընթացքում «չկար ոչ մի հակառակություն…և, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»։ Ինչպե՞ս դա հնարավոր եղավ: «Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում»4:

Ինչ խնդիրներ էլ որ ծառացած լինեն ձեր ընտանիքի առջև, ինչ էլ որ դուք անեք դրանք լուծելու համար, լուծման սկիզբը և վերջը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը: Առանց այդ սիրո, նույնիսկ առերևույթ կատարյալ ընտանիքները մաքառում են: Այդ սիրով, նույնիսկ մեծ մարտահրավերներ ունեցող ընտանիքները հաջողության են հասնում:

«Գթությունը երբէք չի խափանվի»5:

Դա ճշմարի՛տ է ամուսնությունները փրկելու հարցում: Դա ճշմարի՛տ է ընտանիքները փրկելու հարցում:

Մի կողմ դրեք հպարտությունը

Գթության մեծ թշնամին հպարտությունն է: Հպարությունը ամուսնությունների ու ընտանիքների մաքառումների ամենամեծ պատճառներից մեկն է: Հպարտությունը շուտ բռնկվող է, անգութ և նախանձամիտ: Հպարտությունը չափազանցնում է սեփական ուժը և անտեսում է ուրիշների արժանիքները: Հպարտությունը եսասեր է և դյուրագրգիռ: Հպարտությունը չարամտություն է տեսնում այնտեղ, որտեղ այն չկա և թաքցնում է սեփական թույլ կողմերը խորամուխ արդարացումներով: Հպարտությունը անպատկառ է, հոռետես, բարկացկոտ և անհամբեր: Իրոք, եթե գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, ապա հպարտությունը Սատանայի բնորոշ հատկանիշն է:

Հպարտությունը կարող է համամարդկային թուլություն լինել: Բայց այն մեր հոգևոր ժառանգության մասը չէ և տեղ չունի Աստծո քահանայություն կրողների մեջ:

Կյանքը կարճ է, եղբայրներ: Ափսոսանքը կարող է երկար տևել, իսկ մի քանիսը հավերժության մեջ արձագանքող հետևանքներ կունենան:

Ձեր կնոջ կամ երեխաների կամ ծնողների կամ եղբայրների ու քույրերի հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է ազդել գալիք սերունդների վրա: Ի՞նչ ժառանգություն եք ուզում թողնել ձեր սերունդներին: Կոպտության, զայրույթի, բարկության, վախի, գուցե մեկուսանալո՞ւ ժառանգություն: Թե՞ սիրո, խոնարհության, ներողամտության, կարեկցանքի, հոգևոր աճի և միաբանության ժառանգություն:

Բոլորս պետք է հիշենք. «Անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ»6:

Հանուն ձեր ընտանեկան հարաբերությունների, հանուն ձեր հոգու, խնդրո՛ւմ եմ լինել գթառատ, որովհետև «ողորմութիւնը ցնծում է դատաստանի դէմ»7:

Մի կողմ դրեք հպարտությունը:

Ձեր երեխաներից, ձեր կնոջից, ձեր ընտանիքից կամ ձեր ընկերներից անկեղծորեն ներողություն խնդրելը ոչ թե թուլության նշան է, այլ զորության: Մի՞թե ճիշտ լինելը ավելի կարևոր է, քան սնուցման, բուժման և սիրո միջավայր խթանելը:

Կառուցեք կամուրջներ, ոչ թե քանդեք:

Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք մեղավոր չեք, գուցե, հատկապես, երբ դուք չեք մեղավորը, թույլ տվեք, որ սերը հաղթի հպարտությանը:

Եթե այդպես վարվեք, ձեզ հանդիպած ձախորդությունները կանցնեն և ձեր սրտում բնակվող Աստծո սիրո շնորհիվ հակառակությունը կվերանա: Հարաբերությունները փրկելու այդ սկզբունքները կիրառելի են բոլորիս համար, անկախ նրանից, մենք ամուսնացած ենք, թե ամուսնալուծված, այրի ենք, թե ամուրի: Բոլորս կարող ենք ամուր ընտանիքների փրկարար լինել:

Ամենամեծ սերը

Եղբայրնե՛ր, մեր ամուսնությունը և մեր ընտանիքը փրկելու ջանքերում, ինչպես որ մյուս բոլոր գործերում, եկեք հետևենք մեր Փրկչի օրինակին: Փրկիչը շահեց մեր հոգին իր սիրով8: Հիսուս Քրիստոսը մեր Տերն է: Նրա աշխատանքը մեր աշխատանքն է: Այն փրկարար աշխատանք է, որը սկսվում է մեր տներից:

Փրկության ծրագրի հյուսվածքում սերը անձնուրաց է և փնտրում է ուրիշների բարեկեցությունը: Դա այն սերն է, որ մեր Երկնային Հայրն ունի մեր հանդեպ:

Եթե հետամուտ լինենք Փրկչի սիրուն, նա անպայման կօրհնի ու հաջողություն կտա մեր արդար ջանքերին, որպեսզի փրկենք մեր ամուսնություններն ու զորացնենք մեր ընտանիքները:

Թող Տերն օրհնի ձեր անխոնջ ու արդար ջանքերը, որպեսզի դուք հայտնվեք փրկարարների շարքում: Սա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: