2016
Ուր որ երկու կամ երեք հոգի ժողովուած լինին
նախորդ հաջորդ

Ուր որ երկու կամ երեք հոգի ժողովուած լինին

Եթե լսեք հոգով՝ ձեր սրտերը կփափկեն, ձեր հավատքը կամրապնդվի և Տիրոջը սիրելու ձեր ունակությունը կաճի:

Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, ես ողջունում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 186-րդ ամենամյա գերագույն համաժողովին։ Անչափ ուրախ եմ ձեզ հետ լինելու համար և ջերմորեն ողջունում եմ ձեզ:

Շնորհակալ եմ, որ մասնակցում եք համաժողովին, որպեսզի ոգեշնչում զգաք երկնքից ու ավելի մոտ զգաք մեր Երկնային Հորը և Տեր Հիսուս Քրիստոսին։

Այս ժողովին, որը հեռարձակվում է ողջ աշխարհով մեկ, հավաքվել են Հիսուս Քրիստոսի միլիոնավոր աշակերտներ, ովքեր ուխտ են կապել միշտ հիշել Նրան ու ծառայել Նրան։ Ժամանակակից տեխնոլոգիաների հրաշքի շնորհիվ ժամանակի ու հեռավորության սահմանները վերանում են։ Մենք հանդիպում ենք, կարծես բոլորս միասին մի մեծ դահլիճում։

Սակայն, այսօրվա հավաքից առավել կարևորն այն է, թե ում անունով ենք մենք հավաքվում։ Տերը խոստացել է, որ նույնիսկ երկրի վրա այսօր ապրող Իր աշակերտների մեծաքանակ բազմության դեպքում Նա մոտ կլինի մեզանից յուրաքանչյուրին։ 1829 թվին Նա մի խումբ աշակերտների ասել է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչպես ես ասացի իմ աշակերտներին, որ որտեղ երկուսը կամ երեքն իմ անունով ժողովված լինեն, մի բանի կապակցությամբ, ահա, այնտեղ ես նրանց մեջ կլինեմ,– ճիշտ այդպես էլ, ես ձեր մեջ եմ» (ՎևՈւ 6․32

Ներկայումս մենք ավելին ենք, քան մեկը կամ երկուսը և այս համաժողովում հավաքված Իր աշակերտների մի մեծ բազմություն ենք կազմում և մեզ խոստացված է, որ Տերը մեջ է։ Քանի որ Նա հարություն առած և փառավորված էակ է, Նա ֆիզիկապես չի գտնվում այն բոլոր վայրերում, որտեղ Սրբերը հավաքվում են։ Այլ Հոգու զորությամբ մենք կարող ենք զգալ, որ այսօր Նա այստեղ մեզ հետ է։

Որտե՞ղ և ե՞րբ ենք զգում, որ Փրկիչին մոտ գտնվելը կախված է մեզանից։ Նա հետևյալ հրահանգն է տվել.

«Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Ես թողնում եմ ձեզ այս ասածները՝ խորհելու ձեր սրտում, այս պատվիրանի հետ միասին, որը ես տալիս եմ ձեզ, որ դուք պետք է կանչեք ինձ, քանի դեռ ես մոտ եմ,–

Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» (ՎևՈւ 88.62–63

Ես ճանաչում եմ առնվազն երկու հոգու, ովքեր այսօր լսում են ու իրենց ողջ սրտով ցանկանում են այդ օրհնությունը։ Այս համաժողովի ժամանակ նրանք ջանասիրաբար կձգտեն մոտենալ Տիրոջը։ Երկուսն էլ ինձ նամակ են գրել, որն իմ գրասենյակ է հասել այդ նույն շաբաթվա մեջ, և երկուսն էլ միատեսակ օգնություն էին հայցում։

Երկուսն էլ նորադարձներ են Եկեղեցում և նախկինում ստացել են պարզ վկայություններ՝ Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի, աշխարհի Փրկիչի սիրո մասին։ Նրանք հավատում էին, որ անմիջական հայտնության շնորհիվ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմավորել է Եկեղեցին, և որ սուրբ քահանայության բանալիները վերականգնվել են։ Երկուսն էլ համոզված էին, որ այդ բանալիներն այսօր գոյություն ունեն Եկեղեցում։ Նրանք իրենց գրավոր նամակում այդ մասին վկայեցին ինձ։

