2016
Ապաստան փոթորիկից
նախորդ հաջորդ

Ապաստան փոթորիկից

Այս պահը չի բնութագրում փախստականներին, սակայն մեր արձագանքը կօգնի բնութագրել ինքներս մեզ:

«Որովհետև սովեցի, և դուք տուիք ինձ ուտել. ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մօտ առաք.

մերկ էի, և հագցրիք ինձ: …

… Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»:1

Այսօր աշխարհում փախստականների թիվը կազմում է մոտ 60 միլիոն, որը նշանակում է, որ «122 մարդկանցից 1 մարդ … ստիպված է եղել փախչել իր տնից»2 և դրա կեսը երեխաներ են:3 Սարսափելի է այդ թվերի մասին մտածելն ու խորհելը, թե ինչ է սա նշանակում յուրաքանչյուր անհատի կյանքում: Ներկայումս իմ հանձնարարությունը Եվրոպայում է, որտեղ այս վերջին տարվա ընթացքում այս փախստականների մեկ միլիոն 250 հազարը եկավ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի պատերազմից ավերված մասերից:4 Մենք տեսնում ենք, որ նրանցից շատերը եկել են միայն մի հագուստով և մի փոքր պայուսակով: Նրանցից շատերն ունեն լավ կրթություն, և բոլորը ստիպված են եղել թողնել իրենց տունը, դպրոցն ու աշխատանքը:

Առաջին Նախագահության առաջնորդության ներքո Եկեղեցին այսօր համագործակցում է 75 կազմակերպությունների հետ 17 եվրոպական երկրներում: Այդ կազմակերպությունները տարածվում են մեծ միջազգային հաստատություններից մինչև փոքր համայնքային նախաձեռնություններ, պետական կառույցներից մինչև կրոնական ու ոչ կրոնական բարեգործական կազմակերպություններ: Մենք ուրախ ենք, որ կարող ենք համագործակցել ու սովորել ուրիշներից, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ամբողջ աշխարհի փախստականների հետ:

Որպես Եկեղեցու անդամներ, որպես մի խումբ ժողովուրդ, կարիք չկա, որ մենք շատ հետ գնանք մեր պատմության մեջ, որպեսզի խորհենք այն ժամանակների մասին, երբ մենք փախստական էինք, երբ մեզ բազմիցս դաժանորեն վտարում էին տներից ու դաշտերից: Անցած շաբաթ, փախստականների մասին խոսելիս, Քույր Լինդա Բարթոնը Եկեղեցու կանանցից մեկին խնդրեց խորհել. «Իսկ եթե նրանց պատմությունը լիներ իմ պատմությունը» հարցի շուրջ:5 Նրանց պատմությունը մեր պատմությունն է ոչ շատ տարիներ առաջ:

Կառավարություններում և հասարակության մեջ բուռն վիճաբանություններ կան այն մասին, թե որն է փախստականի սահմանումը, և ինչ է անհրաժեշտ անել փախստականներին օգնելու համար: Այս մտքերով կիսվելու նպատակը ոչ մի կերպ այդ բուռն քննարկման մաս դառնալը չէ, և ոչ էլ ներգաղթի քաղաքականության մասին մեկնաբանություն անելը, այլ այն մարդկանց վրա կենտրոնանալն է, ովքեր վտարվել են իրենց տներից ու իրենց երկրներից պատերազմի պատճառով, որը սկսելու գործում իրենք մասնակից չեն:

Փրկիչին ծանոթ է փախստական լինելու զգացումը. Նա Ինքը փախստական էր: Երեխա ժամանակ Հիսուսն ու Իր ընտանիքը փախան Եգիպտոս, որպեսզի խուսափեին Հերովդեսի սրից: Եվ Իր ծառայության տարբեր ժամանակահատվածներում Հիսուսին սպառնում էին, և Նրա կյանքը վտանգի մեջ էր, որն ի վերջո ենթարկեց այն չար մարդկանց դավադրությանը, ովքեր ծրագրել էին Նրա մահը: Գուցե մեզ համար նույնիսկ ավելի զարմանալի է, որ այդ ժամանակ Նա անընդմեջ մեզ ուսուցանում էր սիրել միմյանց, սիրել, ինչպես Ինքն է սիրում, սիրել մեր մերձավորին մեր անձի պես: Իրոք, «Սուրբ և անարատ կրօնասիրությունն Աստծոյ և Հօր առաջին սա է, որբերին և այրիներին այցելել նորանց նեղութան մէջ»6 և «հոգ [տանել] աղքատների ու կարիքավորների համար, և [ծառայել]` ի սփոփանք նրանց, որ նրանք չտառապեն»:7

Ոգեշնչող էր ականատես լինել, թե աշխարհի բոլոր ծայրերում գտնվող Եկեղեցու անդամները ինչ են շռայլորեն նվիրաբերում այդքան շատ կորուստ կրած անհատներին ու ընտանիքներին օգնելու համար: Հատկապես Եվրոպայի տարածքում ես տեսել եմ Եկեղեցու շատ անդամների, ովքեր իրենց սրտում զգացել են ուրախություն ու բերկրանք՝ ծայրաստիճան կարիքի մեջ գտնվողներին օգնության ձեռք մեկնելու ու նրանց ծառայելու իրենց ներքին բնածին ցանկությանը հնազանդվելիս: Եկեղեցին տրամադրել է ապաստան ու բժշկական օգնություն: Ցցերն ու միսիաները հավաքել են մի քանի հազար հիգիենայի փաթեթներ: Այլ ցցեր մատակարարել են սնունդ և ջուր, հագուստ, անջրանցիկ վերարկուներ, հեծանիվներ, գրքեր, ուսապարկեր, ակնոցներ կարդալու համար և այլն:

Շոտլանդիայից մինչև Սիցիլիա շատ անհատներ տարբեր դերեր էին կատարում: Բժիշկներն ու բուժքույրերը կամավոր ծառայություն էին մատուցում հենց այնտեղ, որտեղ փախստականները գալիս էին թրջված, ցրտահարված և ջրերի միջով անցնելու պատճառով հաճախ տրավմաների ենթարկված: Երբ փախստականները սկսում են վերաբնակեցման գործընթացը, տեղի անդամներն օգնում են նրանց սովորել իրենց հյուրընկալող երկրի լեզուն, մինչ մյուսները ոգեշնչում են երեխաներին ու նրանց ծնողներին` տրամադրելով խաղալիք, արվեստի պարագաներ, երաժշտություն ու խաղ: Ոմանք էլ վերցնում են նվիրաբերված մանվածքը, հյուսելու շյուղերն ու հելունները և ուսուցանում են այդ հմտությունները տեղի փախստականներին` թե` մեծերին, և թե՝ երիտասարդներին:

Եկեղեցու փորձառու անդամները, ովքեր երկար տարիներ ծառայել ու ղեկավարել են, հաստատում են այն փաստը, որ հրատապ կարիքի մեջ գտնվող անձանց ծառայելն իրենց տվել է ամենահարուստ, ամենից շատ բավականություն պատճառող փորձառությունն իրենց ծառայության մեջ:

Այս հանգամանքների իսկությանը հավատալու համար անհրաժեշտ է այն տեսնել: Ձմռանը շատերի մեջ ես տեսա մի հղի կնոջ, ով Սիրիայից էր և գտնվում էր փախստականների տարանցիկ ճամբարում` հուսահատորեն փորձելով հավաստիանալ, որ ինքը ստիպված չի լինի լույս աշխարհ բերել իր երեխային այդ ընդարձակ սենյակի սառը հատակին, որտեղ նա գտնվում էր: Սիրիայում նա եղել էր համալսարանի դասախոս: Հունաստանում ես խոսեցի մի ընտանիքի անդամների հետ, ովքեր դեռ թաց էին, դողում էին ու վախեցած էին Թուրքիայից փոքր լաստանավով անցնելուց հետո: Նրանց աչքերին նայելուց ու ահաբեկումներից փախուստի և ապաստան գտնելու համար նրանց վտանգավոր ճամփորդության մասին պատմությունները լսելուց հետո ես երբեք էլ նույնը չեմ լինի:

Հոգատարության և օգնության ցուցաբերումը նվիրված աշխատակիցների բազմակողմանի մոտեցումն էր, որոնցից շատերը կամավորներ են: Ես տեսա Եկեղեցու անդամներից մեկին, ով ամիսներ շարունակ աշխատում էր գիշերը` հոգ տանելով Թուրքիայից Հունաստան եկած մարդկանց ամենահրատապ կարիքների մասին: Բազմաթիվ այլ ջանքերի հետ մեկտեղ, նա առաջին օգնություն էր ցուցաբերում նրանց, ովքեր ունեին անհապաղ բժշկական օգնության կարիք, նա հավաստիանում էր, որ միայնակ ճամփորդող կանանց ու երեխաների մասին հոգ տանեին, նա զորակցում էր նրանց, ովքեր ճանապարհին կորցրել էին իրենց սիրելիներին, նա լավագույնս փորձում էր սահմանափակ միջոցներով հոգալ անսահմանափակ կարիքներ: Իր նման շատերի պես նա իսկական սպասավոր հրեշտակ էր, ում գործերը չեն մոռացվում նրանց կողմից, ում մասին նա հոգ էր տանում, ոչ էլ Տիրոջ կողմից, ում հանձնարարությունն էր կատարում:

Նրանք, ովքեր իրենց չեն խնայում իրենց շուրջ գտնվողների տանջանքները մեղմացնելու համար, շատ նման են Ալմայի ժողովրդին. «Եվ այսպիսով, իրենց բարեկեցիկ պայմաններում նրանք դուրս չէին քշում որևէ մեկին, ով մերկ էր, կամ, որ քաղցած էր, կամ, որ պապակ էր, կամ, որ հիվանդ էր, կամ, որ կերակրված չէր. … նրանք բոլորի հանդեպ առատաձեռն էին` ինչպես ծերի, այնպես էլ երիտասարդի, ինչպես ճորտի, այնպես էլ ազատի, ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ, ինչպես եկեղեցուց դուրս, այնպես էլ եկեղեցում, չունենալով կողմնապահություն հանդեպ անձանց, ինչ վերաբերում էր նրանց, ովքեր գտնվում էին կարիքի մեջ»:8

Մենք պետք է զգույշ լինենք, որ փախստականների իրավիճակի մասին լուրերն ինչ-որ կերպ չդառնան սովորական երևույթ սկզբնական ցնցումն անհետանալուց հետո, քանի դեռ պատերազմները ընթացքի մեջ են, և ընտանիքները շարունակում են ապաստան փնտրել: Միլիոնավոր փախստականներ աշխարհի տարբեր մասերից, ում մասին պատմությունները լուրերի կենտրոնում չեն արդեն, մինչև հիմա օգնության հուսահատ կարիքի մեջ են:

Եթե դուք հարցնում եք. «Ի՞նչ կարող եմ անել», ապա եկեք առաջին հերթին հիշենք, որ մենք չպիտի ծառայենք մեր ընտանիքների ու այլ պատասխանատվությունների համար ունեցած գումարի հաշվին9, ոչ էլ պիտի ակնկալենք, որ մեր ղեկավարները մեզ համար ծրագրեր կազմեն: Սակայն որպես երիտասարդներ, տղամարդիկ, կանայք ու ընտանիքներ, մենք կարող ենք միանալ այս մեծ մարդասիրական ջանքերին:

Ի պատասխան աշխարհի փախստականների համար Քրիստոսանման ծառայություն կատարելու Առաջին Նախագահության հրավերին,10 Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության գերագույն նախագահությունները կազմակերպել են սփոփող ջանքեր «Ես օտարական էի» խորագրով: Քույր Բարթոնն անցած շաբաթ կանանց գերագույն նիստի ժամանակ ներկայացրեց այն Եկեղեցու կանանց: IWasAStranger.lds.org կայքում կան ծառայության բազմաթիվ օգտակար մտքեր, միջոցներ ու առաջարկներ:

Սկսեք ծնկների վրա աղոթելով: Այնուհետև մտածեք տան մոտ, ձեր համայնքում ինչ-որ բան անելու մասին, որտեղ կգտնեք մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն իրենց նոր իրավիճակին հարմարվելու համար: Գլխավոր նպատակը նրանց աշխատանքային և ինքնապահով կյանքը վերականգնելն է:

Մեզ համար ձեռք մեկնելու ու ընկեր դառնալու հնարավորություններն անսահմանափակ են: Դուք կարող եք օգնել վերաբնակեցված փախստականներին՝ սովորել իրենց հյուրընկալող երկրի լեզուն, թարմացնել նրանց աշխատանքային հմտությունները կամ օգնել աշխատանքային հարցազրույցի պատրաստվելիս: Դուք կարող եք առաջարկել սովորեցնել ողջ ընտանիքին կամ ընտանիքի մորը՝ պարզապես նրանց մթերային խանութ կամ դպրոց ուղեկցելով, մինչ նրանք կհարմարվեն անծանոթ մշակույթին: Որոշ ծխեր ու ցցեր արդեն ունեն վստահելի կազմակերպություններ, որոնց հետ կարելի է համագործակցել: Եվ կախված ձեր իրավիճակից, դուք կարող եք ձեր ներդրումը կատարել Եկեղեցու արտակարգ մարդասիրական ջանքերին:

Ավելին, մեզանից յուրաքանչյուրը կարող է մեծացնել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր իրազեկությունն այն մասին, թե ինչն է պատճառը, որ այս ընտանիքները ստիպված են դուրս գալ իրենց տներից: Մենք պետք է անհանդուրժողականորեն պաշտպանենք ու հասկացողություն և հարգանք տածենք տարբեր մշակույթների ու սովորույթների նկատմամբ: Փախստական ընտանիքներին հանդիպելն ու նրանց պատմությունները հեռուստացույցի ու լրագրերի փոխարեն ձեր ականջով լսելը կփոխի ձեզ: Կձևավորվեն ճշմարիտ ընկերություններ, որը կնպաստի կարեկցանքին ու հաջող ինտեգրմանը:

Տերը մեզ ուսուցանել է, որ Սիոնի ցցերը պետք է «պաշտպանության» ու «փոթորիկից ապաստան» լինեն:11 Մենք գտել ենք ապաստան: Եկեք դուրս գանք մեր ապահով վայրերից ու նրանց հետ կիսվենք մեր առատությունից. հույս` ավելի պայծառ ապագայի համար, հավատք Աստծո ու մեր մերձավորի նկատմամբ, և սեր, որը տեսնում է մշակութային ու գաղափարախոսական տարբերություններից այն կողմ դեպի փառավոր ճշմարտությունը, որ մենք բոլորս մեր Երկնային Հոր զավակներն ենք:

«Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան և սէրի»:12

Փախստականի կարգավիճակը կարող է որոշիչ պահ լինել այդ մարդկանց կյանքում, սակայն փախստական լինելը չի բնութագրում նրանց: Սա իրենց կյանքում իրենցից առաջ եղած հազարավորների նման մի ժամանակահատված է, հուսով եմ` կարճ ժամանակահատված: Նրանց մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, հասարակական ծառայողներ, ֆիզիկոսներ, գիտնականներ, երաժիշտներ, արվեստագետներ, կրոնական առաջնորդներ և իրենց ոլորտում ներդրում կատարողներ: Իրականում, նրանցից շատերը եղել են այս ամենը, մինչև կորցրին ամեն ինչ: Այս պահը չի բնութագրում նրանց, սակայն մեր արձագանքը կօգնի բնութագրել ինքներս մեզ:

«Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»:13Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Լրացուցիչ հղումների համար տես IWasAStranger.lds.org and mormonchannel.org/blog/post/40-ways-to-help-refugees-in-your-community.