Սակայն երկուսն էլ ցավում էին, որ Տիրոջ և իրենց հանդեպ Նրա սիրո զգացումները նվազում էին։ Նրանք երկուսն էլ ողջ սրտով ցանկանում էին, որ ես օգնեմ իրենց վերագտնելու սիրված լինելու ուրախությունն ու այն զգացումը, որը նրանք զգում էին, երբ նոր էին միացել Աստծո արքայությանը։ Երկուսն էլ մտավախություն ունեին, որ եթե լիովին չվերագտնեին Փրկիչի և Նրա Եկեղեցու հանդեպ սիրո այդ զգացումները, փորձառություններն ու փորձություններն ի վերջո կհաղթահարեին նրանց հավատը։

Նրանք միայնակ չեն իրենց մտավախություններում, ոչ էլ նրանց փորձությունն է նոր։ Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը մեզ պատմեց սերմի ու սերմնացանի առակը։ Սերմն Աստծո խոսքն էր։ Սերմնացանը՝ Տերն էր։ Սերմի պահպանումն ու աճը կախված էին հողի վիճակից։ Դուք հիշում եք Նրա խոսքերը.

«Եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց.

Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չ’կար, եւ շուտով բուսան՝ խոր հող չ’ունենալու պատճառովը.

Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. Եւ որովհետեւ արմատ չ’ունէին՝ չորացան։

Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց.

Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. Որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։

Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» (Մատթեոս 13.4–9

Կրկնեմ, սերմն Աստծո խոսքն է։ Հողն այն մարդու սիրտն է, ով ընդունում է այդ սերմը։

Բոլորս էլ շատ ընդհանուր բան ունենք այն մարդկանց հետ, ովքեր գրեցին ինձ՝ օգնություն և հավաստիացում խնդրելու համար։ Մի ժամանակ մեր բոլորի սրտերում էլ սերմանված է եղել այդ սերմը կամ Աստծո խոսքը։ Ոմանց համար դա իրենց մանկության տարիներին էր, երբ ծնողները հրավիրեցին նրանց մկրտվել և հաստատվել իշխանություն ունեցողի կողմից։ Մյուսներն ուսուցանվել են Աստծո կանչված ծառաների կողմից։ Բոլորս էլ զգացել ենք, որ այդ սերմը բարի է, նույնիսկ զգացել ենք, որ այն ուռչում է մեր սրտերում և ուրախություն ենք ապրել, երբ մեր հասկացողությունն ու սերն աճել է։

Բոլորս փորձվել ենք մեր հավատում, երբ թանկագին օրհնություններն ուշացել են, երբ մեր հավատը կործանել փորձող մարդիկ դաժանորեն հարձակվել են մեզ վրա, երբ գայթակղվել ենք մեղք գործել և եղել ենք եսասեր, որը նվազեցրել է մեր հոգևոր զգացողությունների աճը։

Այն մարդիկ, ովքեր տխրել են, որ կորցրել են ուրախությունը, օրհնվածներն են։ Ոմանք չեն տեսնում իրենց մեջ մարող հավատը։ Սատանան խելացի է։ Նա ասում է այն մարդկանց, ում ցանկանում է թշվառ տեսնել, որ մի ժամանակ նրանց ունեցած ուրախությունը մանկական ինքնախաբեություն էր։

Բոլորիս ուղված իմ այսօրվա ուղերձն այն է, որ առաջիկա մի քանի օրերին լավ հնարավորություն ունենք փափկացնելու մեր սրտերը և սնուցելու սերմը։ Սերմն Աստծո խոսքն է և այն կհորդի բոլոր նրանց վրա, ովքեր կլսեն, կդիտեն և կկարդան այս համաժողովի հեռարձակումները։ Երաժշտությունը, ելույթները և վկայությունները նախապատրաստվել են Աստծո ծառաների կողմից, ովքեր ջանասիրաբար փնտրել են Սուրբ հոգուն, որպեսզի նա օգնի նրանց նախապատրաստվել։ Համաժողովը սկսելուց դեռևս օրեր առաջ նրանք երկար ու խոնարհ աղոթել են։

Նրանք աղոթել են, որպեսզի կարողանան խրախուսել ձեզ կայացնելու այնպիսի որոշումներ, որի շնորհիվ ձեր սրտերում կկարողանաք ավելի բարենպաստ հող պատրաստել Աստծո բարի խոսքի համար, որպեսզի այն աճի ու պտղաբեր լինի։ Եթե լսեք հոգով՝ ձեր սրտերը կփափկեն, ձեր հավատքը կամրապնդվի և Տիրոջը սիրելու ձեր ունակությունը կաճի։

Սրտի ողջ կորովով աղոթելու դեպքում համաժողովի և առաջիկա օրերի ու ամիսների ընթացքում ձեր փորձառությունը կվերափոխվի։

Ձեզանից շատերն արդեն սկսել են։ Այս նիստն սկսելու ժամանակ դուք արել եք ավելին, քան պարզապես լսել եք աղոթքները։ Դուք հավատով խնդրել եք, որ մենք վայելենք մեզ վրա Սուրբ Հոգու կողմից թափվող օրհնությունները։ Հիսուս Քրիստոսի անունով ձեր լուռ աղոթքն ասելիս, դուք ավելի եք մոտեցել Նրան։ Սա Նրա համաժողովն է։ Միայն Սուրբ Հոգին կարող է բերել այն օրհնությունները, որոնք Տերը ցանկանում է մեզ համար։ Մեր հանդեպ ունեցած սիրուց դրդված Նա խոստացել է, որ մենք կարող ենք զգալ դա.

«Եվ ինչ-որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, պիտի լինի Տիրոջ կամքը, պիտի լինի Տիրոջ միտքը, պիտի լինի Տիրոջ խոսքը, պիտի լինի Տիրոջ ձայնը, և Աստծո զորությունը ի փրկություն։

Ահա, սա Տիրոջ խոստումն է ձեզ, ո՜վ դուք, իմ ծառանե՛ր։

Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ, ես, որ էի՛, որ ե՛մ, և որ գալու եմ» (ՎևՈւ 68.4–6

Դուք կարող եք աղոթել և ձեր հավատքը ներդնել ամեն անգամ, երբ Աստծո ծառան մոտենում է բեմին, որպեսզի Վարդապետություն և Ուխտերի 50-րդ բաժնի խոստումն իրականություն դառնա.

Ճշմարիտ ասում եմ ձեզ, նա, ով կարգված է իմ կողմից և առաջ է ուղարկված ճշմարտության խոսքը քարոզելու՝ Մխիթարիչի միջոցով, ճշմարտության Հոգով, արդյո՞ք նա քարոզում է դա ճշմարտության Հոգով, թե՞ որևէ այլ ձևով։

Եվ եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ։

Եվ բացի այդ, նա, ով ստանում է ճշմարտության խոսքը, արդյո՞ք այն ընդունում է ճշմարտության Հոգով, թե՞ որևէ այլ ձևով։

Եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ։

Ուստի, ինչո՞ւ դուք չեք կարողանում հասկանալ և իմանալ, որ նա, ով խոսքը ստանում է ճշմարտության Հոգով, ստանում է այնպես, ինչպես քարոզվում է ճշմարտության Հոգով։

Հետևաբար, նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում» (ՎևՈւ 50.17–22

Դուք կարող եք աղոթել, երբ երգչախումբը երգում է։ Խմբավարը, երգեհոնահարը և երգչախմբի անդամներն աղոթել են ու իրենց փորձերն արել սրտերում պահած աղոթքներով և այն հավատով, որ երաժշտությունն ու խոսքերը կփափկացնեն սրտերը և կզորացնեն նրանց, որպեսզի ամրապնդեն ուրիշների հավատքը։ Նրանք այնպես կնվագեն Տիրոջ համար, կարծես նրանք Տիրոջ առաջ լինեն, և նրանք կիմանան, որ Երկնային Հայրը լսում է նրանց այնպես, ինչպես Նա լսում է իրենց անձնական աղոթքները։ Նրանք աշխատել են միասին, որպեսզի Էմմա Սմիթին տված Փրկիչի խոստումն իրականություն դարձնեն. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով. այո՛, արդարների երգն աղոթք է ինձ համար, և այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին» (ՎևՈւ 25.12

Եթե ոչ միայն լսեք, այլ նաև աղոթեք երգելիս, ձեր և նրանց աղոթքների պատասխանները կլինեն ձեր և նրանց գլխին թափված օրհնությունները։ Դուք կզգաք Փրկիչի սիրո օրհնությունը և հավաստիացումը։ Բոլոր նրանք, ովքեր կմիանան այդ փառաբանմանը, կզգան, որ Նրա հանդեպ իրենց սերն աճում է։

Դուք կարող եք աղոթել, երբ ելույթ ունեցողը պատրաստվում է ավարտել իր ուղերձը։ Նա ներքուստ կաղոթի, որպեսզի Հայրը և սուրբ Հոգին նրան վկայության խոսքեր ներշնչեն, որոնք կոգեշնչեն լսողներին, հույս ու վճռականություն կհաղորդեն՝ միշտ հիշելու Փրկիչին և պահելու պատվիրանները, որոնք Նա տվել է մեզ։

Վկայությունը չի լինի ելույթի շարադրանքը։ Այն կլինի այն ճշմարտությունների հաստատումը, որոնք Հոգին կհասցնի դեպի այն մարդկանց սրտերը, ովքեր կաղոթեն օգնության, աստվածային առաջնորդության և Քրիստոսի մաքուր սերը ստանալու համար։

Ճշմարիտ վկայություն կտրվի խոսնակներին։ Միգուցե նրանք կարճ խոսեն, սակայն նրանց խոսքերը կհասնեն խոնարհ լսողների սրտերը, ովքեր ներկայացել են համաժողովին` ծարավ լինելով Աստծո բարի խոսքին։

Իմ փորձից գիտեմ, թե ելույթների վերջում բարի մարդկանց հավատքն ինչպիսի խոսքեր կարող է ծնել Հոգուց։ Բազմիցս, ինչ-որ մեկն իմ վկայությունից հետո ասել է. «Ինչպե՞ս իմացար, թե ինչ էի ցանկանում լսել»։ Սովորաբար ունեցած վկայության խոսքերը մոռանում եմ։ Ես վկայություն էի բերում և Տերն այնտեղ էր ու այդ պահին ներշնչում էր ինձ խոսքերը։ Այն խոստումը, որ Տերն անհրաժեշտ պահին մեզ կտա խոսքերը, հատկապես կիրառելի է վկայության դեպքում (տես ՎևՈւ 24.6)։ Ուշադիր լսեք այս համաժողովի ընթացքում բերված վկայությունները և դուք ավելի կմոտենաք Տիրոջը։

Դուք գուցե զգում եք, որ ես մոտենում եմ իմ ուղերձի վերջաբանին, որը փորձեցի փոխանցել ճշմարտության վկայությամբ։ Ձեր աղոթքները կօգնեն ինձ հաղորդել վկայության այն խոսքերը, որոնք, միգուցե ինչ-որ մեկին անհրաժեշտ էին՝ իր հարցերի պատասխանները գտնելու համար։

Ես բերում եմ իմ հաստատուն վկայությունը, որ մեր Երկնային Հայրը, մեծ Էլոհիմը, սիրում և ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին։ Նրա ղեկավարման ներքո Նրա Որդին՝ Եհովան, դարձավ Արարիչ։ Ես վկայում եմ, որ Հիսուս Նազովրեցին ծնվել էր որպես Աստծո Որդի։ Նա բուժեց հիվանդներին, տեսողություն տվեց կույրերին և բարձրացրեց մեռելներին։ Նա վճարեց այս մահկանացու կյանքում ծնված Երկնային հոր բոլոր զավակների մեղքերի գինը։ Նա արձակեց մահվան կապանքները բոլորիս համար, երբ Զատիկի առաջին կիրակի օրը բարձրացավ գերեզմանից։ Նա ապրում է այսօր, որպես Աստված՝ հարություն առած և փառավոր։

Սա միակ ճշմարիտ Եկեղեցին է, և նա այդ եկեղեցու գլխավոր անկյունաքարն է։ Թոմաս Ս. Մոնսոնը Նրա մարգարեն է ողջ աշխարհի համար։ Մարգարեներն ու առաքյալները, որոնց դուք կլսեք այս համաժողովին, կխոսեն Տիրոջ անունից։ Նրանք Տիրոջ ծառաներն են, ովքեր լիազորված են գործելու Նրա անունից։ Նա առաջնորդում է Իր ծառաներին աշխարհով մեկ։ Ես դա գիտեմ։ Եվ այդ մասին ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։